Պյոտր Սվիտալսկի. Խաղի կանոնները շատ հստակ են - Mediamax.am

exclusive
21089 դիտում

Պյոտր Սվիտալսկի. Խաղի կանոնները շատ հստակ են

ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին
ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Մեդիամաքս-ի բացառիկ հարցազրույցը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ

 

-Վերջերս Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը տրամադրեց Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձեւավորման շուրջ բանակցություններ սկսելու մանդատը: Ե՞րբ կտրվի բանակցությունների պաշտոնական մեկնարկը:

 

-Նոյեմբերի 4-ին Երեւանում անցկացվեց ԵՄ-Հայաստան համագործակցության կոմիտեի 16-րդ նիստը, եւ նոր համաձայնագրի բանակցությունների մեկնարկը նիստի քննարկումների գլխավոր հարցերից մեկն էր: Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Երեւանում կայացած հանդիպման ժամանակ հաստատեցին բանակցություններն այս տարի սկսելու վճռականությունը: Նրանք քննարկեցին դեկտեմբերին բանակցությունների պաշտոնական մեկնարկը տալու հնարավոր ժամկետները: Ժամկետ սահմանելը հեշտ չէ, քանի որ դեկտեմբերին շատ միջոցառումներ, իրադարձություններ են նախատեսված, բայց կարծում եմ, որ հնարավոր կլինի բանակցությունների մեկնարկը տալ այս տարի` հաշվի առնելով երկու կողմերի հաստատակամությունը:

 

Թե՞ որքան ժամանակ կպահանջեն  բանակցությունները, դժվար է կանխատեսել: Փաստացի, բանակցությունները չեն սկսվելու զրոյից: Այս տարի քննարկումներ են անցկացվել նոր համաձայնագրի նախապատրաստման համար, որոնք միտված էին դյուրացնելու բանակցությունների մեկնարկը: Այնուամենայնիվ, նոր համաձայնագրի որոշ կետեր կարող են տեխնիկական տեսանկյունից ժամանակատար լինել: Կարծում եմ՝  կպահանջվի մի քանի ամիս, բայց եթե ամեն ինչ ընթանա ըստ նախատեսվածի, եթե նոր խնդիրներ առաջ չգան, ապա հնարավոր կլինի բանակցություններն ավարտին հասցնել մինչեւ 2016թ.-ի վերջը: Այնուամենայնիվ, սա ամենալավատեսական սցենարն է:

 

-Հայտնի է , որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը հիմնվելու է նախկինում բանակցված փաթեթի վրա: Կհստակեցնե՞ք, թե տնտեսական, առեւտրային ի՞նչ հարաբերություններ է նախատեսում նոր համաձայնագիրը: Ինչո՞վ է այն տարբերվելու նախկինում բանակցված փաստաթղթից:

 

-Համաձայնագրի նախապատրաստման համար անցկացված քննարկումներից ելնելով՝ մենք կարող ենք ասել, որ նոր համաձայնագիրը հիմնված է լինելու նախքան Վիլնյուսի գագաթնաժողովը բանակցված Ասոցացման համաձայնագրի վրա: Ասոցացման համաձայնագրով նախատեսված բոլոր գլուխները տեղ կգտնեն նոր համաձայնագրում: ԵՄ-Հայաստան համագործակցության կոմիտեի նիստի ընթացքում եվրոպական կողմն ազդանշան տվեց, որ ցանկանում է նոր համաձայնագրում ամբողջությամբ պահպանել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը: Կարծում եմ՝ սա համընկնում է նաեւ հայկական կողմի մոտեցմանը: 

 

Քաղաքական գլուխը վերաբերում է ընդհանուր արժեքների վրա հենված համագործակցությանը: Ասոցացման համաձայնագրի մյուս գլուխները պետք է հարմարեցվեն նոր իրավիճակին՝ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը: Սա, մասնավորապես վերաբերում է առեւտրին: 

ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին

Լուսանկարը` Մեդիամաքս

Նոր համաձայնագիրը չի կարող պարունակել արտոնյալ առեւտրային համակարգի մասին դրույթ, քանի որ Հայաստանը մաքսերի հաստատման գործառույթը փոխանցել է Եվրասիական տնտեսական միությանը: Այնուամենայնիվ, մյուս, այդ թվում՝ ոլորտային համագործակցության եւ տնտեսության վերաբերյալ գլուխներում, հավանաբար, կպահպանվի նախկինում բանակցված բովանդակությունը: Իսկ առեւտրին վերաբերող հատվածը պետք է համապատասխանեցվի նոր իրողությունների հետ: Սակայն մենք փնտրում ենք հարուստ բովանդակություն նոր համաձայնագրի համար:

 

ԵՄ-ն ցանկանում է, որպեսզի այս համաձայնագիրը նոր գլուխ բացի մեր երկկողմ հարաբերություններում: Մենք ձգտում ենք ստորագրել հավակնոտ համաձայնագիր:

 

- Հայաստանն ու Եվրամիությունը երկկողմ հարաբերություններում հասել են հերթական պատասխանատու հանգրվանին, ինչպես ավելի վաղ ասել էր ՀՀ նախագահը: Արդյո՞ք այս անգամ առավել հստակեցված են խաղի կանոնները՝ հնարավոր թյուրըմբռնումներից խուսափելու համար:

 

-Կարծում եմ, խաղի կանոնները շատ հստակ են: Հայաստանն այժմ ինտեգրացիոն նոր ձեւաչափում է, եւ նոր համաձայնագիրը հաշվի կառնի դա: Սակայն ակնհայտ է, եւ ԵՄ-ն դա հստակեցրել է, որ նոր համաձայնագիրը չի կարող ենթարկվել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից բխող պարտավորություններին:  

 

Թե՛ Հայաստանը, թե՛ ԵՄ-ն ունեն դրական օրակարգ: Երկուսն էլ ցանկանում են, որպեսզի հարաբերությունները լինել շոշափելի եւ փոխշահավետ: ԵՄ-ն Հայաստանը դիտարկում է որպես կարեւոր գործընկեր Եվրոպական հարեւանության տարածաշրջանում եւ ցանկանում է, որպեսզի Հայաստանը արդիականացնի իր տնտեսությունն ու հասարակությունը: ԵՄ-ն Հայաստանի ամենախոշոր դոնորն է, ներդրողը, Հայաստանի արտահանման համար ամենամեծ շուկան:

 

-Կարո՞ղ ենք ասել, որ ուկրաինական ճգնաժամից հետո ԵՄ-ում այժմ ավելի պրագմատիկ են վերաբերում արեւելյան գործընկերների հետ հարաբերություններին՝ նախընտրելով տարբերակված մոտեցումը նրանց հանդեպ: 

 

-Դա միշտ էլ այդպես է եղել: ԵՄ-ն երբեւէ որեւէ բան չի պարտադրել իր արեւելյան գործընկերներին:  Ներկայում ԵՄ-ն ավարտին է հասցնում Եվրոպական Հարեւանության քաղաքականության վերանայման գործընթացը: Այս վերանայումը շատ խորքային եւ ամբողջական գործընթաց է, որի շրջանակներում ԵՄ-ն խորհրդակցել է նաեւ իր գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի հետ:

 

ԵՀՔ վերանայման երկու կարեւոր բնութագրիչները հետեւյալն են. առաջինը՝ տարբերակված մոտեցում: ԵՄ-ն ընդունում է, որ իր գործընկերների հետ համագործակցության ծրագրերը պետք է համահունչ լինեն յուրաքանչյուր գործընկեր երկրի, այդ թվում՝ Հայաստանի կարիքներին եւ ընտրությանը:

ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին

Լուսանկարը` Մեդիամաքս

Երկրորդը՝  ծրագրերի տնօրինումն է: Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր գործընկերներն ավելի շատ ներգրավված լինեն համագործակցության ծրագրերի ձեւավորման գործում, եւ իրենց այդ ծրագրերի կյանքի կոչման տերը զգան: Սրանք ենք ԵՀՔ-ի վերանայման երկու կարեւոր բաղադրիչները: Նոր ԵՀՔ կպարունակի նաեւ այնպիսի ոլորտներ, որոնք ընդգրկված չէին նախորդ ԵՀՔ ծրագրում: Այդ ոլորտները վերաբերում են, օրինակ, անվտանգության ոլորտում համագործակցությանը, որը կարեւոր բնագավառ է Հարավային Կովկասի համար:

 

Ընդհանուր առմամբ, պետք է նշեմ, որ ԵՀՔ-ն մշտապես հիմնված է եղել պրագմատիկ մոտեցման վրա: Տարբերակված մոտեցումը, որի մասին այդքան շատ է խոսվում հիմա, արտացոլում է այդ իրականությունը: Երբ մենք խոսում ենք  հետխորհրդային տարածքի մասին, տեսնում ենք, որ վերջերս այդ տարածքի տարբեր երկրները որոշում են կայացրել միանալ տարբեր քաղաքական եւ տնտեսական ձեւաչափերին: Նրանցից ոմանք, ինչպես Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը, որոշել են առավել մոտ հարաբերվել ԵՄ-ի հետ: Նրանք որդեգրել են իրենց բնորոշմամբ «եվրոպական ուղին», եւ ԵՄ-ի քաղաքականությունը նրանց նկատմամբ պետք է համապատասխան լինի: Այդ երկրները ցանկանում են ավելի խորը, սերտ համագործակցություն ԵՄ-ի հետ: Մյուս երկրները, այդ թվում Հայաստանը, որոշել են միանալ Եվրասիական տնտեսական միությանը, եւ ԵՄ-ն պետք է սա եւս հաշվի առնի: Մյուսները, ինչպես օրինակ, Ադրբեջանը, պատրաստ չէ միանալու ոչ ԵՏՄ-ին, ոչ էլ սերտացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ: ԵՄ-ի քաղաքականությունը հաշվի է առնում երկրների ինքնիշխան որոշումները: Սա է Հարեւանության քաղաքականության տրամաբանությունը: 

 

-Հայաստան կատարած այցի ընթացքում Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել էր, որ առաջիկա ամիսներին հնարավոր կլինի սկսել վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունները: Ի՞նչ զարգացումներ կան այս մասով: 

 

-Մենք այժմ գտնվում ենք մուտքի արտոնագրի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի իրականացման փուլում: Այս համաձայնագրերի իրագործումն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատվում:  Մենք բավարարված ենք այս ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ: Ինչպես գիտեք, Դոնալդ Տուսկը Հայաստան կատարած այցի ժամանակ անդրադարձել է այն հանգամանքին, որ այս գործընթացի ամբողջական վերանայումից հետո միայն մենք կկարողանանք անցում կատարել հաջորդ փուլ:

 

Սակայն ԵՄ-ն հանձնառու է անցնել մյուս փուլին՝  վիզայի ազատականացմանը: Եթե ամեն ինչ լավ ընթանա, մենք կարող ենք ակնկալել, որ 2016 թ.-ին հնարավոր կլինի սկսել նախնական բանակցությունները վիզայի ազատականացման երկխոսության շուրջ:

Եկատերինա Պողոսյանը զրուցում է Պյոտր Սվիտալսկու հետ Եկատերինա Պողոսյանը զրուցում է Պյոտր Սվիտալսկու հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Սա հեշտ գործընթաց չէ: Այն նոր պարտավորություններ է բերում Հայաստանի համար: Այդ պարտավորությունները վերաբերում են օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին, այդ թվում՝ կոռուպցիայի, խտրականության դեմ պայքարին եւ այլն: Եթե Հայաստանը պատրաստ է անցնել այս ճանապարհը, որը բավական պահանջկոտ է, կարծում եմ՝ ԵՄ-ն պատրաստ է բացել այս նոր էջը 2016 թ.-ին:

 

Վիզայի ազատականացումը շատ կարեւոր է հայաստանցիների համար, ովքեր ցանկանում են արտասահման ճամփորդելու հնարավորություն ունենալ:

Մենք կարծում ենք, որ շատ կարեւոր է նրանց տալ այդ հնարավորությունը: ԵՄ-ն հաստատուն է այս հարցում: Այո՛, մենք ցանկանում ենք Հայաստանի հետ անցնել այս ճանապարհը, ինչպես այդ մասին ավելի վաղ ասել էր պարոն Տուսկը:

 

-Դեկտեմբերի 6-ին Հայաստանում կանցկացվի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն: Իշխանությունները պնդում են, որ բարեփոխումների արդյունքում ավելի արդյունավետ կդառնա իշխանության տարբեր թեւերի փոխգործակցությունը, մինչդեռ ընդդիմությունն ասում է, որ այն հող է նախապատրաստում իշխանությունների վերարտադրման համար: Ինչպե՞ս է ԵՄ-ն ընկալում սահմանադրական բարեփոխումների գործընթացը:

 

- Յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է ընտրել քաղաքական կառավարման այն մոդելը, որը համապատասխանում է իր ակնկալիքներին ու ձգտումներին՝ լինի դա նախագահական, խորհրդարանական համակարգ, թե միապետություն:

 

Հայաստանցիների իրավունքն է որոշել  իրենց համար նախընտրելի համակարգը: Մեզ համար կարեւոր է, որպեսզի կառավարման նոր մոդելը հիմնված լինի այս երկրի, հասարակության երկարաժամկետ տեսլականի վրա: Ցանկացած սահմանադրություն ամուր է, գործուն է, եթե հիմնված է այս տեսլականի վրա:   

 

Եթե սահմանադրական փոփոխությունները սպասարկում են կարճաժամկետ քաղաքական շահեր, դրանք երբեք չեն ծառայի իրենց նպատակին: Մեզ համար կարեւոր է, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը լինի արդար, ներառական եւ թափանցիկ: Միայն այս դեպքում վերջնական արդյունքը կընդունվի բոլոր հայաստանցիների կողմից, եւ կօգնի բարելավել պետական կառավարման մոդելը եւ կբարձրացնի հասարակության վստահությունը պետության կառավարման հանդեպ: Մենք բարձր ենք գնահատում այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխությունների հարցում Հայաստանը շատ սերտ համագործակցել է Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ, որը երկու անգամ ներկայացրել է իր մոտեցումը սահմանադրության նոր տարբերակի վերաբերյալ: Ժամանակն է, որպեսզի ժողովուրդը հայտնի իր կարծիքը: Մենք կցանկանայինք, որպեսզի սահմանադրական բարեփոխումների գործընթացը չդանդաղեցնի Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների բարեփոխման մյուս անհրաժեշտ գործընթացները, մասնավորապես, նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը: Մենք գիտենք, թե այս ուղղությամբ ինչ պետք է արվի եւ հույս ունենք, որ դա կարվի ժամանակին: Հույս ունենք, որ նոր ընտրությունները կանցկացվեն նոր Ընտրական օրենսգրքով:

 

Պյոտր Սվիտալսկիի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին