Արմեն Սողոյան. Բնակչության 3-7%-ը տառապում է հոգեկան լուրջ խանգարումներով - Mediamax.am

exclusive
5213 դիտում

Արմեն Սողոյան. Բնակչության 3-7%-ը տառապում է հոգեկան լուրջ խանգարումներով

Արմեն Սողոյանը
Արմեն Սողոյանը

Լուսանկարը` Ա.Սողոյանի անձնական արխիվից

Լուսանկարը`


ՀՀ կառավարությունը 2014թ. ապրիլին հավանություն է տվել «Հայաստանում հոգեկան առողջության պահպանման եւ բարելավման 2014-2019 թթ. ռազմավարությանը»: Հայեցակարգի մանրամասների, աշխատանքների, դրանից բխող հնարավորությունների, ակնկալվող արդյունքների, ինչպես նաեւ Հայաստանում հոգեկան առողջության առկա խնդիրների ու զարգացումների շուրջ Հոգեկան առողջության միջազգային օրվա նախաշեմին, որը նշվում է հոկտեմբերի 10-ին, Մեդիամաքս-ը զրուցել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ, Գործադիր վարչության անդամ, ֆինանսական քարտուղար Արմեն Սողոյանի հետ:

 

- Պարոն Սողոյան, նախ ներկայացրեք այն հիմնական առավելություններն ու հնարավորությունները, որ տալիս է հայեցակարգը:

 

- Ռազմավարությունը ոչ թե հոգեբուժական ծառայությունների մասին է, այլ հոգեկան առողջության պահպանման եւ բարելավման, որը շատ ավելի ընդգրկուն է. հոգեբուժական ծառայությունները որոշակի մաս են կազմում: Հայեցակարգում ներառված են առողջապահական, սոցիալական, գիտական, իրավական, օրենսդրական եւ այլ հարցեր: Իրականացման արդյունքում ամբողջական բարեփոխումներ են ակնկալվում. 5 տարվա գործողությունների պլանը մշակված է: Արդյունքում մենք կունենանք որակյալ եւ մատչելի ծառայություններ: Կենտրոնացված համակարգից կանցնենք համայնքային ծառայությունների: 

 

-Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց թիվը ո՞րքան է կազմում այսօր: Նրանցից քանի՞սն ունեն հաշմանդամության կարգ, եւ ինչպիսի՞ն է պատկերն այլ երկրների համեմատ:

 

- Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վիճակագրություն Հայաստանում գոյություն չունի, կա վիճակագրություն այն անձանց վերաբերյալ, ովքեր դիմել են հոգեբուժական հաստատություններ: Հաշվառման կանգնած անձանց թիվը մոտ 46 հազար է: Դա Հայաստանի բնակչության 1.3 տոկոսն է, մինչդեռ, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, յուրաքանչյուր 4-րդ քաղաքացին իր կյանքի ընթացքում ունենում է հոգեկան առողջության խնդիր: Բնակչության 3-7 տոկոսը տառապում է հոգեկան առողջության բավական լուրջ խանգարումներով: Հաշմանդամության կարգ ունեցողների թիվը մոտ 20 հազար է, որոնք ունեն աշխատունակության կայուն կորուստ: Այլ երկրների տվյալներին մենք չենք տիրապետում, քանի որ այն հաշմանդամության կարգերը, որ մեզ մոտ են, քիչ երկրների են հատուկ:

 

- Որո՞նք են հիմնական գործոնները, որ մարդու մոտ հոգեկան խնդիրներ են առաջացնում:

 

- Խանգարումներ կան, որոնք իրավիճակով են պայմանավորված, կան, որ իրավիճակից անկախ կարող են դրսեւորվել: Հիմնականում իրավիճակից անկախ են, մինչ այժմ գիտությանը հայտնի չէ հստակ պատճառը: Կա գեների համադրություն, որի առկայությունը ոչ թե պարտադրում, այլ նախատրամադրում է որոշակի հոգեկան խանգարումների առաջացմանը: Բացի կենսաբանական տրամադրվածությունից, դա կախված է նաեւ սոցիալական պայմաններից ու վիճակից: Սակայն նույն գենետիկական նախատրամադրվածությունն ունեցող եւ նույն սոցիալական վիճակում եղած մարդկանց մի մասի մոտ կարող են դրսեւորվել խանգարումներ, մի մասի մոտ՝ ոչ: Վերջնական բացատրություն չկա:

 

- Հանրային վայրերում հանդիպում ենք մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն հոգեկան առողջության հետ: Ինչո՞ւ այդ մարդկանց չեն տանում հոգեբուժարան եւ ինչպե՞ս է կարգը, եթե մարդը խնդիրներ ունի, բայց չի դիմում հաստատություն:

 

- Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների հանդեպ կան ծայրահեղ մոտեցումներ: Բոլոր տոտալիտար երկրներում նրանք պետք է մեկուսացվեն հասարակությունից: Մենք արեւմտյան ուղղությունն ենք որդեգրել: Հետեւաբար, եթե իր հոգեվիճակով, ոչ թե ախտորոշմամբ, մարդը վտանգ չի ներկայացնում ուրիշների կյանքի համար, ստիպողաբար հոգեբուժարան տանելու իրավունք չկա: Իսկ վտանգ ներկայացնելու վերջնական որոշումը կայացնում է դատարանը՝ մասնագետների տված եզրակացության հիման վրա: Մեզ մոտ մարդիկ դիմում են միայն այն ժամանակ, երբ իրավիճակը ծայրահեղ է: Ոչ մեկ չի շահում ժամանակին բժշկին չդիմելուց: Հոգեկան խանգարումները բավական մեծ բեռ են նաեւ պետության համար, քանի որ օգնությունը բացառապես պետպատվերով է:

 

- Մարդիկ խարանից խուսափելու պատճառով ոչ թե հոգեբույժին են դիմում, այլ հոգեբանին: Հոգեբանի եւ հոգեբույժի, ինչպես նաեւ ընտանեկան հոգեբանի ծառայությունների առանձնահատկություններն ու տարբերությունները որո՞նք են:

 

- Հոգեբույժները զբաղվում են հոգեկան խանգարումներով, հոգեբանները՝ առողջ մարդկանցով եւ հոգեբանական խնդիրներ ունեցողներով: Հոգեկան խանգարումներ ունեցողներով հոգեբանները կարող են զբաղվել հոգեբույժի հետ՝ թիմային մակարդակով: Հոգեբանը մասնագիտությամբ բժիշկ չէ, դեղեր նշանակելու իրավունք չունի: Իսկ ընտանեկան հոգեբանները զբաղվում են ընտանիքի հոգեբանությամբ: Խարանից խուսափելու համար տարբեր մարդկանց են դիմում, եւ միայն վերջում՝ հոգեբույժի: Մենք ուրախությամբ արձանագրում ենք, որ հիմա բավական փոխվել է իրավիճակը, ավելի քիչ մարդիկ են խուսափում հոգեբույժին դիմելուց: Իհարկե, հասարակության մեջ հոգեբուժական ծառայություններից հեռու մնալու կանխատրամադրվածությունը դեռ պահպանվում է:

 

- Ի՞նչն է ոլորտի հանդեպ հասարակության անվստահության պատճառը, եւ ի՞նչ քայլեր են արվում այս ուղղությամբ:

 

- Կուզեմ անդրադառնալ հոգեբուժական ծառայությունների ոլորտում ստուգումներին եւ լրատվամիջոցների արձագանքին: Ոլորտը մեզ մոտ խարանի տակ է, մարդիկ խուսափում են դիմել ծառայություններին, իսկ լրատվամիջոցները լուսաբանելիս միայն վատ կողմերն են ներկայացնում: Շտապում են սենսացիա ապահովել՝ առանց ստուգելու կամ մյուս կողմին լսելու: Ծառայությունն անպաշտպան վիճակում է, մենք որոշել ենք ավելի ճկուն լինել որպես ասոցիացիա: Ցանկացած միջոցներ ձեռնարկելու ենք, որպեսզի խախտումները վերացվեն: Միայն քննարկումից հետո պետք է հրապարակվի, միակողմանի տեղեկությունը հետո իր հետեւանքները թողնում է:

 

- Հոգեկան առողջության ոլորտում մասնագիտության ծերացում կա: Ըստ Ձեզ, որքանո՞վ է մեր երկրում պահանջված մասնագիտությունը:

 

- Ամբողջ աշխարհը փաստում է, որ հոգեբուժությունը ծերանում է: Հայաստանում եւս երիտասարդները չեն ցանկանում ստանալ հոգեբույժի մասնագիտություն: Իհարկե, սովորողները քիչ են, եւ մենք այսօր ունենք հոգեբույժ մասնագետների կարիք: Բայց այս ընդունված ռազմավարության եւ մեր աշխատանքի շնորհիվ այդ միտումը կարող է փոխվել: Մենք համոզված ենք, որ մի քանի տարվա ընթացքում բավական մեծ հոսք կապահովենք դեպի այս մասնագիտություն:

 

- Դուք նաեւ Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան եք ներկայացնում: Ի՞նչ է այն եւ ի՞նչ առավելություններ է տալիս Հայաստանին:

 

- Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան ունի 135 անդամ կազմակերպություն՝ աշխարհի 117 երկրից: Հոգեկան առողջության ոլորտում ամենախոշոր կազմակերպությունն է, որին մենք անդամագրվել ենք 1999-ին: Հիմա չենք թակում որեւէ միջազգային կազմակերպության դուռ: Ներգրավվում ենք, մասնակցում ենք ղեկավարմանը, ինչն արդեն մեծ նվաճում է: Եվ Արեւելյան, եւ Կենտրոնական Եվրոպայից որեւէ երկիր դեռ չի եղել Գործադիր վարչության անդամ: Սա բացառիկ երեւույթ է թե համաշխարհային ասոցիացիայի, թե մեր տարածաշրջանի հոգեբուժության համար: Առանց վարչության անդամ լինելու մենք արդեն բավական օգնություն ստացել էինք: Արդյունքում Հայաստանը մեծ ճանաչվածություն է ձեռք բերում, այն խնդիրները, որոնք մենք ստիպված էինք ուրիշների միջնորդությանը դիմելով լուծել, հիմա կարող ենք ինքներս կարգավորել:  Արդյունքները շատ շուտով կերեւան մեր հոգեբուժական ծառայությունների վրա:

 

Արմեն Սողոյանի հետ զրուցել է Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին