Արմեն Մարուքյան. Շուտով կներկայացվեն Թուրքիայի դեմ միջազգային հայց ներկայացնելու հիմքերը - Mediamax.am

exclusive
6573 դիտում

Արմեն Մարուքյան. Շուտով կներկայացվեն Թուրքիայի դեմ միջազգային հայց ներկայացնելու հիմքերը

Արմեն Մարուքյանը
Արմեն Մարուքյանը

Լուսանկարը` Ա. Մարուքյանի անձնական ախիվից

Լուսանկարը`


«Օրենքի ուժով» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը նոյեմբերի կեսին նախատեսում է ներկայացնել հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով տպագրված «Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատական ատյանին հայցով դիմելու հիմքերն ու հնարավորությունները» գիտական հետազոտությունը:

 

ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանի հետ Մեդիամաքս-ը զրուցել է ՀՀ նախագահի դրամաշնորհային ծրագրով իրականացված գիտական հետազոտության, ինչպես նաեւ Ցեղասպանության փոխհատուցման հարցը իրավական հարթակում լուծելու հնարավորությունների ու հեռանկարների մասին:

 

- Հետազոտությունը միջազգային դատարան հայցի ներկայացման հիմքերին ու հնարավորություններին է վերաբերում, նաեւ այն ընթացակարգային խնդիրներին, որոնք կարող են առաջանալ դատարան դիմելիս: Մատնանշում ենք այն հիմքերը, հանգամանքները, իրավական նորմերը, սկզբունքները, որոնք պետք է դրվեն մասնագիտական խմբի կողմից պատրաստվող իրավական թղթածրարի հիմքում եւ լինեն հիմնական բաղադրիչը: Աշխատանքի տեսական հատվածում ներկայացնում ենք մարդկության դեմ կատարված հանցագործության գործերով տարբեր դատարանների նախադեպային վճիռներն ու որոշումները: Մատնանշված են միջազգային դատարանի ընթացակարգերը, ինչ հնարավորություններ է ընձեռում այն, ինչպես կարող ենք ներկայացնել մեր հայցն ու ինչ հնարավոր որոշումների ակնկալիքներ ունենք, ինչպիսին պետք է լինեն մեր քայլերն ու գործողությունները, որպեսզի մաքսիմալ մեծ օգուտով կարողանանք դուրս գալ դատարանից:

 

-Դուք ուսումնասիրել եք փաստական հիմքերը, ինչպե՞ս եք գնահատում դրանք:

 

-Կարծում եմ, որ փաստական հիմքերը բավարար են միջազգային դատական ատյան նման հայց ներկայացնելու համար: Սակայն գաղտնիք չէ, որ միջազգային դատարանը երբեմն երկակի չափորոշիչներով է առաջնորդվում: Պետք է քաղաքական առումով լրջորեն նախապատրաստենք այս իրավական գործընթացը, պատրաստ լինենք բոլոր շրջադարձերին եւ մեր Սփյուռքի լոբբիստական ջանքերով, դիվանագիտական հետեւողական աշխատանքով պայմաններ ստեղծենք, որ երկակի ստանդարտները մեր գործով չկիրառվեն: Մինչեւ դա չարվի, հայցի ներկայացումը կարող է վիճահարույց լինել եւ լուրջ ռիսկեր պարունակել:

 

- Անհատական հայցերով միջազգային ատյան դիմելու տարբերակը եւս բարձրաձայնվում է: Որքանո՞վ այն կարող է արդյունավետ լինել:

 

- Ես դեմ եմ անհատական հայցերի ներկայացմանը: Իհարկե, գաղթակղիչ է՝ մարդը ցանկանում է պապենական կալվածքների նկատմամբ իր իրավունքները վերականգնել, բայց ակնհայտ է, որ ամբողջ Արեւմտյան Հայաստանի տարածքում եղած սեփականության փաստաթղթերը չկան: Չկան նաեւ բոլոր այն ժառանգները, որոնք կարող են նման պահանջներ ներկայացնել: Ուստի, կգա մի պահ, երբ որոշ ունեցվածքի նկատմամբ մեր իրավունքները հաստատելուց հետո, մեծագույն մասը կմնա առանց փաստաթղթավորման: Թուրքիան էլ կարող է հայտարարել, թե ինքը նյութական հատուցումն արդեն ավարտել է: Ժառանգները պետք է մի փոքր համբերությամբ զինվեն, համընդհանուր հայցի շրջանակներում այդ փաստաթղթերը ներկայացնեն: Եթե գլոբալ առումով հարցը լուծվի, բոլոր անհատական պահանջներն ինքնաբերաբար կբավարարվեն: Հակառակ դեպքում, կստացվի, որ կրկին անհատական շահն ազգայինից վեր դասվեց, ամեն մարդ իր խնդիրը լուծեց, բայց ընդհանուր հարցը մնաց բաց:

 

- Ցեղասպանության հարցը իրավական դաշտում լուծելու հարցում ռազմավարության պակաս տեսնո՞ւմ եք:

 

-Կարծում եմ, որ իսկապես օրակարգ ձեւավորելու, մեր մարտավարությունն ու ռազմավարությունը հստակեցնելու խնդիր կա: Եթե հստակ չգիտես քո քայլերի հաջորդականությունը, այս ճանապարհը շատ մշուշոտ է եւ մենք պատեպատ դիպչելով կարող ենք գնալ առաջ: Կարծում եմ, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովն այն հարթակներից մեկն է, որտեղ կարելի է սկսել այդ ռազմավարության մշակումը՝ ներգրավելով ավելի լայն ու մասնագիտական շրջանակներ:

 

- Այս հարցում միջազգային կառույցների, այլ երկրների եւ ցեղասպանություն ու հայրենազրկում ապրած ազգերի հետ համագործակցություն կա՞:

 

- Երբ ես ասում եմ, որ անհրաժեշտ է ռազմավարություն մշակել եւ քաղաքական գործընթացով ապահովագրել իրավական գործընթացի հաջողությունը, նկատի ունեմ նաեւ նմանատիպ քայլերը: Մենք դեռ պետք է փորձենք դաշնակիցներ, ավելի արդյունավետ ելքեր գտնել: Նոր դերակատարների ներգրավվմամբ քաղաքական գործընթացը շատ կարեւոր է ու տեղին:

 

-Հայկական կողմը գրեթե 100 տարի է՝ միայն ճանաչման մասին էր խոսում, վերջին շրջանում սեղանին դրվեց փոխհատուցման հարցը: Արդյո՞ք, դա մի քիչ ուշացած չէր:

 

-Իհարկե, լավ կլիներ, որ Հայաստանի անկախության հռչակումից ի վեր մենք այս գործընթացը սկսեինք: Եթե մինչ այդ Խորհրդային Միության կազմում էինք, եւ չէինք կարող բարձրացնել այս խնդիրները, ապա անկախ պետություն, ՄԱԿ-ի լիիրավ անդամ եւ միջազգային սուբյեկտ դառնալուց հետո կարող էինք դա անել: Անկախ ամեն ինչից՝ ուշ չէ, կարող ենք սկսել հիմա, իսկ 100-րդ տարելիցն այն շեմն է, որը կարող է բեկումնային լինել Հայոց ցեղասպանության ոչ միայն դատապարտման, այլեւ հետեւանքների վերացման համար: Այդ բեկման տարբերակներից մեկն էլ այս հայցի պատրաստումն ու պատեհ առիթին դրա ներկայացնում է միջազգային ատյանին:

 

- Որքա՞ն ժամանակ կպահանջեն հայցի պատրաստումն ու դատական գործընթացը:

 

- Հայցադիմումի պատրաստմանը պետք է ներգրավել լավագույն մասնագետներին՝ Հայաստանից եւ Սփյուռքից, ինչպես նաեւ վարձել միջազգային իրավունքի հեղինակավոր  մասնագետների արտասահմանից, որպեսզի համապարփակ փաստաթուղթ ունենանք: Բայց դա չի նշանակում, որ հենց պատրաստ եղավ, պետք է դիմել, պատեհ առիթ է հարկավոր: Միջազգային հարթակում պետք է հարմար իրավիճակ ստեղծվի, որ շանսերն ավելի մեծ լինեն: Իհարկե, չպետք է պասիվ վիճակում լինել ու սպասել այդ առիթին, մենք եւս պետք է քայլեր անենք դրան հասնելու համար:

 

Դատական գործընթացը կարող է տեւել մի քանի տարի: Պետք է հետեւողական պայքարի պատրաստ լինենք, քանի որ թուրքական կողմն ամեն ինչ անելու է դատական գործընթացը ձգձգելու, ձախողելու համար:

 

Արմեն Մարուքյանի հետ զրուցել է Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին