Վենդի Քոփ. Կրթությունը համակարգային փոփոխության կարիք ունի - Mediamax.am

exclusive
23134 դիտում

Վենդի Քոփ. Կրթությունը համակարգային փոփոխության կարիք ունի

Վենդի Քոփը ստանում է Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտորի կոչումը 2012թ. մայիսին
Վենդի Քոփը ստանում է Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտորի կոչումը 2012թ. մայիսին

Լուսանկարը` REUTERS/Brian Snyder

Լուսանկարը`


Վենդի Քոփը կրթության հնարավորություններն ընդլայնող  անկախ, ոչ առեւտրային կազմակերպությունների համաշխարհային ցանցի՝ Teach For All-ի գործադիր տնօրենն ու համահիմնադիրն է,  Teach For America (TFA) նախաձեռնության հիմնադիրը: 1989 թ.-ին Քոփը Փրինսթոնի համալսարանում իր ավարտական թեզի շրջանակներում առաջարկեց ստեղծել Teach For America-ն:

 

2007 թ.-ին, Քոփը հիմնեց անկախ, ոչ առեւտրային կազմակերպությունների համաշխարհային ցանցը՝ Teach For All-ը, որը Teach For America-ի մոդելը ներդնում է այլ երկրներում: Վենդի Քոփը Time ամսագրի կողմից ճանաչվել է 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը եւ արժանացել բազմաթիվ պարգեւների եւ պատվոգրերի հանրային ծառայության համար:

 

Վերջերս Վենդի Քոփը այցելել էր Հայաստան եւ ներկա էր գտնվել հուշագրի ստորագրմանը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ «Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia) կրթական հիմնադրամի միջեւ: Հուշագրի ստորագրումից մի քանի օր առաջ Teach For Armenia կրթական հիմնադրամը, Scholae Mundi Armenia եւ IDeA հիմնադրամների հետ համատեղ, UWC Dilijan քոլեջում կազմակերպել էր Teach For Armenia-ի 2016 թվականի ծրագրի մասնակիցների առաքելության մեկնարկի արարողությունը:

 

- Կարծում եմ՝ հնարավորություն ունեցաք համեմատելու, թե ինչ է անում Teach For Armenia-ն այլ երկրներում ձեր նախաձեռնության հետ:

 

-Չկա ոչինչ, որ պետք է նույնը լինի: Teach For All ցանցի բոլոր կազմակերպությունները միավորված են մեկ ընդհանուր առաքելության եւ ընդհանուր նպատակի ներքո՝ զարգացնել հավաքական առաջնորդություն, երաշխավորել, որ բոլոր երեխաները կարող են իրագործել իրենց ողջ ներուժը: Բոլոր այս կազմակերպություններն անում են դա՝ իրենց գործունեությունը ծավալելով որոշակի միավորող գաղափարների պայմաններում: Նրանք բոլորն էլ հավաքագրում եւ ընտրում են իրենց երկրի լավագույն շրջանավարտներին, խնդրում նրանց երկու տարի նվիրել ամենակարիքավոր համայնքներում դասավանդելուն, ներդրում են կատարում նրանց վերապատրաստման գործում եւ աջակցում, որպեսզի այդ շրջանավարտներն էլ դրական ազդեցություն ունենան երեխաների վրա եւ վերջին հաշվով, ստանան երկարատեւ առաջնորդության եւ հանրային ծառայության հիմնարար փորձ՝ հետամուտ լինելով երազանքին, այն է՝ կրթական հնարավորություն բոլորի համար:        

 

Այս գաղափարը նույն է բոլոր կազմակերպությունների համար, բայց իրագործման մոդելները կարող են տարբերվել: Ցանկացած տեղական կազմակերպություն, այդ թվում՝ Teach For Armenia-ն, մտածում է՝ «Ինչպե՞ս ներդնել այս մոտեցումը առկա համատեքստում, որպեսզի այն ունենա հնարավորինս մեծ ազդեցություն»:

 

Շատ տպավորված էի նախեւառաջ մարդկանց խմբի բազմազանությամբ, որոնք դիմել էին ծրագրին: Նրանք աշխատանքի հիմքում դնում են այն տեսլականը, որը ցանկանում են ճշմարիտ տեսնել նաեւ իրենց աշակերտների համար, նրանք խոսում են աշակերտների հետ՝ տալով նրանց ոչ միայն ամբողջական կրթություն եւ ակադեմիական հմտությունները, այլեւ հմտություններ եւ վստահություն, որն անհրաժեշտ է՝ ապագայում Հայաստանի տնտեսությունը հարստացնելու եւ ավելի ուժեղ Հայաստան ձեւավորելու համար:

- Եկեք խոսենք ուսուցչի դերի մասին: Մի կողմից, այսօր կան օնլայն կրթության շատ գործիքներ, մարդկանց հեշտ է «ամեն ինչ» գտնել համացանցում: Միեւնույն ժամանակ, սկսում ենք հասկանալ, որ ուսուցչի դերն ավելի ու ավելի կարեւոր է դառնում: Ի՞նչպես կարելի է մոտիվացնել մարդկանց, որպեսզի նրանք մենթորներ դառնան եւ կիսեն իրենց փորձը, գիտելիքները երեխաների հետ:

 

- Teach For All ցանցում մենք դասավանդումն ընկալում ենք որպես առաջնորդություն: Ամենահաջողակ ուսուցիչները ընդգրկում են երեխաներին՝ նրանց ամբողջական ներուժն օգտագործելու եւ իսկապես լավ կրթություն ստանալու  առաքելության մեջ: Միանգամայն համաձայն եմ, որ լավ դասավանդումն ավելին է, քան սոսկ արդյունավետ շփումը թեմայի, առարկայի հետ: Teach For All ցանցում մենք հավատում ենք, որ օգնելով գալիք սերնդին հասկանալ, թե իրականում ինչ է հաջողակ դասավանդումը, լավագույն ձեւն է ավելի մեծ թվով մարդկանց հավաքագրելու եւ ուսուցիչ լինելը որպես կարիերա ընտրելու համար:

  

Մեր աշխատանքի հիմքում ընկած է այն հավատը, որ կարիքավոր երեխաների համար դեպի տրանսֆորմացիոն փոփոխություն տանող միակ ճանապարհը համակարգային փոփոխությունն է: Մենք ավելի մեծ թվով ուսուցիչների, բայց բազմաթիվ այլ բաների կարիք եւս ունենք: Մեզ պետք է վերաիմաստավորել դպրոցների կառուցվածքը, դրանց աշխատանքի համակարգը: Պետք է բարելավենք առողջապահության, սննդի եւ վաղ կրթության որակը: Սա ենթադրում է մեծ թվով փոփոխություններ, որոնք պետք է իրականացնել: Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր համայնքում, գյուղում առաջնորդների խումբ կազմելը դեպի համակարգային փոփոխություններին տանող ճանապարհ է:

  

- Դուք հանդիպել եք այն 32 ուսուցիչներին, ովքեր երկու տարով մեկնելու են Հայաստանի հեռավոր բնակավայրերի դպրոցներում դասավանդելու համար: Վիճակագրություն ունե՞ք, թե երկու տարին լրանալուց հետո նրանցից քանիսն են ցանկանում շարունակել դասավանդելը կամ որոշակի այլ ձեւով ներգրավվել ձեր նախաձեռնությունում:

 

- Teach For All ցանցի փորձը վկայում է, որ երկու տարվա դասավանդումն ամբողջությամբ փոխում է հենց իրենց՝ ուսուցիչներին: Ցանցի ներսում բոլոր կազմակերպությունների շրջանավարտների երկու երրորդը շարունակում է ամբողջ դրույքով աշխատել կրթության համակարգում, իսկ շատ շատերը աշխատում են այլ ոլորտներում, բայց զբաղվում են նրանով, ինչն ազդեցություն է ունենում դպրոցների կամ ցածր եկամուտ ունեցող համայնքների կյանքի որակի վրա:   

Վենդի Քոփը Վենդի Քոփը

Լուսանկարը` Getty Images

Ամենուր՝ Բուլղարիայից մինչեւ Պերու եւ Հնդկաստան, մեր ցանցի բազմաթիվ վայրերում, մենք սկսել ենք տեսնել, որ այդ երիտասարդներն արդեն ստանձնել են առաջնորդի նշանակալի դերակատարություն՝ բացել են դպրոցներ, նախաձեռնություններ են սկսել ՝ փոխելու ուսուցիչների պատրաստման ձեւերը, ազդեցիկ պաշտոններ են գրավել իրենց երկրի կառավարությունում:

 

-Դուք այցելել եք UWC Դիլիջան քոլեջ: Դպրոցի հիմնադիրները միշտ ասում են, որ, ըստ իրենց տեսլականի, քոլեջը պետք է շարժիչ դառնա ամբողջ տարածաշրջանի համար՝ օգնելու փոխել մարդկանց կյանքը, նրանց սոցիալական պայմանները, այլ ոչ թե «օազիս» լինի այս տարածաշրջանում: Կարո՞ղ է արդյոք այդ քոլեջը դառնալ ավելին, քան սոսկ կրթական հաստատություն:

   

- Ես շատ ոգեշնչվեցի՝ տեսնելով ոչ միայն այն բազմակողմանի աշխատանքը, որն  իրականացնում են Ռուբեն Վարդանյանը ու Վերոնիկա Զոնաբենդը Դիլիջանի զարգացման համար՝ UWC Դիլիջան քոլեջը դնելով այդ ջանքերի կենտրոնում: Դա իսկապես շատ տպավորիչ է: Անհամբերությամբ սպասում են այն օրվան, երբ մենք Teach For All-ի համաժողով կկազմակերպենք Դիլիջանում: Կարծում եմ՝ նրանք շատ զորեղ տեսլական ունեն, եւ մենք իսկապես ուրախ ենք դրա մի մասը լինել:   

 

-Հայերս շատ հարուստ մշակութային ժառանգություն ունենք, սակայն մենք նաեւ հետխորհրդային երկիր ենք, որը դեռեւս անցումային փուլում է գտնվում: Ոմանք ասում են, որ մենք շատ ենք տարված անցյալով եւ ավելի շատ ապագային նայելու կարիք ունենք: Ձեր կարծիքով, կրթության տեսանկյունից հնարավո՞ր է ճիշտ հավասարակշռություն գտնել անցյալի եւ ապագայի միջեւ: 

 

- Այնքան գեղեցիկ հարց եք տալիս: Մենք Teach For All ցանցում շատ ենք մտածում այդ մասին: Կարծում ենք, որ երեխաներն պետք լայն պատկերացում ունենան իրենց ազգի մշակույթի եւ պատմության մասին եւ բարձր գնահատեն այն: Միեւնույն ժամանակ, նրանք պետք է ստանան այն հմտություններն ու գիտելիքները, որոնք կօգնեն նրանց փոխել ապագան: Մեր կարծիքով, երկուսն էլ՝ անցյալն ու ապագան, հավասարապես կարեւոր են, եւ հուսով եմ, որ Teach For Armenia-ի ուսուցիչները դրանք առաջ տանող ուժ կլինեն:    

 

Վենդի Քոփի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին