Հովհաննես Հովհաննիսյան. Քառօրյա պատերազմը սթափեցնող գործոն էր - Mediamax.am

exclusive
33926 դիտում

Հովհաննես Հովհաննիսյան. Քառօրյա պատերազմը սթափեցնող գործոն էր

Հովհաննես Հովհաննիսյանը
Հովհաննես Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի աշխատանքային թիմը երկրորդ տարին անընդմեջ հետազոտում է «Հայոց ցեղասպանության երեւույթի ընկալման առանձնահատկություններն ու հոգեբանական-աշխարհայացքային անդրադարձները հանրային կարծիքում» (մանրամասները հասանելի են այստեղ, էջ 79):

 

Երկրորդ հետազոտությունն իրականացվել է 2016թ. մարտի 15-ից ապրիլի 15-ը, ստանդարտացված հարցազրույցի մեթոդով: Հարցմանը մասնակցել են 560 երեւանցիներ:

 

Ս.թ. մայիսին Մեդիամաքսը աշխատանքային խմբի ղեկավար, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանի հետ զրուցել էր 2015 թվականին անցկացված հետազոտության մասին: Հաշվի առնելով այն, որ հայտնի են նոր հետազոտության արդյունքները,

Հովհաննես Հովհաննիսյանին խնդրեցինք ներկայացնել հանրային կարծիքում արձանագրված տեղաշարժերը: 

 

- Ինչպիսին էին Ցեղասպանության երեւույթի նկատմամբ ունեցած տրամադրությունները երկրորդ հարցման ժամանակ:

 

- Ինչպես 2015թ., այնպես էլ 2016թ.  հետազոտության ընթացքում հարցման մասնակիցներին ներկայացվել է հնարավոր տրամադրությունների եւ զգացումների 12 դրսեւորումներից բաղկացած ցանկ եւ առաջարկվել է նշել, թե դրանցից որոնք եւ ինչ չափով են ունենում հարցվողները Հայոց ցեղասպանության մասին խորհելիս:

 

Հետազոտության մեթոդաբանության եւ գործիքակազմի պահպանումը թույլ է տալիս արձանագրել հանրային կարծիքում առկա, թեեւ՝ ոչ արմատական, այնուհանդերձ՝ ուշագրավ փոփոխություններ: Ներկայացված տրամադրությունների ցանկի ութ բաղադրիչների առումով 2015 եւ 2016թթ. հարցումներն արձանագրել են կայուն ցուցանիշներ: Չորսի դեպքում կան փոփոխություններ:

 

Ինչպես 2015թ., այնպես էլ 2016թ. տվյալներով առաջին հորզոնականում  ափսոսանքի եւ կորստյան ցավի զգացումն է՝ 97,5%: Հարցման մասնակիցների 26,1%-ն այդ զգացումն ունենում է զգալի չափով, իսկ 71,4%-ը՝ խիստ զգալի չափով:

 

Երկրորդը  ցեղասպանությունը կազմակերպողների եւ իրականացնողների նկատմամբ ատելության զգացումն է( 94,5%):

 

Երրորդը  ի հեճուկս ցեղասպանության արհավիրքի՝ տոկալու եւ ապրելու վճռականության զգացումն է՝ 93,3%: 

 

Չորրորդ տեղում  կորուստը գոնե մասամբ վերադարձնելու վճռականությունն է՝ 92,2%: 

 

Ըստ ինտենսիվության հինգերորդը ամենօրյա աշխատանքով Հայաստանը շենացնելու ու հզորացնելու տրամադրությունն է՝ 91,1%:  

 

Վեցերորդ հորիզոնականում  պահանջատիրության եւ հատուցման համար պայքարելու տրամադրություններն են՝ 90,9%:

 

Յոթերորդը  ապագայի նկատմամբ հույսի ու լավատեսության տրամադրություններն են՝ 88,9%:

 

Ութերորդ տեղում  ցասման եւ վրեժխնդրության զգացումն է՝ 88,4%: Տվյալ զգացումն ավելի զգալի է ավագ սերնդի ներկայացուցիչների (61 եւ ավելի տարեկաններ) շրջանում՝ 91,7%, քան երիտասարդ սերնդակիցների (18-30 տարեկաններ) մոտ՝ 84,2%  եւ առավել արտահայտված է ցեղասպանության զոհերի ու դրա հետեւանքով բնօրրանը կորցրածների ժառանգների շրջանում:

 

Հաջորդ չորս բաղադրիչների առումով արձանագրվել են նվազման միտումներ:

 

Նախորդ տարվա համեմատ այլոց (այլ ազգերի ներկայացուցիչների) հետ հայ ժողովրդի ցավի մասին խոսելու, կիսվելու ցանկությունը նվազել է 8,8%-ով եւ կազմում է 68,2%:

 

Հաջորդը ապագայի նկատմամբ անվստահության եւ տագնապի զգացումն է՝ 67,3%:  Նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը նվազել է 5,8%-ով: Այն համեմատաբար ավելի նկատելի է ավագ սերնդակիցների (46-61 եւ ավելի տարեկաններ) մոտ՝ 72,1%, քան երիտասարդների (18-45 տարեկաններ) շրջանում՝ 63,4%: Ընկճախտի (դեպրեսիայի) եւ հիասթափության զգացում ունի հարցվածների՝  57,3%-ը: Նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը նվազել է 9,5%-ով:

 

Ցեղասպանության փաստի հետ կապված զգացումների ու տրամադրությունների շարքը եզրափակում է զոհի եւ հալածվածի զգացումը՝ 56,1% ցուցանիշով, ինչը 11,7%-ով ավելի նվազ է նախորդ տարվա ցուցանիշից: Այս տրամադրությունն, ընդհանուր առմամբ, առավել զգալի է 61 եւ ավելի տարեկանների շրջանում՝ 63,9%, ընդ որում խիստ զգալի չափով է արտահայտված նրանց 37,0%-ի մոտ: Համեմատության համար ասեմ, որ վերջին ցուցանիշը 46-60 տարեկանների մոտ կազմում է 24,0% , իսկ ՝ 18-45 տարեկանների շրջանում՝ 21,9%

 

- Ինչո՞վ եք պայմանավորում երկրորդ հարցման ժամանակահատվածում  հոռետեսական ցուցանիշների նվազումը:

 

- Այդպիսի փոփոխությունը թերեւս կարելի է բացատրել մի քանի գործոններով:

 

Նախ՝ զոհի բարդույթը թոթափելու մշակութային տեւական քաղաքականությամբ, դրա անհրաժեշտության մասին բազմաթիվ գործիչների ու կազմակերպությունների կողմից նախաձեռնվող քարոզչությամբ ու քննարկումներով:

 

Երկրորդը  Հայոց ցեղասպանության փաստը տարբեր պետությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից ընդունելու եւ դատապարտելու շարունակվող գործընթացն է: Այդ ամենը քաղաքականից զատ բարոյական եւ հոգեբանական աջակցություն է հայ մարդուն, անվտանգության ու պաշտպանվածության լրացուցիչ երաշխիք:

 

Երրորդ եւ, ըստ իս, ամենակարեւոր գործոնը 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծած քառօրյա պատերազմի ազդեցությունն է: Ինչպես անհատը, այնպես էլ սոցիալական հավաքական սուբյեկտը ճգնաժամային, մարգինալ իրավիճակներում ի վիճակի է մոբիլիզացնել իր ներուժը, թոթափել անվստահությունն ու բարդույթները՝ ստեղծված իրավիճակին համապատասխան վարք ու մտածելակերպ դրսեւորելով: 2016թ. ապրիլի քառօրյա պատերազմը պատճառած կորուստներով հանդերձ Հայաստանի եւ Ղարաբաղի քաղաքացիների համար այդպիսի սթափեցնող, վճռականության եւ ինքնավստահության մղող գործոն հանդիսացավ:

 

Հազարավոր կամավորականներ մեկնեցին ռազմական գործողությունների գոտի՝ զինվորներին աջակցելու նպատակով: Միլիոնավոր հայեր մասնակցեցին հայկական բանակին եւ նրա զինվորներին նյութական-ֆինանսական աջակցության ծրագրերին: Այդ տրամադրությունները, թերեւս, իրենց արտացոլումն են գտել տվյալ հետազոտության արդյունքներում, որի «դաշտային» աշխատանքներն իրականացվել են 2016թ. մարտի 15-ից  ապրիլի 15-ը ընկած ժամանակահատվածում:

 

- Առաջին հարցումը նախորդել էր Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, իսկ երկրորդը` հաջորդել: Ինչպե՞ս կգնահատեք այդ միջոցառումների ազդեցությունը հասարակական տրամադրությունների վրա:

 

- Միջոցառումների կազմակերպված բնույթը, միջազգային ընդգրկումն ու արձագանքներն անկասկած դրական, եւ՛ գոտեպնդող եւ՛ սփոփիչ ազդեցություն ունեցան հասարակական տրամադրություններում անկումային նոտաների հաղթահարման եւ լավատեսական դիրքորոշումների ամրապնդման առումով: Բարձր եմ գնահատում նաեւ այդ միջոցառումների դերը միջազգային հանրության կարծիքն իրազեկելու, քաղաքական ու քաղաքագիտական կենտրոնների ուշադրությունը մեր հիմնախնդրի վրա եւս մեկ անգամ բեւեռելու առումով:

 

- Հայկական եւ արտասահմանյան մամուլում մեծ արձագանք գտած եւ հասարակության շրջանում  ոգեւորություն առաջացրած որոշ իրադարձություններ, ինչպես օրինակ` «Ավրորա» մրցանակաբաշխությունն ու Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից Հայաստան այցի ժամանակ «Ցեղասպանություն» տերմինն օգտագործելը հաջորդել են հարցմանը: Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն է եղել այս իրադարձությունների ազդեցությունը:

 

- Ձեր հարցին թվերի «լեզվով» պատասխանելու համար կոնկրետ սոցիոլոգիական հետազոտությունների կարիք կլիներ: Սակայն, իմ խորին համոզմամբ, այդպիսի միջոցառումներն ու իրադարձությունները՝ թե «Ավրորա» մրցանակաբաշխությունը, թե՛ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան եւ ցեղասպանության փաստի դատապարտումը, թե՛ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող փաստաթղթի ընդունումը, թե Ֆրանսիայի օրենսդիր իշխանության կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացանող օրինագծի ընդունումը դրական են անդրադառնում հանրային տրամադրություններում ապագայի նկատմամբ լավատեսության, Հայաստան երկիրը շենացնելու ու զորացնելու վճռականության ավելացման առումով:

 

-Այս հարցման ընթացքում, բացի հարցաթերթում թվարկված տրամադրություններից` ռեսպոնդենտներն այլ տրամադրությունների մասին խոսե՞լ են:

 

-Այո: Նման հետազոտությունների ընթացքում նախընտրելի է կիսափակ հարցերի եւ համապատասխան սանդղակների կիրառումը: Այստեղ, հետազոտողների կողմից առաջադրված տարբերակներից բացի, տեղ է թողնվում նաեւ հնարավոր այլ պատասխանների համար: Այդպիսի պատասխաններ մենք էլ ենք ստացել: Սակայն դրանց տեսակարար կշիռը այնքան նշանակալի չէ (0,9%), որպեսզի դիտարկվեն որպես առանձին վերլուծության միավոր: Այնուհանդերձ, խոսքը խղճահարության, զգուշավորության, միասնական լինելու անհրաժեշտության եւ այլ տրամադրությունների մասին է:

 

- Հետազոտության շրջանակներում դուք պարզել եք նաեւ ցեղասպանության, ինչպես նաեւ դրա ճանաչման ու դատապարտման գործընթացներում որոշակի դերակատարություն ունեցած երկրների ու քաղաքական կառույցների վերաբերյալ հանրային կարծիքում առկա դիրքորոշումները: Ի՞նչ պատկեր է ձեւավորվել այդ առումով:

 

- Հարցման մասնակիցներին առաջարկված քսանչորս կազմակերպությունների ու պետությունների շարքում վերաբերմունքի դրական ցուցանիշով թե´ 2015 եւ թե´ 2016թթ. տվյալներով առաջին տեղում Ֆրանսիան է. այդ է նշել  հարցվողների 79,6%-ը:

 

Երկրորդ տեղում Ռուսաստանի Դաշնությունն է՝ 69,8%: Երրորդը Հունաստանն է՝ 54,3%: Չորրորդ տեղում Հայոց ցեղասպանության փաստն առաջինը (1965թ.) պաշտոնապես ճանաչած եւ դատապարտած երկիրն է՝ Ուրուգվայը՝ 43,0%: Հինգերորդը Իտալիան է՝ 41,4%:

 

Հայաստանի եւ նրա խնդիրների վերաբերյալ բացասաբար տրամադրված երկրների ու կազմակերպությունների շարքը գլխավորում են Ադրբեջանը՝ 96,6% եւ Թուրքիան՝ 95,7%: Երրորդը «Իսլամական պետությունն» է. այդ է նշել հարցվողների 60,9%-ը:

 

Ի դեպ, ուսումնասիրությունները վկայում են, որ հանրային կարծիքը բավականին զգայուն է կատարվող իրադարձությունների նկատմամբ: Եթե 2015թ. տվյալներով Ադրբեջանն ու Թուրքիան կիսում էին Հայաստանի նկատմամբ բացասականորեն տրամադրված երկրների ցանկի առաջին հորիզոնականը, ապա 2016թ. տվյալներով Ադրբեջանն առաջ է անցել եւ միայնակ է զբաղեցնում առաջին հորիզոնականը: Զգալիորեն (մոտ ¼-ով) ավելացել են «Իսլամական պետության» հետ կապված մտահոգությունները:

 

Հարցման մասնակիցների բացասական վերաբերմունքին արժանացած երկրների ցանկը եւս գլխավորում է Ադրբեջանը. այդպիսի դիրքորոշում է հայտնել հարցվողների 92,7%-ը: Երկրորդ տեղում  Թուրքիան է՝ 91,4%: Երրորդը՝ «Իսլամական պետությունը»՝ 65,2%:

 

Հարցման մասնակիցների համակրանքին եւ դրական վերաբերմունքին արժանացած երկրների ու կազմակերպությունների տասնյակում շարքում են Ֆրանսիան`  83,0%, Ռուսաստանի Դաշնությունը` 77,5% , Իտալիան՝ 61,2%, Գերմանիան՝ 57,3%, Հունաստանը՝ 57,1%, Միացյալ Նահանգները՝ 42,9%, Միավորված Ազգերի Կազմակերպությունը՝ 41,1%, Ուրուգվայը՝ 39,5%, Սիրիան՝ 39,5%, Բելառուսը՝ 38,4 եւ այլն:

 

-Պրն. Հովհաննիսյան, պլանավորո՞ւմ եք շարունակել Ցեղասպանության երեւույթի նկատմամբ հասարակական տրամադրությունների ուսումնասիրությունը:

 

-2017թ. համար այդպիսի ուսումնասիրություն չենք պլանավորել: Բայց դա չի նշանակում, որ ֆինանսական համապատասխան նախադրյալների եւ հանրային ուշադրության առկայության պայմաններում այդ խնդրին հետազոտության ձեւաչափով կրկին չենք անդրադառնա ավելի ուշ, գուցե՝ երկու-երեք տարի անց:

 

Հովհաննես Հովհաննիսյանի հետ զրուցել է Մարիամ Մանոյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին