Ջեյմս Ստավրիդիս. Միջազգային անվտանգությունը բարդ խաղատախտակ է - Mediamax.am

exclusive
97383 դիտում

Ջեյմս Ստավրիդիս. Միջազգային անվտանգությունը բարդ խաղատախտակ է

Ջեյմս Ստավրիդիսը
Ջեյմս Ստավրիդիսը

Լուսանկարը` USNI News

Լուսանկարը`


Ս.թ. մայիսի 2-ից 6-ը ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի Հրամանատարաշտաբային ֆակուլտետում անցկացվեց ԱՄՆ-ի Թավթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության եւ իրավունքի դպրոցի միջազգային անվտանգության հարցերով դասընթացը:

 

Մեդիամաքսը դիմեց Ֆլետչերի դիվանագիտության եւ իրավունքի դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսին՝ դասընթացի բովանդակությունը մեկնաբանելու խնդրանքով:

 

Պաշտոնաթող ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը 2009-2013թթ. զբաղեցնում էր Եվրոպայում ԱՄՆ Զինված ուժերի հրամանատարի եւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնները: 2016 թվականին նրա անունը նշվում էր ԱՄՆ պետքարտուղարի հավանական թեկնածուների շարքում՝ Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում:

 

-  Ինչպե՞ս ծագեց ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ինստիտուտում նման ծրագիր կազմակերպելու գաղափարը։

 

- Մայիսի առաջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության եւ իրավունքի դպրոցի միջազգային անվտանգության հարցերի ուսումնասիրության ֆակուլտետի մասնագետները «Միջազգային հակամարտություն, որոշումների կայացում եւ ճգնաժամերի կառավարում» թեմայով հնգօրյա դասընթաց անցկացրին ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների համար։

 

Այս դասընթացը կազմակերպվել էր Թավիթյան հիմնադրամի հովանավորությամբ։ Կրթական գործունեության շրջանակներում հիմնադրամը ձգտում է ամրապնդել Հայաստանում կառավարման համակարգը այնպիսի ծրագրերի միջոցով, որոնք կենտրոնանում են տարբեր պետական գերատեսչություններում եւ նախարարություններում մարդկային եւ ինտելեկտուալ կարողությունների զարգացման վրա։

 

Դասընթացի անցկացման գաղափարը պատկանում է հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին։ Մինչ օրս Թավիթյան հիմնադրամի հովանավորությամբ ավելի քան 300 հայ մասնագետներ ուսանել են Ֆլեթչերում։   

 

ՀՀ ՊՆ-ի համար նախատեսված ծրագիրը մշակվել եւ դասավանդվել է Ֆլետչերի դպրոցի պրոֆեսորներ Ռիչարդ Շուլցի եւ Միշել Մալվեստինի կողմից:

 

- Ինչ դասընթացներից էր բաղկացած ծրագիրը:

 

- Ծրագիրը բաղկացած էր հետեւյալ երեք դասընթացներից․

1) 21-րդ դարի ոչ կանոնավոր պատերազմներ;

2) Ազգային անվտանգության հետ կապված որոշումների ընդունում;

3) Բարդ հակամարտություններ, ճգնաժամերի կառավարում եւ միջգերատեսչական համագործակցություն։

 

Ծրագրում ընդգրկված են հիմնականում ՀՀ պաշտպանության նախարարության հրամանատարական անձնակազմի ներկայացուցիչներ, այդ թվում՝ մասնագետներ ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտից, որի ղեկավարն է Հայկ Քոթանջյանը, անվտանգության հետ առնչվող պետական գերատեսչությունների քաղծառայողներ։

Ջեյմս Ստավրիդիսը եւ Վիգեն Սարգսյանը Ջեյմս Ստավրիդիսը եւ Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել, թե ինչպես է միջազգային անվտանգությունը փոխվել 21-րդ դարում՝ կոնֆլիկտի պետականակենտրոն մոդելից վերածվելով բարդ խաղատախտակի, որի վրա զինված խմբերը եւ ավտորիտար պետությունները կիրառում են ոչ կանոնավոր պատերազմի հնարքներ։

 

Ծրագիրը միտված էր նաեւ գնահատելու ընտրված մի քանի նոր ռազմավարություններ՝ արձագանքելու այս ոչ կանոնավոր մարտահրավերներին, վերլուծելու որոշումների կայացումը ռացիոնալ մոտեցմամբ՝ միեւնույն ժամանակ ուսումնասիրելով ռացիոնալ որոշման կայացման անհատական սահմանափակումները եւ կազմակերպչական մարտահրավերները, արժեւորելու, թե ինչպես են որոշումները կայացվում ճգնաժամերի դեպքում եւ երբ են որոշում կայացնողները ճգնաժամերի ընթացքում հաճախ հիմնվում պատմության եւ պատճառաբանությունների վրա։ 

 

Ծրագրի նպատակներից  էր նաեւ ներկայացնել ռազմաքաղաքական ճգնաժամի առանձնահատկությունները եւ փոխազդեցությունների հաջորդականությունը եւ գնահատել հարձակողական եւ պաշտպանական ռազմավարությունները՝ նմանատիպ ճգնաժամերը կառավարելու համար։  

 

- Որքան գիտենք, դասընթացների ընթացքում քննարկվել են նաեւ ճգնաժամի սցենարներ:

 

- Այո, մասնակիցներին տրամադրվեց ճգնաժամի սցենար, որի շրջանակներում նրանք բաժանվեցին 6 խմբերի` ԱՄՆ, Ռուսաստան, Բալթիկ երկրներ, ՆԱՏՕ, Թուրքիա եւ «Իսլամական պետություն»։ Սցենարով նախատեսված էր, որ խմբերը պետք է մշակեն «Ռազմավարություն» այն պետության, դաշինքի կամ զինված խմբի անունից, որն իրենք ըստ սցենարի ներկայացնում են։ Նրանք նախ պետք է հասկանան իրենց առջեւ ծառացած խնդիրը, այդ թվում մարտահրավերի բնույթը եւ վտանգված կենսական կամ կարեւոր շահերը։

Դասընթացի ժամանակ Դասընթացի ժամանակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Այնուհետ, նրանք պետք է շարադրեին անմիջական, ինչպես նաեւ երկարաժամկետ նպատակները՝ այդ ճգնաժամը հաջողությամբ կառավարելու համար։ Դրանով նրանք պետք է նկարագրեին՝ ինչ գիտեն կամ ինչ պետք է իմանան հակառակորդի շահերի, նպատակների եւ կարողությունների մասին, որպեսզի հասկանան իրենց ռազմական եւ ոչ ռազմական կարողությունները, որոնք մոբիլիզացնելով նրանք հաջողությամբ կարող են ստանալ ճգնաժամի արդյունքը։ Դասընթացի վերջին փուլում յուրաքանչյուր թիմ ներկայացրեց իր ռազմավարական պլանը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին