Մարկ Դիթզեն. «ԼՂ կարգավորման հարցում ԱՄՆ-ը փորձում է արհեստական չեզոքություն պահպանել» - Mediamax.am

exclusive
3601 դիտում

Մարկ Դիթզեն. «ԼՂ կարգավորման հարցում ԱՄՆ-ը փորձում է արհեստական չեզոքություն պահպանել»

Մարկ Դիթզենը
Մարկ Դիթզենը

Լուսանկարը` Մարկ Դիթզենի անձնական արխիվից

Լուսանկարը`


Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ ԱՄՆ-ի քաղաքականության, ինչպես նաեւ ամերիկյան գիտական շրջանակներում հակամարտության մասին եղած վերլուծությունների եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին զրուցել ենք Մարկ Դիթզենի  հետ, ով «Ամերիկացիները Արցախի համար» կազմակերպության գործադիր տնօրենն է: Դա Վաշինգթոնում հիմնված, շահույթ չհետապնդող կառույց է, որի նպատակն է խթանել ԼՂՀ տնտեսական զարգացումը, ինչպես նաեւ զբաղվել ժողովրդավարության ամրապնդմամբ եւ կրթության ու մշակույթի հովանավորչությամբ:

 

- Ի՞նչ կարող եք ասել սահմանային վերջին միջադեպերի վերաբերյալ: Ինչպիսի՞ն եք գնահատում պատերազմի հավանականությունը:

 

- Ադրբեջանի վերջին ագրեսիվ գործողությունները Հայաստան-Ադրբեջան եւ Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ Բաքվի ռազմատենչ քաղաքականության եւս մեկ ապացույց են: Ադրբեջանական ռեժիմը պետք է գիտակցի, որ միջսահմանային հարձակումները միայն խոչընդոտում եւ հետաձգում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ լուծումը խաղաղ ճանապարհով: Մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսումը հնարավոր է, բայց քիչ հավանական: Փոխարենը կարող ենք ականատես լինել նմանատիպ իրավիճակի կրկնությանը:

 

- Ինչպե՞ս կմեկնաբանեք դեսպան Ուորլիքի ելույթը Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում եւ դրա շուրջ հայ ու ադրբեջանական կողմերի արձագանքը:

 

- Ինչպես նշել էի հուլիսին «Դեսպան Ուորլիքի անզգուշությունը Ղարաբաղում»՝ openDemocracy-ում հրատարակված իմ հոդվածում, դեսպան Ուորլիքի ելույթը լուրջ դիվանագիտական հետընթաց էր ԱՄՆ-ի՝ խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի համար, քանի որ այն ազդարարում էր Վաշինգտոնի սխալական որոշումը՝ Մադրիդյան ոչ արդյունավետ սկզբունքները դնել հիմնախնդրի կարգավորման հիմքում՝ դրանք միայն որպես առաջարկ պահելու փոխարեն: Այս մոտեցումն իրավիճակն ավելի է սրում: Որպես հիմք ընդունել մի նախագիծ, որը լուծում չի տալիս հակամարտության արմատային խնդրին, նշանակում է երկարաձգել հակամարտությունը:

 

Ինչպես եւ կանխատեսվում էր, Ադրբեջանը կողմ էր Ուորլիքի ելույթում ներկայացված նախագծին, քանի որ Մադրիդյան սկզբունքները կոչ են անում հայկական կողմին զգալի տարածքներ հանձնել Ադրբեջանին՝ դրա դիմաց միայն Լեռնային Ղարաբաղի հետագա «կարգավիճակի որոշման» մասին երկիմաստ խոստում ստանալով:

 

Սակայն Բաքուն իր իրավական պարտավորությունները չկատարելու հարուստ փորձ ունի. բավական է հիշել, որ Հունգարիան գրավոր հավաստագիր էր ստացել Ադրբեջանի արդարադատության նախարարությունից առ այն, որ ազատազրկման ենթարկված ոճրագործ Ռամիլ Սաֆարովը առնվազն 25 տարի պետք է կրի իր պատիժը: Սակայն ի՞նչ պատահեց, երբ նա ժամանեց Բաքու. Սաֆարովը միանգամից ազատ արձակվեց եւ հռչակվեց ազգային հերոս:

 

Եթե Ադրբեջանը կարող է խախտել իր ստանձնած իրավական պարտավորությունը ԵՄ անդամ Հունգարիայի հետ, որի հետ ունի բարեկամական հարաբերություններ, ապա ինչպե՞ս կարող ենք ակնկալել Ադրբեջանի հավատարմությունը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի առջեւ ստանձնած պարտավորություններին, հատկապես եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրապարակայնորեն հայտարարում է. «Մեր գլխավոր թշնամիներն աշխարհի բոլոր հայերն են»:

 

- Վերջերս Foreign Affairs պարբերականում լույս տեսավ Բրենդա Շաֆերի հոդվածը, որի որոշ դրույթների վերաբերյալ Դուք առարկություններ ունեիք: Խնդրում եմ ներկայացնել դրանք:

 

- Օգոստոսի 4-ին հրատարակվեց Foreign Affairs-ի խմբագրին ուղղված իմ նամակը, որը պատասխան էր Բ. Շաֆերի «Լեռնային Ղարաբաղը Ղրիմից հետո» հոդվածին: Իմ վերլուծությունն ունի երկու հիմնական կետ. Առաջին` կարծում եմ, Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա Ադրբեջանի հետ հակամարտության լուծման բանակցային սեղանին: Սա Շաֆերի այն դիտարկման առարկությունն էր, համաձայն որի հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ է: Երկրորդ՝ հոդվածումս հերքում եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կապը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հետ:

 

- Ձեր կարծիքով, որքանո՞վ են փոխկապակցված հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները, եւ ինչպիսի՞ն է Թուրքիայի ազդեցությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա:

 

- Ինչպես ցույց տվեց հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների միջեւ ամուր փոխկապակցություն կա: Ադրբեջանական կողմի առարկություններն առ այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացում Հայաստանի դիրքորոշման վրա, Թուրքիայի համար հիանալի պատրվակ հանդիսացան արձանագրությունները սառեցնելու համար:

 

Սեպտեմբերի 3-ին Բաքվում Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի միջեւ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Էրդողանը  թուրքերին եւ ադրբեջանցիներին «Մեկ ազգ, երկու պետություն» հռչակեց եւ նշեց. «Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի, ապա հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները նույնպես կլուծվեն»: Այս ամենը ապացուցում է, որ թուրք-ադրբեջանական կապը կշարունակի թելադրել հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը:

 

- Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ-ի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ:

 

- Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում արհեստական չեզոքություն պահպանելու ԱՄՆ-ի ջանքերը իրենց չեն արդարացնում, չնայած այդ քաղաքականությունը որոշ ժամանակ ծառայել է ԱՄՆ-ի շահերին եւ տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության հաստատմանը: Այս քաղաքականության արտացոլումն է նաեւ ԱՄՆ-ին ոչ բնորոշ պասիվ դիվանագիտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որը կոչված է նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Չեզոքության պահպանման քաղաքականությունը նաեւ հանգեցնում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերի հետաքննության նպատակով ԱՄՆ-ի կողմից ոչ բավարար ջանքերի գործադրմանը: Արդյունքում ադրբեջանական ագրեսիան անսանձ է մնում: Այս ամենն իրավիճակն առավել վտանգավոր է դարձնում, որը ձեռնտու չէ ոչ ԱՄՆ-ին, ոչ էլ հակամարտող կողմերին:

 

- Կարո՞ղ եք զուգահեռներ անցկացնել Ղարաբաղյան հակամարտության եւ Ղրիմի ու Կոսովոյի հիմնախնդիրների միջեւ:

 

- Կարծում եմ, ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման ցանկացած դեպք յուրահատուկ է: Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի եւ Կոսովոյի հիմնախնդիրների միջեւ կան շոշափելի զուգահեռներ, եւ իզուր չէ, որ նախկինում Լեռնային Ղարաբաղն անվանել եմ «Կովկասի Կոսովո»:

 

Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերն ենթարկվում էին էթնիկ զտումների ադրբեջանցիների կողմից, այնպես, ինչպես ալբանացիները՝ սերբերի կողմից: Ղարաբաղի հայերը Կոսովոյի ալբանացիների նման այլընտրանք չունեին: Երկու դեպքում էլ ինքնորոշումն անհրաժեշտ էր ինքնապահպանման համար, սակայն մեկ կարեւոր տարբերություն կա. Կոսովոյի անջատումը տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի զորքերի միջամտությամբ, մինչդեռ Լեռնային Ղարաբաղը ստանում էր միայն Հայաստանի եւ հայկական սփյուռքի աջակցությունը: Ռուսաստանը որոշիչ ազդեցություն հակամարտության ելքի վրա չուներ:

 

Ղրիմի հետ զուգահեռներն առավել թույլ են: Այո, 1954թ. ԽՍՀՄ առաջնորդ Խրուշչովը որոշեց Ղրիմը միացնել Ուկրաինային, չնայած այն հանգամանքին, որ տեղի բնակչության մեծամասնությունը ռուսներն էին, այնպես, ինչպես 1923թ. Ստալինը որոշեց Լեռնային Ղարաբաղը կցել Ադրբեջանին, չնայած դրա մեծամասամբ հայաբնակ լինելուն: Մինչդեռ Ղրիմի բնակիչների զգալի մասը, հավանաբար, ցանկանում էր վերամիավորվել Ռուսաստանի հետ Ուկրաինայում տեղի ունեցած վերջին քաղաքական շրջադարձից հետո: Սակայն Ղրիմի՝ Ուկրաինայից անջատման հանգամանքներն այնքան մեծ ազդեցություն թողեցին ինքնորոշման գործընթացի վրա, որ այն սկսեց դիտարկվել ավելի շուտ որպես Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցում, քան Ղրիմի միացում Ռուսաստանին: Այդ իսկ պատճառով Ղրիմի դեպքը պետք է տարբերակել Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի դեպքերից:

 

- Հաշվի առնելով ներկա իրողությունները՝ կարո՞ղ եք կանխատեսումներ անել Ղարաբաղյան հակամարտության շուրջ հնարավոր զարգացումների վերաբերյալ: 

 

- Հաշվի առնելով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, բանակցային սեղանի շուրջ կոշտ կեցվածքը եւ այդ երկրում մարդու իրավունքների խախտումները՝ կարծում եմ, ապագայում ականատես կլինենք ստատուս քվոյի ամրապնդմանը, որը, չնայած թերություններին, առաջ շարժվելու միակ կենսունակ ճանապարհն է:

 

Մարկ Դիթզենի հետ զրուցել է Անժելա Կժդրյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին