Ավետիք Չալաբյան. «Կարեւորը ազգային ուղին վերաիմաստավորելն է» - Mediamax.am

exclusive
12975 դիտում

Ավետիք Չալաբյան. «Կարեւորը ազգային ուղին վերաիմաստավորելն է»

Ավետիք Չալաբյանը
Ավետիք Չալաբյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը`


Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին Մեդիամաքսը շարունակում է հարցազրույցների շարքը Հայաստանում եւ սփյուռքում ապրող մտավորականների հետ, որոնց միջոցով փորձում ենք տարբեր կարծիքներ հավաքել այն մասին, թե արդյոք Ցեղասպանության 100-րդ տարելիցը կարող է որոշակի «նոր սկիզբ» դառնալ հայության համար:

 

Այսօր մեր զրուցակիցն է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

 

- Ինչպիսի՞ն է Հայոց Ցեղասպանության 100-ամյակի Ձեր ընկալումը:

 

- 100-ամյակին պետք չէ հատուկ սեւեռմամբ վերաբերվել: Այն ընդամենը հանգրվան է 3000-ամյա պատմության մեջ: Թեեւ, եթե հաշվի առնենք, թե ինչ պատմական եւ աշխարհաքաղաքական համատեքստում է տեղի ունենում 100-ամյակը, գուցե սա հարմար առիթ է նաեւ հետադարձ հայացք նետելու մեր անցած ճանապարհին՝ վերջին 100 եւ նաեւ 25 տարիների ընթացքում, եւ փորձել վերաիմաստավորել մեր ազգային ուղին:

 

- Ինչպիսի՞ն է այդ ուղին եւ արդյոք պետք է ձգտենք մեկ միասնական ուղի ունենալ Սփյուռքի եւ Հայաստանի համար, թե դրանք կարող են տարբեր լինել՝ միավորող առանցքային կետերով:

 

- Նախ, կարեւոր է ճշտել ազգայինի սահմանումը, քանի որ մենք հաճախ ազգայինը շփոթում ենք էթնիկականի հետ: Ազգայինը միասնական տարածքն է, միասնական պատմական ճակատագիրը, միասնական ապագան, միասնական նպատակներն ու հավակնությունները, միասնական քաղաքատնտեսական եւ մշակույթային համակարգը, միասնական հասարակությունը: Ազգայինը բաղկացած է այս բոլոր միասնական տարրերից, եւ հայերիս դեպքում չի սահմանափակվում միայն Հայաստան երկրով:

 

Եթե նայենք աշխարհում ապրող բոլոր էթնիկ հայերին, ոչ բոլորն են ազգային համակարգի մաս կազմում կամ նույնիսկ նման ցանկություն արտահայտում: Էթնիկ հայերի զգալի մասը այդ համակարգից դուրս է եկել, ձգտում է դրա հետ չասոցացվել եւ գտնվում է տարրալուծման փուլում: Դժվար է ասել, թե ի՞նչ կլինի նրանց հետ 100 տարի հետո՝ մի մասը կտարրալուծվի, մի մասն էլ սոսկ էթնիկ պատկանելությունից անցում կկատարի դեպի ազգայինը: Մեր նպատակը պետք է լինի երկրորդ տեսակի քանակի ավելացումը՝ առաջինի հաշվին:

 

Ազգային համակարգի առանցքում Հայաստանն ու Արցախն են եւ արտերկրյա այն հայկական հաստատությունները (հատուկ չեմ օգտագործում «սփյուռք» բառը), որոնք իրենց ասոցացնում են այդ համակարգի հետ: Օրինակ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, որը հիմնականում Արեւմուտքի հայության կողմից ստեղծված, ֆինանսավորվող եւ ղեկավարվող կառույց է, աստիճանաբար գալիս է այն գիտակցությանը, որ իր գործունեության հիմքում պետք է ազգային համակարգը լինի՝ ազգային կրթական, պետական հաստատությունները, բանակը. այն ամենը, ինչն ազգին միասին է պահում:

 

Նմանապես, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, որի հիմնադիրներից մեկն եմ, իր էությամբ զուտ ազգային կառույց է: Հիմնադիրների մի մասը արտերկրից են՝ Ռուսաստանից, արեւմտյան երկրներից, մյուս մասը՝ Հայաստանից: Բայց բոլորս ընդհանուր տեսլական ունենք ազգային զարգացման վերաբերյալ: Մասնավորապես, մենք համոզված ենք, որ հայրենադարձությունը պետք է լինի ազգային զարգացման կարեւորագույն տարրերից մեկը, եւ պետք է հստակ կառավարվի` յուրաքանչյուր հայրենադարձվող ընտանիքի համար այն դարձնելով գրավիչ: Մարդիկ եւ իրենց ընտանիքները չպետք է տուժեն հայրենադարձությունից, ընդհակառակը, նրանք պետք է շահեն նաեւ անհատապես, եւ միայն այս դեպքում նրանք գիտակցաբար կդառնան ազգային համակարգի մաս:

 

- Հայաստան-Սփյուռք համագործակցությունը էապես բարելավելու համար ի՞նչ կարելի է անել:

 

- Կարծում եմ, լիովին ճիշտ չեն պնդումներն այն մասին, թե Հայաստանի եւ Սփյուռքի հաստատությունների միջեւ համագործակցությունը հաջող չէ: Այսօր Հայաստանում շատ են այն ձեռնարկումները, որոնք տեղի են ունեցել Հայաստանի եւ Սփյուռքի հաստատությունների եւ անհատների համագործակցության շնորհիվ, եւ հաջողել են: Վառ օրինակներն են Գաֆեսճյան թանգարանը, «Զվարթնոց» օդանավակայանը, «Թումո» կենտրոնը, «Այբ» դպրոցը, UWC Dilijan քոլեջը եւ այլն:

 

Քանի որ մենք հայրենադարձության ծրագրով ենք զբաղվում, նաեւ որոշակիորեն տիրապետում ենք իրական թվերին, եւ տեսնում ենք, որ տարեկան մոտ 2000 հայ ընտանիք տեղափոխվում է Հայաստան՝ առանց հաշվի առնելու այն լրացուցիչ հոսքը, որը պայմանավորված էր Սիրիայի վերջին իրադարձություններով: Ուստի Հայաստանի ու սփյուռքահայության միջեւ փոխազդեցությունը բավական դինամիկ է՝ այլ բան է, որ գուցե մենք բոլորս կուզեինք այն ավելի մեծ ծավալներով,  եւ ավելի շոշափելի արդյունքներով տեսնել:

 

- Ինչո՞ւ Հայաստանը Սփյուռքի համար այսօր գրավիչ չէ:

- Հայաստանն այսօր Սփյուռքի հայության համար «ավետյաց երկիր» չէ, քանի որ Հայաստանը տնտեսական եւ աշխարհաքաղաքական դժվարին իրավիճակում է գտնվում, ինչն, ի դեպ, Ցեղասպանության անմիջական հետեւանք է:

 

Ցեղասպանության նպատակն էր զրկել հայությանը ազգային զարգացման պլատֆորմից՝ առաջին հերթին ինքնաբավ տարածքից եւ նյութական ռեսուրսներից: Այսօրվա Արցախն ու Հայաստանը մեր պատմական հայրենիքի ընդամենը 15 տոկոսն են կազմում: Մնացած 85 տոկոսը մենք կորցրեցինք՝ մինչեւ ցեղասպանությունը եւ ցեղասպանության հետեւանքով:

 

Արդյունքում ունենք բավական փոքր տարածքով եւ սահմանափակ ռեսուրսներով երկիր, որը, կարծես, գրավիչ չէ եւ ունակ չէ ազգային բարեկեցիկ եւ անվտանգ կյանք ապահովել: Բայց մի հետաքրքիր առանձնահատկություն է վերջերս նկատվում: Երբ Սիրիայում պատերազմ սկսվեց, սկզբում սիրիահայության մեծ մասը նույնիսկ լսել չէր ցանկանում Հայաստան տեղափոխվելու մասին: Սակայն հետո Սիրիայի հայ համայնքի կեսից ավելին հարկադրաբար արտագաղթեց, իսկ նրանց մեկ երրորդից ավելին էլ եկան Հայաստան: Այսինքն, ինչ-որ մի պատմական հանգրվանում, իրադարձությունների ազդեցության տակ, այն, ինչը գրավիչ չէր, համեմատաբար գրավիչ դարձավ: Շատ ջանքեր պետք է հիմա գործադրենք, որպեսզի այս փորձառությունը հաջողված դառնա, ի տարբերություն խորհրդային շրջանի ներգաղթի, երբ հայրենադարձներից շատերը այդպես էլ չհամակերպվեցին կյանքի նոր պայմաններին, սակայն սա արդեն կարեւոր նախադեպ է մեր ազգային կյանքում:

 

Իհարկե, կարող եք նաեւ հարց տալ ՝ ինչո՞ւ ամերիկահայերը Հայաստան չեն վերադառնում: Բայց պետք է իրատես լինենք եւ հասկանանք, որ Հայաստան գալու դեպքում նրանք անմիջապես կզրկվեն իրենց բարեկեցության 80 տոկոսից: Քիչ հավանական է, որ հարյուր հազարավոր ամերիկահայեր միանգամից որոշեն Հայաստան տեղափոխվել: Չնայած դրան, Ամերիկայի Միացյալ Նահանգներից  եւ Կանադայից մարդկանց անընդհատ հոսք է տեղի ունենում՝ հիմնականում երիտասարդների: Մինչեւ տեղափոխվելը նրանք բավականին ջանքեր են գործադրում Հայաստանում իրենց համար մեկնարկային հարթակ ստեղծելու համար: Բայց այդ հոսքը կա՝ տարեկան մի քանի հարյուր անհատ, եւ դա հույս է ներշնչում, որ տեղում պայմանների աստիճանական բարելավման դեպքում, նաեւ ավելին կարելի է սպասել: 

 

- Ինչպիսի՞ն պետք է լինի Ցեղասպանության խնդրի դերը մեր կյանքում 100-ամյակից հետո:

 

- Մենք փոքր-ինչ միստիֆիկացված պատկերացում ունենք Ցեղասպանության մասին: Խնդիր է նաեւ այն, որ մենք մեր պատմությունը շարադրում ենք շատ հայակենտրոն դիրքերից: Օրինակ, երբ ասում ենք, որ Ավարայրի ճակատամարտում մենք բարոյական հաղթանակ տարանք, հարց չենք տալիս, իսկ ի՞նչ նշանակություն ունեցավ այն Պարսկաստանի համար, հավատափոխությունը դրանից հետո կայսրությունում ի՞նչ ընթացք ստացավ: Դա մեզ պարզապես չի հետաքրքրում:

 

Ցեղասպանության դեպքում մեզ հետաքրքրում են միայն մեր հսկայական կորուստները, մեր ցավը: Ինչ համատեքստում եւ ինչո՞ւ դա տեղի ունեցավ՝ գրեթե միշտ այդ հարցերից խուսափում ենք, այնինչ հարցի պատասխանը մասամբ այստեղ է պետք որոնել:

 

Ցեղասպանությունը գաղութատիրական լծից դուրս գալու մեր սարսափելի ձախողումն էր, մեր աշխարհաքաղաքական պարտությունը: Օսմանյան կայսրությունը սկսեց փլուզվել 19-րդ դարի սկզբից, ես աստիճանաբար նրանից սկսեցին տարբեր հատվածներ պոկվել ՝ Եգիպտոսը, Բալկանյան երկրները: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ կայսրության կազմում, բացի թուրքական կենտրոնական էթնոսից, որը հիմնականում բնակվում էր Անատոլիայում, մնացել էին հայերը, հույները, քրդերը, ասորիները եւ արաբները, եւ նրանք բոլորը ձգտում էին անկախության: Սակայն սկսվեց Առաջին աշխարհամարտը, որի արդյունքում անատոլիական հունական ամբողջ էթնոսը տեղահանվեց կամ կոտորվեց, ասորական էթնոսի մեծամասնությունն էլ կոտորվեց տեղահանության ժամանակ: Կայսրության տարածքի հայկական էթնոսը նմանապես կոտորվեց եւ տեղահանվեց, միայն արաբական էթնոսը կարողացավ անկախանալ, իսկ քրդերը համագործակցեցին Օսմանյան կայսրության հետ եւ շահեցին՝ ասորիներից եւ հայերից մաքրված տարածքները մնացին նրանց:

 

Թե ինչ պատճառներով պարտվեցինք, դա հարցի մյուս կողմն է: Մենք շատ ցավալի պարտություն կրեցինք, որի ծանրությունն իր վրա կրեց ամեն մի հայ ընտանիք՝ իր կորուստներով, սեփականազրկմամբ, ուրիշ երկրներում օտարի, թշվառ կարգավիճակում հայտնվելով՝ ստիպված լինելով վերականգնել անձնական, ընտանեկան, համայնքային կյանքը: Սակայն այդ ողբերգությունը պետք է դիտարկել կայսրության կործանման համատեքստում: Մենք այդ կայսրությունից մեր բաժինը չկարողացանք տանել: Ընդհակառակը, կայսրությունը իր վերջին ջղաձգումներում մի բան էլ մեզանից վերցրեց՝ Արարատ լեռը, Կարսը, որոնք ոչ թե Օսմանյան, այլ Ռուսական կայսրության տարածքներն էին: Արդյունքում, մենք ոչ միայն հսկայական մարդկային կորուստներ կրեցինք, այլեւ չկարողացանք դուրս գալ գաղութային լծի տակից, եւ ձեւավորվել որպես ինքնաբավ, զարգացող ազգային միավոր:

 

Եթե այս տեսանկյունից ենք նայում, ապա պետք է համապատասխանաբար ձեւակերպենք մեր ապագայի կենտրոնական խնդիրը: Այն ոչ թե պարզապես պահանջատիրությունն է կամ էլ թե թուրքերի հետ հաշտվելը, այլ մեր ազգային զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Մենք ապագային պետք է նայենք այն տեսանկյունից, թե ինչ պետք է անենք, որպեսզի ինքնաբավ ազգ դառնանք: Սա էլ, իր հերթին, կախված է նրանից, թե աշխարհի զարգացման որ մոդելին ենք հավատում:

 

Մեկ մոդելով աշխարհը գնում է խաղաղության, ժողովրդավարական արժեքների,  ազատական տնտեսության զարգացման ճանապարհով: Թուրքիայում զարգանում է քաղաքացիական հասարակությունը, որը ճնշում է գործադրում ազգայնական կառավարության եւ կառավարող շրջանակների վրա, եւ մղում է նրանց հարեւանների հետ իրական հաշտության, եւ, մասնավորապես, Հայոց ցեղասպանության անվերապահ ճանաչման: Այս տրամաբանության մեջ մենք կարող ենք մեր բոլոր հարեւանների հետ խաղաղ գոյակցության ձեւեր գտնել, փորձել մասնակցել տարածաշրջանային տնտեսական նախագծերին, առեւտրին, փոխադարձ ներդրումներին: Այս տրամաբանության մեջ տարածքային հավակնություններն էլ այլեւս առանցքային չեն, որովհետեւ ազգային զարգացման խնդիրը տարածքի միջոցով չի լուծվում: Հայաստանի եւ Արցախի այս տարածքում էլ կարող է բնակվել մինչեւ 10 մլն մարդ, նաեւ, ցանկացողները կարող են վերադառնալ եւ բնակվել Թուրքիայում գտնվող մեր պատմական տարածքներում, սերտ կապված լինելով Հայաստանի հետ, եւ ստեղծելով ընդհանուր տնտեսական տարածք: Միգուցե ընդամենը առաջարկենք Արարատը վերադարձնել, գուցե Թուրքիան էլ իսկապես այդպիսի մի խորհրդանշական ժեստ անի ու վերադարձնի այն հանուն հաշտության եւ տարածաշրջանային խաղաղության: Սա լրիվ անիրական չէ, քանի որ եվրոպական երկրները երկրորդ աշխարհամարտից հետո հենց այս ճանապարհով են գնացել, սակայն հավանականությունը, իհարկե, մեր դեպքում մեծ չէ:

 

Ըստ այլ, տրամագծորեն հակադիր, մոդելի, աշխարհը գնում է դեպի քաոս: Հասունանում է իրական առճակատում մի քանի խոշոր բեւեռների միջեւ՝ իսլամական, արեւմտյան, սլավոնական, չինական: Այս բեւեռները անհաշտ պայքարի մեջ են իրար հետ: Սահմաններն այդ աշխարհում շատ պայմանական են`սահմանը որոշվում է նրանով, թե որտեղ է կանգնած քո զինվորը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձեւավորված ստատուս-քվոն վերանում է: Սա մասամբ արդեն տեղի է ունենում մեր աչքի առաջ, եւ հենց մեր տարածաշրջանն է գտնվում առավել ակտիվ վերաձեւման մեջ: Այս տրամաբանության մեջ դուք ստիպված եք լրիվ այլ ռազմավարություն որդեգրել: Այստեղ շատ ավելի մեծ տեղ է տրվում աշխարհաքաղաքականությանը, եւ ոչ թե տնտեսությանը, եւ այստեղ ավելի ընդունված են փոխազդեցության կոշտ մեթոդները: Այս պայմաններում ոչ թե անցյալի պահանջատիրությամբ ես առաջնորդվում, այլեւ առաջ ես գնում՝ սպասումով, որ մի օր Թուրքիան կարող է թուլանալ իր ներքին լարվածության հետեւանքով, մենք էլ պետք է պատրաստ լինենք ակտիվ քայլերով հետ վերադարձնել մեր պատմական տարածքների հնարավոր մասը, եւ նաեւ հետեւողականորեն վերահայացնենք դրանք, օգտագործելով պահանջատիրությունը որպես կատարվածի հիմնավորում, ինչպես նաեւ պաշտպանական միջոց՝ Թուրքիայի հնարավոր ագրեսիայի դեպքում:

 

Սրանք միանգամայն տարբեր մոդելներ են: Եվ խնդիրն այն է, որ մենք մեր գլխում երկուսն էլ պետք է ունենանք, քանի որ իսկապես բոլորովին ակնհայտ չէ, թե աշխարհը որ ուղղությամբ կգնա: Շատ հնարավոր է, որ իրականությունը լինի այս երկուսի մեջտեղում, ինչի հետեւանքում մենք դեռ շատ երկար որեւէ հանգուցալուծում ընդհանրապես չունենանք:

 

- Բայց նման մոդելները հաշվարկելու համար պետք են երկարաժամկետ ծրագրեր ու մոտեցումներ, իսկ մեր էլիտան, կարծես միայն կարճաժամկետ խնդիրներ է լուծում:

 

- Մեր էլիտայի որակը կարեւորագույն հարցն է՝ ըստ իս, հարցերի հարցը: 100-ամյակին հենց այս ոսպնյակով է պետք նայել: Կարո՞ղ ենք արդյոք մենք ձեւավորել իրական ազգային էլիտա: Ազգային կյանքը, զարգացումը, վերընթաց ուղին ենթադրում են, որ կա ազգային էլիտայի մի կորիզ, որը կարող է որոշակի օրակարգ առաջադրել եւ գործողություններ իրականացնել, եւ դրա համար այն ներքին սուվերենության էական պաշար պետք է ունենա: Մեր այսօրվա էլիտայի սուվերենության աստիճանը շատ ցածր է: Մասամբ դա պայմանավորված է նրանով, որ էլիտայի գերակշիռ մասը նախկին խորհրդային համակարգի կրողներն ու ժառանգներն են: Նրանք կարող են խոսել Նժդեհից, բայց, ըստ էության, շարունակում են մնալ հին համակարգի մասը:

 

Այսօր էլ այդ համակարգն արագ կոնսոլիդացվում է՝ ձեւավորվում է նոր անդրազգային կառույց, Ռուսաստանի գլխավորությամբ: Ուստի ազգային էլիտա կառուցելու համար մենք պետք է մի անցում իրականացնենք, որի հաջողությունը արդեն բնավ երաշխավորված չէ: Եթե անդրադառնանք մեր պատմական փորձին, ապա 1914-1920 թվականներին չհասցրեցինք այդ էլիտան ձեւավորել: 1991 թվականին մենք պոկվեցինք նախկին ԽՍՀՄ-ից առաջին հերթին նրա արագ քայքայման արդյունքում, բայց հիմա կարծես ձեւավորվում է Խորհրդային միության հերթական ռեինկարնացիան, եւ ոչ մի երաշխիք չկա, որ մենք դրա մասը նորից չենք դառնա: Հարցերի հարցը սա է՝ կկարողանա՞նք այս պայմաններում դառնալ իրապես անկախ պետություն, թե ոչ՝ միայն այդ դեպքում մենք կկարողանանք հաղթահարել Ցեղասպանության հետեւանքները մեր կյանքում:

 

Ավետիք Չալաբյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին