Արևիկ Աշխարոյան. Ճիշտ չէ պնդումը, որ Հայաստանում քիչ են կարդում - Mediamax.am

exclusive
79448 դիտում

Արևիկ Աշխարոյան. Ճիշտ չէ պնդումը, որ Հայաստանում քիչ են կարդում

Արեւիկ Աշխարոյանը Լոնդոնի գրքի ցուցահանդեսում
Արեւիկ Աշխարոյանը Լոնդոնի գրքի ցուցահանդեսում

Լուսանկարը` Արեւիկ Աշխարոյանի արխիվից

Լուսանկարը`


Գրական գործակալի մասնագիտությունը աշխարհում մեծ պահանջարկ սկսեց վայելել  20-րդ դարի սկզբին:  Գրական գործակալը (literary agent) մասնագետ է, ով կապում է հեղինակին հրատարակիչների, թարգմանիչների, ռեժիսորների հետ ու առհասարակ զբաղվում է հեղինակային իրավունքի վաճառքով կամ ավելի պարզ՝ գրքերի պրոդյուսինգով:  Հայաստանում այս դաշտը գրեթե դատարկ է, գործող գրական գործակալներից մեկը Արեւիկ Աշխարոյանն է, ով այժմ ղեկավարում է 2016-ին հիմնադրված «ԱՐԻ» գրական գործակալությունը:

 

Մեդիամաքսը Արեւիկ Աշխարոյանի հետ զրուցել է գրական գործակալի աշխատանքի, հայ ժամանակակից գրականության ներկայի ու ապագային, ինչպես նաեւ վերջերս կայացած ամենամյա Լոնդոնի գրքի ցուցահանդեսի մասին, որտեղ կար նաեւ հայկական տաղավար:                                     

 

- Սկսենք Լոնդոնի գրքի ցուցահանդեսից, որին ներկա էիք: Ինչո՞վ է այն կարեւոր մեզ համար, ու ինչ ակնկալիքներով էիք մասնակցում:

 

-Լոնդոնի գրքի միջազգային ցուցահանդեսը աշխարհում երկրորդն է Ֆրանկֆուրտի ցուցահանդեսից հետո: Դա հարթակ է, որտեղ հավաքվում են գրողներ, հրատարակիչներ ու գործակալներ աշխարհի տասնյակ երկրներից, ներկայացնում իրենց ստեղծագործությունները, թարգմանությունները, շփվում, ծանոթանում, վարում բանակցություններ, որի արդյունքում էլ հիմնականում լինում են համագործակցության լավ օրինակներ: 

 

Հայաստանը այս ցուցահանդեսին մասնակցում է արդեն չորրորդ անգամ՝ Լոնդոնի հայ համայնքի ֆինանսավորման շնորհիվ:

Հայկական տաղավարը Լոնդոնի գրքի ցուցահանդեսում Հայկական տաղավարը Լոնդոնի գրքի ցուցահանդեսում

Լուսանկարը` Ա.Աշխարոյանի արխիվից

Ներկայացվում են հայ գրողների գրքեր ամբողջ աշխարհից: Ցավոք, հայ հրատարակիչները այս ցուցահանդեսն այդքան էլ չեն սիրում: Պատճառն, անկեղծ ասած, չգիտեմ: Ես ներկայացնում էի ԱՐԻ գրական գործակալության հետ համագործակցող հեղինակների` Արամ Պաչյանի, Հովհաննես Թեքգյոզյանի օտարալեզու հրատարակությունները, ինչպես նաեւ այլ հեղինակների: 

 

Քանի որ անվճար եւ ազատ հարթակ կար, հայ հրատարակիչներին եւ Մշակույթի նախարարությանը առաջարկեցի մասնակցել կամ գոնե գրականություն ուղարկել, բայց ապարդյուն: Ներկա էր միայն մի հայկական հրատարակչություն` «Անկյունաքար»-ը, որը նեղ մասնագիտական գրականություն էր ներկայացնում: Կարծում եմ, Լոնդոնի ցուցահանդեսին մեր հրատարակիչների ակտիվ մասնակցությունը մեծապես կնպաստեր հատկապես բրիտանական հրատարակչատների հետ համագործակցությանը:

 

- Հայ ժամանակակից գրողներից ո՞ւմ հետ եք համագործակցում, ինչ լեզուներով թարգմանություններ ունենք այս պահի դրությամբ:

 

-«ԱՐԻ» գրական գործակալությունն աշխատում է Արամ Պաչյանի, Հովհաննես Թեքգյոզյանի, Արմեն Հայաստանցու (Արմեն Օհանյան), Նարեկ Մալյանի, Սուսաննա Հարությունյանի, Կարինե Խոդիկյանի ու մեկ տասնյակ այլ գրողների հետ: Մեր հիմնական նպատակներից մեկը  հայ գրողներին օտարալեզու ընթերցողին ներկայացնելն է: Այս պահի դրությամբ Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպը թարգմանված է անգլերեն, «Ռոբինզոն» ժողովածուն էլ ուկրաիներեն, այժմ վաճառել ենք վեպի արաբերեն թարգմանության իրավունքները, աշխատում ենք ֆրանսերեն հրատարակության վրա, ընթացքի մեջ է վրացերեն թարգմանության աշխատանքները:

 

Հովհաննես Թեքգյոզյանի «Փախչող քաղաքը» կա թուրքերեն լեզվով, այս տարվա մեջ կլինեն անգլերեն եւ ֆրանսերեն հրատարակությունները, վաճառել ենք նաեւ Նարեկ Մալյանի «Զրոյական կետ» գրքի արաբերեն թարգմանության իրավունքները:

Արամ Պաչյանի «Ցտեսություն,Ծիտ» վեպի անգլերեն հրատարակության շապիկը Արամ Պաչյանի «Ցտեսություն,Ծիտ» վեպի անգլերեն հրատարակության շապիկը

Լուսանկարը` Ա.Աշխարոյանի արխիվից

Աշխատում ենք նաեւ մի քանի անգլիալեզու եւ ռուսալեզու հայ հեղինակների հետ որոնք բանկվում են ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում, բայց կան տարբեր բնույթի խնդիրներ, որոնք դանդաղեցնում են այդ գործընթացը:

Հովհաննես Թեքգյոզյանի «Փախչող քաղաքը» վեպի անգլերեն հրատարակության շապիկը Հովհաննես Թեքգյոզյանի «Փախչող քաղաքը» վեպի անգլերեն հրատարակության շապիկը

Լուսանկարը` Ա. Աշխարոյանի արխիվից

- Որո՞նք են այդ խնդիրները:

 

-Առաջինն ու հիմնականը թարգմանական դպրոցի բացակայությունն է: Մեզ պետք են հայերենի տարբեր օտար լեզուների թարգմանիչներ, որոնք նաեւ հայ մշակույթը կարող են հասկանալ: Որպես կանոն Հայաստանում արվում է հակառակը, օտար լեզվի տիրապետող ու Հայաստանում ապրող հայ թարգմանիչներ են անում թարգմանություններ, ինչը իջեցնում է թարգմանության որակը: 

Հայկական տաղավարը Լոնդոնի գրքի ցուցահանդեսում Հայկական տաղավարը Լոնդոնի գրքի ցուցահանդեսում

Լուսանկարը` Ա. Աշխարոյանի արխիվից

Չունենք նաեւ բավականաչափ գրական թարգմանիչներ, ովքեր ճիշտ կփոխանցեն գրական տեքստի բովանդակությունը օտարալեզու ընթերցողին, այլ ոչ թե զուտ բառացի թարգմանություն կանեն: Եվրոպական շատ երկրներ ունեն թարգմանության աջակցման ծրագրեր, որի շրջանակում իրենց երկրներ են հրավիրում թարգմանիչների, հոգում են կեցության ծախսերը, ավելի խորը սովորեցնում են լեզուն, ծանոթացնում են իրենց մշակույթին, որպեսզի այդ թարգմանիչները ֆրանսիական, գերմանական կամ այլ երկրի գրականությունը թարգմանեն իրենց հարազատ լեզուներին: Հայաստանում այդ փորձը, ավաղ, բացակայում է:

 

- Հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները որքանո՞վ են հետաքրքիր համաշխարհային շուկային ու ընթերցողին:

 

-Վստահություն ունեմ, որ յուրաքանչյուր գրող ու գրականության տեսակ ունի իր ընթերցողն ու ճիշտ մատուցման դեպքում կգտնի իր հասցեատիրոջը: Կան գրողներ, որոնք գրում են շատ տեղային, հայկական թեմաներով,  այդ գրքերը թե' դժվար է թարգմանել, թե' վաճառել արտասահմանում, սակայն չի նշանակում, որ դա անհնարին է: Կան նաեւ ավելի համամարդկային թեմաներով ստեղծագործողներ:

Հովհաննես Թեքգյոզյանի «Փախչող քաղաքը» վեպի թուրքերեն հրատարակությունը Հովհաննես Թեքգյոզյանի «Փախչող քաղաքը» վեպի թուրքերեն հրատարակությունը

Լուսանկարը` Ա.Աշխարոյանի արխիվից

Մենք կարող ենք մրցունակ լինել, սա միանշանակ է: Կարծում եմ նաեւ, որ Խորհրդային միության փլուզումից հետո հայ գրականության մեջ ստեղծվել է մի վիճակ, երբ գրողը չգիտի՝ ինչպես օգտագործել իրեն տրված ազատությունը: Մի տեսակ փնտրտուքների մեջ են եւ դա վերաբերում է ոչ միայն թեմաներին, այլ հատկապես նոր արտահայտչամիջոցներին, ոճերին, ժամանակակից հայերենին: Սա շատ բնական է եւ մի վիճակ է, որը ապագայում կհաղթահարվի:

 

- Պետությունը այս ոլորտում անելիք ունի՞, ինչ է արվում ու ինչ ակնկալել պետական հաստատություններից:

 

- Հայաստանի նման փոքր երկրներում, որտեղ շուկան էլ փոքր է, մշակույթի ոլորտի պատասխանատու գերատեսչությունները, անշուշտ, պետք է աջակցություն ցուցաբերեն գրողներին, հրատարակիչներին ու գրական գործակալություններին: Մենք այսօր ունենք մեր գրականությունը արտահանելու խնդիր: Պետական պատվերով մինչեւ այժմ տպված կամ թարգմանված գրքերից քչերն են, որ գտել են իր ընթերցողին ու արդյունավետ են եղել: Պետք է այս ոլորտը կարգավորել ու մշակել գրահրատարակչական ոլորտում պետական միջոցների ծախսման արդյունավետ մոդել: Պետք է օգտագործել միջազգային փորձը, այլ ոչ թե նորից հեծանիվ հայտնագործել:

Արամ Պաչյանի «Ռոբինզոն» գրքի ուկրաիներեն հրատարակությունը Արամ Պաչյանի «Ռոբինզոն» գրքի ուկրաիներեն հրատարակությունը

Լուսանկարը` Ա.Աշխարոյանի արխիվից

Մեկ այլ խնդիր էլ հենց Հայաստանում ընթերցանության խթանումն է: Չկա պետական հայեցակարգ, որով կգովազդվի ընթերցանությունն ու դրա կարեւորությունը: Եվրոպական երկրները այս առումով շատ հեռու են գնացել ու երեխային ծնված օրվանից կապում են գրքին, նորածինների անուններով գրքեր, նվերներ ու գրադարանի քարտեր են ուղարկում, շեշտում գիրք կարդալու առաջնահերթությունը: Իսկ այն մտայնությունը, թե Հայաստանում գիրք չեն կարդում, կարծում եմ, ճիշտ չէ: Եթե տպագրվող գրքերի տպաքանակն ու բնակչության թիվը համեմատենք, ապա Հայաստանը առաջատար դիրքերում է նախկին խորհրդային երկրների ցանկում:

 

Արեւիկ Աշխարոյանի հետ զրուցել է Սուրեն Ստեփանյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին