exclusive
57720 դիտում

Իսահակ Սիլվերա. Մետաղական ջրածնի ստացման նոր փորձ ենք սկսում

Իսահակ Սիլվերան
Իսահակ Սիլվերան

Լուսանկարը` New York Post


2016թ.-ի հոկտեմբերին Հարվարդի համալսարանի գիտնականներ պրոֆեսոր Իսահակ Ֆ. Սիլվերան եւ դոկտոր Տանգա Դիասը հայտարարեցին, որ հաջողության են հասել մետաղական ջրածնի ստացման փորձերում: Գիտնականները մետաղական ջրածնի ստացման փորձն արել էին սառեցման կետից զգալիորեն ցածր ջերմաստիճանում երկու ադամանդների արանքում հեղուկ ջրածինը ճնշելով:

«Սա Երկրի վրա մետաղական ջրածնի առաջին օրինակն է, եւ դուք տեսնում եք մի բան, որը նախկինում գոյություն չի ունեցել»,- հեղափոխական բացահայտման փորձի մասին հայտնի դառնալուց հետո հայտարարել էր Իսահակ Սիլվերան:

Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես է սկսել աշխատել մետաղական ջրածնի հետազոտությունների վրա եւ ինչ փուլում են ուսումնասիրություններն այս պահին:

- Դուք փորձել եք հեղափոխական բացահայտում անել, որի մասին գիտնականները երազում են 100 տարուց ավելի: Որքա՞ն ժամանակ է, որ զբաղվում եք մետաղական ջրածնի ստացմամբ եւ ինչո՞ւ հենց այս ուղղությունը գրավեց Ձեզ:

- Ես սկսեցի մոտ 45 տարի առաջ: Սիրում եմ բարդ խնդիրները: Այդ ժամանակ մետաղական ջրածին ստեղծելու համար անհրաժեշտ ճնշման կանխատեսումը 25ԳՊա էր (այս փորձի ժամանակ 495ԳՊա ճնշում է օգտագործվել- հեղ.), եւ ես կարծում էի, որ կարող եմ հասնել նման ճնշման արդյունքին: Պարզվեց, որ այդ ցուցանիշն ավելի բարձր է, եւ ավելի դժվար է դրան հասնելը: 

- Համաձայն լրատվամիջոցների տեղեկությունների` Ձեր գիտական խումբը դեռ չի ապացուցել, որ ստացված մետաղը կայուն է նորմալ ճնշման եւ ջերմաստիճանային պայմաններում: Նմուշը սարքավորումից դուրս բերվե՞լ է: Եթե այո, ապա կարողացե՞լ եք պահպանել ստացված նյութը եւ դրա հատկությունները:

- Դեռ ոչ: Մենք չունենք որեւէ դրական կամ բացասական ապացույց նմուշի մետակայունության մասին:

- Ի՞նչ փուլում են այժմ հետազոտությունները: Փորձել եք, արդյո՞ք, կրկնել փորձը եւ հաջողության հասե՞լ եք:

- Վերջերս մենք կորցրեցինք ստացված օրինակը. ադամանդները կոտրվեցին, երբ լազերի փոքր հզորությամբ լույսն ուղղեցինք դրանց վրա: Մենք նոր փորձ ենք սկսում:

- Մի շարք գիտնականներ քննադատեցին Ձեզ` ասելով, որ հնարավոր է Դուք շտապել եք հայտարարել, որ մետաղական ջրածին եք ստացել: Ինչպե՞ս կարձագանքեք այդ քննադատություններին:

- Մենք չշտապեցինք: Նրանք առաջարկում են փորձը կրկնել, եւ ես համաձայն եմ: Բայց սա առաջին անգամն է, որ ջրածինը սեղմվում է այդպիսի ճնշման տակ, եւ դժվար կլինի դա կրկնել: Դրա համար կարող է ավելի քան մեկ տարի պահանջվել, այդ պատճառով էլ մենք չէինք կարծում, որ պետք է սպասել մեր հաջողության մասին բարձրաձայնելու համար: 

- Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար այս բացահայտումը: Փաստորեն, դուք կարող եք լինել այն գիտնականը, ով մարդկությանը կտա այդքան սպասված նյութը, ինչը կարող է դառնալ առաջընթացի հիմք տարբեր ոլորտներում:

-Երկար սպասված նպատակին հասնելու հաջողությունը չափազանց հուզիչ է: Դա նաեւ նոր հնարավորություններ է բացում հետագա ուսումնասիրությունների եւ բացահայտումների համար, որոնցով մենք զբաղվում ենք:

Իսահակ Ֆ. Սիլվերայի հետ զրուցել է Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am