Բլահոսլավ Նեմեչեկ. «Խթանել աճը «կանաչ տնտեսության» միջոցով» - Mediamax.am

exclusive
25606 դիտում

Բլահոսլավ Նեմեչեկ. «Խթանել աճը «կանաչ տնտեսության» միջոցով»

Բլահոսլավ Նեմեչեկը
Բլահոսլավ Նեմեչեկը

Լուսանկարը` Economix.cz

Լուսանկարը`


Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը EY Czech ընկերության գործադիր տնօրեն, «Կանաչ քաղաք. գործողությունների ծրագրի» ղեկավար Բլահոսլավ Նեմեչեկի հետ

 

- Երեւանի քաղաքապետարանը սեպտեմբերին տեղեկացրել էր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ իրագործվելիք «Կանաչ քաղաք» ծրագրի մասին, որի խորհրդատուն EY (նախկինում՝ Ernst & Young) ընկերությունն է: Որո՞նք են լինելու ձեր ընկերության հիմնական գործառույթներն այս ծրագրում եւ ինչպիսի՞ խորհրդատվություն եք մատուցելու:

- Մենք աշխատում ենք Հայաստանի անկախ փորձագետների խմբի, ինչպես նաեւ միջազգային` SEVEn (էներգախնայողություն) եւ GeoTest (ջուր եւ թափոններ) մասնագիտացած գործընկեր կազմակերպությունների փորձագետների հետ:

 

Մեր գլխավոր նպատակը «Կանաչ քաղաք. գործողությունների ծրագիր» (Green City Action Plan-GCAP) կազմելն է: Սա հայեցակարգային փաստաթուղթ է, որը կմատնանշի հիմնական մարտահրավերները եւ կառաջարկի Երեւան քաղաքում այդ խնդիրների լուծման առաջնահերթ գործողությունները: Պատրաստվում ենք պարբերաբար վերլուծել ընթացիկ իրավիճակի վերաբերյալ հասանելի տեղեկատվությունը, հանդես գալ կառուցվածքային քաղաքականության տարբերակներով եւ գործողություններով, քննարկումներ խրախուսել Երեւան քաղաքի եւ տարբեր շահագրգիռ կողմերի միջեւ:

 

Գործողությունների իրականացման առաջնահերթությունների եւ որոշումների վերջնական ընտրությունը կատարելու է Երեւանի քաղաքապետարանը:

 

-Որո՞նք են «Կանաչ քաղաք» ծրագրի առաջնահերթությունները եւ ի՞նչ սկզբունքով են դրանք որոշվել:

 

- Նախագծի նպատակն է խթանել Երեւանի տնտեսական եւ սոցիալական աճը՝ չանտեսելով բնապահպանական խնդիրները: Մեր նպատակն է ամբողջական գնահատական տալ եւ կանաչ տնտեսությանն աջակցող ամբողջական ռազմավարություն ստեղծել: Այդ նպատակով` ՎԶԵԲ-ը, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունն (OECD) ու ICLEI-ը (կայուն զարգացմանն աջակցող քաղաքների եւ շրջանների համաշխարհային ցանց) մշակել են համապարփակ մեթոդաբանություն, որը իրավիճակի ցուցանիշները (օրինակ` օդի աղտոտվածություն) կապակցում է դրանց պատճառների (օրինակ` տրանսպորտային միջոցների արտանետումներ) եւ առկա քաղաքականությունների հետ: Մեթոդաբանությունը կառուցված է քանակական վերլուծության ենթարկված տեղեկատվության եւ չափորոշիչների հիման վրա, որոնք հնարավորություն են տալիս նշել մարտահրավերների «տեխնիկական առաջնահերթությունը»: Բայց այս տեխնիկական գնահատականը ծառայելու է միայն որպես հիմք կամ ելակետ, իսկ զարգացման վերջնական առաջնահերթությունները կձեւավորվեն Երեւան քաղաքի եւ շահագրգիռ կողմերի խորհրդակցությունների արդյունքում:  

 

-Ներդրումային ծրագրեր են նախատեսվում հասարակական տրանսպորտի, ջրամատակարարման, կեղտաջրերի մաքրման, էներգախնայող ջեռուցման համակարգերի կիրառման եւ քաղաքային կոշտ թափոնների կառավարման բնագավառներում: Մանրամասնեք` ինչպիսի՞ ծրագրեր են լինելու դրանք եւ ի՞նչ քայլեր են իրականացվելու:

 

-Կոնկրետ նախագծերը կորոշվեն «Կանաչ քաղաք. գործողությունների ծրագրի» ձեւավորման ընթացքում միայն եւ կհիմնվեն հաստատված առաջնահերթությունների, ինչպես նաեւ ներդումային հնարավորությունների արդյունավետության վրա (օրինակ` ներդրված յուրաքանչյուր դոլարի դիմաց ակնկալվող էներգիայի խնայողություն կամ այլ բարեփոխումներ):

 

Կստեղծվեն նոր ծրագրեր եւ կարվեն լրացումներ արդեն ընդունված նախագծերում կամ նախատեսված այլ քաղաքական փաստաթղթերում, ինչպիսին է Կայուն էներգիայի գործողությունների ծրագիրը: «Կանաչ քաղաք. գործողությունների ծրագիրը» կարող է առաջարկել լրացուցիչ ներդրումներ, ինչպես նաեւ կոնկրետ ծրագիր եւ դրա նպատակներին հասնելու խթաններ: Վերջնական որոշումը, իհարկե, կայացնելու են քաղաքային իշխանությունները:

 

