exclusive
19007 դիտում

Պյոտր Սվիտալսկի. «Մենք երբեք աչք չենք փակում»

Պյոտր Սվիտալսկին
Պյոտր Սվիտալսկին

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ

- Պարոն դեսպան, ապրիլին 2-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Յուրաքանչյուր ընտրություն կարեւոր է, բայց կարո՞ղ ենք ասել, որ գալիք ընտրությունները հատուկ կարեւորություն կունենան Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագայի համար:

-Ես բազմիցս ասել եմ, որ գալիք ընտրությունները որոշիչ են երկրի ապագայի համար, եւ ես լիովին համաձայն եմ Հայաստանի քաղաքական ներկապնակի տարբեր խմբերի ուղերձների հետ, որոնք հաստատում են, որ Հայաստանի քաղաքական բոլոր ուժերն այս ընտրությունները դիտարկում են որպես շատ կարեւոր գործընթաց, որը շատ իմաստներով որոշելու է երկրի ապագան:

Այս ընտրությունների կարեւորությունն ընդգծող տարրերից մեկն այն է, որ Հայաստանը խորքային եւ համապարփակ բարեփոխումների կարիք ունի: Միայն արդար եւ օրինական ընտրությունների հիման վրա ձեւավորված կառավարությունն իրավունք եւ քաղաքական մանդատ ունի՝ առաջ տանելու հավակնոտ եւ խորքային բարեփոխումներ: Այսպիսով, ընտրական գործընթացը, որոշ իմաստով, անհրաժեշտ նախապայման է խորքային բարեփոխումների համար, որոնց այդքան սպասում են Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը:

Մյուս կողմից, գալիք ընտրությունները չափազանց կարեւոր են լինելու սահմանադրական փոփոխությունների իրագործման տեսանկյունից, քանի որ ընտրությունները նշանավորելու են անցումը երկրի կառավարման խորհրդարանական համակարգին: Այսպիսով, ընտրությունները կսահմանեն սահմանադրական փոփոխությունների իրագործման համար որոշ նախադեպեր:
 
Այս ընտրությունները, իմ կարծիքով, Հայաստանին հնարավորություն են ընձեռում վերջ դնել անցած ընտրությունների շուրջ հակասական գնահատականներով նշանավորված անցյալին: Անցյալում եղել են լուրջ մեղադրանքներ ընտրությունների կեղծման եւ դրանց շուրջ մանիպուլյացիաների հետ կապված: Այս ընտրությունները Հայաստանին հնարավորություն են ընձեռում մոտենալ եվրոպական չափանիշներին եւ նոր գլուխ բացել Հայաստանի՝ ժողովրդավարական ապագայի կառուցման գործում:

Սա աննախադեպ քայլ էր. Եվրոպական միությունը երբեւէ Արեւելյան գործընկերության տարածքում այսպիսի մեծ օժանդակություն չի տրամադրել:

Եվրոպական Միությունը որոշեց սերտորեն աջակցել կառավարության եւ որոշ ընդդիմադիր կուսակցությունների միջեւ Ընտրական օրենսգրքի շուրջ ձեռքբերված համաձայնության կյանքի կոչմանը: Եվրոպական միությունը հատկացրել է ավելի քան 7 միլիոն եվրո՝ այդ համաձայնության իրագործման համար: Սա աննախադեպ քայլ էր. Եվրոպական միությունը երբեւէ Արեւելյան գործընկերության տարածքում այսպիսի մեծ օժանդակություն չի տրամադրել: Սա ազդակ է առ այն, որ մենք հավատում ենք այս ընտրությունների կարեւորությանը: Եթե Հայաստանը ցանկանում է կառուցել ավելի լավ ապագա, ժողովրդավարական ապագա, այն միշտ կարող է հույս դնել ԵՄ աջակցության վրա: 

-Հայաստանի ղեկավարությունն ասում է, թե ցանկանում է անցկացնել «Հայաստանի պատմության մեջ լավագույն ընտրությունները»: Մինչդեռ, քննադատները պնդում են, թե իշխանությունն այս մասին ասում է ամեն ընտրությունից առաջ: Ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը:

-Մենք հավատում ենք, որ կառավարության՝ ընդդիմության որոշ ուժերի եւ քաղաքացիական հասարակության հետ բանակցելու 2016 թ.-ի փետրվարին կայացրած որոշումը մատնանշում է Հայաստանի պատմության մեջ լավագույն ընտրություններն ունենալու մասին այս հայտարարությունների անկեղծությունն ու լավ մտադրությունը:  Գործընթացը հեշտ չէր. եղան վերելքներ եւ անկումներ, բայց արդյունքը բավական տպավորիչ է: Նույնիսկ երբ առաջին՝ հունիսին ձեռքբերված համաձայնությունը չեղարկվեց, նոր համաձայնությունը ձեռք բերվեց սեպտեմբերին: 

Մենք հավատացած ենք, որ ձեռքբերված պայմանավորվածությունները նշանակալի են: Քվեարկության նույնականացման մեխանիզմների ներդրումը կօգնի վերացնել ընտրությունների կեղծման մեթոդները, որոնց մասին մենք գիտենք շատ երկրների փորձից: Այդ մեխանիզմները կկանխեն կրկնակի քվեարկությունը կամ քվեարկությունը ուրիշի փոխարեն: Ընտրողների ցուցակների հրապարակումը կկանխի դրանց արհեստական ուռճացումը: Շատ ընդդիմադիր ուժեր այսպես կոչված «մեռած հոգիների» քվեարկությունը համարում են անցյալում տեղի ունեցած ընտրությունների կեղծման հիմնական մեթոդը:

Տեսախցիկների տեղադրումը կօգնի դիտարկել իրավիճակն ընտրատեղամասում եւ շատ կարեւոր է: Դա, օրինակ, կօգնի վեր հանել մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են անցյալում դիտորդների հանդեպ ոտնձգություններին կամ ընտրական հանձնաժողովի անդամների, իրավապահների սխալ վարքագծին: Չգերագնահատելով ձեռքբերված համաձայնության կարեւորությունը՝ մենք գտնում ենք, որ ինքնին այն փաստը, որ իշխանությունն ու ընդդիմության մի խումբ ներկայացուցիչներ երկար ամիսներ լրջորեն բանակցում էին ընտրությունների կեղծման հնարավորությունների վերացման շուրջ, չափազանց կարեւոր է քաղաքական տեսանկյունից, քանի որ դա աննախադեպ երեւույթ է Եվրոպական Հարեւանության ողջ տարածքում: Այս համաձայնությունն իսկապես աննախադեպ է: 

Շատ ընդդիմադիր ուժեր այսպես կոչված «մեռած հոգիների» քվեարկությունը համարում են անցյալում տեղի ունեցած ընտրությունների կեղծման հիմնական մեթոդը:

Արդյո՞ք դա կվերացնի ընտրությունները կեղծելու բոլոր տարբերակները: Իհարկե՝ ոչ: Եվ մենք՝ որպես դոնորներ, այս հարցում պատրանքներ չունենք: Այնուամենայնիվ, Եվրոպական միության տարածած հայտարարության մեջ մենք հստակ շեշտադրեցինք ընտրությունները կեղծելու այլ տարբերակների վերացման կարեւորությունը: Որո՞նք են այլ տարբերակները:

Ընտրությունների կեղծման վատ փորձի վերաբերյալ մենք մեծ պաշար ունենք նախկինում ընտրությունները դիտարկած միջազգային դիտորդներից, հայաստանյան դիտորդների եւ այլ աղբյուրներից:  

Պյոտր Սվիտալսկին Պյոտր Սվիտալսկին

Լուսանկարը` Մեդիամաքս


Տարբերակներից մեկը վարչական ռեսուրսի կիրառումն է: Վատ կլինի, եթե ընտրությունների վրա ստվեր գցեն վարչական ռեսուրսի կիրառման փորձերն ու ընտրողների քվեարկության վրա ազդելու տարբեր միջոցները:  Հայաստանի Ընտրական օրենսգիրքն ունի մի շարք դրույթներ, որոնք արգելում են վարչական ռեսուրսի անմիջական կիրառումը: Սակայն երբեմն մարդիկ սեփական նախաձեռնությամբ փորձում են անել դա: Օրինակ, գյուղական համայնքում դպրոցի տնօրենը աշակերտների ծնողների հետ հանդիպումն օգտագործում է, որպեսզի «խորհուրդ տա» ծնողներին, թե ում օգտին քվեարկել: Սա վարչական ռեսուրսի կիրառման հստակ օրինակ է: Դպրոցները պետք է զերծ լինեն ընտրական քարոզարշավից: Երբ ի հայտ են գալիս վարչական ռեսուրսի կիրառման նման օրինակներ, իրավապահների, ընտրական հանձնաժողովի պարտքն է քայլեր ձեռնարկել, հստակեցնել իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկել: Եթե չկան գործողություններ, դա վտանգում է բոլոր լուրջ ջանքերը, որովհետեւ երբեմն վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ վատ օրինակները չափազանցվում են,  օգտագործվում են որպես փաստարկ՝ ընտրությունների վերջնական արդյունքները կասկածի տակ դնելու համար, ինչը, ըստ իս, լավ չէ: 

Մեկ այլ օրինակը՝ ընտրակաշառքն է: Շատ երկրներում քաղաքական գործիչները տրվում են ընտրողների քվեն գնելու գայթակղությանը, եւ սա սոսկ պաշտոնում գտնվողների, իշխանություն ունեցող անձանց մենաշնորհը չէ: Անցումային շատ երկրներում, բավականին հարուստ մարդիկ փորձում են օգտագործել փողը, միջոցները՝ քվեները գնելու համար: Կրկին, երբ նայում ենք Հայաստանի օրենսդրությանը, առկա են շատ լուրջ դրույթներ, որոնք արգելում են ընտրակեղծիքի դիմաց փող տալու անգամ ոչ բացահայտ խոստումները, սակայն կրկին դատական համակարգի եւ իրավապահների պարտքն է՝ գործել նման դեպքերում: Եթե նրանք հանդուրժում են նման դեպքերը, ապա դրանք կարող են ստվեր գցել  ընտրությունների վրա: Այս խնդիրները ներառված չեն իշխանության եւ ընդդիմության միջեւ ձեռքբերված համաձայնության մեջ, բայց դրանք կարեւոր են: 

Մեկ այլ կարեւոր հարց վերաբերում է Ընտրական օրենսգրքի այն դրույթին, որը քաղաքացիական հասարակության կողմից դիտարկվում է իբրեւ սահմանափակում դիտորդների աշխատանքի համար: Երբ խոսում եմ կառավարության ներկայացուցիչների հետ, նրանք ասում են, որ նման բան չկա, որ դա վատ մտքով չի արված: Սպասենք՝ տեսնենք: Կարեւոր է ապահովել այն զգացողությունը, որ ընտրությունների դիտարկումը իրականացվում է ազատ, առանց որեւէ ճնշման, միջամտության կամ դիտորդների աշխատանքի սահմանափակման համար վարչական սահմանափակումների կիրառման:

Եվ վերջին հարցը ընտրական վեճերն են: Աշխարհում չկա որեւէ երկիր, որտեղ անցկացվում են կատարյալ ընտրություններ: Անգամ ամենաավանդական ժողովրդավարությունները երբեմն առերեսում են մեղադրանքների կամ անգամ մանիպուլյացիաների, ընտրական գործընթացի խեղաթյուրման փորձերի մասին վկայող ապացույցների հետ: Սակայն հետո գալիս են այդ հաղորդումներն ուսումնասիրելու պահանջները կամ պաշտոնական բողոքները: Այդ հետաքննությունը պետք է լինի արդար, հիմնված վարչական եւ դատական գործընթացներ վրա, որոնք վստահություն կներշնչեն առ այն, որ վեճերը կարող են լուծվել արդար ճանապարհով: Մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ միշտ կլինեն մարդիկ, ովքեր կբողոքեն: Նրանք իրավունք ունեն  բողոքել, սակայն երբ դու ապահովում ես արդար գործընթաց բողոք ներկայացնելու, քննարկելու, ապացույցներն ուսումնասիրելու եւ վճիռ կայացնելու համար, ապա ամեն ինչ կարգին է:

-Քննադատները նաեւ ասում են, թե ԵՄ-ն եւ միջազգային մյուս գործընկերները հաճախ «աչք են փակում» Հայաստանում ընտրությունների խախտումների վրա եւ որոշ չափով պատասխանատու են երկրի ներկայիս դրության համար: Ինչպե՞ս կպատասխանեք այս քննադատությանը:
 
-Նախեւառաջ ցանկանում եմ ընդգծել, որ մենք միշտ առավելագույն ուշադրությամբ ենք հետեւում ժողովրդավարական գործընթացներին հարեւանության բոլոր երկրներում: Մենք գիտենք, թե ինչ է կատարվում, եւ երբեք աչք չենք փակում: Իհարկե, առանձին երկրների նկատմամբ մեր քաղաքականությունը մշակելիս քաղաքական եզրահանգումներին հանգելը բոլորովին այլ պատմություն է, բայց մենք միշտ փորձում են արդար լինել:

Անցյալում Եվրոպական Միությունը միշտ կիսել է Հայաստանի կառավարության հետ ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականների վրա հիմնված մեր ընկալումը:

Մենք չենք կարող ստիպել Հայաստանին կատարել այս կամ այն քաղաքական ընտրությունը: Եթե Հայաստանը այլ ճանապարհ ընտրի, մենք ի՞նչ կարող ենք անել:

Ինչ քաղաքական եզրահանգումներ մենք կկատարենք գալիք ընտրություններից, այլ պատմություն է: Մենք ուզում ենք աշխատել դրական տրամադրվածությամբ: Գաղտնիք չէ, որ եթե ընտրություններն անցկացվեն արդար, թափանցիկ ձեւով, դա կբարելավի Հայաստանի հեղինակությունը, եւ անկասկած, համագործակցության եւ զարգացման օժանդակության համար նոր հնարավորություններ կբացի, ինչը տեղի ունեցավ մի շարք այլ երկրների պարագայում: Մենք կողջունենք, եթե Հայաստանն ավելի մոտենա եվրոպական չափանիշներին եւ եթե հետաքրքրված լինի ԵՄ-ի հետ առավել լայն համագործակցությամբ: Բայց մենք պրագմատիկ ենք այն հարցում, որ սա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է: Մենք չենք կարող ստիպել Հայաստանին կատարել այս կամ այն քաղաքական ընտրությունը: Եթե Հայաստանը այլ ճանապարհ ընտրի, մենք ի՞նչ կարող ենք անել:

-Կարծում եմ՝ կոռուպցիայի խնդիրն անմիջական կապ ունի ընտրությունների հետ: Երբ Դուք ժամանեցիք Հայաստան, ասացիք, որ կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է Ձեր թիվ մեկ խնդիրը: Արդեն բավական ժամանակ է, ինչ աշխատում եք Հայաստանում: Դուք տեսնո՞ւմ եք փոփոխություններ այս ուղղությամբ, եւ արդյո՞ք կոռուպցիայի դեմ պայքարը այժմ էլ Ձեր առաջնահերթություն է:  

- Մենք դիտարկում ենք կոռուպցիան որպես ամենալուրջ համակարգային խոչընդոտը Հայաստանի զարգացմանը համար՝ քաղաքական համակարգի, տնտեսական կառավարման եւ դատական ոլորտի, հասարակության բոլոր ոլորտների կենսագործման տեսանկյունից: Եվրոպական Միությունը այնքան մեծ օժանդակություն է տրամադրել կոռուպցիայի դեմ պայքարի համար: Ընդհանուր առմամբ, մենք տրամադրել ենք 15 միլիոն եվրո՝ օգնելու Հայաստանի կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում:  

Բավարարվա՞ծ ենք արդյունքով: Որոշ իմաստով մենք շատ ափսոսում ենք, որ տրամադրված միջոցներից ոչ բոլորն են փոխանցվել Հայաստանի բյուջե, որովհետեւ անցյալում հայկական կողմը ձախողել է բավարարել փոխադարձ համաձայնեցված պայմանները: Հատկացված գումարի միայն 50%-ն է փոխանցվել Հայաստանին, որովհետեւ հայկական կողմը չի կարողացել հասնել հակակոռուպցիոն թիրախների կատարմանը: 

Պյոտր Սվիտալսկին Պյոտր Սվիտալսկին

Լուսանկարը` Մեդիամաքս


Վերջին ամիսները բավական ոգեւորիչ են: Նախեւառաջ, սցենարն է փոխվել: Հիմնական քաղաքական գործիչները, այդ թվում՝ նոր վարչապետը, որոշ առանցքային նախարարներ եւ այլոք սկսել են հստակ խոսել կոռուպցիայի դեմ պայքարի անհետաձգելիության մասին: Սա շատ կարեւոր է: Հիմա մենք կարող ենք ասել, որ իրավիճակի վերաբերյալ Հայաստանի կառավարության եւ ԵՄ պատվիրակության գնահատականները համընկնում են: Մենք հավասարապես քննադատ ենք խնդիրների վերհանման եւ իրավիճակի բարդության հարցում, եւ դա շատ լավ է: Սա մեծ փոփոխություն է:

Հիմնական քաղաքական գործիչները, այդ թվում՝ նոր վարչապետը, որոշ առանցքային նախարարներ եւ այլոք սկսել են հստակ խոսել կոռուպցիայի դեմ պայքարի անհետաձգելիության մասին: Սա շատ կարեւոր է:

Մենք ողջունում ենք ձեռնարկված մի շարք նախաձեռնություններ, այդ թվում խորհրդարանում ընդունված նոր օրենքները, Էթիկայի հանձնաժողովի աշխատանքի ուժեղացումը, այդ թվում սեփականության եւ եկամուտի ոչ ճիշտ կամ ուշացած հայտարարագրման դեպքում պատասխանատվությունը: Մենք բարձր ենք գնահատել ապօրինի հարստացման վերաբերյալ օրինագծի մշակումը: Տեղյակ ենք, որ կառավարությունն ակտիվորեն աշխատում է այլ նախաձեռնությունների վրա, այդ թվում մեր կողմից տարիներ իր վեր բարձրացվող գլխավոր առաջարկության՝ անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման ուղղությամբ: Մենք գիտենք, որ ներկայում կառավարությունն ակտիվ աշխատում է քաղաքացիական հասարակության հետ՝ մշակելու այդ մարմնի կառուցվածքը:

Տեղյակ ենք նաեւ, որ կառավարության լուրջ ջանքեր է գործադրում՝ Հայաստանի մեկ այլ թույլ կողմին՝ շահերի բախմանը վերաբերող օրենսդրություն ընդունելու ուղղությամբ:  Կարող եմ ասել, որ վերջին ամիսների, մասնավորապես, Կառավարության փոփոխությանը հաջորդած զարգացումները շատ ոգեւորիչ են: Մենք աջակցում ենք դրանց եւ ցանկանում ենք շարունակել աջակցությունը այդ նախաձեռնություններին: 

-Ճիշտ ախտորոշումն իսկապես լավ է, սակայն ավելի կարեւոր է բուժումը: Երբ խոսում ես հասարակ մարդկանց հետ, նրանք ասում են, որ ցանկանում են իրական պատիժներ տեսնել կատարված հանցագործությունների համար: Երբ մեկը կորցնում է պաշտոնը՝ կաշառք վերցնելու համար, նրանք դա բավարար չեն համարում եւ ցանկանում են, որ այդ պաշտոնյան պատասխանատվություն կրի: Բայց երբ խոսում ես քաղաքական ղեկավարների հետ, նրանք ասում են, թե «մենք չենք կարող բոլորին բանտ նստեցնել»: Ձեր կարծիքով, հնարավո՞ր է հավասարակշռել հանրության ցանկությունները եւ անհրաժեշտ իրավական քայլերը:

- Անցումային փուլը եւ կոռուպցիոն ռիսկերը հաղթահարած երկրների փորձը շատ հստակ է: Երբ նայում ես այնպիսի երկրներին, ինչպիսիք են Լեհաստանը, Ռումինիան, հետխորհրդային տարածքի որոշ երկրներ, պարզ է դառնում, որ կոռուպցիայի դեմ պայքարը կարող է հաջողված լինել, երբ այդ պայքարը սկսվում է վերեւից: Տարբեր ոլորտի պաշտոնյաները պատասխանատվություն են կրում եւ եթե չես լուծում կոռուպցիայի խնդիրը բարձր մակարդակներում, ապա բնակչությունը երբեք չի ունենա բավարար վստահություն, որ այդ պայքարը լուրջ է եւ համապարփակ: 

Լեհաստանում նախկին նախարարները լուրջ պատիժ են կրել բանտում կոռուպցիոն հանցագործությունների համար: Ես չեմ ցանկանում որեւէ կերպ կանխորոշել, թե ինչպես նման հարցերը կլուծվեն Հայաստանում: Դա Հայաստանի ինքնիշխան որոշումն է: Ես մեծ հույս ունեմ, որ հակակոռուպցիոն նոր մարմինը կգործի համապարփակ եւ կդիտարկի կոռուպցիայի բոլոր դրսեւորումները: Դրսեւորումներից մեկը մանր կոռուպցիան է, որի դեմ պետք է պայքարեն քաղաքացիները իրենց առօրյայում՝ աշխատավայրում, բժշկական, կրթական հաստատությունում: 

Տարբեր ոլորտի պաշտոնյաները պատասխանատվություն են կրում եւ եթե չես լուծում կոռուպցիայի խնդիրը բարձր մակարդակներում, ապա բնակչությունը երբեք չի ունենա բավարար վստահություն, որ այդ պայքարը լուրջ է եւ համապարփակ:

Շատ երկրներում մանր կոռուպցիան դեռ բավական տարածված է: Շատ դժվար է ձերբազատվել դրանից՝ մարդկանց մտածելակերպի պատճառով, սակայն որոշ երկրների փորձի վրա հիմնվելով՝ այն հաղթահարելը հնարավոր է: Կարող եմ կրկին բերել Լեհաստանի օրինակը, որտեղ մանր կոռուպցիան ճանապարհային ոստիկանությունում եւ բժշկական հաստատություններում էապես արմատախիլ է արվել, թեեւ 25 տարի առաջ այն շատ տարածված էր այդ ոլորտներում:  

Կոռուպցիան տարբեր չափեր ունի, եւ անշուշտ, գոյություն ունի նաեւ այսպես կոչված մետա-կոռուպցիան, որը վերաբերում է քաղաքական եւ տնտեսական շահերի անառողջ փոխկապակցվածությանը: Այս կոռուպցիայի տեսակի լավագույնը օրինակը Ուկրաինան էր, որն ուներ հակակոռուպցիոն ընկալման շատ ցածր հետաքրքրվածություն: Նրանք ստիպված եղան առերեսվել մի իրավիճակի հետ, երբ քաղաքական գործիչներն ու օլիգարխները հետաքրքրությունների մեկ ընդհանուր ցանցի մեջ էին, ինչը հանգեցրել էր բարձր մակարդակում զանգվածային կոռուպցիայի: Հայաստանն Ուկրաինա չէ, եւ Հայաստանն իրեն ավելի լավ է դրսեւորում, քան Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրները, բայց կրկնեմ, սա մի ոլորտ է, որտեղ հանրային քննարկումն անխուսափելի է:

Հայաստանում վերջին ամիսների նախաձեռնությունները, վարչապետի եւ գխավոր պաշտոնյաների քայլերը շատ ոգեւորիչ են,  եւ մենք՝ ԵՄ-ն, պատրաստ է օգնել:

- Տեսնու՞մ եք ուղղակի կամ անուղղակի կապ գալիք ընտրությունների եւ Հայաստանի ու Եվրամիության միջեւ ստորագրվելիք նոր շրջանակային համաձայնագրի միջեւ: Ձեր կարծիքով, նոր շրջանակային համաձայնագիրը կարո՞ղ է ստորագրվել մինչ ընտրությունները, թե՞ ԵՄ-ն կցանկանա տեսնել ընտրությունների արդյունքը:
 
-Կարող եմ շատ բաց ասել, որ նման համաձայնագրեր բանակցելիս ԵՄ պատանդված չէ օրացույցով, մասնավորապես՝ Հայաստանի քաղաքական օրացույցով: Մենք պատրաստ ենք աշխատել՝ վերջնականացնելու շրջանակային համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ, ինչպես ասել էր Բարձր Ներկայացուցիչ Մոգերինին:

Բանակցությունները գտնվում են վերջնական փուլում, ինչը նշանակում է, որ բաց հարցերի թիվը սահմանափակ է, բայց որոշ բարդ խնդիրներ դեռեւս մնում են: Դրանք մեծ ջանքեր են պահանջում, եւ երբեմն էլ՝ քաղաքական որոշում: Բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ առաջընթացը բավական դրական է:

Համաձայնագիրը վերջնական տեսքի կբերվի մինչ ընտրությունները, թե ոչ, բաց հարց է, բայց ես կարող եմ հաստատել, որ երկու կողմերն էլ ունեն կամք՝ արդյունքի հասնելու որքան հնարավոր է շուտ:

-Այդ բարդ խնդիրները վերաբերում են առեւտրի՞ն:

- Քաղաքական գլուխներում կան փոքր քանակությամբ խնդիրներ, որոնք դեռ բաց են մնում: Կան նաեւ որոշ բաց հարցեր առեւտրի ոլորտի եւ ոլորտային համագործակցության հետ կապված: Անկասկած, առեւտրի եւ ոլորտային համագործակցությանը վերաբերող հարցերը շատ շոշափելի ու նյութական են, հետեւաբար, մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունեն: 

Պյոտր Սվիտալսկու հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am