Հովհաննես Հովհաննիսյան. Գերիշխում է ցավը հաղթահարելու ցանկությունը - Mediamax.am

exclusive
20623 դիտում

Հովհաննես Հովհաննիսյան. Գերիշխում է ցավը հաղթահարելու ցանկությունը

Հովհաննես Հովհաննիսյանը
Հովհաննես Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


2015թ. մարտ-ապրիլ ամիսներին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի աշխատանքային թիմն իրականացրել էր սոցիոլոգիական հետազոտություն՝ (մանրամասները հասանելի են հայերեն եւ անգլերեն տարբերակներով) պարզելու համար «Հայոց ցեղասպանության երեւույթի ընկալման առանձնահատկություններն ու հոգեբանական-աշխարհայացքային անդրադարձները հանրային կարծիքում»: Հարցմանը մասնակցել էին 560 երեւանցիներ:

 

Հարցման մասնակիցները գնահատել էին Ցեղասպանության երեւույթի վերաբերյալ իրենց տրամադրություններն եւ զգացումները, ընտրել են Ցեղասպանության հետեւանքների վերացման տարբերակներ եւ նշել, թե որ պետություններին եւ կառույցներին են համարում դաշնակիցներ:

 

Այս տարի համալսարանի աշխատանքային թիմը` փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարությամբ թեմայի շրջանակներում նույն հետազոտությունն իրականացնում է երկրորդ անգամ:

 

Հետազոտության մանրամասների մասին Մեդիամաքս-ը զրուցել է Հովհաննես Հովհաննիսյանի հետ:

 

- Պարոն Հովհաննիսյան , ի՞նչ նպատակ էր հետապնդում հետազոտությունը եւ տարբերվում էին արդյո՞ք տրամադրությունները երիտասարդների եւ մեծահասակների շրջանում:

 

- Մեր խնդիրը Հայոց ցեղասպանության հանրային ընկալումների սպեկտրի ուսումնասիրությունն էր, այդ պատմական փաստի կապակցությամբ առաջ եկող տրամադրությունների, հուզական արձագանքների ու գիտակցական դիրքորոշումների «ներկապնակի» վերհանումը: Հարցման մասնակիցներին ներկայացրել էինք հնարավոր տրամադրությունների եւ զգացումների տասներկու կետից բաղկացած ցանկ եւ առաջարկել նշել, թե դրանցից որոնք եւ ինչ չափով են ունենում հարցվողները Հայոց ցեղասպանության մասին խորհելիս:

 

Որոշ հարցերի կապակցությամբ երիտասարդների եւ մեծահասակների միջեւ կան տարբերություններ: Այսպես, անկումային տրամադրություններն ավելի նկատելի են ավագ սերնդակիցների շրջանում, իսկ պահանջատիրության, ապագայի նկատմամբ լավատեսության տրամադրություններն ավելի արտահայտված են երիտասարդների (91,2%), քան ավագ սերնդակիցների մոտ (83,9%):

 

Օրինակ՝  «ընկճախտի եւ հիասթափության» զգացումը, որն, ի դեպ, տրամադրությունների ցանկում 66,8% ընդհանուր ցուցանիշով զբաղեցնում է վերջին հորիզոնականը, 61 եւ ավելի տարիք ունեցող մարդկանց մոտ կազմում է 75.9%, բայց 18-30 տարեկանների շրջանում այդ թիվը 23.8% է: Այսինքն՝ ընկճախտի զգացումը  երիտասարդների շրջանում մոտ երեք անգամ քիչ է արտահայտված: Կարծում եմ, սա դրական ցուցանիշ է:

 

«Կորստյան ցավի եւ ափսոսանքի» զգացման առկայությունն ու ուժգնությունը գրեթե նույն  է կանանց եւ տղամարդկանց, ինչպես նաեւ տարիքային բոլոր չորս խմբերի մոտ:

 

Այն փոքր-ինչ աճ է արձանագրում կրթական ցենզի աճին զուգահեռ՝  բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում կազմելով 98.6%, միջնակարգ կամ թերի միջնակարգ կրթություն ունեցողների մոտ՝ 95%: Տարբերություն կա նաեւ «ցեղասպանությունը կազմակերպողների նկատմամբ ատելության» զգացման պարագայում: Եթե միջնակարգ կրթություն ունեցողների շրջանում այդ ցուցանիշը կազմում է 100%, ապա բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում այն մի փոքր պակաս է՝ 94%:

 

«Ի հեճուկս արհավիրքի ապրելու, տոկալու վճռականության» զգացումը կրթական մակարդակի աճին զուգընթաց ավելանում է: Որոշակի տարբերություններ կան նաեւ, երբ խոսքը վերաբերում է ցեղասպանության հետեւանքների վերացմանը: Այդ առումով առաջին հորիզոնականում «պատմական Հայաստանի տարածքների (կամ դրանց մի մասի) վերադարձն է Հայաստանին»: Այս տարբերակի կողմնակիցների թիվն ավելի մեծ է 18-30 տարեկանների շրջանում (67.1%) եւ հետզհետե նվազում է տարիքային ցենզի աճին զուգահեռ (30-45 տարեկաններ՝ 62,7%, 46-60 տարեկաններ՝ 61,0%,  61 եւ ավելի տարեկաններ՝ 58,3%):

Հովհաննես Հովհաննիսյանը Հովհաննես Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տարբերակներից մեկն էլ «հայկական կողմին տարածքային հատուցման եղանակով աշխարհաքաղաքական նպաստավոր դիրքի ապահովումն է, մասնավորապես՝ դեպի Սեւ ծով ելքի տրամադրումը»: Այս տարբերակի կողմնակիցներն ավելի շատ են տղամարդկանց, բարձրագույն կրթությամբ ռեսպոնդենտների եւ 60-ից բարձր տարիք ունեցողների շրջանում՝ 25,9%:

 

-Ո՞րն է եղել հարցման արդյունքում ստացված ամենաանսպասելի ցուցանիշը:

 

- Ես կասեի՝ հուսադրող ցուցանիշը: Դա նկատելի է դառնում, երբ հարցաթերթում զետեղված 12 զգացումներն ու տրամադրությունները խմբավորում ենք 3 փնջերում:

 

Դրական եմ համարում այն հանգամանքը, որ ցավի ափսոսանքի, ընկճախի անկումային տրամադրություններն այսօր ավելի քիչ են (76%), քան բողոքի, ցասման եւ պայքարի տրամադրությունները (88%): Միեւնույն ժամանակ, շատ ավելի լավ եւ հուսադրող է, որ ցավը վերապրելու, ապագայի նկատմամբ հույսի, հավատի եւ լավատեսության տրամադրությունները գերակայում են (91.2%):

 

Հիասթափության փոխակերպման համար եվրոպացիները 20-րդ դարում նախանշում էին առնվազն երկու հնարավոր ճանապարհ: Առաջինը հիասթափությունը հեղափոխության եւ ընդվզումների փոխակերպելու ճանապարհն է: Ալբեր Քամյուն հայտնի բանաձեւ ուներ՝ «ընդվզում եմ, ուրեմն կամ»: Նրա հետ համամիտ էր նաեւ Ժան-Պոլ Սարտրը:

 

20-րդ դարի եվրոպական էկզիստենցիալիստական մտքի շրջանակներում կար նաեւ մեկ այլ ուղղություն, համաձայն որի, հիասթափության էներգիան հարկավոր էր փոխակերպել հավատի, կրոնական ավանդույթները վերականգնելու տրամադրության: Այսօր մեր իրականության մեջ էլ կարելի է նկատել այս երկու մոտեցումները, հատկապես ներքաղաքական իրադարձությունների համատեքստում: Հիասթափության տրամադրությունները հեղափոխականի վերածելու կոչ անողներ կան: Բացի այդ, օրեցօր ընդլայնվում են կրոնական-աղանդավորական խմբակները:

 

Մեր ազգային հոգեկերտվածքին բնորոշ է նաեւ մեկ այլ ճանապարհ՝ էպոսի Փոքր Մհերի «խռովել-հեռանալու» տրամադրությունը: Այսինքն՝ հիասթափության էներգիան փոխակերպվում է միգրացիայի գործընթացի եւ արտահայտվում ոչ միայն Հայաստանից հեռանալով, այլ երբեմն նաեւ սեփական արմատներից օտարվելով, դրանք թաքցնելով: Ցեղասպանությունը վերապրած նշանավոր մարդկանց շրջանում եւս կարելի է նկատել այդ տրամադրությունը: Օրինակ, Արշիլ Գորկին՝ Ոստանիկ Ադոյանը, ոչ միայն փոխեց իր անուն-ազգանունը, այլ նաեւ նախընտրում էր չբարձրաձայնել իր արմատների մասին: Այսինքն՝ արհավիրքը մոռանալու, գիտակցությունից դուրս մղելու հետ մեկտեղ փորձ է կատարվում օտարել նաեւ հայ լինելու հանգամանքը:

 

Վերոնշյալ երեք փոխակերպումներն էլ հեռանկար չունեն: Բարեբախտաբար, ինչպես վկայում են հետազոտության արդյունքները, մեզ մոտ շենացնելու, կառուցելու միջոցով պայքարելու վճռականությունն ու լավատեսական տրամադրությունները գերակշռում են: Այս հանգամանքը ապագային հավատով նայելու հնարավորություն է տալիս: Ահա այս հանգամանքից ելնելով էլ հարկավոր է համապատասխան քաղաքականություն վարել: Ցեղասպանության վերապրման հիշողությունների ու հույզերի էներգիան փոխակերպել պետությունը հզորացնելու, տնտեսությունը, մշակույթը զարգացնելու, բանակցային գործընթացներում առաջընթաց արձանագրելու գործընթացի: Անհրաժեշտ է զոհի, Ցեղասպանության օբյեկտի զգացումը վերածել հաստատակամ եւ գործող սուբյեկտի, քաղաքական ու տնտեսական իմաստով ակտիվ դերակատարի տրամադրության:

 

-Դուք ռեսպոնդենտներին առաջարկել եք գնահատել վերը թվարկված բոլոր տրամադրությունների ինտենսիվությունը:  Չե՞ք կարծում, որ ընկճվածների եւ լավատեսների տրամադրությունները փոքր-ինչ իրարամերժ են: 

 

- Հայոց ցեղասպանության երեւույթի հանրային ընկալման եւ հոգեբանական-աշխարհայացքային անդրադարձների խճանկարն իրոք բարդ է: Դրա՝ վերը նշված երեք փնջերում ընդգրկված բաղադրիչներն իրականում փոխներթափանցված են եւ միահյուսված: Այդ խմբերում ընդգրկված տրամադրություններն ու զգացումները հանդես են գալիս կողք-կողքի՝ արագորեն հերթագայելով միմյանց:

 

Եթե ըստ նվազման կարգի դասավորենք այս զգացումները, ապա առաջին տեղում ափսոսանքի, ցավի զգացումն է, երկրորդում՝ Ցեղասպանություն իրականացնողների նկատմամբ ատելության զգացումը, իսկ երրորդ տեղում՝ ի հեճուկս արհավիրքի տոկալու, ապրելու վճռականությունը:

 

Ցավը վերապրած մարդու մոտ այս զգացումները պետք է որ իրապես խառնված լինեն: Իհարկե, ափսոսանք կա, բայց մարդը հասկանում է, որ այդ ցավով, ընկճախտի եւ ինքնախարազանման տրամադրությամբ հեռու գնալ չի կարող: Գիտակցական, հաճախ նաեւ ենթագիտակցական մակարդակում այդ ցավը փոխակերպվում է ապրելու եւ արհավիրքներին դիմագրավելու վճռականության:

 

- Ի՞նչ եք կարծում, դրական տրամադրություններն ավելացնելու համար նպատակաուղղված քաղաքականության եւ դրանով զբաղվող կառույցների կարիք կա՞:

 

- Զանգվածային լրատվամիջոցները, մտավորականները շատ մեծ գործ ունեն այս առումով: Դա վերաբերվում է թե՛ գրականությանն ու արվեստին, թե՛ փիլիսոփայությանը, քաղաքագիտությանը, հոգեբանությանը եւ թե՛ զանգվածային լրատվամիջոցներին:

 

Տիպական է 20-րդ դարի մեր հերոսներից մեկի՝ Գարեգին Նժդեհի կենսագրականը: Մինչ 1915թ. նա եւս չէր խուսափել էկզիստենցիալիզմի անկումային տրամադրություններից: Նժդեհը հանդես էր եկել Գարեգին Դարդունի ծածկանվամբ: Այդ շրջանի նրա ստեղծագործություններում ակնհայտ են հիասթափությունն ու «Տխուր ակորդները», ինչպես եւ վերնագրված է նրա գործերից մեկը: «Էլ ինձ մի ասեք՝ «Մերն է ապագան», այդ անյոյս խօսքերն էլ ինձ մի կրկնեք... Խավարն է  յաղթել, յաղթել է լոյսին, էլ չեմ հավատում, էլ ինձ մի ասեք... », ահա այս տրամադրությունն էր գերակա նրա ստեղծագործություններում: Բայց 1915-ի Ցեղասպանության արհավիրքը ոչ թե վերջնականապես կոտրեց նրան, այլ առաջացրեց ապրելու, մարտահրավերները հաղթահարելու եւ ապրեցնելու վճռականություն:

 

Էկզիստենցիալ փիլիսոփայությունից նա տեղափոխվեց կյանքի եւ կամքի փիլիսոփայության դաշտ, որտեղ կյանքի իմաստը տոկալն ու ապրելու կամք դրսեւորելը, սեփական ճակատագիրը կերտելն է: Այդ մտածելակերպն ու գործելակերպը մեկ անհատի պարագայում շատ արդյունավետ եղավ: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան մեծ արդյունքի կարող է հանգեցնել ազգի պարագայում: Մեր խնդիրը սոցիալ-հոգեբանական տրամադրությունների ճիշտ տրանսֆորմացիան է:

 

- Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքն այն մոտեցմանը, որ մենք ոչ թե Ցեղասպանության «զոհ» ենք, այլ «վերապրածներ» կամ «փրկվածներ», քանի որ թույլ չենք տվել մեզ բնաջնջել:

 

- Շատ կարեւոր է պատմական փաստի նկատմամբ վերաբերմունքը հետագա գործողությունների կազմակերպման համար: Որոշ ճշմարտություն կա այն խոսքերի մեջ, որ հայերին բնորոշ է ինքնախարազանման զգացումը: 90-ականների Արցախյան գոյամարտի տարիները հաճախ հիշում ենք «որպես ցուրտ ու մութ տարիներ»: Քչերն են ասում, որ դրանք հերոսամարտի տարիներ էին: Լենինգրադի բլոկադային ինչո՞վ էր զիջում մեր վիճակը. տնտեսական շրջափակման մեջ էինք, կանոնավոր բանակ չունեինք, բայց կարողացանք տոկալ եւ հաղթել:

 

Ցեղասպանության վերհուշի էներգիան սոցիալ-հոգեբանական ենթագիտակցական շերտերում շատ հզոր է, եւ այն չենք կարող մեր ինքնությունից անջատել: Անգամ, եթե ցանկանանք էլ մերժել եւ մոռանալ:

 

Հետեւաբար, կարեւոր է այն տրանսֆորմացնել ապագայի նկատմամբ վստահության, հավատի եւ մեր վիճակը տնտեսական, քաղաքական առումով շտկելու տրամադրության:  Այդպիսով մենք կարող ենք ասել` այ´ո , պատահական չէր, որ վերապրեցինք: Եթե կորցնենք նաեւ այսօրվա եղածն ու ունեցածը, ապա ինչու՞ համար էին այդ զոհերը: Նրանց սրբադասելով, պետք է կարողանանք ապագան կառուցելու վճռականություն սերմանել: Դա պետք է արվի դպրոցական, նախադպրոցական կրթության, ընտանեկան դաստիարակության միջոցով:

 

- Եթե այս հարցումն անցկացվեր Սփյուռքում բնակվող հայերի շրջանում, ինչպիսի՞ն կլիներ պատկերը:

 

- Սփյուռքի մի զգալի մասը կազմում են Ցեղասպանության զոհերի ժառանգները: Ենթադրում եմ, մեր հայրենակիցների այդ հատվածի մոտ ցավի զգացումը, գուցե եւ դեպրեսիվ տրամադրությունները կարող են ավելի նկատելի լինել:

 

Հարկ է նկատել, որ Ցեղասպանության խնդրի շուրջ բոլոր հայկական կազմակերպությունները համախմբված են թե՛ Սփյուռքում եւ թե՛ Հայաստանում: Այս ներդաշնակությունը դրսեւորվեց հարյուրամյակի միջոցառումների կազմակերպման ժամանակ: Թեեւ առանձին քննադատական խոսքեր էլ եղան այդ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ, բայց ես կարծում եմ, որ դրանք հոգեւոր մեծ լիցք տվեցին թե՛ Սփյուռքում եւ թե՛ Հայաստանում բնակվող հայերին: Այս միասնությունը չպետք է կորցնել, եւ դրա համար կարեւոր են շարունակական երկխոսություններն ու ուսումնասիրությունները:

 

Մեր ուսումնասիրությունն էլ կարեւոր էր խնդիրների նկատմամբ գրագետ գիտական մոտեցումներ մշակելու տեսանկյունից: Հանրային կառավարման բնագավառում հաճախ ենք դրսեւորում իրավիճակային վարքագիծ: Պատկերավոր ասած` գործում ենք հրշեջ ջոկատի սկզբունքով, սպասում ենք, թե որտեղ է հրդեհ կբռնկվի եւ վազում ենք այն մարելու: Թեեւ հայեցակարգային, համակարգված մոտեցումների անհրաժեշտություն վաղուց է զգացվում:

 

Նման ուսումնասիրությունները կարեւոր են, որպեսզի քաղաքական մակարդակում որոշումներ ընդունողները հաշվի առնեն նաեւ հանրային կարծիքը: Հանրային կարծիքը ձեւավորելու, առավել եւս,  փոխելու համար, առաջին հերթին, պետք է այն ուսումնասիրել: 

 

Զրուցել է Մարիամ Մանոյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին