Կարդինալ Սանդրի. Պապի այցը Հայաստան սիրո եւ հիացմունքի նշան է - Mediamax.am

26203 դիտում

Կարդինալ Սանդրի. Պապի այցը Հայաստան սիրո եւ հիացմունքի նշան է

Կարդինալ Սանդրին
Կարդինալ Սանդրին

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը`


Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրին իտալական La Stampa օրաթերթին տված հարցազրույցում պատմել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան կատարելիք այցի նշանակության եւ խորհրդի մասին:  

 

Կարդինալ Լեոնարդո Սանդրին եղել եւ լավ ծանոթ է Հայաստանին: Նա ուղեկցելու է Հռոմի Պապին հայաստանյան ուղեւորության ժամանակ:

 

Մեդիամաքս-ը ներկայացնում է այդ հարցազրույցի հայերեն թարգմանությունը:

 

- Գերաշնորհ Տե՛ր, ո՞րն է Պապի Հայաստան այցի նշանակությունը: 

 

- Կարծում եմ՝ սա նախեւառաջ ուխտագնացություն է, Պապի սիրո եւ հիացմունքի դրսեւորումը քրիստոնյա այս հնագույն եկեղեցու նկատմամբ, որն ունի քրիստոնեական դարավոր ավանդույթներ: Սա նվիրումի արտահայտություն է մի երկրի հանդեպ, որը 301 թ.-ին առաջինն ընդունեց քրիստոնեությունը, երբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչն առաջնորդեց ամբողջ ազգը դեպի դարձ եւ մկրտություն: 

 

Պապը կարտահայտի իր երախտագիտությունն ու մեծարանքն այս ժողովրդի նկատմամբ, որն առաջնորդվել է քրիստոնեական ոգով եւ կարողացել է դարեր շարունակ պահել հավատքի թանկարժեք գանձն ու իր ազգային ինքնությունը: Սա հոգեւոր ուժ է, որի շնորհիվ Հայաստանը կարող է կառուցել խաղաղության եւ հույսի ապագա:

 

Կարծում եմ նաեւ, որ այս այցը չափազանց կարեւոր է համայն հայության համար, այն կանանց եւ տղամարդկանց համար, ովքեր ապրում են Եվրոպայում, ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում եւ բազմաթիվ այլ երկրներում, ովքեր այս ժողովրդի արժեքների, մարդասիրության, քրիստոնեական հարստության փայլող օրինակներ են: Ֆրանցիսկոս պապի ուղերձն ու օրհնությունը նրանց համար մեծ մխիթարություն կլինի եւ նոր խթան կհաղորդի:     

 

- Դուք մի քանի անգամ եղել եք Հայաստանում: Վերջին անգամ այնտեղ էիք 2015 թվականին, երբ Գյումրիում օծվեց Հայ Կաթողիկե «Սրբոց Նահատակաց» Աթոռանիստ եկեղեցին: Ի՞նչն է Ձեզ ամենից շատը տպավորել հայ ժողովրդի մեջ:

 

- Այդ ժողովրդի հանդեպ իմ խորին հիացմունքը գալիս է նրանց զոհաբերության ոգուց, եւ՛ անկախության ե՛ւ հետապնդումների, տառապանքների ժամանակ պատմության ցանկացած իրադարձությանն իրական քրիստոնյայի ոգով դիմակայելու, Քրիստոսի խաչին հավատարիմ մնալու նրանց կարողությունից: Խաչքարերը խաչի հետ այս կապի ամենավառ խորհրդանիշներն են: Ամբողջ երկրով մեկ խաչքարեր կան՝ տեսանելի ոսկրային կառուցվածքի նման: Հավատի, հնազանդության հաստատակամությունն ու ծառայության ոգին հայերի ուժեղ կողմերն են եւ այն, ինչը օգնել է այս հսկայական քրիստոնյա համայնքին ողջ մնալ եւ հաղթահարել 20-րդ դարի սարսափելի զրկանքները, որոնք ազդել են մեկ ու կես միլիոն քրիստոնյա հայերի վրա:     

 

- Ի՞նչ ազդեցություն են այդ մեծ զրկանքներն ունեցել հայ ժողովրդի ոգու եւ հոգեւոր վիճակի վրա:

 

- Այդ աննկարագրելի ցավալի իրադարձություններն անջնջելի հետք են թողել նրանց վրա: Ես մտածում եմ հայկական պատարագի մասին: Ամենատպավորիչն այստեղ շարականներն են: Դրանք պարուրում են հոգին, կարծես գալիս են հոգու խոր անկյուններից: Դրանք արտահայտում են Աստծո հանդեպ նվիրվածության ոգին, հավատք, որը երբեք չեն ուրացել կամ վաճառել, այլ պահել են ամենաբարձ գնով, տառապանքով: Սա մի ժողովուրդ է, որը լավ ծանոթ է տառապանքին: Սրտումս ինքնաբերաբար աղոթք է ծնվում, երբ մտածում եմ, որ Ֆրանցիսկոս պապը պատրաստվում է դիպչել հայ ազգին մխիթարության եւ կարեկցանքի ձեռքով, եւ այդ բոլոր ցավերից ծնվելու է ավելի մեծ հույս եւ սեր:

 

- Ինչպե՞ս կբնութագրեք Կաթոլիկ եկեղեցու եւ Հայ Առաքելական եկեղեցու ներկայիս հարաբերությունները:

 

- Իմ ընկալմամբ, դրանք շատ եղբայրական են եւ բարեկամական: Հայաստանի կաթոլիկ համայնքը շատ փոքրաթիվ է, եւ մենք պետք է երախտապարտ լինենք Աստծուն այն բանի համար, որ Հայ Առաքելական եկեղեցին, շնորհիվ Գարեգին Երկրորդի եւ իր նախորդի՝ Գարեգին Առաջինի մեծահոգության, թույլ է տվել Կաթոլիկ եկեղեցուն գոյություն ունենալ եւ ծառայել ժողովրդին: Օրինակ, Սպիտակում եւ Երեւանում Գթության առաքյալները մեծ աշխատանք են տանում, կամ Աշոցքի հիվանդանոցը, որը նվիրաբերվել է Հռոմի Պողոս Երկրորդ Պապի հորդորով Իտալիայի Կարիտասի կողմից 1988 թ.-ի  ավերիչ երկրաշարժից հետո: Վստահ եմ, որ Ֆրանցիսկոս պապի այցն էլ ավելի կամրապնդի  երկու եկեղեցիների միջեւ կապերը՝ ամրապնդելով եղբայրությունը, բարեկամությունը եւ փոխադարձ աջակցությունը, որը կառաջնորդի դեպի արդյունավետ համագործակցության բազմաթիվ ոլորտներում:

 

- Ֆրանցիսկոս Պապը եւ Գարեգին Երկրորդը կստորագրե՞ն «Համատեղ հռչակագիր», ինչպես դա արեցին Հովհաննես Պողոս Երկրորդը եւ Գարեգին Բ-ն 2001 թ.-ին: 

 

- Ենթադրում եմ, որ Համատեղ հռչակագիր կստորագրվի նաեւ այս անգամ՝ ընդգծելով եւ շեշտելով մեր Փրկիչ Հիսուսի հանդեպ մեր միասնական հավատքը եւ արտահայտելով մեր մտադրությունն ու կամքը՝ Տիրոջ կամքով մեր միջեւ զարգացնելու եղբայրական կապերը:  

 

- Ձեր կարծիքով, Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստանը կարո՞ղ է ազդեցություն ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա:

 

- Կարծում եմ, որ այս այցը հնարավորություն կտա ուշադրությունը սեւեռել եւ խրախուսել այն արժեքները, որոնք յուրաքանչյուր համայնքի ողնաշարն են ՝ մերժել բռնությունը, ուժի կիրառումը, որը բերում է մեծ տառապանքի, եւ դիվանագիտական միջոցներով, երկխոսության, փոխըմբռնման եւ բանակցությունների ճանապարհով հետամուտ լինել միայն խաղաղության: Կարծում եմ, Հայաստան՝ դեպի Կովկաս իր առաջին ուղեւորության ժամանակ (սեպտեմբերին Ֆրանցիսկոս պապը կայցելի նաեւ Վրաստան եւ Ադրբեջան), Պապը կհղի մեր ուղերձը խաղաղության համար եւ ի սրտե կոչ կանի աշխատել, որպեսզի Կովկասը վերածվի Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ կամրջի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին