Վիրահայոց թեմի առաջնորդ. Եկեղեցիների վերադարձման փաթեթ կներկայացվի Վրաստանին - Mediamax.am

exclusive
4767 դիտում

Վիրահայոց թեմի առաջնորդ. Եկեղեցիների վերադարձման փաթեթ կներկայացվի Վրաստանին

Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը
Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը

Լուսանկարը` http://armenian-community.ge/

Լուսանկարը`


Վրաստանում իշխանափոխության հետ հայ համայնքը մեծ հույսեր էր կապում: Այսօր այդ հույսերը, կարծես, որոշակի իմաստով արդարանում են: Ինչպե՞ս է այսօր ապրում Վրաստանի հայ համայնքն ու ի՞նչ խնդիրներ ունի. Մեդիամաքս-ը զրուցել է Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ:

 

-Վրաստանի հայ համայնքի նկատմամբ վրաց իշխանությունների մոտեցումներում ինչպիսի՞ փոփոխություններ կան:

 

- Հայ մշակույթի նկատմամբ նոր մոտեցում կա: Իհարկե, դրական փոփոխություններին չենք կարող հասնել, եթե մեր ժողովուրդն իր իրավունքների համար մշտապես ձայն չբարձրացնի: Հնուց եկած խոսք կա՝ «մինչեւ երեխան չի լալիս, մայրը կաթ չի տալիս»: Մենք էլ պետք է Վրաստանի իշխանությունների հետ համագործակցելով, փորձենք այդ հարցերը լուծել: Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական թատրոնը, օրինակ, մի քանի տարի չէր գործում, վթարային վիճակում էր: Տնօրենից օրերս լուր ստացա, որ մշակույթի նախարարի այցից հետո հայտնել են, թե շուտով կսկսեն թատրոնի վերանորոգման աշխատանքները:

 

Հիմա մեր նախաձեռնությամբ եւ բարերար Ռուբեն Վարդանյանի ու նրա ընկերների աջակցությամբ ընթանում է թեմապատկան Սուրբ Գեւորգ Եկեղեցու վերանորոգումը:

 

- Վրացականացված Սուրբ Նորաշեն եկեղեցում ամրացման աշխատանքներ են ընթանում: Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը եւ արդյո՞ք կան բանակցություններ եկեղեցու վերադարձի շուրջ:

 

- Հայ եկեղեցիների պահպանության հարցում կարծես մի բան սկսում է փոխվել:

 

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրամի միջոցով սկսեցին Սուրբ Նորաշեն եկեղեցու ամրացման աշխատանքները, եւ դա արդեն փոքրիկ առաջընթաց է: Այս պահի դրությամբ կարեւոր է, որ եկեղեցու վտանգավոր ճաքերը փակվեն: Վրաց Պատրիարքարանից սկսած բոլորն էլ գիտեն, որ դա հայկական եկեղեցի է:

 

Պատմական կարեւոր տաճարների վերադարձի հարցով մենք բանակցում ենք Վրաստանի իշխանությունների հետ: Չենք առանձնացնում եկեղեցիները. ցանկ ենք պատրաստում, ճշտում ենք, թե ո՞ր բնակավայրում ի՞նչ կառույցներ ենք ունեցել, ինչ վիճակում են դրանք, որպեսզի մեկ փաթեթով դիմենք Վրաստանի իշխանություններին:

 

Այդ փաթեթում կներառենք մինչեւ Վրաստանի խորհրդայնացումը երկրի տարածքում եղած 40-ից ավելի եկեղեցիները, որոնք այսօր վրացականացված են:

 

- Վրաստանում ապրող հայերը կարողանո՞ւմ են իրացնել իրենց պատմությունը, լեզուն սովորելու իրավունքը: Դպրոցների վիճակն ինչպե՞ս է: 

 

-Թբիլիսիում գոյություն ունեն մեկ եւ երկու հայ-վրացական դպրոցներ: Եկեղեցուն կից շաբաթօրյա եւ կիրակնօրյա դպրոցներ, նախակրթարան են գործում:

 

Սովորություն է դարձել, սակայն, որ հայերն իրենց երեխաներին ռուսական դպրոց են ուղարկում: Կարող եմ ասել, որ ինքնության դրսեւորումն այդքան շատ չէ, բայց այնտեղ հայը, մեծամասամբ, իրեն հայ է զգում եւ եկեղեցու անդամ: Հայոց լեզվի եւ Հայոց պատմության վրա նախկին ճնշումը չեմ տեսնում: Այո, «Հայ ժողովրդի պատմություն» ֆակուլտատիվ կերպով չի դասավանդվում Վրաստանի հայկական դպրոցներում, բայց դրան ուղղված աշխատանքներ եւս տարվում են: Բանակցում ենք կրթության նախարարության հետ, կարծում եմ, որ հաջողություններ կարձանագրենք, քանի որ Վրաստանի նոր իշխանությունները սկսել են եվրոպական կառույցների ցուցումներին հետեւել: Գիտակցությունը կա, որ ավելի լավ է համայնքներին տրվի իրենց կրոնը, մշակույթը, լեզուն պահպանելու իրավունքը: Թե Ջավախքում, թե Թբիլիսիում այսօր չի զգացվում, թե կա այդ ձեռքը, որ փորձում է չեզոքացնել հայկական ինքնությունը:

 

- Ինչպե՞ս է ապրում Վրաստանի հայ համայնքը:

 

- Այսօր համայնքի հիմնական մասը եկեղեցու, մշակույթի, իր ինքնության շուրջ է համախմբված: Եթե շատ եկեղեցիներ գործեն, շատ քահանաներ լինեն, կկարողանանք կյանքն ավելի լավ կազմակերպել: Մեզ մեծ հաջողություն է բերում երիտասարդական կենտրոնների ստեղծումը:

 

-Սրբազան հայր, Վրաստանի Ձեր հոտին կոչ ունե՞ք:

 

- Վրաստանի հայերին կմաղթեմ լինել խաղաղ: Որպես քաղաքացի շարունակեն կատարել պարտականություններն այն պետության հանդեպ, որտեղ բնակվում են, բայց նաեւ կատարեն պարտականությունը հայրենիքի, հայ եկեղեցու եւ իրենց ինքնության հանդեպ: Թող միշտ գիտակցեն, որ մեր ուժը միասնության մեջ է:

 

Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ զրուցել է Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին