Շուշան Դոյդոյան. Անձնական կյանքը կպաշտպանվի չարդարացված միջամտությունից - Mediamax.am

exclusive
10612 դիտում

Շուշան Դոյդոյան. Անձնական կյանքը կպաշտպանվի չարդարացված միջամտությունից

Շուշան Դոյդոյանը
Շուշան Դոյդոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


2015թ. հուլիսի 1–ից ուժի մեջ է մտել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որով կարգավորում են բոլոր տեսակի պետական եւ մասնավոր կառույցների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալներ մշակելու (հավաքելու), դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները:

 

Օրենքի ընդունումից հետո հիմնվել է դրա կիրառումն ապահովող կառույցը՝ ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, որը ՀՀ վարչապետի որոշմամբ ղեկավարում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը:

 

Մեդիամաքսի հետ զրույցում Շուշան Դոյդոյանը խոսել է գործակալության աշխատանքի, օրենքի կարեւոր դրույթների եւ դրանից բխող հետեւանքների մասին:

 

- Տիկին Դոյդոյան, նախ կցանկանայի խոսեինք Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հիմնական խնդրի ու նպատակի մասին:

 

- Մինչ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունումը յուրաքանչյուր կառույց, ֆիզիկական կամ իրավաբանական անձ իր հայեցողությամբ եւ ներքին կանոնակարգով էր առաջնորդվում. չկար այն հիմնական իրավական նորմը, որը կսահմաներ այն կարգը, որով պետք է իրականացվեր մարդկանց անձնական տվյալների մշակում: Ի դեպ, անձնական տվյալների մշակում է համարվում ցանկացած գործողություն, որը կապված է անձնական տվյալները հավաքելու, ամրագրելու, մուտքագրելու, համակարգելու, կազմակերպելու, պահպանելու, օգտագործելու, վերափոխելու, վերականգնելու, փոխանցելու, ուղղելու, ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ:

 

Մեր մյուս իրավունքների իրականացման համար գրեթե ցանկացած ոլորտում հաճախ մեր անձնական տվյալները հարկադրված տրամադրում ենք տարբեր ընկերությունների: Նրանք, ովքեր վերցնում են այդ տվյալները, ըստ օրենքի, պարտավոր են ապահովել դրանց պատշաճ պահպանում՝ օգտագործելով միայն այն նպատակով, որի համար վերցրել են քաղաքացուց:

 

Այս օրենքի հիմքը գործող Սահմանադրության 23-րդ հոդվածն է, որը հռչակում է յուրաքանչյուրի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը:

 

Մեր գործակալության հիմնական խնդիրն է պաշտպանել մարդուն՝ իր անձնական կյանքում չարդարացված միջամտությունից, խրախուսել տվյալներ հավաքող բոլոր ընկերություններին, որպեսզի ստեղծեն պատշաճ պաշտպանություն ապահովող տվյալների համակարգ:

 

- Ի՞նչ կարգով է որոշվում՝ համակարգն ունի՞ «պատշաճ պաշտպանություն», թե՞ ոչ:

 

- Շուտով կընդունվի ենթաօրենսդրական ակտ, որով սահմանվում են տեղեկատվական համակարգերում անձնական տվյալները մշակելու անվտանգությունն ապահովելուն ներկայացվող պահանջները։ Անձնական տվյալների պաշտպանության համակարգի միջոցով պետք է խափանվի ցանկացած սպառնալիք, որը հնարավոր է առաջանա անձնական տվյալների պաշտպանության համակարգում անձնական տվյալներ մշակելիս:

 

Գործակալությունն ունենալու է երկու՝ մոնիտորինգի եւ վարչական վարույթի բաժին:

 

Մոնիտորինգի բաժինն իրականացնելու է այցեր՝ տեղում հասկանալու, թե որքանով են այս կամ այն ընկերության տվյալների համակարգերը պաշտպանված: Մենք պետք է գնահատենք որպես բավարար պաշտպանված համակարգը, իսկ ոչ բավարարի դեպքում ընկերությունները պետք է փոփոխություններ կատարեն ու նոր համակարգեր ներդնեն:

 

- Գործակալությունն ունի՞ այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, կառույցների պաշտոնական ցանկը, որոնք հանդես են գալիս որպես անձնական տվյալ մշակողներ:

 

- Բոլոր կառույցները, իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, ովքեր կենսաչափական եւ հատուկ կատեգորիայի տեղեկատվություն են մշակում, պարտավոր են տեղեկության մշակման եւ դրա նպատակի վերաբերյալ ծանուցել մեր գործակալությանը: Ըստ օրենքի՝ ծանուցման վերջնաժամկետը ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ն էր: Այդ մասին արդարադատության նախարարության պաշտոնական կայքում մենք տարածել ենք հայտարարություն ծանուցման պարտականության վերաբերյալ։ Զուգահեռաբար` անհատապես փորձում ենք տեղեկացնել բոլոր խոշոր ընկերություններին ու կառույցներին՝ օրենքով սահմանված պարտականությունը կատարելու մասին:

 

Ծանուցումից հետո արդեն բոլոր ընկերությունները ներառելու ենք ռեեստրի համակարգում՝ իմանալու համար, թե պետական եւ մասնավոր որ ընկերություններն են մարդկանց մասին տեղեկություններ մշակում: Հիմա դաշտը բաց է, մենք չգիտենք՝ որոնք են այդ ընկերությունները:

 

- Սահմանված ժամկետում ծանուցում չկատարելը որեւէ պատասխանատվություն ենթադրո՞ւմ է:

 

- Այո: 2016թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու վարչական պատասխանատվություն սահմանող նորմերը, որով անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի դրույթների խախտումների համար ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար սահմանվում է պատասխանատվություն: 2016թ. հունվարի 1-ից սկսած՝ մենք կարող ենք տուգանել բոլոր չծանուցած ընկերություններին: Այս պահին միայն ՀՀ ոստիկանությունն է, որ կատարել է օրենքով սահմանված իր պարտականությունը: Որեւէ այլ կառույց դեռեւս չի արձագանքել, բայց մենք գիտենք, որ շատերը համարվում են տվյալներ մշակող, ինչպես օրինակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, որն անձնական տվյալների հսկայական բազա է տնօրինում:

 

-Ո՞ր դեպքերի համար է օրենքը բացառություն նախատեսում:

 

- Այս օրենքով նախատեսված անձնական տվյալներ մշակելու սահմանափակումները չեն տարածվում բացառապես լրագրության, գրական եւ գեղարվեստական նպատակներով մշակվող անձնական տվյալների վրա:

 

- Ո՞րն է Ձեր առաջնային գործունեությունը:

 

- Դեռեւս կարող ենք ասել, որ գործակալությունն ամբողջությամբ չի ձեւավորվել. միայն գործակալության ղեկավարն է նշանակվել, եւ լիազորությունները, որ սահմանված են օրենքով, գործակալությունը դեռեւս իր ողջ ծավալով չի իրականացնում: Մեր առաջիկա քայլերի թվում իրազեկման աշխատանքն է, իրավիճակի գնահատումը՝ ի՞նչ ունենք այսօր եւ ո՞նց ենք պատկերացնում բացերի լրացումը, անձնակազմի վերապատրաստումը, կարիքների հզորացում:

 

Ամենակարեւոր խնդիրներից մեկը գործակալության հանրային հաշվետվողականությունը բարձր պահելն է. մշտապես պետք է երկխոսություն լինի մամուլի եւ քաղաքացիական հասարակության հետ: Տարվա մեջ առնվազն մեկ անգամ պատրաստվում ենք կատարածի մասին հաշվետվություն ներկայացնել:

 

Պետք է փորձենք նաեւ մեր իրականություն ներդնել տարբեր երկրների լավագույն փորձը: Իհարկե, որոշ հարցերի լուծումը կախված է ֆինանսական միջոցներից, որոշներինը՝ մեր նվիրումից:

 

- Ե՞րբ եք նախատեսում խոսել ձեր աշխատանքի շոշափելի արդյունքների մասին:

 

- Կարծում եմ, կես տարի հետո արդեն կկարողանանք ամբողջական դիրքորոշում հայտել հասարակությանը հուզող որոշ հարցերի վերաբերյալ՝ խոսելով կոնկրետ դեպքերի մասին:

 

- Ինչպիսի՞ն է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության Ձեր տեսլականը:

 

- Չեմ ուզում, որ գործակալությունը դառնա հերթական հսկիչ եւ տուգանող կառույց. նման կառույցներ շատ կան, պետք չէ, որ մենք համալրենք դրանց շարքը: Մեր խնդիրն է քաջալերել եւ խրախուսել այն ընկերություններին, որոնք տնօրինում, հավաքում եւ մշակում են անձնական տվյալներ, խնամքով մշակել եւ պահպանել դրանք: Վարչական պատասխանատվությունը զուտ լրացուցիչ գործիք է, ոչ թե մահակ, որի «ահից» տվյալներ մշակողները ստիպված են հետեւել օրենքի պահանջին:

 

- Վերջում կցանկանայի խոսենք մի հարցի շուրջ, որը վերաբերում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությանը: Խոսքը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում առկա տեղեկության մատչելիությունն է: Որքանո՞վ է ճիշտ անձի գրանցվելու կամ բնակության վայրի, ընտանիքի անդամների վերաբերյալ տվյալների նման հասանելիությունը:

 

- Որպես գործակալության ղեկավար՝ հիմա ուզում եմ ձեռնպահ մնալ այդ մասին պահի տակ գնահատական տալուց: Բայց անձնապես կարծում եմ, որ այնտեղ ավելի շատ ինֆորմացիա է տեղադրված, քան անհրաժեշտ է բուն նպատակին հասնելու համար։ Ես ուզում եմ համալիր քննարկել այս հարցը: Ոստիկանությունն ու ԿԸՀ-ն ըստ օրենքի իրավասու են հրապարակել այս տեղեկությունը։ Բայց մյուս կողմից, չի բացառվում, որ որոշ իրավական նորմեր չբխեն մարդու իրավունքի շահերից: Այս առումով պետք է միջազգային լավագույն փորձն ուսումնասիրել: Գործակալության առաջիկա քայլերից մեկը լինելու է ձեր նշած հարցը քննարկման առարկա դարձնելն ու հասկանալը՝ արդյոք կա՞ անհրաժեշտություն այդ տեղեկություններն այդ ծավալով մատչելի դարձնել հանրությանը: Չէ՞ որ այդ անձնական տվյալները կարող են օգտագործվել ցանկացած այլ նպատակով:

 

Առաջիկայում կփորձենք հասկանալ՝ կա՞ արդյոք այն հանրային մեծ շահն ու կարեւորությունը, որ այդ տվյալների հրապարակման անհարժեշտությունն ավելի բարձր է դասում դրանց պաշտպանությունից:

 

Կցանկանայի նաեւ նշել, որ անձնական կյանքի գաղտնիության եւ անձնական տվյալների պաշտպանության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է, որն ամրագրված է Սահմանադրությամբ եւ միջազգային փաստաթղթերով։ Մարդը ունի իր անձնական եւ ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք։ Այսինքն՝ մարդու մասին ցանկացած անձնական տվյալ հավաքելիս, պահպանելիս, օգտագործելիս կամ տարածելիս անհրաժեշտ է նրա համաձայնությունը։ Միաժամանակ, այս իրավունքը ներառում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիներին դիմելու եւ ինքն իր մասին անսահմանափակ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաեւ՝ անձի հաղորդակցության գաղտնիության իրավունքը։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հիմնական նպատակներից է ապահովել մարդու այս հիմնարար իրավունքի պատշաճ պաշտպանությունը ՀՀ-ում։

 

Շուշան Դոյդոյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին