exclusive
110002 դիտում

Կարեն Կարապետյան. «Պատրաստ եմ շատ բան փոխել Հայաստանում»

Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Ավստրիայի Հանրային ռադիոյի թղթակից Էլիզա Վասը վերջերս այցելել էր Հայաստան եւ հանդիպել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Էլիզա Վասը Մեդիամաքսին է տրամադրել ՀՀ կառավարության ղեկավարի հետ իր զրույցն ամբողջությամբ հրապարակելու բացառիկ իրավունքը։

- Ո՞րն է Ձեր գլխավոր նպատակը վարչապետի պաշտոնում։

- Մեր հիմնական խնդիրն է ստեղծել անվտանգ, անկախ, արդար եւ ինտելեկտուալ Հայաստան։ Գլխավոր շեշտը հիմա դնում ենք տնտեսության վրա եւ ձգտում ենք ստեղծել արդար ու հավասար պայմաններ բիզնեսի եւ ներդրողների համար։

- Ընտրություններից առաջ Դուք խոսում էիք 3 մլրդ դոլարը գերազանցող ներդրումների մասին։ Որտեղի՞ց եք գտնելու այդ գումարը։ 

- Մեր ծրագրերում բոլոր ներդրումային ծրագրերն ու ակնկալիքները հստակ նշված են։ Մասնավորապես, հայտարարել ենք, որ մոտակա տարիներին նախատեսում ենք 3,2 մլրդ դոլարի միջոցներ ներդնել հինգ հիմնական աղբյուրներից` մասնավոր բիզնեսի ներդրումներ, վարկեր, դոնորների ծրագրեր, պետբյուջե, համայնքային բյուջեներ։ Մենք իրատեսական ենք համարում 2017 թ. ընթացքում 830-840 մլն դոլարի նախագծերի իրականացումը։

Մենք գիտակցաբար ենք հրապարակել այս թվերը, գիտակցելով, որ հասարակությունը մեզանից հաշվետվություն է պահանջելու։ Մենք հատուկ ենք շատ բարձր նշաձող սահմանել, որը ստիպում է թիմի բոլոր անդամներին աշխատել առավելագույն լարվածությամբ։

- Կարո՞ղ եք ակնկալվող ներդրումների օրինակներ բերել։

- Դա Lydian ընկերության ներդրումներն են մեր հանքարդյունաբերության մեջ։ Շատ նախագծեր ունենք, որոնք վերաբերում են Հայաստանի մարզերում աղբի վերամշակման ենթկառուցվածքների ստեղծմանը։ Կան ծրագրեր` կապված ջերմոցային տնտեսությունների, ճանապարհաշինության, պղինձի ձուլման գործարանի կառուցման հետ։

- Ես Հայաստանում խոսել եմ մարդկանց հետ, եւ շատերը կարծիք են հայտնել, որ տնտեսությունը կզարգանա միայն այն դեպքում, եթե երկիրը ժողովրդվարական դառնա եւ խաղաղություն հաստատի հարեւանների հետ։ Դուք համաձա՞յն եք։

- Իհարկե, լավ է, երբ երկիրը խնդիրներ չունի հարեւանների հետ։ Բայց դա չի նշանակում, որ եթե այդ պայմանը չի կատարվում, մենք պետք է ձեռքերը ծալած նստենք։ Մենք խաղաղություն ենք ուզում, բայց ոչ ամեն գնով, ոչ մեր անկախության ու ազգային արժանապատվության հաշվին։ Մենք պատրաստ ենք կառուցողական բանակցությունների, սակայն եթե հակառակ կողմը նման պատրաստակամություն չի ցուցաբերում, չեմ կարծում, որ մեր տնտեսության զարգացման համար այլընտանքներ չկան։

- Ի՞նչ այլընտրանքի մասին է խոսքը։

- Ես հաճախ բերում եմ Իսրայելի օրինակը, որը նույնպես բավականին շատ խնդիրներ ունի։ Խոսքն այն մասին չէ, որ պետք է հանգստանալ եւ չձգտել խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։ Բայց ի՞նչ պետք է անենք, եթե բանակցային գործընկերը կառուցողական չէ։ Բնականաբար, պետք է զարգացնենք տնտեսությունը առկա սահմանափակումների պայմաններում։

Լուսանկարը` Tigran Mehrabyan


- Այսինքն, Իսրայելը ձեզ համար օրինա՞կ է։

- Երբեմն՝ այո։

- Սակայն Իսրայելում չկա այսիպիսի «ուղեղների արտահոսք», ինչպիսին Հայաստանում է։

- Նրանք էլ են ունեցել նման խնդիր, սակայն պայմաններ են ստեղծել այն լուծելու համար։ Եթե դուք նայեք Իսրայելի կյանքի առաջին տարիներին՝ անկախություն ձեռք բերելուց հետո, ապա կտեսնեք, որ նրանք էլ նմանատիպ խնդիրներ են ունեցել։

- Ես ճի՞շտ եմ հասկանում, որ Դուք անհավանական եք համարում Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը եւ Թուրքիայի հետ լավ հարաբերությունների ստեղծումը մոտ ապագայում։

- Ես նման բան չասացի։ Ասացի եւ պատրաստ եմ կրկնել, որ մենք խաղաղություն ենք ուզում խելամիտ պայմաններով։ Մենք պատրաստ ենք կառուցողական լինել, սակայն չեմ կարող կանխատեսել, թե որքան արագ դա տեղի կունենա, քանի որ դա կախված չէ միայն մեզնից։

- Դուք համարում եք, որ Հայաստանը ճի՞շտ վարվեց, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը։

- Այո, եւ բազմիցս ներկայացրել եմ իմ դիրքորոշումը։ Մենք մտել ենք հինգ երկրների ակումբ, որի բնակչությունը շուրջ 180 միլիոն է կազմում։ Մեր ապրանքների վաճառքի հավանականությունը այդ շուկայում առավել բարձր է մի շարք պատճառներով։ Ակումբում կան որոշակի առավելություններ ապրանքաշրջանառության համար։ Եթե մենք հաջողության հասնենք այդ շուկայում, ինչը, ի դեպ, մեծամասամբ հենց մեզանից է կախված, կարող ենք լավ պայմաններ ստեղծել մեր տնտեսության զարգացման համար։ Մտնելով այդ ակումբ, մենք չենք մերժում մեր տնտեսության համար այլ հնարավորությունները, այդ թվում կապված Եվրոպայի հետ։

Մենք հավանական ներդրողներին ասում ենք, որ, Հայաստան գալով, նրանք նաեւ հնարավորություն են ստանում դուրս գալ Եվրասիական միության, ինչպես նաեւ Իրանի շուկա, որի հետ մենք այժմ ստեղծում ենք ազատ տնտեսական գոտի սահմանին։

- Անցյալում Դուք Գազպրոմի մենեջեր էիք ։ Դուք կարո՞ղ եք Մոսկվայից բացարձակ անկախ որոշումներ ընդունել։

- Աշխատելով Գազպրոմում, ես շատ լավ հարաբերություններ եմ հաստատել եւ ընկերություն եմ անում շատ մարդկանց հետ։ Բայց դա չի նշանակում, որ այդ ընկերությունը կարող է վնասել Հայաստանի ազգային շահերին։ Հակառակը՝ այն կարող է օգնել լուծումներ գտնել որոշ բարդ իրավիճակներում։

- Դուք պատրաստ ե՞ք վարչապետ մնալ 2018 թվականին եւ դառնալ հանրապետության ղեկավար։

- Պատրաստ եմ։

- Դուք ցանկանում ե՞ք դա։

- Ես այս հարցին չափազանց իրատեսորեն եմ մոտենում։ Երբեք չեմ երազել վարչապետ լինել, եւ ոչ էլ ձգտել եմ գործադիր իշխանությանը։ Իմ այսօրվա պատրաստակամությունը ես ձեւակերպում եմ ոչ թե որպես իշխանության ձգտում, այլ որպես մեր երկրում շատ բան փոխելու ցանկություն։

- Ինչպիսին եք տեսնում Հայաստանը 5 տարի անց, ի՞նչը պետք է փոխվի։

- Հինգ տարի հետո Հայաստանում շատ բան պետք է փոխվի` որոշումներ կայացնելու ընթացակարգը, հասարակության եւ էլիտայի հարաբերությունները, հասարակական կյանքում էլիտայի տեղի ընկալումը, մեր քաղաքացիների կրթության մակարդակը, բիզնեսի վարման պայմանները։

- Իմ առաջին տպավորությունը Հայաստանից այնպիսին է, որ հայերն այնքան էլ լավատես չեն։ Ինչպե՞ս կարող եք փոխել տրամադրությունները երկրում։

- Ցավոք, մեզ մոտ իսկապես առկա են այն տրամադրությունները, որոնց մասին դուք ասացիք։ Դրա մեջ որոշակի պատմական ասպեկտ կա, քանի որ մեր պատմության ընթացքում մենք հաճախ հայտնվել ենք ծանր իրադրություններում եւ ստիպված ենք եղել գոյատեւել եւ պայքարել մեր ազգային ինքնության համար։ Մեր քաղաքացիների կյանքի այսօրվա  սոցիալ-տնտեսական պայմանները, տարածաշրջանային իրավիճակը նույնպես մարդկանց տրամադրությունների վրա ազդող գործոններ են։ Բայց մենք պատրաստ ենք դա փոխել մեր քրտնաջան աշխատանքով։

Կարեն Կարապետյանի հետ զրուցել է Էլիզա Վասը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am