Կարեն Կարապետյան. «Վաղվա օրվան պետք է ավելի հավակնոտ նայենք» - Mediamax.am

exclusive
117821 դիտում

Կարեն Կարապետյան. «Վաղվա օրվան պետք է ավելի հավակնոտ նայենք»

Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Տիգրան Մեհրաբյանի

Լուսանկարը`


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին

 

- Պարոն վարչապետ, փետրվարի սկզբին Դուք հայտարարեցիք, որ առանձնացվել է 341 իրատեսական ներդրումային ծրագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է $ 3,2 մլրդ: Ասել եք, որ այս տարվա ընթացքում հնարավոր եք համարում իրագործել $ 830-850 մլն արժողությամբ ծրագրեր: Եթե այս ծավալն իրագործվի, դա տեսանելի փոփոխություններ կբե՞րի տնտեսության աշխուժացման առումով:

 

-  Բնականաբար, այդ ներդրումների իրագործումը տնտեսության մեջ փոփոխություններ կբերի: Բայց արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ 2017 թվականը դիտարկում եմ որպես ախտորոշման, գույքագրման, «սանիտարիզացիայի», պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման տարի: Բնական է, սա չի նշանակում, որ կառավարությունն իր առջեւ տնտեսական աճ ապահովելու խնդիր չի դնում: Սակայն, եթե մենք այս տարվա ընթացքում կարողանանք իսկապես թվայնացնել մեր թիրախները, ազատվենք ավելորդ ու անարդյունավետ օղակներից, պետական որոշումների կայացման համակարգը արդիականացնենք ու ավելի արդյունավետ դարձնենք, դա կստեղծի շատ լուրջ հիմք` յուրաքանչյուր հաջորդ տարի կայուն տնտեսական աճ ապահովելու համար:

 

Այդ 341 ծրագրերից բացի մեր աշխատանքային սեղաններին կան եւս 79 նոր ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը 5,3 մլրդ դոլար է: Իհարկե, այս ծավալն ապահովող ներդրողներ մենք այսօր չունենք, ոչ բոլոր ծրագրերի տեղեկատվությունն է լիարժեք, բայց մենք դիտարկում ենք այս փաթեթը  որպես հիմք հետագա աշխատանքների կազմակերպման եւ նոր ներդրումների ներգրավման համար:

 

Մենք նաեւ նպատակ ունենք հերքելու այն թեզը, որ Հայաստանում գումար ներդնելը եւ տրամաբանական հավելյալ արժեք ստեղծելը անհնարին է: 3.2 մլրդ դոլարի ներդրումները  ներկայացրել ենք մանրամասնորեն եւ բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ եւ կարծիք կազմել դրանց իրատեսականության մասին:

 

Պետք է նաեւ հաշվի առնենք, որ տնտեսության աշխուժացման համար զսպող դեր են խաղում առաջիկա ընտրությունները: Բիզնեսը` լինելով հասարակության ամենապրագմատիկ հատվածը, ցանկանում է տեսնել ընտրությունների արդյունքը` նախքան որոշումներ կայացնելը:

 

- Մարզային հանդիպումներում Դուք ասում էիք, որ ցանկանում եք «թասիբի գցել» տեղի գործարարներին, մարզային եւ համայնքային իշխանություններին: Ստացվե՞ց:

 

- Որոշակի իմպուլսներ կան, որոնք, սակայն, բավարար մակարդակի չեմ համարում: Համայնքային եւ մարզային իշխանություններին տվել ենք մեր միջազգային գործընկերների օժանդակությամբ մշակված մեթոդաբանություն` հինգ տարվա ռազմավարական զարգացման ծրագրեր կազմելու համար: Սա չափազանց կարեւոր աշխատանք է, նույնիսկ եթե այդ ծրագրերի նախնական տարբերակները հեռու լինեն կատարյալ լինելուց:

 

Տեղեկատվության մեծ աղբյուր է մարզերի ցուցանիշների համեմատությունը: Կարող ենք տեսնել, որ համադրելի բնակչություն եւ տնտեսական պայմաններ ունեցող մարզերում կարեւոր ցուցիչները կարող են էապես տարբերվել: Սա նշանակում է, որ կան խնդիրներ, որոնք պետք է անհապաղ լուծել: Թվայնացման այս գործընթացի միջոցով մենք տեսնում ենք ցուցանիշների դինամիկան` տարի առ տարի եւ ստանում ենք այն օբյեկտիվ տվյալները, որոնց հիման վրա կարող ենք գնահատական տալ մարզպետի եւ համայնքապետի աշխատանքին:

Կարեն Կարապետյանը Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Տիգրան Մեհրաբյանի

Ցավով պետք է նշեմ, որ մենք պետական կամ համայնքային բյուջեների գումարները շատ դեպքում ծախսում ենք ոչ արդյունավետ`չունենալով հստակ պատկերացում այն մասին, թե ինչ նպատակի են ծառայում այդ միջոցները:

Հիմա սկսել ենք մի գործընթաց, որի նպատակը մեթոդաբանության մշակումն է համայնքների համար: Այսօր համադրելի բնակչություն ունեցող երկու համայնքների միջեւ կարող ենք շատ մեծ տարբերություններ տեսնել՝ բյուջեների, հաստիքացուցակների մասով: Նման կարգի ունիֆիկացման շատ աշխատանքներ կան անելու: Ցավով պետք է նշեմ, որ մենք պետական կամ համայնքային բյուջեների գումարները շատ դեպքում ծախսում ենք ոչ արդյունավետ`չունենալով հստակ պատկերացում այն մասին, թե ինչ նպատակի են ծառայում այդ միջոցները:

 

Բերեմ մեկ օրինակ` մարզերում մեզ հաճախ մատնացույց են անում գյուղատնտեսական նշանակության հողեր եւ ասում են, որ լուծված չէ այսքան մասի ոռոգման խնդիրը: Սակայն երբ համադրում ենք թվերը ջրային տնտեսության մարմինների տեղեկատվության հետ՝  տեսնում ենք մեծ անհամապատասխանություն: Այս աշխատանքը մենք պետք է կատարենք, որպեսզի հստակ պատկերացում ստանանք, թե ինչ ունենք այսօր եւ ուր ենք ուզում հասնել:

 

- Դուք բազմիցս ասել եք, որ պետության հիմնական դերը բիզնեսի համար արդար պայմանների ապահովումն է եւ ընթացակարգերի առավելագույն ազատականացումը: Երբ հանդիպում եք բիզնեսի ներկայացուցիչների հետ, զգո՞ւմ եք, որ իրենք պատրաստ են իրական գործընկեր դառնալ տնտեսության աշխուժացման գործում:

 

- Ազդակներ կան, սակայն դրանք գոհացուցիչ համարել չեմ կարող: Որոշ չափով դա կրկին կապում եմ առաջիկա ընտրությունների հետ: Կա այլ գործոն եւս՝ մարդիկ ցանկանում են տեսնել, թե որքանով հետեւողական կգտնվի մեր թիմը:

 

- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում մարդկանց, ովքեր   ասում են, որ «միեւնույն է, նրանց մոտ ոչինչ չի ստացվելու»:

 

- Ինչպես կարո՞ղ եմ վերաբերվել: Կառաջարկեմ հետեւել մեր աշխատանքին. գուցե որոշ ժամանակ անց վերանայեն իրենց վերաբերմունքը:

 

- Մոտ քսան տարի մեր երկրում քննարկվում է այն թեզը, որ Հայաստանը չի կարող ունենալ զարգացող տնտեսություն այնքան ժամանակ, քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այդ թեզի ընդդիմախոսները բերում են Իսրայելի օրինակը, որը եւս շրջապատված լինելով ոչ բարեկամական երկրներով, կարողացել է ստեղծել հզոր տնտեսություն: Ձեր կարծիքով, Իսրայելի օրինակը համադրելի՞ է Հայաստանի հետ:

 

- Այո, միանշանակ համադրելի է: Ակնհայտ է, որ եթե մենք տարածաշրջանում չունենայինք այն խնդիրները, որ ունենք, մեր տնտեսության զարգացումն ավելի դյուրին կլիներ: Իսրայելի օրինակն իսկապես շատ լավ օրինակ է եւ ինչ-որ առումով ես ցանկանում եմ, որ մենք էլ եզրակացություններ անենք եւ ընդունենք, որ խնդիրները ոչ միշտ են խոչընդոտ հանդիսանում:

 

Արտաքին, աշխարհաքաղաքական, տրանսպորտային եւ այլ խնդիրների բեռի տակ մենք հաճախ չենք կարողանում մեր «մեջքն ուղղենք», հպարտ կանգնենք ու դեպի վաղվա օրը ավելի լավատեսորեն ու հավակնոտ նայենք:

 

Խելացի կառավարում իրականացնելու դեպքում կարող ենք էական փոփոխություններ գրանցել առանցքային ոլորտներում:

 

Համոզված եմ, որ, օրինակ, ժամանակ անց  Հայաստանում մենք կարող ենք ունենալ այնպիսի գյուղատնտեսություն, որին ծանոթանալու համար մեզ մոտ կգան շատ երկրներից:

Արտաքին, աշխարհաքաղաքական, տրանսպորտային եւ այլ խնդիրների բեռի տակ մենք հաճախ չենք կարողանում մեր «մեջքն ուղղենք», հպարտ կանգնենք ու դեպի վաղվա օրը ավելի լավատեսորեն ու հավակնոտ նայենք:

Մեր գյուղատնտեսության զարգացման հիմքում երկար տարիներ դրված է եղել այն թեզը, որ մեր գյուղացին պարտադիր լավ գյուղատնտես է:

 

Ելնելով այդ թեզից, մենք գյուղացուն, անկախ իր տնտեսության արտադրողականության եւ այլ ցուցանիշներից, տվել ենք սուբսիդիաներ, պարարտանյութ, սերմեր, դիզվառելիք եւ այլն, ենթադրելով, որ ինքը գիտի՝ ինչ անի: Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ այս մոդելը փաստ չէ, որ արդյունավետ է:

 

Բացի այդ, մարզերում սահմանված չեն գյուղատնտեսական արտադրանքի առաջնահերթությունները: Հողերը, գյուղատնտեսական ակտիվները ավելի  նպատակային օգտագործելու դեպքում արդյունավետության պատկերը կարող է սկզբունքորեն փոխվել: Եվ ոչ միայն գյուղատնտեսությունում:

 

Տարիներ շարունակ խոսում ենք մեր կրթական համակարգի խնդիրների մասին: Պետության եւ միջազգային կազմակերպությունների կողմից արվել են բազմաթիվ հետազոտություններ, գնահատվել է վիճակը եւ տրվել են լուծման հնարավոր ճանապարհներ: Սակայն այսօրվա իրականությունն այն է, որ մեր շրջանավարտները մեծամասամբ չեն բավարարում թե մեր, թե դրսի շուկայի պահանջներին:

 

Համոզված եմ, որ եթե մեր տնտեսության բոլոր ոլորտներում մենք խելացի, ժամանակակից ու հետեւողական մոտեցումներ որդեգրենք, հստակ ձեւակերպենք նպատակները եւ իրականացման ճանապարհները, ապա միանշանակ կարող ենք հաջողություններ գրանցել:

 

- Դուք հաճախ խոսում եք գրագետ ու կիրթ մարդկանց կարեւորության մասին: Սա նշանակո՞ւմ է, որ հասել ենք մի կետի, որ նման մարդկանց պակասն արդեն զգացվում է առօրյա աշխատանքում:

 

- Այդ խնդիրը արդիական է ոչ միայն Հայաստանի համար: Այսօր ամբողջ աշխարհում պայքար է գնում լավագույն կադրերի համար, եւ պարզ է, որ նման մարդկանց քանակը երբեք բավարար չի լինելու: Լավ մասնագետների, լավ կառավարիչների պակաս այսօր կա Նյու Յորքում, Շանհայում, Լոնդոնում: Այլ հարց է, որ մեզ մոտ լավ կառավարիչների խնդիրն այսօր չափազանց սուր է դրված: Երբ խոսում ենք պետական համակարգի արդիականացման մասին, չպետք է մոռանանք, որ այն վարձատրությունը, որն այսօր պետությունը կարող է առաջարկել, համարժեք չէ մասնավոր հատվածից լավ կառավարիչներ ներգրավելու համար:

- Եթե վերադառնանք բուն կրթության թեմային, ապա կարող ենք արձանագրել, որ կրթության նախարարը բաց խոսում է առկա խնդիրների մասին: Մասնավորապես, Լեւոն Մկրտչյանը փաստացի ընդունում է, որ ավագ դպրոցը մեզանում չի կայացել, դասագրքերը «բեկումնային փոփոխությունների» կարիք ունեն եւ այլն:

 

- Իհարկե, լավ է, երբ նախարարը խոսում է խնդիրների մասին: Սակայն ցանկանում եմ կարեւոր կետ ընդգծել՝ ես չեմ ցանկանում, որ սա ընկալվի որպես իր նախորդին ուղղված քննադատություն: Այս նախարարից հետո կգա այլ նախարար, որը կրկին կխոսի խնդիրների մասին: Չի գալու մի ժամանակ, երբ մենք խնդիրներ չենք ունենալու: Մենք պետք է վերջ տանք այն ընկալմանը, որ խնդիրների մասին բաց խոսելը նշանակում է փնովել նախորդների կատարած աշխատանքը:

 

- Մի քանի օր առաջ, այցելելով Երեւանի պետական համալսարան, որտեղ սովորել եւ դասավանդել եք, ուսանողներին «ըմբոստ լինելու» խորհուրդ տվեցիք: Ինչպե՞ս ընկալեցին:

 

- Նախքան ձեր հարցին պատասխանելն ասեմ, որ այսօր ամենաառաջնային խնդիրը կառավարության եւ հանրության միջեւ հետադարձ կապի ապահովումն է: Սա վերաբերվում է ամենատարբեր ոլորտներին՝ բիզնես-գործունեություն, հակակոռուպցիոն պայքար եւ այլն: Օրինակի համար, բոլորս կոռուպցիային դեմ են, բայց երբ հերթը հասնում է, նախընտրում են փորձել տեղում «հարցերը լուծել» ճանապարհային ոստիկանի հետ, այլ ոչ թե վճարեն բյուջե, գործարքի գնան հարկայինի հետ, այլ ոչ թե աշխատեն օրենքի դաշտում:

Կարեն Կարապետյանը Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Տիգրան Մեհրաբյանի

Հաճախ մարդիկ հանդուրժում են ինչ-որ բաներ ու վերջում կորցնում են սեփական «ես»-ը:

Բացահայտում արած չեմ լինի, եթե ասեմ, որ ուսանողությունը ցանկացած հասարակության ամենաակտիվ հատվածն է: ԽՍՀՄ տարիներին մենք, ԵՊՀ ուսանողներս, համարում էինք, որ մենք ամենաազատամիտն ենք: Վերջերս Ամերիկյան համալսարանի ուսանողներն ինձ հարցրեցին, թե ինչ խորհուրդ կտամ իրենց, եւ պատասխանս շատ պարզ էր՝ եղեք անկախ, եղեք ազատ ու սիրեք ձեր երկիրը: Որպեսզի ինձ ավելորդ հեղափոխականության մեջ չմեղադրեն (ծիծաղում է-խմբ.), միգուցե «ըմբոստ» բառի փոխարեն այսպիսի ձեւակերպում տամ` մի հանդուրժեք այն երեւույթները, որոնք խորթ են ձեր էությանը: Հաճախ մարդիկ հանդուրժում են ինչ-որ բաներ ու վերջում կորցնում են սեփական «ես»-ը:

 

- Պարոն վարչապետ, իսկ ի՞նչն է Ձեր համար անընդունելի եւ անհանդուրժելի:

 

- Ես չեմ սիրում եւ չեմ ընդունում դավաճանությունը եւ սուտ խոսելը:

 

- Երբ Ձեզ առաջարկել էին ձեւակերպել Հայաստանի ապագայի տեսլականը, ասել էիք հետեւյալը՝ անկախ, անվտանգ, արդար եւ ինտելեկտուալ: Եկեք մի փոքր ավելի մանրամասն խոսենք այս չորսի հարաբերակցության մասին:

 

- Բոլորը խիստ շաղկապված են, բայց, իհարկե, առանց անկախության եւ անվտանգության ապահովման արդարության եւ ինտելեկտի մասին խոսել չենք կարող: Երբ հնչեցրեցի այդ բանաձեւը, ընկերներիցս մեկն առաջարկեց, որ ավելացնեմ եւս մեկ բառ՝ եւ հարուստ: Իրականում ես կարծում եմ, որ եթե մենք ապահովենք առաջին չորս կետերը, Հայաստանը աստիճանաբար կդառնա բարեկեցիկ երկիր:

 

Բայցեւայնպես, ես ամենից շատ կարեւորում եմ անկախությունը: Կոպիտ ասած, եթե ինչ-որ մեկին ճորտն ես, ի՞նչ արդարության մասին կարող է խոսք լինել:

 

- Իշխանությունների ընդդիմախոսները պնդում են, որ այսօր Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից այնքան մեծ է, որ մենք չենք կարող լիարժեք անկախ երկիր համարվել:

 

- Բնականաբար, ես նման պնդումների հետ համաձայն չեմ: Վստահ եմ, որ  Ռուսաստանի, ինչպես նաեւ այլ բարեկամ պետությունների հետ մենք պետք է կառուցենք հստակ եւ անկեղծ հարաբերություններ:

 

Մենք պետք է հաշվի նստենք մեծ պետությունների շահերի հետ եւ դրանք այնպես համադրենք, որ մեր անկախությունը երբեւէ քննարկման առարկա չդառնա:

 

- Չեմ թաքցնի՝ ինձ հաճելի էր, որ Դուք ոչ միայն կարդացել էիք իմ վերջին սյունակը, այլեւ հնարավորություն տվեցիք քննարկել այն Ձեզ հետ: Բայց, ի վերջո, մեկ հարց չհստակեցրեցինք՝ Դուք ձեզ համարո՞ւմ եք քաղաքական գործիչ:

 

- Այսպես ձեւակերպեմ՝ աստիճանաբար դառնում եմ: Բայց ես երբեք քաղաքական գործիչ դառնալու ցանկություն ու հավակնություն չեմ ունեցել: Ասեմ ավելին, եթե մեկ-երկու տարի առաջ ինձ ասեին, որ ես քաղաքական գործիչ եմ դառնալու, դրան ժպիտով կվերաբերվեի: Նաեւ երբեք չեմ երազել վարչապետ լինելու մասին: Իրականում սա ծանր աշխատանք է, բայց ես կարծում եմ, որ այն ինձ, որպես կառավարման որոշակի փորձ ունեցող մարդու եւ ՀՀ քաղաքացու, շանս է տալիս ծառայել իմ երկրին: Ես ցանկանում եմ, որ Հայաստանը լինի այնպիսի երկիր, որտեղից հեռանալու մասին երբեք չմտածեն իմ զավակները եւ մեր բոլոր հայրենակիցների երեխաները:

 

- Օրենսդրական սահմանափակման պատճառով Դուք ՀՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկված չեք: Ինչպիսի՞ն է լինելու Ձեր մասնակցությունը քարոզարշավին:

 

- Ես ՀՀԿ առաջին փոխնախագահն եմ, ակտիվ մասնակցել եմ կուսակցության նախընտրական ծրագրի մշակմանը եւ մտադիր եմ մասնակցություն ունենալ նաեւ քարոզարշավին:

 

- Դուք ՀՀԿ-ն ներսից փոխելու, թարմացնելու նպատակ ունե՞ք:

 

- Ոչ թե ես ունեմ այդ նպատակը, այլ՝ ՀՀԿ-ն: Ցանկացած կազմակերպություն, անկախ նրանից, կուսակցություն է, պետական կամ մասնավոր կառույց, պարբերաբար «թարմ արյան», փոփոխվելու, ժամանակակից լինելու եւ նորովի ներկայանալու անհրաժեշտություն է զգում:

 

- Կան մարդիկ, որոնք ասում են, թե իրենց հիասթափեցրել է ձեր անդամակցությունը ՀՀԿ-ին: Ի՞նչ կասեք այդ մարդկանց:

 

- Կասեմ, որ իզուր են հիասթափվել: Կարծում եմ, որ իմ այդ քայլը չափազանց կանխատեսելի էր, քանի որ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջարկը ստացել էի ՀՀ նախագահից, որը ՀՀԿ ղեկավարն է: Որեւէ մեկը չի կարող վիճել այն թեզի հետ, որ վարչապետը չի կարող աշխատել՝ քաղաքական հենարան չունենալով: Այս պարագայում ի՞նչ պետք է անի վարչապետը, որին առաջադրել են երկրի նախագահն ու կուսակցությունը: Նոր կուսակցություն հիմնի՞: Ես կարծում եմ, որ նման քայլի անհրաժեշտություն չկա:

 

- Կառավարության նիստերից մեկում, խոսելով գալիք ընտրությունների մասին, Դուք պահանջեցիք «արջի ծառայություն» չմատուցել՝ խոսքը գնում էր վարչական ռեսուրսի օգտագործման մասին: Բայց մենք գրեթե ամեն օր լսում ենք այն մասին, որ տեղական իշխանությունների, համատիրությունների ներկայացուցիչները շրջում են մարդկանց տներով, փորձում են ցուցակագրել նրանց, կամ էլ պարզել, թե ում օգտին են պատրաստվում քվեարկել: Ի՞նչ է պետք է անել, որ ձեր պահանջը հասնի այդ «արջի ծառայություններ» մատուցողներին:

 

- Նախ, հստակեցնեմ, թե ինչ ի նկատի ունեի, երբ խոսում էի «արջի ծառայություն» մատուցելու մասին: Մեր քաղաքացիները չեն սիրում, երբ իրենց վրա փորձում են ճնշում գործադրել՝ հաճախ դա հակառակ արդյունքն է տալիս: Մյուս կողմից, մենք պետք է հաշվի առնենք, որ հասարակությունը մեկ օրում չի կարող կատարյալ դառնալ: Երբ մարդիկ Հանրապետական կուսակցությանը մեղադրում են բոլոր մեղքերի համար, հաճախ մոռանում են, որ այս կուսակցությունը ներկայացնում է մեր հասարակության բոլոր շերտերը: Պատկերավոր ասած, եթե ընտանիքում կան լավ եւ վատ սովորող երեխաներ, նշանակում է սա արդյո՞ք, որ վատ սովորող կամ չար երեխայից պետք է հրաժարվել:

Մեր քաղաքացիները չեն սիրում, երբ իրենց վրա փորձում են ճնշում գործադրել՝ հաճախ դա հակառակ արդյունքն է տալիս:

Ինչ վերաբերում է կոնկրետ ձեր հարցին, ապա յուրաքանչյուր անգամ խախտում կամ վարչական ռեսուրսի չարաշահում արձանագրելու դեպքում պետք է բարձրաձայնենք դրա մասին: Պետք է դա անենք այնքան ժամանակ, մինչեւ մեր հասարակությունը կսկսի փոխվել: Անգամ իդեալական կառավարության դեպքում, ակնհայտ է, որ ստորին օղակներում տարիներով եւ տասնամյակներով ձեւավորված աշխատանքի ոճը մեկ  օրում չի փոխվելու:

 

- Մի քանի անգամ խոսել եք այն մասին, որ եթե Դուք եւ ձեր թիմը հաջողություններ ունենաք, կցանկանաք շարունակել աշխատանքը վարչապետի պաշտոնում նաեւ 2018 թվականին: Սա նշանակում է, որ 2018-ին օրենսդրական սահմանափակումն արդեն չի՞ գործելու:

 

- Կարծում եմ, որ 2018-ին այդ պահանջը ես բավարարած կլինեմ:

 

- Իսկ ունե՞ք բանաձեւ, որով գնահատելու եք սեփական աշխատանքի արդյունավետությունը:

 

- Այս դեպքում ինձ համար թվերը եւ ցուցանիշները չեն որոշիչ լինելու, չնայած դրանք էլ են շատ կարեւոր: Եթե մենք ունենանք տնտեսական աճի համեմատաբար համեստ ցուցանիշ, բայց գտնենք տնտեսության զարգացման զարկերակը եւ հստակ պատկերացնենք, թե ուր ենք գնում՝ ոլորտ առ ոլորտ, դա ինձ համար գոհացուցիչ արդյունք կլինի:

 

- Եվս մեկ հարց 2018-ի մասին՝ երբեւէ ՀՀ նախագահի հետ քննարկե՞լ եք այդ տարեթվի հետ կապված իր ծրագրերը:

 

- Մենք նախագահի հետ այնքան շատ բան ունենք քննարկելու, որ այդ հարցը չենք քննարկել:

 

- «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էիք, որ եթե հասարակության մեջ դժգոհություն կա էլիտաներից, էլիտաները պետք է սկսեն փոխվել: Կարծում եմ, որ վարչապետի պաշտոնում ձեր աշխատանքը էլիտայի փոփոխության գործնական օրինակ է: Բայց կարողանո՞ւմ եք այդ փոփոխության անհրաժեշտությունը փոխանցել «ներքեւ»:

 

- Դեպի «ներքեւ», ինչպես Դուք եք ասում, տարածման արագությունն ինձ չի գոհացնում, սակայն հապաղումն էլ այնպիսին չէ, որ մտահոգիչ համարեմ: Հոգու խորքում ես հասկանում եմ, որ երբեմն ավելի արագ փոփոխություններ եմ ցանկանում, քան դրանք հնարավոր են:

 

- Պարոն վարչապետ, ձեր ընտանիքի անդամները, օրինակ, ձեր որդին կամ դուստրը, կարո՞ղ են հանդես գալ խորհուրդներով կամ քննադատությամբ, որոնք վերաբերում են ձեր աշխատանքին:

 

- Իրենք քննադատական հարցադրումներ ժամանակ առ ժամանակ անում են, բայց ես փորձում եմ տանը աշխատանքի մասին շատ չխոսել:

Երբ անընդհատ «թաղված ես» ամենօրյա աշխատանքի եւ թղթերի մեջ, կորցնում ես վաղվա օրը տեսնելու կարողությունը:

- Կիրակի օրերին եւս աշխատո՞ւմ եք:

 

- Փորձում եմ կիրակի օրերին չաշխատել: Խնդիրն այն չէ, որ ուժերս չեն հերիքում կամ զլանում եմ: Գիտակցված փորձում եմ գոնե մեկ օր ազատ պահել, որպեսզի չկորցնեմ առօրյա կաղապարներից դուրս մտածելու կարողությունը: Երբ անընդհատ «թաղված ես» ամենօրյա աշխատանքի եւ թղթերի մեջ, կորցնում ես վաղվա օրը տեսնելու կարողությունը:

 

- Վերջերս ասացիք, որ «անհետաքրքիր» մարդ եք դարձել ու անգամ գիրք չեք հասցնում կարդալ: Շարունակվո՞ւմ է այդ վիճակը:

 

- Այո, ցավոք շարունակվում է: Չնայած, Ամանորի տոներին մի փոքր կարդացել եմ:

 

- Իսկ որո՞նք են ձեր կարդացած վերջին գրքերը:

 

- Կարող եմ երեք գիրք թվարկել, որոնք ինձ տպավորել են վերջին շրջանում: Առաջինը Ռոբերտ Անդերսոնի «Պարզապես ճանապարհին մի կանգնի. Ինչպես կարող է պետությունը օգնել բիզնեսին աղքատ երկրներում»: Այս գրքի հիմնական միտքն այն է, որ պետությունը չպետք է խանգարի բիզնեսին:

 

Մյուս գիրքը Էրիկ Ռայներտի «Ինչպես հարուստ երկրները հարստացան եւ ինչու աղքատ երկրները շարունակում են աղքատ մնալ»: Այս հեղինակը պնդում է, որ պետությունը պետք է գործուն մասնակցություն ունենա շատ հարցերում:

 

Եվ երրորդը՝ Պասկալ Սալենի «Վերադառնալ կապիտալիզմին՝ ճգնաժամերից խուսափելու համար» գիրքն է, որտեղ հստակ ֆիքսվում է, որ պետության չափից շատ միջամտելը վտանգավոր է:

 

Այս երեք գրքի համադրությունը շատ հետաքրքիր սիմբիոզ է եւ հետաքրքիր աշխարհայացք կարող է ձեւավորել: Խորհուրդ եմ տալիս հետաքրքրվողներին:

 

- Տարիներ առաջ, երբ «Հայռուսագազարդի» տնօրենն էիք, այնպես ստացվեց, որ նույն ինքնաթիռով էինք թռչում, ու ես նկատեցի, որ Բորխես եք ընթերցում:

 

- Ես միշտ եմ շատ կարդացել: Եվ այս կամ այն գիրք կարդալու որոշումս պայմանավորված չի եղել նրանով, թե որքանով ճանաչված է այն:

 

- Դուք սիրում եք հարց ձեւակերպել եւ ինքնուրույն պատասխանել դրան, եւ ոմանք պնդում են, որ դա յուրահատուկ հնարք է: Այդ ոճն իսկապես հատուկ մշակե՞լ եք, թե՞ ինքնաբերաբար է ստացվում:

 

- Անկեղծ ասած, դժվարանում եմ ասել, թե այդ ոճն ինչպես է ձեւավորվել: Միգուցե դա, ինչպես նաեւ քննարկումների ժամանակ թուղթ ու գրիչ օգտագործելը, գալիս է իմ դեռ համալսարանական մասնագիտությունից՝ կիրառական մաթեմատիկայից:

Կարեն Կարապետյանը Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Տիգրան Մեհրաբյանի

- Նաեւ ասում են, որ ձեր լակոնիկ ոճն իրականում պատասխաններից խուսափելու ձեւ է:

 

- Բայց մի՞թե ես այսօր ձեր հարցերին լակոնիկ եմ պատասխանում (ծիծաղում է-խմբ.):

 

- Կան մարդիկ, որոնք բողոքում են ձեր ժիլետներից եւ խորհրդակցությունների ժամանակ բաճկոնը հանելու սովորությունից:

 

- Ես դրան շատ հանգիստ եմ վերաբերվում (ժպտում է-խմբ.): Սա հաստատ հնարք չէ՝ երկար խորհրդակցությունների ժամանակ բաճկոնը պարզապես նեղում է:

 

Կարեն Կարապետյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին