Գարիկ Հայրապետյան. Պետք է խրախուսել աղջիկ երեխաների ծնունդը - Mediamax.am

exclusive
4272 դիտում

Գարիկ Հայրապետյան. Պետք է խրախուսել աղջիկ երեխաների ծնունդը

Գարիկ Հայրապետյանը
Գարիկ Հայրապետյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը`


ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացված հետազոտության տվյալների համաձայն, մեր երկրում նորածինների սեռերի հարաբերակցությունը ներկայումս 113 տղա է` 100 աղջկա դիմաց, մինչդեռ կենսաբանորեն ընդունված նորմալ հարաբերակցություն է համարվում 102-106 տղա` 100 աղջկա դիմաց հարաբերակցությունը: Հայաստանում տղա երեխայի նախընտրությունը միջինը վեց անգամ գերակշռում է աղջիկ երեխա ունենալու ցանկությանը: Որպես հետեւանք, տարեկան կտրվածքով  Հայաստանում չի ծնվում 1500-2000 աղջիկ:

 

Նորածինների սեռերի անհամամասնության ցուցանիշով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը՝ զիջելով միայն Չինաստանին եւ Ադրբեջանին:

 

Նոյեմբերի 6-ի կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսել էր սելեկտիվ աբորտների խնդրի մասին:

 

«Թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես վարչապետ, թե՛ որպես երկու աղջիկների հպարտ հայր ինձ խիստ անհանգստացնում է այն սոցիալական միջավայրը, որի հետեւանքով այսօր մենք կորցնում ենք հազարավոր ապագա մայրեր: Հանձնարարում եմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ առողջապահության նախարարներին մշակել մինչեւ 2015 թվականի մարտ ամիսը ներկայացնել իրավիճակը շտկելու համապարփակ ծրագիր», -ասել էր կառավարության ղեկավարը:

 

Մեդիամաքս-ը զրուցել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչպե՞ս  կարելի  է լուծում գտնել Հայաստանում սեռով պայմանավորված երեխայի նախընտրության հետ կապված ահագնացող  խնդրին:

 

- Արդեն մի քանի տարի է, ինչ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը ահազանգում է մեր երկրում սեռով պայմանավորված երեխաների ընտրության մասին: Ինչո՞վ եք պայմանավորում այն, որ վերջապես այս խնդրի մասին խոսեց նաեւ կառավարության ղեկավարը:

 

- Նախ, թույլ տվեք նշել, որ վարչապետի հայտարարությունը չափազանց կարեւոր էր, քանի որ սեռով պայմանավորված նորածնի ընտրությունն իսկապես լուրջ բացասական հետեւանքներ է առաջացնում մեր երկրի համար: Պետք է փորձենք կանխել այս բացասական երեւույթի հետեւանքները:

 

2011թ.-ին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը ՀՀ առողջապահության նախարարության եւ Ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ իրականացրեց այս խնդրի վերաբերյալ առաջին հետազոտությունը, որը թույլ տվեց մեզ հասկանալ ստեղծված իրավիճակը, գտնել պատճառները եւ պատկերացնել խնդրի ազդեցությունը Հայաստանի հասարակական եւ ժողովրդագրական պատկերի վրա: Պետական մարմինները այս խնդրի մասին բավական լավ տեղեկացված են:

 

Հետազոտությունը ցույց տվեց, որ տղա երեխայի նախապատվության պատճառները գտնվում են սոցիալական դաշտում: Հայաստանում մարդիկ, սոցիալական ոչ բարենպաստ պայմաններից ելնելով, նախընտրում տղա երեխա ունենալ: Մեզանում կա նաեւ տոհմը շարունակելու ցանկությունը, ինչի իրականացումը պատկերացնում ենք արու զավակ ունենալով: Այնուամենայնիվ, խնդիրը մեծամասամբ պայմանավորված է սոցիալական գործոնով: Մեզ մոտ իշխում է այն պատկերացումը, որ միայն արու զավակը կարող է հետագայում օգնել տարեց ծնողներին եւ ապահովել նրանց բարեկեցիկ ծերությունը:

 

Ցավոք, մեր երկրում սոցիալական ապահովության խնդիրը դեռեւս լուծվում է ընտանեկան, այլ ոչ ինստիտուցիոնալ, պետական համակարգի միջոցով:

 

Հասկանալով, որ խնդրի արմատները սոցիալական դաշտում են՝ սկսեցինք աշխատել նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության հետ: Այս ընթացքում տարվել է մեծ ծավալի աշխատանք նաեւ ԶԼՄ-ների հետ: Աստիճանաբար, մեր հասարակության մեջ ձեւավորվեց այս խնդիրը հասկանալու եւ դրա դեմ պայքարելու պահանջը: Ֆեյսբուքում կազմակերպված ֆլեշմոբին չորս օրում շուրջ 120 հազար մարդ մասնակցեց: Սա աննախադեպ հետաքրքրություն է Հայաստանի նման փոքր երկրում եւ վկայում է այն մասին, որ պայքարելու հասարակական պահանջն արդեն ձեւավորվել է: Ժամանակն էր, որպեսզի կառավարությունը եւս ամենաբարձր մակարդակով փորձեր գործնական քայլերի հրահանգ իջեցնել պետական գերատեսչություններին՝ այս հարցով ավելի նպատակաուղղված աշխատանք տանելու համար:

 

-  ՀՀ առողջապահության նախարարությունն օրինագիծ էր ներկայացրել, որով առաջարկվում էր պտղի մինչեւ 30 շաբաթական դառնալն արգելել ծնողներին  պարզել երեխայի սեռը: Օրինագիծը բազմաթիվ ընդդիմախոսներ ունեցավ, եւ արդյունքում հետաձգվեց: Որո՞նք էին օրինագծի «խոցելի» կողմերը:

 

- Նախ եւ առաջ, պտղի սեռի նախապես պարզելը եւ այդ հարցում վերահսկողություն իրականացնելը հեշտ խնդիր չէ: Դժվար է ապացուցել՝ արդյո՞ք ուլտրաձայնային հետազոտությունն արվում է երեխայի առողջական վիճակը, թե՞ երեխայի սեռը պարզելու եւ սեռով պայմանավորված հղիությունն ընդհատելու համար: Որպես հետեւանք, այս ոլորտում կարող են առաջանալ կոռուպցիոն լուրջ ռիսկեր, որոնց վերահսկումը դյուրին չէ: Օրինագծի ընդդիմախոսները հիմնականում նշում էին հենց կոռուպցիոն ռիսկերի խնդիրը:

 

Մյուս կողմից, օրենսդրական նմանատիպ լծակների օգտագործումը կարող է օգնել փոխել մարդկանց մտածելակերպը: Եթե օրենքով արգելվի հայտնել երեխայի սեռը, մարդիկ վերջապես կսկսեն մտածել՝ իսկ գուցե՞ իրոք վատ է սեռով պայմանավորված հղիության ընդհատումը: Մեր հետազոտությունները, ցավոք, ցույց տվեցին, որ Հայաստանում սեռով պայմանավորված երեխայի ընտրությունը  դիտարկվում են որպես նորմալ, ընդունելի վարքագիծ: Մարդիկ չունեն բավարար սոցիալական պայմաններ մի քանի երեխա ունենալու համար, բայց միեւնույն ժամանակ ցանկանում են, որպեսզի երեխաներից մեկն անպայման տղա լինի:

 

Այս տեսանկյունից, ապագա երեխայի սեռը բացահայտելու օրենսդրական սահմանափակումը որոշակի ուղերձ կլինի հասարակությանը՝ փոխելու մտածելակերպը: Բացի այդ, հասարակությունը կտեսնի, որ այս խնդրով մտահոգված է նաեւ պետությունը եւ փորձում է պայքարել այս բացասական երեւույթի դեմ: Այժմ օրինագծի հեղինակները վերանայում են այն եւ փորձում են ներառել այնպիսի մոտեցումներ, որոնք ընդունելի կլինեն հասարակության համար:

 

- Ձեր խոսքերից կարո՞ղ ենք ենթադրել, որ խնդրի արմատները կապված են հասարակության ներսում կնոջ դերի ընկալման հետ:

 

- Այո՛, եւ սա սովորույթների խնդիր է: Մենք մի հասարակությունն ենք, որտեղ ընտանիքում «հաց վաստակողն» ավանդաբար համարվել է տղամարդը: Իրավիճակը փոխվում է, եւ մենք տեսնում ենք, որ կանայք եւս հաջողակ են մասնագիտական կյանքում: Չնայած մեր բուհերում գերազանցիկ ուսանողների ավելի քան 80%-ը աղջիկներ են, հետագայում նրանք չեն աճում, մնում են կառավարման միջին օղակում, որտեղ թե՛ բարձր աշխատավարձի, թե՛ առաջընթացի, եւ թե՛ բարեկեցիկ կյանք ունենալու հնարավորություններն ավելի սահմանափակ են, քան տղամարդկանց դեպքում: Այս գործոններով պայմանավորված՝ ընտանիքում պարտադիր է դառնում արու զավակ ունենալը: Օրենսդրական փոփոխությունը պետք է ուղղված լինի այս մտածելակերպի փոփոխությանը: Սա երկարաժամկետ գործողությունների ծրագիր է ենթադրում, քանի որ մարդկանց մտածելակերպը փոխելը հեշտ գործ չէ: Պետք է հասկանանք, թե որ տարբերակն ընդունելի կլինի մեր հասարակության համար:

 

- Ինչպիսի՞ն պետք է լինի երկարաժամկետ գործողությունների այդ ծրագիրը:

 

- Կարծում եմ, մինչեւ 2015 թ. մարտը պետք է մշակվի որոշակի փաստաթուղթ, որը կներկայացնի խնդրի հետ կապված հանրապետությունում առկա իրավիճակը ու հետեւանքները եւ կուրվագծի այդ ուղղությամբ ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերը: Օրենսդրական բարեփոխումները կարող են լինել այդ քայլերից մեկը: Անհրաժեշտ է մշակել երկարաժամկետ գործողությունների ծրագիր:

 

Ամենակարեւոր եւ ամենաբարդ խնդիրը մարդկանց մտածելակերպի փոփոխությունն է:

 

Երկրորդ կարեւոր քայլը՝  օրենսդրական, վարչական ռեսուսրի օգտագործումն է համապատասխան օրենսդրական դաշտ ստեղծելու համար, որը կանխարգելիչ ազդեցություն կունենա: Կարելի է մտածել նաեւ հատուկ սոցիալական փաթեթի մշակման մասին, որով աջակցություն կստանան աղջիկ երեխա ունեցող ընտանիքները: Հայաստանյան օրենսդրությունը գենդերային տեսանկյունից շատ հավասար է մշակված: Այնտեղ կնոջ եւ տղամարդու միջեւ խտրականություն չի դրվում: Սակայն գալիս է մի պահ, երբ մենք խտրականություն ենք տեսնում մտածելակերպի մեջ: Օրինակ` ժառանգության փոխանցման հարցում օրենքը չի արգելում, որպեսզի ծնողները ժառանգությունը հավասարապես փոխանցեն եւ՛ աղջիկ, եւ՛ տղա զավակներին: Բայց դեպքերի մեծամասնության պարագայում, ժառանգությունը փոխանցվում է միայն տղային, եւ աղջիկն ի սկզբանե զրկվում է հավասար վերաբերմունքից: Գուցե ճիշտ կլինի մշակել մի օրենսդրական նախագիծ, որի համաձայն ժառանգությունը պարտադիր կերպով կփոխանցվի թե՛ տղա, թե՛ աղջիկ ժառանգին: Երկարաժամկետ գործողությունների մշակման հարցում մենք պատրաստ ենք աջակցել կառավարությանը:

 

Գարիկ Հայրապետյանի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին