Ռոբերտ Քոչարյան. “Հայաստանը պարտավոր է համաշխարհային ցուցանիշներից արագ զարգանալ” - Mediamax.am

22722 դիտում

Ռոբերտ Քոչարյան. “Հայաստանը պարտավոր է համաշխարհային ցուցանիշներից արագ զարգանալ”

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` www.2nd.am

Լուսանկարը`


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին

- Մեկ շաբաթից Հայաստանը տոնելու է անկախության 20-ամյակը: Շնորհակալ ենք, որ համաձայնվեցիք զրուցել մեզ հետ այդ հոբելյանի մասին ու թույլ տվեք շնորհավորել Ձեզ գալիք տոնի առթիվ:

 

- Շնորհակալ եմ եւ շնորհավորում եմ Ձեզ եւ մեր բոլոր հայրենակիցներին Անկախության 20-ամյակի կապակցությամբ:

 

- Անկախ Հայաստանի 20 տարիների ուղիղ կեսը բաժին է ընկել Ձեր նախագահության տարիներին: Այդ 10 տարիների ընթացքում անկախ պետականության Ձեր ընկալումը ենթարկվե՞լ է որոշակի փոփոխությունների` պայմանավորված ձեռք բերվող փորձով, լուծվող խնդիրների ծավալների փոփոխությամբ, այլ գործոններով:

 

- Այո, իհարկե: Նախ, աշխարհն ինքնին բավականին արագ է փոփոխվում, եւ պետք է կարողանալ ներդաշնակորեն ներգրավվել այդ փոփոխություններին: Ի դեպ, դա վերաբերվում է եւ երկրին, եւ քաղաքացիներին: Այլ կերպ պարզապես հետ կընկնես: Իհարկե, նաեւ կառավարման փորձը եւ բնազդը օգնում են արագ կողմնորոշվել բարեփոխումների ուղղվածության ընտրության, նրանց արագության եւ խորության հարցերում: Գլոբալիզացիայի գործընթացն, օրինակ, արդեն թելադրում է տնտեսական քաղաքականության որոշ չափորոշիչներ, որոնց անտեսումը պարզապես կործանարար է երկրի տնտեսության համար: Պետք է ընկալել նոր ծնվող միտումները, եւ ոչ թե վազել-հասնել դրանց: Հայաստանը պարզապես պարտավոր է եւ կարող է համաշխարհային ցուցանիշներից շատ ավելի արագ զարգանալ:

 

- Դուք հանդիպել եք մեծ ու հզոր երկրների ղեկավարներին, նրանց հետ քննարկել եք բարդ խնդիրներ ու ենթադրում եմ, որ միշտ չէ, որ եկել եք ընդհանուր հայտարարի: Ո՞րն է այն “բանալին”, որը թույլ է տալիս թեկուզ փոքր, բայց անկախ երկրի ղեկավարին “ոչ” ասել աշխարհի հզորներին:

 

- Պարզապես պետք չէ բարդութավորվել: Երկրի չափը չի նշանակում, որ նրա նախագահն անպայման ավելի խելացի է եւ արդյունավետ մյուս նախագահներից: Այո, նրանք, անկասկած, ավելի ազդեցիկ են երկրի քաղաքական կշռի շնորհիվ: Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ նրանք քո պետերն են, եթե, իհարկե, դու ինքդ նրանց այդ կերպ չես ընկալում: Գլխավորը` կարողանալ կառուցել ճիշտ, ազնիվ գործընկերային փոխհարաբերություններ, հստակ ներկայացնել քո երկրի շահերը եւ ունենալ համոզիչ փաստարկային հիմք, եթե դու ինչ-որ բանի հետ համաձայն չես: Ինձ մոտ, օրինակ, շատ ջերմ հիշողություններ են մնացել Վլադիմիր Պուտինի, Ժակ Շիրակի եւ Բիլ Քլինթոնի հետ շփումից: Նրանցից ոչ ոք երբեք չի փորձել ընդգծել իր գերազանցությունը:

 

- Այն տղաներն ու աղջիկները, որոնք ծնվել են 1991 թվականին, այսօր 20 տարեկան են: Սա այն սերունդն է, որը խորհրդային կարգերը չի տեսել ու լավագույն դեպքում գիտի դրանց մասին ծնողներից կամ գրքերից: 10-15 տարի հետո այս սերունդը պետք է որոշիչ դեր խաղա Հայաստանի ապագայի ձեւավորման հարցում: Ի՞նչ կարող եք խորհուրդ տալ այդ երիտասարդներին:

 

- Կարծում եմ, որ խորհուրդներն օգտակար են միայն այն ժամանակ, երբ դրանց հասցեատերը հասկանում է, որ ունի դրանց կարիքը, այդ պատճառով չեմ սիրում խորհուրդներ տալ: Ավելի շուտ, կցանկանամ, որպեսզի նրանք իրենց գիտելիքներով  եւ ստեղծարարությամբ դառնան Հայաստանի մրցակցային առավելության գործոնը:

 

- 30 տարի հետո անկախ Հայաստանը կլինի 50 տարեկան: Ինչպիսի՞ն կլինի Հայաստանն այդ ժամանակ:

 

- Չգիտեմ: Ավելի քան 50 տարի առաջ Սոմալին եւ Հարավային Կորեան ունեին ՀՆԱ-ի գրեթե նույն ցուցանիշը մեկ շնչի համար, իսկ այսօր այդ երկրները հնարավոր չէ անգամ համեմատել: Սոմալին պատառոտվում է տարաձայնություններից, բնակչությունը սովի է մատնված, իսկ Հարավային Կորեան դարձել է հզոր արդյունաբերական երկիր եւ համաշխարհային առաջատարներից է տնտեսության մի շարք ոլորտներում: Ահա թե ինչ է նշանակում արդյունավետ կառավարում, հեռանկարները տեսնելու ունակություն եւ զարգացման ճիշտ մոդելի ընտրություն: Համոզված եմ, որ Հայաստանը լուրջ ներուժ ունի Հարավային Կովկասի ամենաարդյունավետ երկիրը դառնալու համար: Թե ինչպե՞ս այն կօգտագործվի, ցույց կտա ժամանակը:

 

- Գլոբալիզացիայի, աշխարհով մեկ մարդկանց ազատ տեղաշարժի, ինտերնետի, սոցիալական ցանցերի եւ առհասարակ տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման պարագայում ավելի ու ավելի հաճախ են կարծիքներ հնչում այն մասին, որ անկախ պետության գաղափարը գնալով կորցնում է իր սկզբնական նշանակությունը եւ ի վերջո կունենա խորհրդանշական նշանակություն: Որքանո՞վ իրական եք համարում այդպիսի սցենարը:

 

- Եվրամիության մոդելը, իհարկե, նման մտքերի առիթ դառնում է: Սակայն այդ մոդելը գործում է միայն Եվրոպայում, ունի ընդգծված եվրոպական առանձնահատկություն եւ, տեսանելի հեռանկարում, ինտեգրացիայի նման աստիճան որեւէ այլ տեղում չի սպասվում: Հենց նույն ԵՄ-ում ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել ազգային պետություններից, չէ՞ որ դա պետությունների միություն է: Կարծում եմ, որ անկախ պետությունները դեռեւս երկար ժամանակ կշարունակեն լինել միջազգային իրավունքի հիմնական սուբյեկտները:

- 20 տարի առաջ Ստեփանակերտ այցելեցին Բորիս Ելցինը եւ Նուրսուլթան Նազարբաեւը: Ինչ հիշողություններ ունեք այդ այցելությունից: Միգուցե կա՞ն մանրամասներ, որոնք հանրությանը հայտնի չեն: Երբ նայում եք այսօրվա դիրքերից, ի՞նչ եք կարծում. այդ այցը կարող էր իրական արդյունքներ տալ, թե իրավիճակն արդեն այնպիսին էր, որ Ադրբեջանը պատրաստ չէր զիջումների եւ պատերազմը անխուսափելի էր:

 

- Այո, ես լավ եմ հիշում այդ այցը: Լեոնարդ Պետրոսյանի հետ միասին բանակցություններ էինք վարում Բորիս Ելցինի եւ Նուրսուլթան Նազարբաեւի հետ` Լեռնային Ղարաբաղի ճակատագրի մասին մեր պատկերացումների վերաբերյալ: Իսկապես, կան այդ իրադարձությունների մանրամասներ, որոնք դեռեւս հայտնի չեն հանրությանը: Սակայն չեմ կարծում, որ եկել է ժամանակը դրանց մասին հրապարակային խոսելու համար: Դա միջնորդների անկեղծ փորձն էր դադարեցնել հակամարտության տարածումը, սակայն այդ ժամանակ, կարծում եմ, դժվար թե հնարավոր էր որեւէ բան փոխել: Գործընթացը զարգանում էր այլ տրամաբանությամբ`ԽՍՀՄ փլուզման համատեքստում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին