Էդգար Մանուկյան. Հասարակությունը պետք է կերտի իր ապագան - Mediamax.am

exclusive
15363 դիտում

Էդգար Մանուկյան. Հասարակությունը պետք է կերտի իր ապագան

Էդգար Մանուկյանը
Էդգար Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Մեդիամաքսի հարցազրույցը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկյանի հետ

 

- Դիլիջանում եւ Տաթեւում փետրվարի 14-ին առաջին անգամ նոր ձեւաչափով համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների ընտրություններ են անցկացվելու: Որքա՞նով են կարեւոր առաջիկա ընտրությունները IDeA հիմնադրամի համար՝ հաշվի առնելով ձեր ծրագրերը երկու տարածաշրջաններում:

 

- Մեր բոլոր ծրագրերի շահառուն, առաջին հերթին, հասարակությունն է, այսինքն` դրանց դրական սոցիալ-տնտեսական ազդեցությունը պետք է զգան մարդիկ, համայնքների բնակիչները:

 

Ծրագրերն իրականացնելիս մենք կարեւոր ենք համարում ինչպես հասարակության ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը, այնպես էլ արդյունավետ համագործակցությունը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

 

Առանց մարդկանց ներգրավվածության որեւէ լավ նախաձեռնություն չի կարող հաջողել: Հասկանալով դա՝ 2015թ. սեպտեմբերին Դիլիջանում գործող Երիտասարդական կենտրոնը մենք վերակազմավորվեցինք Համայնքային կենտրոնի՝ ընդլայնելով դրա գործունեության շրջանակը:

 

Շատ կարեւոր է, որ տվյալ կենտրոնը գործում է «երկկողմանի ճանապարհի» սկզբունքով. մենք ոչ միայն առաջարկում ենք բնակիչներին դասընթացներ՝ նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու համար, այլեւ տարբեր գաղափարներ ենք հավաքագրում: Օրինակ, հենց տեղի երիտասարդները դիմեցին մեզ UWC Dilijan քոլեջի ֆուտբոլի դաշտում մրցաշար կազմակերպելու առաջարկով: Այն մեծ հաջողություն ունեցավ եւ դարձավ առաջին նմանատիպ միջոցառումը քաղաքում: Օգտվելով հնարավորությունից՝ ուզում եմ ասել, որ կենտրոնը դիլիջանցիներից նոր նախաձեռնություններ ու գաղափարներ է ակնկալում: Մեր դռները բաց են բոլորի համար: 

 

Վերջերս Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) հետ միասին մենք ինժեներական լաբորատորիաներ բացեցինք Գորիսի, Տաթեւի, Հալիձորի ու Շինուհայրի դպրոցներում: ԻՏՁՄ-ի այդ նախաձեռնությունը շատ կարեւոր է հեռավոր համայնքներում բնակվող երեխաների համար: Նման լաբորատորիայի առկայությունը բարձրացնում է հետաքրքրությունը ինժեներական մասնագիտությունների նկատմամբ, որոնց պահանջարկը Հայաստանում այսօր շատ մեծ է: Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ համակարգիչները, 3D տպիչներն ու լաբորատորիաների այլ սարքավորումները շքեղություն չեն, որ հասանելի են միայն երեւանցիներին: Առաջին 50 երեխաները, որոնք արդեն հաճախում են այդ լաբորատորիաները, անում են իրենց առաջին քայլերը՝ մասնագիտություն ձեռք բերելու գործում: Քայլ առ քայլ, նման ծրագրերին աջակցելով, մենք կրճատելու ենք մարզերի ու Երեւանի միջեւ եղած տարբերությունը, քանի որ դա կարեւոր ենք համարում Հայաստանի զարգացման համար:

 

- Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն է լինելու հիմնադրամի մասնակցությունը ընտրություններին, արդյոք ունեք համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների նախընտրելի թեկնածուներ, որոնց այս կամ այլ կերպով աջակցելու եք: Մասնավորապես, մամուլում լուրեր շրջանառեցին, թե Դիլիջանում IDeA-ն քաղաքապետի «սեփական» թեկնածու է առաջադրելու:

 

- IDeA-ն եւ հիմնադրամի հիմնադիրները «սեփական» թեկնածու չունեն՝ նման լուրերն իրականությանը չեն համապատասխանում եւ ցանկալին որպես իրականություն ներկայացնելու փորձ են: Հիմնադրամը ներգրավված չէ քաղաքական որեւէ գործընթացում, իսկ կոնկրետ Դիլիջանի համայնքում պատրաստ է համագործակցել բնակչության վստահության քվեն ստացած ցանկացած ղեկավարի հետ:

 

Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որպեսզի բնակիչներն առավել ակտիվ մասնակցեն իրենց համայնքների կյանքին՝ իրենց կարծիքը հայտնելով, ներգրավվելով տարբեր ծրագրերում: IDeA-ն փորձում է մարդկանց հասցնել այն միտքը, որ ոչ ոք իրենցից լավ չի ճանաչում իրենց համայնքը ու բոլոր փոփոխությունների առաջին հասցեատերը հենց իրենք են: Մեր տեսակետը շատ պարզ, հստակ ու թափանցիկ է՝ մարդիկ պետք է համայնքային կյանքին վերաբերող գործընթացներում ակտիվ մասնակցություն ունենան, քանի որ դա կարեւոր է համայնքի զարգացման ու իրենց ապագայի կերտման համար:

 

Դիլիջանում մեր նպատակը կրթական, զբոսաշրջային, մշակութային եւ այլ ծրագրերի միջոցով քաղաքի զարգացմանը, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, համայնքային կյանքի աշխուժացմանը նպաստելն է: Դա նշանակում է աշխատատեղերի ստեղծում, տնտեսական կյանքի ակտիվացում, նոր ստանդարտների ներդրում՝ թե իրականացվող ծրագրերի, թե համայնքի կառավարման մոտեցումներում: Այդ ամենը պահանջում է, որպեսզի ՏԻՄ-հասարակություն հարաբերությունները լինեն թափանցիկ, իսկ օրենքը հավասարապես գործի բոլորի համար:

 

Մենք կարող են գոհունակությամբ արձանագրել, որ մեր մոտեցումները սկսում են կիսել շատ կազմակերպություններ, մասնավոր ներդրողներ ու բարերարներ:

 

Անցած տարի մենք հայտարարեցինք Աղստեւ գետի աջ ափի վերակառուցման ծրագրի մեկնարկի մասին: Այդ նախաձեռնությունում մեր գործընկերն է Գագիկ Ադիբեկյանը՝ միջազգային RD Group ընկերության ղեկավարը: Հենց այդ ընկերությունն է իրականացրել է UWC Dilijan քոլեջի շինարարությունը: Ի դեպ, քոլեջի շենքը մի քանի հեղինակավոր միջազգային պարգեւ է ստացել՝ եզակի «կանաչ» ու նորարար տեխնոլոգիաների կիրառման համար:

 

Գագիկ Ադիբեկյանը՝ Մաքսիմ Աթայանցի, Արմեն Կարապետյանի ու IDeA  հիմնադրամի հետ միասին, հովանավորում է նաեւ Դիլիջանի նոր եկեղեցու կառուցման ծրագիրը: Հողօրհնության արարողությունը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ, իսկ շինարարությունը կմեկնարկի առաջիկա ամիսներին:

 

Դրական փոփոխություններ քաղաքում առաջացրել է Կենտրոնական բանկի,  ֆինանսների նախարարության, «Թումո»-ի, «Այբ» դպրոցի, Հայաստանի ամերիկյան համալսարանի եւ տարբեր ընկերությունների գործունեությունը: Քաղաքում վերջերս նոր ներդրողներ են գործունեություն ծավալել, այդ թվում՝ Ռուբեն Դիշդիշյանն ու Գոռ Նահապետյանը:

 

Այս ամենը հուշում է, որ միահամուռ ուժերով մենք կարողացանք Դիլիջանում գործի դնել «փոփոխությունների անիվը», եւ այժմ մեր նպատակն է պահպանել այդ դինամիկան եւ մեծացնել դրական փոփոխությունների ծավալը: Եվ այդ համատեքստում, իհարկե, շատ մեծ է տեղի իշխանությունների դերը: Ով էլ ընտրվի քաղաքապետի եւ ավագանու անդամի պաշտոնում, պետք է առաջնորդվի իր համայնքին ու ժողովրդին ազնվորեն ծառայելու առաքելությամբ եւ պատրաստ լինի բաց ու թափանցիկ աշխատել ինչպես համայնքի բնակիչների, այնպես էլ  ծրագրեր իրականացնող ցանկացած կազմակերպության հետ:

 

Մենք էլ մեր կողմից պատրաստ ենք ներգրավել համայնքային ու քաղաքային կյանքի ամենատարբեր ոլորտների լավագույն միջազգային մասնագետների: Օրինակ, հոկտեմբերին Թբիլիսիում եւ Դիլիջանում մենք անցկացրեցինք  Social Impact Days միջազգային համաժողովը, որի թեման էր «Հնարավորությունների քաղաք. Սոցիալական նորարարություններ կայուն քաղաքային զարգացման համար»: Միջոցառմանը մասնակցեց ավելի քան 50 փորձագետ հետխորհրդային երկրներից, Թուրքիայից ու Գերմանիայից: Նրանք ներկայացնում էին պետական հատվածը, ոչ առեւտրական կազմակերպությունները եւ բիզնես ընկերությունները: Համաժողովի ընթացքում շատ հետաքրքիր զեկույցներ ներկայացվեցին՝ ժամանակակից քաղաքների զարգացման միտումների ու հեռանկարների, սոցիալական նորարարությունների դերի ու վերափոխման գործընթացների մասին: Բնականաբար, մենք պատրաստ ենք կիսվելու այդ գաղափարներով տեղի իշխանությունների հետ եւ միասին փնտրելու իրականացման ուղիները:

 

- 2016թ. համար IDeA հիմնադրամը Դիլիջանում եւ Տաթեւում ի՞նչ ծրագրեր է նախատեսում կյանքի կոչել:

 

- Դեկտեմբերին մեկնարկել է Տաթեւի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ակտիվ փուլը, որը կշարունակվի այս տարվա ընթացքում: 2017թ. լրանալու է Տաթեւի 1111-ամյակը, եւ մենք ցանկանում ենք ավարտել համալիրի վերակառուցումը այդ խորհրդանշական տարեթվին ընդառաջ:

 

Վերջին տարիներին մենք բավական նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացրել, կատարել ենք ինժեներային հետազոտություններ, վանական համալիրի պատերի լազերային սքանավորում: Մեր կողմից հրավիրված մասնագետները երկար տարիներ զբաղվում էին հայկական հուշարձանների պաշտպանությամբ: Իհարկե, վանական համալիրի վերակառուցման հետ կապված բոլոր ծրագրերը պարտադիր հաստատում են ստանում Մայր Աթոռի կողմից: 

 

«Տաթեւեր» ճոպանուղին, որի այցելուների թիվն աճում է տարեցտարի, ամրապնդում է իր խթանիչի դերը, որն ազդում է ամբողջ մարզի կյանքի վրա: «Տաթեւի վերածնունդ» նախագիծը դարձել է տուրիստական ենթակառուցվածքների զարգացման կատալիզատորը տարածաշրջանում: Եթե ճոպանուղու գործարկումից առաջ Գորիսում գործում էր երկու հյուրանոց, ապա այժմ դրանց թիվը մոտ 20 է: Ենթակառուցվածքները զարգանում են նաեւ վանական համալիրին հարակից համայնքներում. տարածքում արդեն գործում է Bed&Breakfast տեսակի շուրջ 20 հյուրատուն: 

 

Ճոպանուղու շուրջ հայտնվում են արբանյակային առեւտրական նախագծեր, որոնք նոր աշխատատեղեր են ստեղծում: Նախագծի հիմնական նպատակները իրականացնելուց հետո մենք ձգտում ենք այնպիսի մթնոլորտ ստեղծել, որը թույլ կտա տարածաշրջանին շարունակել կայուն զարգանալ՝ օգտվելով «Տաթեւի վերածնունդ» նախագծի ստեղծած հնարավորություններից:

 

Մենք չենք դադարում կրկնել, որ Տաթեւն ու Գորիսը յուրահատուկ «կորիզ» են դարձել, որը բարձրացնում է նաեւ Արցախ այցելելու նկատմամբ հետաքրքրությունը: Ընդ որում, խոսքը ոչ միայն արտասահմանցի զբոսաշրջիկների, այլեւ Հայաստանի քաղաքացիների մասին է. նրանցից շատերը Արցախի մասին լսել են միայն հեռուստատեսությամբ:

 

Դիլիջանում այս տարի կմեկնարկի Dilijan Art Initiative նախագծի իրականացումը: Մենք կարծում ենք, որ այն կարող է առանցքային դեր ունենալ Դիլիջանի մշակութային զարգացման գործում, իսկ հետագայում կարող է ծավալվել ողջ Հայաստանում: Այդ նախագիծը կօգնի Դիլիջանին մշակութային ու կրթական կենտրոն դառնալ, կօժանդակի տարբեր մշակույթների միջեւ փոխըմբռնման հաստատմանը: Որոշակի փորձ այս ոլորտում մենք արդեն կուտակել ենք. UWC քոլեջում ուսանում է շուրջ 200 ուսանող՝ 60 տարբեր երկրներից, ինչը բացարձակ ռեկորդ է Հայաստանի համար:

 

Մենք ունենք նաեւ շատ այլ, ոչ այդքան ծավալուն նախագծեր, որոնք իրականացնելու ենք Դիլիջանում եւ Տաթեւում: Փոքր ծրագրերը, սովորաբար, հասարակության ու մամուլի մեծ ուշադրության չեն արժանանում, սակայն հենց դրանք են այն մեխանիզմը, որի օգնությամբ տեղի բնակիչները կարող են գնահատել դրական փոփոխությունները: Եվ, կրկնեմ, մենք հատկապես գնահատում ենք այն գաղափարները, որոնք ծնվում են համայնքների բնակիչների կողմից: Հուսով եմ՝ այս տարի եւս դրանք շատ կլինեն: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին