Կախա Կալաձե. Հարավային տարանցիկ ուղղությունը հետաքրքիր է - Mediamax.am

exclusive
13363 դիտում

Կախա Կալաձե. Հարավային տարանցիկ ուղղությունը հետաքրքիր է

Կախա Կալաձեն
Կախա Կալաձեն

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը`


Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին

 

- Պարոն նախարար, վերջին տարիներին մի քանի անգամ բարձրացվել է Վրաստանի կառավարությանը պատկանող Հյուսիս-Հարավ գազատարի հնարավոր սեփականաշնորհման հարցը: Գազատարը գնելու պատրաստակամություն էր հայտնել, մասնավորապես, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը, ինչը Հայաստանում որոշակի մտավախության տեղիք է տալիս: Ինչպիսի՞ն է այսօր Վրաստանի կառավարության դիրքորոշումը Հյուսիս-Հարավ գազատարի ապագայի հարցում:

 

-Որքանով ինձ է հայտնի, տվյալ ակտիվի սեփականաշնորհման վերաբերյալ երկխոսություն չի եղել: Նավթագազային կորպորացիան, որն այդ գազատարի սեփականատերն է, մի քանի տարի առաջ պատրաստվում էր ընկերության բաժնետոմսերի մի մասի առաջնային հանրային տեղաբաշխում իրականացնել (IPO): Վերջնական արդյունքում որոշվեց եվրապարտատոմսեր թողարկել, եւ ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ներգրավեց 250 մլն եվրո:

   

Կցանկանայի հաստատել, որ Վրաստանի ներկայիս կառավարությունը չի դիտարկում տվյալ ենթակառուցվածքը սեփականաշնորհելու հարցը: Այսօր Ռուսաստանից Հայաստան տարանցումն իրականացվում է, մենք շահագործում ենք գազատարերը, եւ Վրաստանը համապատասխան գումար է ստանում այդ ծառայության դիմաց:

 

- Գերմանական զարգացման բանկը` KfW-ն, համաձայնել է ֆինանսավորել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ նոր էլեկտրահաղորդման գծի (ԷՀԳ) շինարարությունը: Ո՞ր փուլում է նախագիծը, եւ ո՞րն է Վրաստանի համար դրա կարեւորությունը:

 

- Որքանով մեզ հայտնել են մեր հայ գործընկերները, գերմանական KfW բանկի հետ համաձայնությունը ձեռք է բերվել, եւ անհրաժեշտ վարկը տրամադրված է: Ավելին` միջազգային փորձագետներն անցկացրել են նախագծի նախնական տեխնիկա-տնտեսական հիմնավորում, դիտարկել նրա իրագործման տեխնիկական մի շարք տարբերակներ:

 

Մյուս կողմից, մենք ունենք Հայաստան-Վրաստան նոր ԷՀԳ-ի շինարարության մասին պայմանագիր` ստորագրված Հայաստանի եւ Վրաստանի էլեկտրաէներգիայի ոլորտի առաջատար ընկերությունների կողմից: Վերջնական տեսքով այդ պայմանագիրը ձեւակերպված է 2014թ. ապրիլի 16-ի №2 լրացուցիչ համաձայնագրով: Պայմանագրում նշված են «Մառնեուլի» եւ «Այրում» ենթակայանների միջեւ 500 կՎտ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցման բոլոր փուլերը, ինչպես նաեւ սահմանված են մասնակից պետական ընկերությունների պարտավորությունները: Նախագծի առաջին փուլը պետք է ավարտվի 2018թ. վերջին, իսկ երկրորդը` մինչեւ 2022թ.:

Կախա Կալաձեն Կախա Կալաձեն

Լուսանկարը` Cbw.ge

Այս փուլում երկու երկրների մասնակից ընկերությունները համատեղ մշակում են նոր ԷՀԳ-ի եւ շինարարական գործընթացի տեխնիկական մանրամասները:

 

Նախագծի շրջանակում Վրաստանի տարածքում կընդլայնվի եւ կխոշորացվի «Մառնեուլի» ենթակայանը եւ այն 500 կՎտ լարման ենթակայանի կարգավիճակ ձեռք կբերի` դառնալով Վրաստանի խոշորագույն էլեկտրաէներգետիկ հանգույցներից մեկը, իսկ Հայաստանում` Այրումում, կկառուցվի հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայան, որը Կովկասյան տարածաշրջանում կլինի երկրորդը՝ Ախալցխայի կայանից հետո:

 

Տվյալ նախագիծը, «Քսանի» ենթակայանից մինչեւ Ստեփանծմինդա (Կազբեգի) նոր հզոր ԷՀԳ նախագծի իրագործման հետ միասին, կընդլայնի վրացական էներգահամակարգի հնարավորությունները` Հյուսիսային եւ Հարավային ենթատարածաշրջանների միջեւ հոսանքի փոխանցման հարցում, ինչը մեր էներգահամակարգը վերջնականապես կդարձնի հավասարաչափ զարգացող եւ բոլոր ուղղություններով տարանցման համար բաց:

 

Իհարկե, դա լրացուցիչ խթան կհանդիսանա էլեկտրաէներգետիկայի ոլորտում առեւտրի աջակցման համար եւ կօգնի մեզ ձգտելու Վրաստանում հզոր, ժամանակակից եւ գրավիչ էլեկտրաէներգետիկ շուկայի ստեղծմանը:

 

- Ժամանակ առ ժամանակ խոսվում է այն մասին, որ Վրաստանի հետ այդ նոր գծի եւ Իրանի հետ բարձր լարման երեք ԷՀԳ-ների շնորհիվ Իրանի եւ Վրաստանի միջեւ Հայաստանի միջոցով տեղի կունենա էլեկտրաէներգիայի առեւտուր: Այդ մասին հայտարարություններ են արել հայկական եւ իրանական կողմի ներկայացուցիչները, սակայն Վրաստանի կառավարությունը հարցը չի մեկնաբանել: Ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի միջոցով Իրանի եւ Վրաստանի միջեւ առեւտրի հեռանկարին:

 

- Այս փուլում մենք Իրանի հետ չունենք տեխնիկական կոնկրետ համաձայնություններ` էլեկտրաէներգիայի միջհամակարգային հոսանքահաղորդումների ապահովման վերաբերյալ, առավել եւս` առեւտրային պայմանագրեր՝ արտահանման, ներկրման, տարանցման վերաբերյալ:

 

Ընդհանրապես, տարանցիկ միջանցքի հարավային ուղղությունը շատ հետաքրքիր եւ հեռանկարային է` անհրաժեշտ իրավական դաշտի ստեղծման դեպքում: Իրանական էներգահամակարգը տարածաշրջանում խոշորագույններից է, այն հետագա զարգացման հնարավորություններ ունի եւ օբյեկտիվորեն շահագրգռված է ներկրման արտաքին աղբյուրներ գտնելու հարցում:

Տարանցիկ միջանցքի հարավային ուղղությունը շատ հետաքրքիր եւ հեռանկարային է` անհրաժեշտ իրավական դաշտի ստեղծման դեպքում:

Այս ոլորտում փոխհարաբերությունների դրական զարգացման դեպքում իրանական էներգահամակարգը, մեր մյուս հարեւանների հետ միասին, կարող է դառնալ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հեռանկարային շուկայի մասնակից:

 

- Հիդրոէներգետիկ նախագծերի շնորհիվ Վրաստանը ներկրողից վերածվել է արտահանողի: Պատմեք, խնդրում եմ, Վրաստանի էներգետիկ ռազմավարությունում վերականգնվող էներգիայի դերի մասին:

 

- Դուք միանգամայն ճիշտ եք. Վրաստանը հարուստ է հիդրոռեսուրսներով, ինչը  թելադրում է մեզ զարգացման հիմնական ուղղությունը` հիդրոէներգետիկայի վրա հիմնվելը: Միաժամանակ, ի տարբերություն հիդրոռեսուրսներ օգտագործող շատ այլ երկրների, Վրաստանում տվյալ աղբյուրների` էլեկտրաէներգետիկայի նպատակներով օգտագործման մակարդակը չի գերազանցում 20%-ը: Այնպես որ, դեռ շատ անելիք ունենք, եւ ներդրումներ ներգրավելու անհրաժեշտություն կա:

 

Ի դեպ, փոքր ՀԷԿ-երի աջակցման ոլորտում լավ փորձ ունի եւ Հայաստանը. վերջին տարիներին ձեզ մոտ հաջողությամբ իրականացվել են հիդրոէներգետիկ մի շարք նախագծեր: Մենք նույնպես գործնական արդյունքներ ունենք. սկսվել է նոր ՀԷԿ-երի շահագործումը` Փարավանի, Լարսի, Արագվի, Բախվի, Կազբեգի: Շուտով կշահագործվեն հետեւյալ նախագծերը` Դարյալի ՀԷԿ-ը, Աջարիսցկալի ՀԷԿ-ը եւ այլն:

 

Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ (Ախալցխա-Բորչխա) 400 կՎտ հզորությամբ նոր ԷՀԳ-ի կառուցումը լրացուցիչ խթանեց էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացումը: Ժամանակակից նախագծերի իրականացման շնորհիվ միջհամակարգային մատակարարումները կատարվում են ոչ միայն գարնան եւ ամռան ամիսներին, այլեւ շարունակվում են անգամ նախկինում վրացական հիդրոէներգետիկային ոչ բնորոշ աշնան եւ ձմռան ամիսներին: Հատկանշական է, որ գեներացնող հզորությունների աճի հետ մեկտեղ Վրաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում նկատվում է նաեւ էներգիայի օգտագործման կայուն աճ (միջինում՝ տարեկան 4-5%): Բոլոր այս գործոնները Վրաստանի էներգետիկ շուկան առավել գրավիչ եւ հետաքրքիր են դարձնում, խթանում են նրա դինամիկ զարգացումը:

Կախա Կալաձեն Կախա Կալաձեն

Լուսանկարը` REUTERS

- Անցյալ տարի Դուք «Հայաստանի եղբայրական ժողովրդին» շնորհակալություն հայտնեցիք Վրաստանի մեծ մասում էլեկտրաէներգիայի անջատումից հետո օգնության հասնելու համար: Որքա՞ն օպերատիվ է կազմակերպված երկու գերատեսչությունների միջեւ համագործակցությունը, ի՞նչ հաճախականությամբ են հանդիպում երկու նախարարությունների ներկայացուցիչները, ի՞նչ նոր նախագծեր են քննարկում:

 

- Վթարային փոխօգնությունը հարեւանների էներգահամակարգերի միջեւ համագործակցության ամենակարեւոր եւ պարտադիր սեգմենտներից է: Անկախ զարգացման աստիճանից՝ վթարներ տեղի են ունենում բոլոր էներգահամակարգերում, եւ դրա վառ օրինակն են անցած ամառվա դեպքերը, երբ մեր համակարգը կարողացավ սեղմ ժամկետներում վերականգնվել հենց հայ գործընկերների աջակցության շնորհիվ: Մեր էներգահամակարգերը փոխհարաբերությունների եւ տարբեր վթարային իրադրություններում փոխադարձ օգնության բազմամյա պատմություն ունեն: Այդ հիմքն անհրաժեշտ է ամրապնդել եւ զարգացնել ժամանակակից պայմաններում, ձեւավորել նորագույն իրավապայմանագրային բազա` անհրաժեշտության դեպքում նախօրոք կանոնակարգված ռեժիմով վթարային մատակարարման համար:

 

Ուրախացնում է այն փաստը, որ մեր հայ գործընկերներն էներգետիկ անվտանգության թեմային պատշաճ ուշադրություն են դարձնում: Որքանով ինձ հայտնի է, Հայաստանում միջհամակարգային վթարային օգնության ապահովման շուկայի հիմնական մասնակիցների միջեւ ֆունկցիոնալ պարտականությունների բաշխման նոր կարգավորման մշակման եւ հաստատման գործընթաց է ընթանում:

 

Ինչ վերաբերում է երկու երկրների էներգետիկ հատվածների միջեւ հաղորդակցության ձեւաչափերին եւ համագործակցությանը, ապա առաջին հերթին հարկ է նշել միջկառավարական կապերը: 2014թ. դեկտեմբերի վերջին Երեւանում կայացավ Հայաստանի եւ Վրաստանի կառավարական հաստատությունների ներկայացուցիչների եւ փորձագետների աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին ինչպես էներգետիկայի նախարարությունների, այնպես էլ մեր երկրների էլեկտրաէներգետիկ ընկերությունների ներկայացուցիչներ:

 

Էլեկտրաէներգետիկայի ոլորտի պետական ենթակառուցվածքային ընկերությունների ղեկավարների կանոնավոր նիստերը, որոնք անցկացվում են տարին 2-3 անգամ, դարձել են օրինաչափություն: Ձեւակերպվում են նոր պայմանագրեր, համաձայնագրեր, նոր խնդիրներ են առաջադրվում, քննարկվում են համատեղ հեռանկարները:

 

Վրաստանում մենք բոլորովին վերջերս «Էլեկտրաէներգիայի եւ բնական գազի մասին» օրենքում լրացումներ կատարեցինք, որոնք կանոնակարգում են Վրաստանի բաշխիչ ցանցի զարգացման 10-ամյա պլանի մշակման եւ շարունակական թարմացման չափանիշները եւ ընթացակարգը: Առաջին նման 10-ամյա պլանը մեզ մոտ արդեն մշակված է`հաշվի առնելով ժամանակակից եվրոպական պահանջները, եւ կհաստատվի մոտակա ապագայում: Եթե Հայաստանը նույնպես կազմի բարձր լարման էլեկտրացանցի զարգացման նման բազմամյա պլան, հետագայում մենք կկարողանանք մտածել միասնական, միջհամակարգային հայ-վրացական 10-ամյա պլանի մշակման մասին, որը կներառեր ազգային էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցված մասերի հեռանկարային շինարարության հարցերը:

 

- Պարոն Կալաձե, վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի հավաքականը զգալիորեն բարելավել է իր դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում, իսկ Հայաստանի հավաքականի եւ դորտմունդյան «Բորուսիայի» խաղացող Հենրիխ Մխիթարյանը երկրում ամենահայտնի մարդկանցից մեկն է դարձել: Եթե կարելի է, պատմեք հայ ֆուտբոլիստների հետ Ձեր հարաբերությունների, հայկական ֆուտբոլի մասին Ձեր տպավորությունների մասին:

 

- Իմ ֆուտբոլային կարիերայի ընթացքում ես Հայաստանի ֆուտբոլային ակումբների հետ չեմ հանդիպել: Մեկ անգամ ենք հանդիպել Հայաստանի ազգային հավաքականի հետ ընկերական խաղի շրջանակում, եւ այդ խաղն ավարտվեց Վրաստանի հաղթանակով:

Հենրիխ Մխիթարյանն իսկապես շատ ուժեղ, հաջողակ եւ տաղանդավոր ֆուտբոլիստ է

Ցավոք, աշխատանքային գրաֆիկից ելնելով, ես հնարավորություն չունեմ ուշադիր հետեւել հայկական ֆուտբոլի ընթացիկ իրադարձություններին, սակայն Հենրիխ Մխիթարյանն իսկապես շատ ուժեղ, հաջողակ եւ տաղանդավոր ֆուտբոլիստ է: Կցանկանայի հաջողություն մաղթել եւ նրան, եւ Հայաստանի հավաքականի մյուս ֆուտբոլիստներին:

 

Կախա Կալաձեի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին