Աննա Մելիքյան. “Սերը դիմացինին ընդունելն է” - Mediamax.am

exclusive
24753 դիտում

Աննա Մելիքյան. “Սերը դիմացինին ընդունելն է”

Աննա Մելիքյանը
Աննա Մելիքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Մի անգամ դիտեցի Լենա սովորական անուն ունեցող աղջկա մասին կարճամետրաժ ֆիլմ: Դրանից հետո դիտեցի ֆիլմի ռեժիսորի՝ Աննա Մելիքյանի համարյա բոլոր կինոնկարները: Նրա հերոսները սովորական մարդիկ են՝ սովորական անուններով ու պատմություններով: Ու հենց այդ “սովորականն է” նրանց դարձնում անսովոր, յուրահատուկ: Նրանք մարդիկ են, ով իրենց ուրույն աշխարհն ունեն:

 

Սովորական Աննա անունն ունեցող ոճային երիտասարդ կնոջ հետ հանդիպեցինք երեւանյան սրճարաններից մեկում: Նրա հետ մի քանի րոպե զրուցելուց հետո հասկացանք, թե ինչպես են ծնվում նրա ֆիլմերի հերոսները: Աննան էլ այդպիսին է՝ ուրույն, սեփական աշխարհով:

 

Այսօր Աննա Մելիքյանը ռուսական կինոյի ամենապահանջված ռեժիսորներից է: “Սիրո մասին” ֆիլմի համար Աննան արժանացել է հեղինակավոր «Ոսկե Արծիվ» մրցանակի: Իսկ նրա “Ջրահարսը” ֆիլմը մրցանակներ ստացավ Սանդենսի փառատոնի շրջանակներում եւ բեռլինյան փառատոնի ընթացքում: 2008 թ-ին ֆիլմը ներկայացվեց «Օսկար»-ի:

 

Իսկ մենք Աննայի հետ զրուցեցինք կինոյում ու կյանքում տեղի ունեցող խնդիրների, գեղեցկության եւ, իհարկե, սիրո մասին:

 

- “Սիրո մասին” ֆիլմից հետո Ձեզ հետ բոլոր հարցազրույցները հենց սիրո մասին են: Եվ, ընդհանրապես, այնպիսի տպավորություն է, որ թե հարցազրույցների ընթացքում, թե ֆիլմերում բոլոր թեմաներին էլ անդրադարձել եք: Կա՞ արդյոք ինչ-որ թեմա, որեւէ հարց, որին կուզենայիք պատասխանել:

 

- Իրականում ես շատ խորամանկ եմ, ինձ կարելի է ցանկացած հարց տալ, բայց եթե ես այն չհավանեմ, չեմ պատասխանի: Ու, ընդհանրապես, բազմաթիվ թեմաներ կան, որոնց մասին չեմ խոսի: Նման հարց չկա, որին կցանկանամ պատասխանել, որովհետեւ խոսել չեմ սիրում: Խոսելն աշխատանքիս ամենատհաճ մասն է: Սիրում եմ կինո նկարել: Բայց ֆիլմի պրեմիերայից հետո չես կարող հրաժարվել հարցազրույցներից, որովհետեւ պետք է աջակցես ֆիլմի տարածմանը: Օրինակ, մինչ այս պահը որեւէ հարցազրույց չեմ տվել Ռուսաստանում, չնայած բազում առաջարկներ կան: Որովհետեւ, եթե բոլոր հարցազրույցներին մասնակցեմ, խամաճիկի կվերածվեմ: Իսկ դա ինձ հետաքրքիր չէ․ իմ տարերքը ֆիլմեր նկարահանելն է: Դրա համար էլ, եթե կարելի լիներ ընդհանրապես ոչնչից չխոսել, կլռեի: Կարծում եմ, խոսելն ուժեղ կողմերիցս չէ: Օրինակ՝ Պոզներին, Կոնչալովսկուն կարելի է ժամերով լսել: Այդ տաղանդով բոլորը չէ, որ օժտված են: Դրա համար էլ աշխատում եմ քիչ խոսել՝ միայն անհրաժեշտության դեպքում:

Աննա Մելիքյանը Աննա Մելիքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Հարցազրույցներից մեկում ասել եք, որ ստեղծում եք ֆիլմը, այն էլ, իր հերթին, Ձեզ է ստեղծում: Ինչպե՞ս ձեզ ստեղծեց “Սիրո մասին”  ֆիլմը, ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան: 

 

- Դե, իհարկե, “Սիրո մասինը” իմ ֆիլմն է, բայց ի սկզբանե այն մտածված էր որպես նախագիծ: Մի քիչ այլ պատմություն է, դրա համար էլ չեմ կարող ասել, որ ֆիլմն իմ մասին է: Բայց, չնայած “Սիրո մասինը” թեթեւ կատակերգություն է, այն ստիպեց ինձ լրջորեն մտածել սիրո մասին: Որովհետեւ քեզ ամբողջ մի տարի շարունակում են հարցնել՝ «Իսկ ի՞նչ է սերը», կամ վարպետության դասերի ընթացքում մարդիկ այսպիսի հարցեր են տալիս՝ «Իսկ ի՞նչ է պետք անել, որ չխանդել», «Իսկ որտե՞ղ գտնեմ իմ սիրելիին»: Այսինքն, մարդիկ սկսում են ընկալել ինձ որպես սիրո գիտակ: Իսկ ես որտեղի՞ց իմանամ։ Պատասխանում եմ՝ «Ինձ էլ այդ հասցեն տվեք»: Դրա համար էլ սկսում ես անդադար կարդալ դրա մասին, ուսումնասիրել առարկան, որ թեման ավելի խորը հասկանաս:

 

- Ու ի՞նչ էիք կարդում, ինչպե՞ս էիք ուսումնասիրում սիրո թեման:

 

Վերադառնալով առաջին հարցին․ զզվել եմ տիկնիկի նման նույն հարցին անդադար պատասխանելուց՝ «Ի՞նչ է սերը»: Դրա համար սկսում եմ մտածել՝ սիրո մասին էլ ի՞նչ գիտեմ, ինչպե՞ս է այն աշխատում: Վերջերս սկսեցի դասավանդել: Հանկարծ հասկացա, որ հենց դասավանդելու եւ ուսանողների հետ ունեցած շփման շնորհիվ սովորել եմ մտքերս շարադրել: Նոր մտքեր չեն, բոլորն էլ իմն են, պարզապես քաոսային կերպով ապրում էին իմ մեջ: Բայց միտքը սկսում է կառուցվածքային աշխատել, երբ պետք է ինֆորմացիա փոխանցել: Դա շատ օգնում է, որ սկսես ձեւակերպել այն, ինչ արդեն մտքումդ է: Ու հենց այդ պահին էլ զգում ես, որ ավելի լավ ես սկսում հասկանալ ու գիտակցել այն, ինչի մասին պատրաստվում ես խոսել:

Աննա Մելիքյանը Աննա Մելիքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 - Interview ամսագրում Ռենատա Լիտվինովայի հետ հարցազրույցում Դուք ասացիք, որ ֆիլմում հենց նրան էիք տեսնում: Դերի մասին մտածելիս մի՞շտ եք պատկերացնում, թե ով պիտի այն մարմնավորի:

 

- Այս ֆիլմում հայտնիներն էին ներգրավված, դրա համար էլ միանգամից ճանաչված դերասանների եմ պատկերացրել: Փառք Աստծո, Ռենատան համաձայնեց:

 

- Իսկ եթե հրաժարվե՞ր:

 

- Բացարձակ ֆատալիստ եմ: Հաստատ գիտեմ՝ եթե ինչ-որ բան տեղի չի ունենում, ուրեմն այդպես էր պետք: Ուրեմն պետք էլ չէր, որ լինի: Ես դա շատ լավ գիտեմ՝ երկար ճանապարհ եմ անցել: Առաջ հիստերիա էի ունենում, իսկ հիմա հասկանում եմ․ դերասանը հրաժարվեց մասնակցել ֆիլմին, ուրեմն «իմը» չէ: Որովհետեւ իմ արտիստը միշտ կհամաձայնի: Նման դեպք եղել է Մաշկովի հետ: Նրանից առաջ այլ դերասան էր հայտագրված, ով նկարահանումներից մեկ օր առաջ «դուրս թռավ»: Շատ լավ հիշում եմ, երբ գիշերվա կեսին ինձ զանգահարեցին ու հայտնեցին այդ մասին: Նկարահանման խմբի մոտ հիստերիա էր՝ առաջին մեծության «աստղը» զանգահարել ու ասել է, որ չի կարող նկարահանվել: Նրա մոտ անախորժություններ էին եղել, սեփական կամքով չէր հրաժարվել: Բայց այդ հանգամանքն իրավիճակը չէր փոխում: Երբ ինձ զանգահարեցին, Զեմֆիրայի համերգին էի: Նրա կատարումներն էի լսում ու զարմանում սեփական հանգստությանս վրա: Որովհետեւ հաստատ գիտեի՝ ուրեմն այդպես է պետք, ուրեմն նա «իմը» չէ: Մաշկովին զանգահարեցի: Իսկ մինչ այդ ինձ ասում էին․«Հիմա՞ր ես: Կես տարի առաջ է պետք Մաշկովի հետ պայմանավորվել: Նա ամենա-ամենան է»: Իսկ նա միանգամից պատասխանեց ու ասաց․ «Դե, եթե ասում ես, որ պետք է, ուրեմն պետք է: Ասա, ե՞րբ»: Եվ վերջ:

 

- Իսկ իրական կյանքո՞ւմ էլ կարելի է խնդիրներին այդպես վերաբերվել:

 

- Կյանքում էլ նույնն է: Երբ խոչընդոտներ են լինում, եթե խնդիր կա, ուրեմն այդ պահին դա է բարին: Եթե սերն անպատասխան է, դու տառապում ես, անհանգստանում: Այդ պահին դժվար է հասկանալ, որ հենց դա է բարին: Դու միայն մտածում ես, որ կյանքը դաժան է ու անարդար, որ եթե այդ տղամարդը քեզ չի սիրում, ուրեմն որեւէ արդարացում լինել չի կարող: Բայց 5 տարի անց, անցնելով կյանքի որոշակի ուղի, դու հասկանում ես՝ դա էր բարին:

Աննա Մելիքյանը Աննա Մելիքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամենադժվարը հստակ հասկանալն է, թե ինչ է կատարվում: Որովհետեւ, եթե կյանքումդ ինչ-որ բան է եղել, այնքան լարված ես, «մերկացած» ու ամեն ինչ չափազանցված ու մեծ ես տեսնում: Այդ պահին դժվար է ասել․ «Օքեյ, դե եթե ոչ, ուրեմն ոչ»: Բայց հենց դա է հասունացման ճանապարհը: Հասուն մարդը նա է, ով կարող է սթափ գնահատել իրավիճակը եւ գիտակցել այդ պահը: Որպես ռեժիսոր ինքս ինձ միշտ կողքից եմ նայում: Կարծես մի փոքր հեռու ճախրում ես ու սկսում կողքից հետեւել քեզ: Ու դա օգնում է:

 

- Հենց այսպես ինքնատիպ էլ Ձեր ֆիլմերում գեղեցկության մասին եք խոսում՝ մի քիչ խաղալով նրա հետ: Օրինակ՝ գեղեցկուհի Ռավշանա Կուրկովային դեռ այսպիսին չէինք տեսել, բավականին անսովոր էր:

 

- Կարծում եմ, սա նրա լավագույն դերն է, ու դեռ կզարգացնենք այն: Երբ ինձ առաջարկեցին նկարահանել Ռավշանային, մտածեցի՝ հետաքրքիր չէ: Այո, նա գեղեցկուհի է, մոդել: Որոշեցի մտածել մի կերպար, որ ինձ համար հետաքրքիր դառնա: Դրա համար էլ միտք ծագեց, որ նա ստանձնի մի աղջկա կերպար, ով տառապում է այն պատճառով, որ գեղեցկուհի չէ: Ռավշանային ընկալում են միայն որպես գեղեցկուհի՝ ամսագրի շապիկի աղջիկ, իսկ նա շատ խելացի կին է: Նա խորն է, կիրթ, նրբազգաց՝ այս ամենն ինձ համար բացահայտում էր: Հիմա շատ մտերիմ ընկերուհիներ ենք:

 

Հասկանո՞ւմ եք, գեղեցկությունը ներքին զգացողություն է: Այնքան ընկերուհիներ ունեմ, որ պարզապես գեղեցկուհիներ են: Բայց չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ ինքնաքննադատ են սեփական անձի վերաբերյալ: Այսինքն, նրանք իրենց գեղեցկուհիներ չեն համարում:

 

- Այդ թեման «Աստղը» ֆիլմում եք զարգացրել:

 

- Այո, շատերը պլաստիկ վիրահատության են դիմում, տարբեր հիմարություններ անում: Մարդիկ կարծում են, որ կփոխեն արտաքինը, ու կյանքն ավելի լավը կդառնա:

Աննա Մելիքյանը Աննա Մելիքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Վերադառնալով “Սիրո մասին” ֆիլմին․ ինձ նաեւ շատ զարմացրեց այն, որ Յուլիա Սնեգիրի հերոսուհու՝ առաջին հայացքից անհյուրընկալ բնակարանը ֆիլմում յուրահատուկ կերպով այդքան գեղեցիկ էր ստացվել: Ու Մոսկվան էլ լրիվ այլ էր: Այնպիսի տպավորություն էր, որ նույնիսկ քաղաքն էր որոշել օգնել Ձեզ ու դեր խաղալ:

 

- Այո, դա խնդիր է, որի հետ միշտ առնչվում եմ: Միշտ փորձում եմ սեւ արտ-հաուսային վիճակ ստանալ, համապատասխանել իրականությանը, բայց կարծես ինձ մոտ չի ստացվում:

 

Շատ եմ ճամփորդել միայնակ: Տուրիստական հաղորդում էինք նկարահանում հեռուստատեսության համար: Ամբողջ աշխարհով ճամփորդել եմ ու արդեն սկսել էի ատել բոլոր քաղաքները: Կողքից շատ ռոմանտիկ էր թվում, բայց իրականում ես աշխատում էի հետեւյալ կերպ՝ ինքնաթիռ, մոնտաժ, նկարահանում: Ինչ-որ պահի ես պարզապես արթնանում էի հյուրանոցում ու հասկանում, որ չեմ հիշում, թե որ քաղաքում եմ: Այդ հաղորդման նկարահանումներից հետո երկար ժամանակ ոչ մի տեղ չէի մեկնում:

Աննա Մելիքյանը Աննա Մելիքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քաղաքները սիրում եմ «ոտքերով» ուսումնասիրել, տուրիստական վայրերն ինձ չեն գրավում: Պարզապես վերցնում եմ քարտեզն ու վերջ՝ սկսում եմ քայլել: Սիրում եմ նստել որեւէ սրճարանում ու ուսումնասիրել մարդկանց: Բայց մի շատ հետաքրքիր բան կա՝ կյանքի ամենահետաքրքիր ճանապարհորդություններդ ինքդ քո ներսում ես կատարում:

 

- Ու նորից բոլոր հարցերը սիրո մասին են: Կյանքում ու ներսում այդ  “ճանապարհորդությունները” կատարելուց հետո “սիրո մասին” ինչ-որ նոր բան բացահայտե՞լ եք:

 

- Գիտեք, հիմա “Սիրո մասին 2”-ն ենք նկարահանում: Հինգ տարբեր ռեժիսորներ են ներգրավված այս նախագծում: Երեւան գալուց առաջ բոլորս միասին քննարկում էինք ֆիլմի սյուժեն, հերոսներին, ու ինձ թվում էր, թե սիրո մասին այլեւս որեւէ նոր միտք չեմ ունենա: Մեզ հետ էր նաեւ ռեժիսոր Պաշա Ռումինովը: Հանկարծ նա ասաց․ “Դուք չեք հասկանում: Սերը դիմացինին ընդունելն է”: Հասկացա՝ նման ձեւակերպում դեռ չէի լսել:

Աննա Մելիքյանը Աննա Մելիքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիովին համամիտ եմ․ սերը այն զգացողությունն է, երբ չես փորձում փոխել մարդուն, հարմարեցնել նրան քեզ, այլ պարզապես ընդունում ես նրան այնպիսին, ինչպիսին կա:

 

Աննա Մելիքյանի հետ զրուցել է Լենա Գեւորգյանը։

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին