Ջեյմս Ուորլիք. «Չենք կարող մեր առաջարկները պարտադրել կողմերին» - Mediamax.am

exclusive
27330 դիտում

Ջեյմս Ուորլիք. «Չենք կարող մեր առաջարկները պարտադրել կողմերին»

Ջեյմս Ուորլիքը
Ջեյմս Ուորլիքը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Մեդիամաքսի հարցազրույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ

 

- Պարոն Ուորլիք, Երեւանում ապրիլի սկզբին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ կվերադառնան տարածաշրջան մեկ շաբաթ անց: Ինչո՞ւ դա տեղի չունեցավ:

 

- Մեր նպատակների, այն է՝ հրադադարի խստիվ պահպանման, համակողմանի կարգավորման շուրջ բանակցությունների մեկնարկի ու հետագա բռնությունների ռիսկի կրճատմանն ուղղված միջոցների ձեռնարկման շուրջ առաջ շարժվելու համար մենք մշտական կապ ենք պահպանում կողմերի հետ: Մենք պատրաստ ենք վերստին այցելել տարածաշրջան ցանկացած պահին, երբ կողմերը դա անհրաժեշտ կհամարեն:

 

- ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում եւ Անվտանգության խորհրդում ս.թ. ապրիլի 14-ին տարածվել էր Ադրբեջանի նամակը, որով Բաքուն փորձ էր անում միակողմանիորեն չեղարկել 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը։  Համանախագահները պարբերաբար կոչ են արել կողմերին խստորեն հարգել 1994 թ. զինադադարի համաձայնագիրը: Ինչու՞ Դուք չդատապարտեցիք Ադրբեջանի այդ սադրիչ քայլը:

 

- Համանախագահները ԵԱՀԿ-ում շեշտեցին, որ 1994թ. հրադադարի համաձայնագիրը  շարունակում է գործողության մեջ մնալ: Դրանից հետո կողմերը վերստին ապահովել են հավաստիացումներ առ այն, որ ընդունում են 1994թ. համաձայնագրի գործելու փաստը եւ հարգում են այն:

 

- Ի՞նչ միջոցներ են ձեռնարկել համանախագահները ՝ Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ հարձակման բացասական հետեւանքներին անդրադառնալու եւ բանակցությունների համար պայմաններ ստեղծելու նպատակով:

 

- Համանախագահները հրապարակավ կողմերին կոչ են արել դադարեցնել բռնությունը եւ անհապաղ ձեռնամուխ լինել կարգավորմանն ուղղված բանակցությունների: Բանակցությունների մեկնարկի հետ մեկտեղ մենք աշխատում ենք իրականացնել միջոցներ, որոնք կկրճատեն բռնությունների ռիսկը: Այս գործընթացները պետք է միմյանց զուգընթաց տեղի ունենան: Բանակցությունների կամ շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին բռնությունների կրճատմանն ուղղված միջոցների ներդրման հարցերում նախապայմաններ չեն կարող լինել:

 

- Պարոն Ուորլիք, ակնհայտ է, որ ապրիլյան պատերազմից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է, եւ հիմա Հայաստանի համար անտրամաբանական է Ադրբեջանի հետ վերսկսել բանակցություններն առանց անվտանգության երաշխիքների:  Ո՞վ կամ ի՞նչն է խոչընդոտում կյանքի կոչել հրադադարի խախտման միջադեպերը հետաքննելու մեխանիզմը: Ինչո՞ւ միջնորդները հավելյալ ջանքեր չեն ներդնում այս ուղղությամբ: Ինչո՞ւ չեք ստիպում կողմերին ընդունել այս առաջարկը:

 

- Մենք աշխատում ենք կողմերի հետ բռնությունների ռիսկի կրճատմանն ուղղված միջոցների, այդ թվում՝ հետաքննությունների մեխանիզմի շուրջ:

 

Համանախագահների համար այս միջոցները գերակայություն են ու կշարունակեն այդպիսին մնալ, սակայն մենք չենք կարող պարտադրել կողմերին ընդունել մեր առաջարկները: Կողմերը պետք է քաղաքական կամք գտնեն՝ միաժամանակ քայլեր ձեռնարկելու թե՛ բանակցային կարգավորման, թե՛ հրադադարի ամրապնդման  հարցերում առաջ շարժվելու համար:

 

- ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան քննադատել էր ԱՄՆ-ին՝ ԼՂ հարցում դիտորդի դեր ստանձնելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

 

- Միացյալ Նահանգները հաստատապես հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն ու բարեկեցություն ապահովող համակողմանի կարգավորման հարցում որպես միջնորդ հանդես գալու իր հանձնառությանը: Վաշինգտոնում կայացած Միջուկային անվտանգության վեհաժողովի ընթացքում փոխնախագահ Բայդենն ու պետքարտուղար Քերին առանձին հանդիպումներ ունեցան նախագահ Սարգսյանի եւ նախագահ Ալիեւի հետ՝ քննության առնելու խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հետագա ուղին:

 

Ապրիլի սկզբին՝ բռնությունների շեշտակի սրումից ի վեր, մենք բարձր մակարդակում աշխատում ենք կողմերի հետ ՝ ապահովելու հրադադարի պահպանումը եւ կողմերի վերադարձը դեպի բանակցային սեղան: Որպես համանախագահ երկիր՝ մենք կշարունակենք սերտորեն աշխատել Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ՝ խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով:

 

Ջեյմս Ուորլիքի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին