Եզդի իրավապաշտպան. «Հայաստանն այս սարսափելի իրավիճակում կարող է շատ եզդիների փրկել» - Mediamax.am

exclusive
5729 դիտում

Եզդի իրավապաշտպան. «Հայաստանն այս սարսափելի իրավիճակում կարող է շատ եզդիների փրկել»

Միրզա Իսմաիլ
Միրզա Իսմաիլ

Լուսանկարը` Kelsey Harkness

Լուսանկարը`


2014թ. օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները հարձակվեցին եզդիներով բնակեցված Սինջար քաղաքի վրա:

 

Արդյունքում՝ 800-ից ավելի զոհեր, հարյուրավոր գերիներ եւ անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ:

 

Միրզա Իսմաիլը Կանադայում գործող «Եզդիների իրավունքների պաշտպանություն» կազմակերպության նախագահն է: Այս օրերին նա գտնվում է Վաշինգթոնում՝ ամերիկացի տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումների միջոցով Իրաքի եզդիների համար փրկության տարբերակներ գտնելու նպատակով:

 

Ներկայացնում ենք Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը եզդի իրավապաշտպանի հետ:

 

- Արդյո՞ք «Իսլամական պետության» կողմից թիրախ ընտրված Իրաքի եզդիների համար վերջին հարձակումը սպասելի էր, թե՞ ամեն ինչ տեղի ունեցավ մեկ ակնթարթում:  

 

- Առաջին անգամ չէ, որ եզդիները ենթարկվում են Ցեղասպանության: Սա եզդիների նկատմամբ իրականացված 74-րդ ցեղասպանությունն է, որը կատարվում է միայն այն պատճառով, որ մենք՝ եզդիներս, հնագույն կրոնի դավանողներ ենք, որը տարբերվում է իսլամից:

 

«Իսլամական պետություն» խմբավորման կողմից եզդիների վրա հարձակումը սպասելի էր արդեն այն ժամանակ, երբ նրանք վերահսկողության տակ վերցրին Իրաքի եւ Սիրիայի միջեւ սահմանային հատվածը, ինչպես նաեւ Բաաջ (Սինջարից 34 կմ դեպի հարավ) եւ Թալաֆար (Սինջարից 37 կմ դեպի արեւելք) քաղաքները:

 

«Իսլամական պետության» կողմից Սինջարի վրա հարձակվելուց օրեր առաջ`  հուլիսի 17-ին, եզդիների պատվիրակությունը մեկնեց Վաշինգթոն եւ հանդիպումներ ունեցավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երեք անդամների, ինչպես նաեւ Միջազգային կրոնական ազատության հարցերով գրասենյակի ներկայացուցիչների հետ: Մենք նրանց բացատրեցինք, թե ինչ իրավիճակում են հայտնվել եզդիները, որ շրջապատված են “Իսլամական պետության” գրոհայիններով՝ շեշտելով, որ արդեն իսկ բավական եզդիներ են սպանվել: Եզդիների համար, այո, հարձակումները տեղի ունեցան անսպասելի, բայց Քրդստանի շրջանային կառավարությունը (KRG) տեղյակ էր, թե ինչ է կատարվելու: Նրանց զորքը չկռվեց «Իսլամական պետության» գրոհայինների դեմ, ավելին՝ զորքը դուրս բերվեց Սինջարից հարձակման հենց նախաշեմին: Բացի այդ, քրդերը մերժեցին եզդիներին որեւէ զենք տրամադրել, որպեսզի վերջիններս գրոհայինների հարձակման պարագայում պաշտպանեն իրենց:

 

- Քրդստանի շրջանային կառավարությունը միջազգային հանրությանն ուղղված խնդրանքով է հանդես եկել՝ «Իսլամական պետության» դեմ կռվելու նպատակով ռազմական օգնություն տրամադրել իրեն: Արդյո՞ք քրդերը կարող են դրական պատասխան ակնկալել Արեւմուտքից: 

 

- Այդպես է, KRG-ն խնդրել է ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային եւ ԵՄ-ին աջակցել իրեն` բարձր տեխնոլոգիական զենքեր տրամադրելով: Եթե չեմ սխալվում, ԵՄ-ն արդեն համաձայնել է, իսկ ԱՄՆ-ը դեռ մտածում է: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ սա KRG-ի կողմից պլանավորված գործողություն էր, որի առաջին մասը նախատեսում էր անօգնական թողնել Սինջար շրջանի, ինչպես նաեւ Նինվեի հարթավայրում բնակվող եզդիներին եւ քրիստոնյաներին` հետագայում արտերկրից զենքի աջակցություն ստանալու նպատակով, և այդպես համոզելով Արեւմուտքին, որ լավ զինամթերք ունենալու պարագայում իրենք կկարողանային պաշտպանել փոքրամասնություններին: Բայց սա ճիշտ չէ, քանի որ KRG-ն իր ունեցած նույն զենքերով արդեն իսկ կարողացել էր «Իսլամական պետությունից» պաշտպանել Էրբիլը եւ հետ գրավել Մոսուլի ամբարտակը: Հարց է ծագում. ինչու՞ նրանք չկռվեցին «Իսլամական պետության» զինյալների դեմ Սինջարում եւ Նինվեի հարթավայրում:

 

- Ըստ տարածված կարծիքի, Թուրքիան շահագրգռված է հովանավորել «Իսլամական պետության» գործողությունները Իրաքում եւ Սիրիայում:  Նման գործողություններով ի՞նչ հեռահար նպատակ է հետապնդում Թուրքիան:

 

- Թուրքիան շատ լավ հարաբերություններ ունի Իրաքի քրդերի եւ KRG-ի հետ: Կարծում եմ, Թուրքիան հովանավորել է «Իսլամական պետության» զինյալներին, քանի որ վերջիններս սուննիներ են եւ դեմ են Սիրիայում Ասսադի իշխանությանը: Ասածս նորություն չէ. սուննիների եւ շիաների միջեւ հակամարտությունը հարյուրամյակների պատմություն ունի: Սուննիները վախենում են, որ Աբբասյան խալիֆայությունը, որը ներառում է Իրանը, Իրաքը եւ Սիրիան, կվերականգնվի՝  Շիական իսլամական պետության մեջ միավորելով այդ պետություններին: Այն կլինի չափազանց հզոր եւ կկարողանա ոչնչացնել սուննի երկրները, օրինակ՝ Սաուդյան Արաբիան: Ըստ իս, սա է պատճառը, որ սուննի երկրները ստեղծեցին «Իսլամական պետությունը», որն ամեն ինչ անում է իսլամական խալիֆաթ ստեղծելու համար, որպեսզի Իրանը, Իրաքը եւ Սիրիան չմիավորվեն շիական հզոր պետության մեջ: 

 

- Եզդիները բավարարվա՞ծ են Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ միջազգային հանրության արձագանքով, թե՞ վերջինս շատ ավելի մեծ ներուժ ունի, որը չի օգտագործում:  

 

-Ոչ, եզդիները բավարարված չեն միջազգային հանրության արձագանքով: Բնականաբար, միջազգային հանրությունը կարող էր ավելին անել. նրանք չկանգնեցրին «Իսլամական պետությանը», երբ վերջինս կոտորում էր եզդիներին: Իրավիճակն օր օրի վատթարանում է: Ներկայումս հարյուր հազարավոր տեղահանված եզդիներ KRG-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում քնում են փողոցներում, այգիներում, դպրոցներում եւ բաց դաշտերում: Միջազգային օգնությունը տեղահանված եզդիների անգամ 50%-ին չի հասնում:  Փոքրիկ երեխաներ են ամեն օր մահանում սովից եւ բուժօգնության բացակայությունից:

 

- Հայաստանը եզդի բնակչության քանակով 5-րդ ամենամեծ պետությունն է (35 հազար): Ինչպե՞ս Հայաստանը կարող է օգնել Իրաքի եզդիներին:

 

- Մենք՝ եզդիներիս, կարծում ենք, որ Հայաստանը պետք է լինի առաջին երկիրը, որ հումանիտար օգնություն կուղարկի եզդիներին, քանի որ հայերը, եզդիները եւ ասորիները միասին նախկինում դժվար փորձություններով են անցել: Բացի այդ, հայերն իրենք էլ գիտեն, թե ինչ է նշանակում ենթարկվել ցեղասպանության:

Ցանկացած չափի հումանիտար աջակցություն գնահատելի է: Հայերն ու եզդիները փրկել են միմյանց անցյալում, եւ, կարծում եմ, Հայաստանը կարող է այս սարսափելի իրավիճակում ավելի շատ եզդիների փրկել: 

 

- Այն, ինչ այսօր կատարվում է եզդիների հետ, շատերը համեմատում են 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության հետ: Մի՞թե պատմությունը կրկնվում է 100 տարի անց: 

 

- 20-րդ դարի սկզբին, երբ տեղի էր ունենում Հայոց ցեղասպանությունը, միեւնույն ժամանակ նմանատիպ ցեղասպանություն կատարվում էր նաեւ եզդիների նկատմամբ: Մենք 350 հազար եզդի ենք կորցրել այդ տարիներին: Իմ պապիկը Ուրֆայից էր եւ փախել է ցեղասպանությունից՝ սկզբում հայտնվելով Սիրիայում, ապա՝ Իրաքում: Բայց 1915 թ-ին թուրքերն ու քրդերը չունեին այնպիսի զենքեր, ինչպես այսօր: Չնայած դրան, տարբերություններ այդ ժամանակաշրջանի եւ այսօրվա միջեւ գրեթե չկան. այն ժամանակ սպանում էին, գլխատում, նույնը «Իսլամական պետությունը» անում է այսօր: Բայց այն ժամանակ ՄԱԿ-ը եւ ՆԱՏՕ-ն, որոնք այսօր պատասխանատու են համաշխարհային խնդիրների լուծման համար եւ այս պահին դեռեւս ձախողում են եզդիների պաշտպանության գործընթացը, դեռ գոյություն չունեին:

 

- Իրաքի եզդիների հետ վերջին օրերին կատարվող ողբերգության մասին բարձրաձայնելով՝ ի՞նչ կցանկանաք այս պահին ասել միջազգային հանրությանը:

 

- Աշխարհը տեղյակ է, որ այն, ինչ տեղի է ունենում, ցեղասպանություն է աշխարհի ամենախաղաղասեր ժողովրդի նկատմամբ: Մենք չենք կարող միջազգային հանրությանն ավելին պարտադրել, քանի որ գուցե մենք՝ եզդիներս, իսկապե՞ս  արժանի ենք 21-րդ դարում ցեղասպանվելուն, կամ գուցե Աստված մեզ սխալմա՞մբ է ստեղծել, ու հիմա էլ իսլամը փորձում է ուղղե՞լ Աստծո սխալը… Գուցե դա՞ է պատճառը, որ աշխարհը մեր ցավը լրջորեն չի ընդունում:

 

Ի դեպ, քրդական  մշակույթին ձուլման միտում է նկատվում այն եզդիների շրջանում, ում հաջողվել է փախչել «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող տարածքներից եւ հասնել KRG-ի վերահսկողության հատված:

 

Միրզա Իսմաիլի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին