exclusive
14157 դիտում

Էդվարդ Ջերեջյան. «Կապիտալիզացրե՛ք հայկական ինքնությունը»

Էդվարդ Ջերեջյանը
Էդվարդ Ջերեջյանը

Լուսանկարը` Edgar Barseghyan/Aurora


Էդվարդ Ջերեջյանը Ռայսի համալսարանի (ԱՄՆ, Տեխաս նահանգ) Հանրային քաղաքականության Ջեյմս Բեյքերի ինստիտուտի տնօրենն է: Նա ԱՄՆ-ի ամենահարգված եւ ամենափորձառու դիվանագետներից մեկն է, աշխատել է Միացյալ Նահանգների 8 նախագահների վարչակարգերի հետ:

Ինչպես եւ 2016-ին, այս տարի եւս դեսպան Ջերեջյանը ժամանել էր Հայաստան՝ որպես «Ավրորա» մրցանակաբաշխության հյուր: Ձեզ ենք ներկայացնում Էդվարդ Ջերեջյանի հետ մեր զրույցի առավել ուշագրավ հատվածները:

Անցումային պահ

Այժմ միջազգային քաղաքականության մեջ անցումային պահ է: Վաշինգթոնի նոր վարչակազմը դեռեւս գտնվում է իր արտաքին քաղաքականության մշակման փուլում:

Անկախ միջազգային իրադրությունից, Հայաստանը պետք է ձգտի հայտնվել այնպիսի իրավիճակում, որն իրեն թույլ կտա առաջ մղել իր ազգային շահերը Հյուսիս-Հարավ եւ Արեւելք-Արեւմուտք առանցքներով:

Դա պետք է դառնա հայկական քաղաքականության կոնստանտը՝ հաշվի առնելով երկրի աշխարհագրական դիրքը. քաղաքականության մեջ աշխարհագրությունը շատ դեպքերում ճակատագրական նշանակություն է ունենում:

Կապիտալիզացնել ինքնությունը

Հայաստանի համար կարեւոր է կապիտալիզացնել իր՝ սահմանափակ ռեսուրսներ եւ շատ խելացի բնակչություն ունեցող փոքր երկրի ինքնությունը եւ օգտագործել տարածաշրջանային կենտրոն դառնալու հնարավորությունը, լինի դա բարձր տեխնոլոգիաների կամ առեւտրի եւ ֆինանսների ոլորտում:

Նայե՛ք Հարավային Կորեային: Չունենալով բնական ռեսուրսներ՝ նրանք ստեղծել են ուժեղ տնտեսություն, որը հիմնված է մարդկանց ձեռնարկատիրական ջիղի վրա: Նրանք խթանում էին մասնավոր հատվածը, կենտրոնացնելով ուժերը բարձր տեխնոլոգիաների ոլորտում եւ կարեւոր ֆինանսական եւ առեւտրային հարաբերություններ հաստատելով ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհի հետ:

Հայաստանը պետք է նման երկրները դիտարկի որպես մոդել: Սա հուսադրող սցենար է առաջ գնալու համար:
 
Էրդողանի նոր ազդեցությունը

Երբ ԱԶԿ-ն (Արդարություն եւ զարգացում կուսակցությունը) իշխանության եկավ Թուրքիայում, այն հավատարիմ էր աշխարհիկ երկիրը կառավարող իսլամիստական կուսակցության մոդելին, որը արժանավայել տնտեսական աճ էր խթանում եւ զարգացնում էր հարաբերությունները տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում:

Երբ Էրդողանը ժամանեց Կահիրե, նա հայտարարեց (ես դա երբեք չեմ մոռանա), որ բոլոր կառավարությունները պետք է հավասարապես հեռու լինեն բոլոր կրոններից: Նա իսլամիստ առաջնորդ էր, ով վառ օրինակ էր, թե ինչպես մուսուլման մեծամասնություն ունեցող երկրում կարելի է հավասարակշռել իսլամական մշակույթը աշխարհիկ կառավարության հետ:

Էդվարդ Ջերեջյանը Էդվարդ Ջերեջյանը

Լուսանկարը` Aurora


Իսկ հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես է փոխվում իրավիճակը: Հիմա Էրդողանը դարձել է շատ ազդեցիկ մարդ Թուրքիայում: Եվ հարկավոր է հասկանալ, ի՞նչ է նա պատրաստվում անել այդ ազդեցության հետ, ո՞ր ուղղությամբ է շարժվելու: Արդյո՞ք այն ավելի շատ վստահություն կներշնչի Էրդողանին առ այն, որ Թուրքիան կարող է վերածվել տարածաշրջանում խաղաղություն եւ անվտանգություն խթանող երկրի, թե՞ խոսքն այլ ազդեցության մասին է: Ոչ ոք դա չգիտի: Բայց դա մեծ ազդեցություն կունենա Հայաստանի վրա:

Լավ հարաբերությունների հաստատումը բխում է թե՛ Թուրքիայի եւ թե՛ Հայաստանի շահերից: Սակայն Թուրքիայի համար Հայաստանի հետ լավ հարաբերությունների հաստատումը կբարելավի իր դիրքերը տարածաշրջանային մակարդակով՝ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի համատեքստում, քանի որ եվրոպացիներն ու ամերիկացիները սատարում են Հայաստանին: Հայաստանը ունի յուրօրինակ ինքնություն, շատ ազդեցիկ Սփյուռք, որը կարեւոր ակտիվ է արեւմտյան երկրների հետ հարաբերություններում:

Պուտինը, Թրամփը եւ Հարավային Կովկասը

Հարավային Կովկասը առավել կարեւոր է Պուտինի, քան այլ արտաքին դերակատարների համար: Դժվար է պարզել, թե որոնք են Պուտինի մտադրությունները այս տարածաշրջանում: Պարզ է մի բան. նա ցանկանում է խոշոր դերակատար մնալ Հարավային Կովկասում:

Արդյո՞ք դա կդրդի նրան որոշիչ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար: Դրա համար նա ստիպված կլինի մեծ քաղաքական կապիտալ օգտագործել Թուրքիայի հանդեպ: Արդյո՞ք ռուս-թուրքական հարաբերությունները Պուտինի համար ավելի կարեւոր կլինեն, քան սեփական հաղթաթղթերը գործի դնելը այնպիսի հարցերում, ինչպիսին ԼՂ խնդիրն է: Մենք դա չդիտենք:

Կարեւոր է, որպեսզի Հարավային Կովկասը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը անտեսված օրակարգի մաս չդառնան: Դա էլ ավելի մեծ լարվածության կհանգեցնի: Չնայած նրան, որ որոշումը պետք է կայացնեն Երեւանն ու Բաքուն, անհրաժեշտ է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը մնա մեծ տերությունների օրակարգում:

Հակամարտության կառավարումից դեպի նրա լուծում

ԵԱՀԿ Մինսկի գործընթացը շարունակվում է երկար տարիներ: Այն դրական արդյունքի կատալիզատոր չդարձավ: Ես գիտակցում եմ, թե որքան բարդ է խնդիրը, բայց գործընթացը հանուն գործընթացի կարող է ավելի մեծ անկայունության բերել:

Մենք դրա ականատեսը եղանք արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացի ժամանակ, որում ես ներգրավված էի: Ատում եմ «խաղաղ գործընթաց» արտահայտությունը: Գործընթացը դառնում է ինքնանպատակ: Նույնիսկ այսօր կան մարդիկ, ովքեր ասում են.«Ո՛չ, վերջնական լուծման մի գնացեք, քայլ առ քայլ արեք, վստահության ամրապնդման միջոցառումներ իրագործեք»: Մենք տարիներ շարունակ խոսում էինք այդ մասին, եւ ու՞ր դա մեզ բերեց: Պաղեստինցիների օկուպացիան շարունակվում է ավելի քան 50 տարի:
 
Մենք պետք է անցում կատարենք հակամարտության կառավարումից դեպի դրա լուծումը: Դա պետք է Հայաստանի, Ադրբեջանի, տարածաշրջանային ուժերի եւ միջազգային հանրության նպատակը դառնա:

Հայաստանն ունի իրական քաղաքական ակտիվներ, որոնք կարելի է հմտորեն օգտագործել միջազգային ասպարեզում, որպեսզի միջազգային հանրությունը ուժերը կենտրոնացնի այդ հարցի վրա ՝այն լուծելու նպատակով:

Քաղաքականությունը վարում են առաջնորդները

Քաղաքականությունը վարում են առաջնորդները, նրանք կարող են փոխել իրավիճակը: Հայկական կողմը մեծ հույսեր էր կապում հայ-թուրքական արձանագրությունների հետ: Դա երկու երկրներում էլ շատ համարձակ քայլ էր. Հայաստանի նախագահի, ով ստորագրել էր այդ արձանագրությունները՝ չնայած Սփյուռքում դժգոհության մեծ ալիքին: Հայերը ցույց տվեցին, առնվազն այդ ժամանակ, որ պատրաստ են այդ հարցի շուրջ կոշտ որոշումներ կայացնել, սակայն դրանից բան դուրս չեկավ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, դժվար է հասկանալ նախագահ Ալիեւի մտադրությունները: Հուսով եմ, որ նրա նպատակը բանակցային ճանապարհով  խնդրի լուծմանը հասնելն է, եւ նա գիտակցում է, որ անհրաժեշտ է քաղաքական փոխզիջումների գնալ: Արդյո՞ք նա այդ հակամարտության կարիքն ունի հասարակության հանդեպ ռեժիմի մշտական վերահսկողությունը հիմնավորելու համար: Շատ քննադատություն է հնչում Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ազատությունների վիճակի վերաբերյալ:

Վերջին շրջանում նավթի եւ գազի գների անկման պատճառով այդ երկիրն այժմ ուժեղ ճնշման տակ է: Սակայն, մենք չպետք է պատրանքներ ունենանք. Ադրբեջանը հարուստ երկիր է, եւ բոլոր նրանք, ովքեր որոշումներ են կայացնում Երեւանում, պետք է խիստ մտահոգված լինեն նրանց զենքի գնումներով:

2016 թվականին Մեդիամաքսը եւս զրուցել էր Էդվարդ Ջերեջյանի հետ՝ կարդացեք նաեւ այդ հարցազրույցը:

Էդվարդ Ջերեջյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am