- Ծրագիրը քանի՞ փուլով է նախատեսվում է իրականացնել: Ի՞նչ աշխատանքներ են նախատեսվում փուլերից յուրաքանչյուրում:

 

- Չորս հիմնական փուլ է նախատեսված: Առաջին` ելակետային փուլը նախատեսում է տվյալների հավաքագրում`ընթացիկ իրավիճակի գույքագրմամբ եւ մարտահրավերների նախանշմամբ:  Մենք այժմ այս փուլում ենք: Երկրորդ փուլը («Կանաչ քաղաք. գործողությունների ծրագիր») կկենտրոնանա զարգացման տեսլականի ձեւավորման եւ իրականացվելիք քաղաքականության տարբերակների ընտրության վրա: Երրորդ փուլը` «Կանաչ քաղաք. իրագործում», կներառի նաեւ համապատասխան մշտադիտարկում: Եզրափակիչ` «Կանաչ քաղաք. հաշվետվություն» փուլը բաղկացած է լինելու իրականացված միջոցառումների արդյունքների գնահատականից եւ ընթացքում «քաղված դասերի» հավաքագրումից, ինչը կարող է օգտագործվել հետագա նոր ծրագրերում կամ շարունակվելիք աշխատանքներում:

 

-Որքա՞ն ժամանակ եւ գումար կպահանջվի փուլերից յուրաքանչյուրի, ինչպես նաեւ ծրագրի ամբողջական իրագործման համար:

 

- Ծրագրի առաջին երկու փուլերը պետք է իրականացվեն մինչեւ 2017թ.-ի ամռան ավարտը, որից հետո կարող է պահանջվել շուրջ երեք տարի` գործողությունների ծրագրի իրագործման համար, իսկ դրան հաջորդող գնահատումը պետք է իրականացվի մի քանի ամսում:

 

Ինչ վերաբերում է միջոցներին, ապա առաջին երկու փուլը, ներառյալ մշտադիտարկման պլանի մշակումը, ֆինանսավորվելու են չեխական դոնորի միջոցներով, որոնք կառավարվում են ՎԶԵԲ-ի կողմից: Իսկ հիմնական ֆինանսավորման պահանջները կորոշվեն քաղաքականության ընտրությամբ եւ ներդրումներով:

 

Հիմնական ֆինանսական կարիքների գնահատումը կարվի նախագծի երկրորդ փուլում, եւ քաղաքային իշխանությունը վերջնական որոշում կկայացնի ներդրումների բնույթի եւ չափի վերաբերյալ:

 

-Գործողությունների պլանի երկրորդ քայլում այպիսի հարց է դրված` «Ո՞ւր ենք գնում եւ ո՞ւր ենք ուզում հասնել»: Այս հարցի պատասխանն արդեն սահմանվա՞ծ է:

 

-Պատասխանը կսահմանվի երկրորդ փուլում: Միեւնույն ժամանակ, սա լավ հարց է հիմա ուղղելու համար, քանի որ մենք կարծիքներ հավաքել ենք նախագիծը սկսելու առաջին օրվանից:

 

-Ովքե՞ր եւ ինչպե՞ս են զբաղվելու «Կանաչ քաղաք» ծրագրի վերահսկմամբ:

 

-Առաջին երկու փուլերի ընթացքում ծրագիրը վերահսկվելու է դոնորի եւ ՎԶԵԲ-ի, ինչպես նաեւ «Կանաչ քաղաք» ծրագրի սեփականատեր Երեւանի քաղաքապետարանի կողմից:

 

Երրորդ եւ չորրորդ փուլում ծրագիրը կվերահսկվի միայն քաղաքապետարանի կողմից, բայց մենք, որպես խորհրդատուներ, կօգնենք ծրագրի իրականացման մոնիտորինգի մեխանիզմների սահմանման հարցում:

 

- Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Երեւանի բնակիչների ակտիվ մասնակցությունը: Ինչպիսի՞ մասնակցության մասին է խոսքը:

 

- Մենք արդեն երկխոսություն ենք սկսել հասարակական կազմակերպությունների հետ`որպես բնակիչների հիմնական ներկայացուցիչներ եւ քաղաքում իրավիճակի վերաբերյալ լավ պատկերացում ունեցողներ: Այս երկխոսությունը կշարունակվի «Կանաչ քաղաք. գործողությունների ծրագրի» զարգացման ողջ ընթացքում:

 

Բնակիչների հետ ուղիղ հաղորդակցումը նախատեսվում է երկու հանրային դասընթացների միջոցով, որոնք կիրականացվեն առաջին փուլի ավարտից մինչեւ երկրորդ փուլի ավարտ: 

 

-Ծրագիրը նախատեսում է բնապահպանական խնդիրների եւ ռիսկերի մեղմացում, այդ թվում` CO2 գազի արտանետման ծավալների նվազեցում: Ի՞նչ քայլեր են արվելու այս կետերի իրագործման համար:

 

-Ինչպես արդեն ասացի, «Կանաչ քաղաք. գործողությունների ծրագիրը» կձեւավորվի ավելի վաղ ընդունված Կայուն էներգիայի գործողությունների պլանի հիման վրա, որն ուղղված է էներգիայի խնայողությանը, էներգաարդյունավետության բարձրացմանը, վերականգնվող էներգիայի արտադրության խթանմանը եւ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը: Մենք հաշվի կառնենք արդեն քննարկված միջոցները եւ հանդես կգանք հավելյալ առաջարկներով՝ ազդեցության ուժեղացման համար: Սակայն դեռեւս վաղ է խոսել այդ առաջարկների մասին:

 

Բլահոսլավ Նեմեչեկի հետ զրուցել է Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին