Արթուր Հարությունյան. Հակառակորդին անակնկալներ են սպասում - Mediamax.am

exclusive
92375 դիտում

Արթուր Հարությունյան. Հակառակորդին անակնկալներ են սպասում

Արթուր Հարությունյանը
Արթուր Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


ԼՂՀ Պաշտպանության բանակի N զորամիավորման հրամանատար, գնդապետ Արթուր Հարությունյանի հարցազրույցը Մեդիամաքսին

- Կանխատեսելի՞ էր արդյոք Ապրիլյան պատերազմը, եւ պատրա՞ստ էինք մենք դրան:

 

- 2016թ. ապրիլին ես զբաղեցնում էի Արցախի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենի պաշտոնը, սակայն, լինելով զինվորական, զգում էի, որ հակառակորդն ինչ-որ բան մտմտում է:

 

Այդ մասին էին վկայում հակառակորդի դիվերսիոն գործողությունների աճը, հրետակոծության ու ծանր տեխնիկայի օգտագործումը: Դեռ 2015թ. աշնանը Արցախի հյուսիսային հատվածում սկսել էինք ամրաշինական աշխատանքներ կատարել, որոնք շարունակվեցին նաեւ 2016թ. մարտին: Մինչեւ պատերազմը մեծ գործ էր արդեն արվել, նոր խրամուղիներ էին պատրաստվել եւ ամրացվել էին դիրքերը:

 

Ինչ վերաբերում է պատրաստվածությանը, ապա վստահ կարող եմ ասել, որ ինչպես այսօր, այնպես էլ 2016թ. ապրիլին, մենք զենքի ու զինամթերքի պակաս չենք ունեցել, մեր պակասը գիշերային տեսանելիության սարքերն էին, որը լրացրեցինք: 

 

Պատրաստվածության մասով չեմ կարող չնշել, որ այսօրվա զինվորը մեր սերնդակիցներից ավելի լավ է կռվում: Հայ զինվորը միշտ պատրաստ է եղել կռվի, պարզապես անհրաժեշտ էր ի ցույց դնել դա: Ապրիլին մենք ունեցանք «աբաջյաններ»՝ տղաներ, որոնք իրենց խնդիրը հերոսաբար կատարեցին: 

 

Ուզում եմ առանձնակի շեշտել մեր կրտսեր հրամանատարական կազմը, որը մինչեւ վերջին կաթիլ արյունը մնաց դիրքում: Ապրիլի 3-ին, երբ բարձրանում էի Թալիշ, Մատաղիսից Թալիշ տանող ճանապարհի վրա քաղաքացիական մեքենաներ էին կանգնած. դրանք մեր կրտսեր հրամանատարների մեքենաներ էին, որոնք տանից շտապել էին դիրքեր՝ մեքենան թողնելով կես ճանապարհին եւ հրետակոծության տակով վազել զինվորների մոտ. սա հերոսություն է, մեր բանակի տրամադրության ու մարտունակության ապացույցը:

 

Այդ կարճ մարտական գործողությունների ընթացքում մեր տղաներն այնպիսի հերոսություններ արեցին, որ ցանկացած գովեստի ու գնահատանքի խոսքն այսօր բավարար չէ:

 

-Ի՞նչ աշխատանքներ են կատարվել 2016թ. ապրիլից մինչ օրս:

 

- Առաջնագծի ամրացման, կահավորման ու տեխնիկական հագեցվածության ուղղությամբ հսկայածավալ աշխատանք է կատարվել: Արդեն իսկ ներդրել ենք մի շարք տեխնիկական միջոցներ, ներառյալ՝ տեսանելիության սարքերը, որոնք թույլ են տալիս ավելի վաղ տեսնել հակառակորդին, վերահսկել նրա շարժն ու խորքում համարժեք պատասխան տալ:

 

Շփման գծի ամբողջ երկայնքով այսօր դիրքերն ապահովված են տեսանելիության սարքերով: Ստեղծվել են մի շարք նոր եւ այլընտրանքային ճանապարհներ, դիրքեր տանող ճանապարհները հնարավորինս անտեսանելի  ու քողարկված են դարձել:

 

Պատերազմը վերսկսելու դեպքում հակառակորդը մի շարք անակնկալներ կզգա իր կաշվի վրա:

 

-Ի՞նչ շահեց հակառակորդն Ապրիլյան պատերազմից:

 

- Մեծ հաշվով՝ ոչինչ: Հակառակորդն արագ կանգնեցվեց ու հետ շպրտվեց: Ճիշտ է, հյուսիսային եւ հարավային հատվածներում նրան հաջողվեց մխրճվել որոշակի տարածքում, սակայն չէի ասի, թե ադրբեջանական կողմը որեւէ օգուտ ստացավ Ապրիլյան պատերազմից: Հյուսիսային՝ Թալիշի ուղղությամբ նրանց մոտ մնացած փոքր հողային հատվածը, վստահ եմ, այն գինը չուներ նրանց համար, որը դրա դիմաց վճարեցին:

 

Բայց դա էլ ժամանակավոր է: Մեր բանակի ու զինվորականության շրջանում պարտքի զգացում է ծնվել, մենք դեռ անելիք ունենք: Այդ հողում մեր տղաների արյունն է թափվել: Ստիպելու ենք, որ հակառակորդը հետ քաշվի այդ տարածքից, դա մեր պատիվն է:

 

- Անվտանգության ի՞նչ խնդիրներ կան ներկայում Թալիշում եւ Մատաղիսում:

 

- Մատաղիսում  կյանքն իր բնականոն հունով շարունակվում է, գործում են ե՛ւ դպրոցը, ե՛ւ մանկապարտեզը:

 

Թալիշում ակտիվ վերականգնողական աշխատանքներ են ընթանում: Այնտեղ ամենաշատ ավերածություններն են եղել: Ներկայում որոշ թվով բնակիչներ կան, հիմնականում՝ շինարարական աշխատանքներ կատարող գյուղացիներն են:

 

Ավերածության հետեւանքները վերացնելուց հետ Թալիշը եւս կվերաբնակեցվի:

 

Գալով գյուղի անվտանգության հարցին՝ նշեմ, որ անմիջապես Թալիշի դիմաց հակառակորդի Թափ Կարակոյունլու գյուղն է, որն ամբողջությամբ մեր վերահսկողության ներքո է, կարծես մեր ափի մեջ լինի եւ ցանկացած պահի կարող է հայտնվել կրակի տակ: 

 

Եթե թվերով խոսենք, ապա մեր դիրքից մինչեւ հակառակորդի բնակավայր ամենահեռու տարածությունը 300-400 մետր է, իսկ հակառակորդի դիրքից մինչեւ Թալիշ 3300 մետր է: Ընդ որում, հակառակորդին Թալիշ գյուղից շատ փոքր հատված է տեսանելի: Հետեւաբար, նրանց դեպքում պայմաններն ավելի վատն են:

 

Թալիշն ամբողջությամբ չվերաբնակեցնելու խնդիրը ոչ թե անվտանգության հետ է կապված, այլեւ վերականգնողական աշխատանքների ավարտի:

 

-Ինչպիսի՞ն է սահմանային իրավիճակն այսօր:

 

- Ներկայում հարաբերական անդորր է: Հակառակորդը շարունակում է պարբերաբար խախտել հրադադարի ռեժիմը, իսկ մենք, անհրաժեշտության դեպքում հակազդիչ գործողությունների ենք դիմում:

 

Հակառակորդը երբեք անպատիժ չի մնացել եւ չի մնա: Մեր բանակը միշտ ուժեղ է եղել, այսօր էլ առավել ուժեղ է եւ շարունակում է մնալ մեր անվտանգության երաշխավորը:

 

Սահմանների ամրապնդումը, տեխնիկական ու կրակային միջոցների համալրումը  շարունակական բնույթ է կրում: Այսօրվա մեր դիրքային պայմաններն ու ճնշող ուժերն ավելի հաջող են, քան հակառակորդինը:

 

Արթուր Հարությունյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին