Գաբրիել Բալայան. «Զեկույցը հետեւանքներ կունենա Ադրբեջանի համար» - Mediamax.am

exclusive
30820 դիտում

Գաբրիել Բալայան. «Զեկույցը հետեւանքներ կունենա Ադրբեջանի համար»

Գաբրիել Բալայանը
Գաբրիել Բալայանը

Լուսանկարը` Գ. Բալայանի անձնական արխիվից

Լուսանկարը`


Եվրոպայի Խորհրդի՝ Ընդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության հանձնաժողովն (ECRI) օրերս հրապարակած զեկույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայերի հանդեպ ատելության շարունակական քարոզչության կապակցությամբ: Զեկույցի հեղինակները նշել են, որ քաղաքական գործիչները, կրթական հաստատությունները եւ լրատվամիջոցները շարունակում են օգտագործել ատելություն սերմանող լեզու հայերի նկատմամբ:

 

Զեկույցի ազդեցության, իրավական ուժի եւ հնարավոր հետեւանքների մասին Մեդիամաքսը զրուցել է Եվրոպայի Խորհրդի՝ Ընդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության հանձնաժողովի  (ECRI) անդամ Գաբրիել Բալայանի հետ:

 

-Պրն Բալայան, ի՞նչ ազդեցություն եւ հետեւանքներ կունենա այս զեկույցն Ադրբեջանի համար:

 

- Զեկույցը, միանշանակ, անհետեւանք չի մնա եւ իր ազդեցությունը կթողնի Ադրբեջանում իրականացվող բոլոր ծրագրերի վրա: Շատ միջազգային կազմակերպություններ՝ ներառյալ Եվրամիությունը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը եւ շատ ուրիշներ իրենց հետազոտություններում եւ փաստաթղթերում հղում են կատարում Ընդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության հանձնաժողովի զեկույցներին:

 

Զեկույցից օգտվում են նաեւ միջազգային ներդրողներ, որոնք ներդրում կատարելուց առաջ հաշվի է առնում տարբեր գործոններ՝ նաեւ այս կամ այն երկրում ազգային փոքրամասնությունների հանդեպ վերաբերմունքը, անհանդուրժողականության կամ ատելության մթնոլորտի առկայությունը:

 

- Ի՞նչ աղբյուրների վրա են հիմնվում զեկույցի հեղինակները:

 

- Զեկույցի համար հիմք են հանդիսանում մեդիայի հրապարակումները, քաղաքացիական հասարակության հետ շփումներն ու փաստահավաք խմբի այցելության արդյունքում կատարված ուսումնասիրությունները: Վերջնական քննարկումից հետո դրանք վերածվում են մտահոգությունների ու դրանցից բխող առաջարկություններ պարունակող փաստաթղթի:

 

-Ի՞նչ իրավական ուժ կամ պատժիչ մեխանիզմներ կարող է ունենալ զեկույցը:

 

-Այն իրավական ուժ կամ պատիժ կիրառելու իրավասություն չունի, սակայն, համոզված եմ, երբ ԵԽԽՎ-ն քննարկելու լինի Ադրբեջանի դեմ սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը, զեկույցը կարող է հիմք հանդիսանալ դրա համար: 

 

ԵԽ պատգամավորները հիմնականում օգտվում են այս զեկույցից: Նշեմ նաեւ, որ Ընդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության հանձնաժողովը միակն է, որն ունի վերահսկողական գործառույթ, բայց ստեղծված չէ պայմանագրի հիման վրա: Այն իր գործունեությունը ծավալում է որոշման հիման վրա եւ ընդգրկում է ուսումնասիրության բավական մեծ շրջանակ:

 

-Զեկույցի հեղինակները մտահոգություն են Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու, ազատ արձակելու եւ հերոսացնելու առթիվ: Արդյո՞ք սա ուշացած չէ:

 

- Գոյություն ունի հստակ կանոնակարգ, որով հինգ տարին մեկ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ-երկիր անցնում է մոնիտորինգային փուլ, որի հիման վրա, ինչպես նաեւ համապատասխան քննարկումների արդյունքում, ստեղծվում է զեկույց-փաստաթուղթը, որն առաջարկություններ է պարունակում՝ ուղղված տվյալ երկրի կառավարությանը:

 

Միգուցե, մեզ սա ժամանակավրեպ կարող է թվալ, բայց իր կանոնակարգով՝ բոլոր  մտահոգություններն ու զեկույցը ներկայացվել են ժամանակին:  

 

Գաբրիել Բալայանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին