exclusive
19929 դիտում

Դավիթ Տոնոյան. Մարդիկ հավատում են մեզ

Դավիթ Տոնոյան
Դավիթ Տոնոյան

Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ


Սեպտեմբերի 4-ին հայ փրկարարները տոնում են իրենց մասնագիտական տոնը: Այդ առիթով Մեդիամաքսը զրուցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

- Պարոն Տոնոյան, կես տարուց ավելի է, ինչ զբաղեցնում եք Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը: Կարծում եմ, սա բավարար ժամկետ էր համակարգին ծանոթանալու, նրա ուժեղ եւ թույլ կողմերը բացահայտելու համար: Եթե կարելի է, ներկայացրեք դրանք:

- Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգին ծանոթանալու համար, թերեւս, կես տարին բավարար է: Սակայն չմոռանանք, որ իմ նախկին աշխատանքում (ՊՆ փոխնախարար) եւս հաճախ եմ շփվել ԱԻՆ համակարգի հետ՝ համակարգելով ՊՆ-ԱԻՆ համագործակցության տարբեր ոլորտներ:

Հարցի երկրորդ մասին պատասխանեմ եզովպոսյան ոճով՝ մեր ուժեղ կողմը կադրերն են, թույլ կողմը ՝ նորից կադրերը:

Ունենք բարձրակարգ, գործիմաց ու նվիրյալ կադրեր բոլոր ոլորտներում: Ունենք եւ որոշ թույլ կադրեր, որոնք արդեն իսկ հասկանում են, որ գործ չունեն մեր բնագավառում: Կադրերի հետ աշխատանքի ամենանպատակային ուղին համակարգի առաջանցիկ բարեփոխումներն են, որը եւ ժամանակի մարտահրավերներով է պայմանավորված, եւ ՀՀ կառավարության հրատապ խնդիրների մաս է:

Թող հավակնոտ չհնչի, սակայն մեր ուժեղ կողմերից է վստահության մշակույթի ձեւավորումը մեր ժողովրդի մոտ: Ժողովուրդն այլեւս հավատում է մեզ, հավատում է օգնության 911 հեռախոսահամարին: Պատահական չէ, որ 2017թ. առաջին կիսամյակում 911 ծառայությունում ստացվել է 1 մլն 55 հազարից ավելի ահազանգ, որոնցից ոչ մեկն անպատասխան չի մնացել: 

Ի դեպ՝ կառուցվածքային բարեփոխումների դրդապատճառներից է նաեւ այն, որ որոշ ստորաբաժանումներ ոչ միայն կրկնում են միմյանց գործառույթները, այլեւ՝ գործունեություն ծավալում չհամաձայնեցված ձեւով: Բնականաբար, նշված եւ այլ ստորաբաժանումները ենթակա են հրատապ բարեփոխումների, ինչը ընդհանուր բարեփոխումների մեկնարկ կարելի է համարել:

- Տպավորություն է ստեղծվում, որ Դուք նպատակ ունեք ընդլայնել մեզանում կարծրացած պատկերացումը ԱԻՆ-ի մասին՝ որպես հիմնականում ռեակտիվ կառույցի եւ փորձում եք հիմքեր ստեղծել այն ավելի շատ պրոակտիվ համակարգ դարձնելու համար:

- Հայաստանում իրականացվող ցանկացած մարդասիրական ծրագրի եւ առաքելության հեղինակը կամ մասնակիցը ԱԻ նախարարությունը: Էլ չեմ ասում, որ մեր քաղաքացիներն ԱԻ նախարարությունն ընկալում են որպես մշտական պատրաստ օգնականի՝ անկախ աղետի կամ արտակարգ իրավիճակի բնույթից:

Արտակարգ դեպքերին մեր արձագանքումը ունի հետեւյալ պատկերը՝ արտակարգ իրավիճակի ծագման ռիսկի նվազում, ծագած դեպքի գնահատում, կանխում, կանխարգելում, հետեւանքների վերացում: Այլ կերպ ասած՝ ներդրվել է կառավարման նոր մշակույթ՝ աղետների կառավարման համակարգ (ռիսկի նվազեցում, դիմակայում, հետեւանքների վերացում), որն էլ աստիճանաբար տեղափոխվում է էլեկտրոնային կառավարման հենքերի վրա:

Դավիթ Տոնոյանը «Նաիրիտում» Դավիթ Տոնոյանը «Նաիրիտում»

Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ


Ի դեպ՝ մեր արձագանքման մեջ տեղի է ունեցել նաեւ բովանդակային փոփոխություն: Գործունեությունը ծավալում ենք դիֆերենցված. խոցելի խավեր՝ երեխաներ, հաշմանդամներ, սահմանամերձ  գոտիների բնակիչներ, արցախյան ազատամարտի մասնակիցներ, շահառուներ՝ համայնքներ, մեծ բնակավայրեր, քաղաքներ եւ այլն: Նշված բոլոր ուղղություններով էլ նախարարությունն իրականացնում է  երկարաժամկետ ծրագրեր՝ հիմնականում միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ:

- Կառավարության ծրագրում նշված է, որ 2017-2020թթ. պետք է գործարկվի աղետների ռիսկի նվազեցման էլեկտրոնային միասնական կառավարման համակարգը: Ի՞նչ է ենթադրում այդ համակարգը եւ ինչպես է այն աշխատելու:

- ՀՀ ԱԻՆ էլեկտրոնային կառավարման միասնական համակարգը արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառում հանդիսանում է ոլորտում կառավարման գործընթացների, տարաբնույթ խնդիրների լուծման ու արդյունավետ գործունեության ապահովման հիմնական գործիքներից մեկը, որի ներդրումը կնպաստի ՀՀ էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագրի եւ ՀՀ աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ու մի շարք այլ հայեցակարգային ու ռազմավարական արդի ծրագրերի իրականացմանը:

Համակարգը կընդգրկի ՀՀ ԱԻՆ կառուցվածքային, առանձնացված եւ տարածքային ստորաբաժանումների տեղեկատվական տիրույթը եւ կունենա այլ պետական մարմիններում, կազմակերպություններում գործող ավտոմատացված կառավարման համակարգերին, շտեմարաններին, հանգույցներին, ենթահամակարգերին համակցվելու հնարավորություն ու համապատասխան պաշտպանվածության աստիճան, իսկ նրա գործունեությունն ու անվտանգությունը երաշխավորող ծրագրային ապահովումը կիրականացվի արտոնագրված փաթեթների միջոցով:

Համակարգի նպատակներն են արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության, աղետների ռիսկերի կառավարման բնագավառում պետական կառավարման գործընթացների արդյունավետության բարձրացումն ու ոլորտում տեղեկատվության տրամադրման գործընթացի արդիականացումն ու դյուրինացումը՝ միաժամանակ ապահովելով անհրաժեշտ պաշտպանվածության պահանջները:

- Վերջին ամիսներին ԱԻՆ-ը ակտիվ աշխատանքներ է իրականացնում սահմանամերձ համայնքներում՝ ստեղծելով քաղաքացիական պաշտպանության հենակետեր: Ե՞րբ է նախատեսվում ավարտել այս գործընթացը:

- Այդ աշխատանքներն իրականացվում են համաձայն ՀՀ կառավարության որոշման: Դեռեւս 2015 թ. ՔՊ վարչության կազմում ստեղծվել է Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոն: Վերջին երեք տարվա կարեւոր ձեռքբերումներից է ՀՀ Տավուշի մարզի 11 սահմանամերձ համայնքներում ՔՊ ստորաբաժանումների ստեղծումը: Դրանք համալրվել են այդ համայնքների երիտասարդ կադրերով: Այդ հենակետերը ստեղծված են սահմանամերձ համայնքների բնակչության պաշտպանության՝ հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքների իրականացման, հատուկ օբյեկտների պահպանության (ջրամբարներ, ջրաղբյուրներ, կապտաժներ, կամուրջներ), ականապատ տարածքների հայտնաբերման, արգելանշանների տեղադրման, տարածքի հսկողության կազմակերպման, բնակչության տարհանման միջոցառումներին աջակցման, վթարների եւ խոցման օջախներում տուժածներին առաջին բժշկական օգնության ցուցաբերման համար: Այդ ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակական են լինելու եւ մշտապես պահվելու են ուշադրության կենտրոնում:

- Պատերազմական գործողությունների ծավալման դեպքում ինչպե՞ս են գործակցելու այդ կառույցները Զինված ուժերի հետ: ԱԻՆ-ը ունի՞ հստակ մշակված գործողությունների ծրագիր այն իրադրության համար, երբ Հայաստանը կարող է հարեւան պետության կամ ահաբեկչական խմբավորումների հարձակման թիրախ դառնալ:

- ՀՀ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կողմից, ի թիվս արտակարգ իրավիճակներին արձագանքման միջոցառումների, ռազմական դրության ժամանակ իրականացնում են հետեւյալ գործառույթները՝ հատուկ օբյեկտների պահպանություն, ՔՊ  հետախուզության անցկացում, Պաշտպանիչ մատույցների եւ դիրքերի կառուցման աշխատանքների կատարում, ականապատ տարածքների հայտնաբերում, արգելանշանների տեղադրում եւ տարածքի հսկողության կազմակերպում, ավերված, խարխլված եւ այրվող շինություններից, փլատակներից տուժածների որոնում, հայտնաբերում, հանման եւ տեղափոխման կազմակերպում ու իրականացում, վթարների ու խոցման օջախներում տուժածներին առաջին օգնության ցուցաբերումը, ինչպես նաեւ բնակչության տարհանման միջոցառումներին աջակցումը:

Ինչ վերաբերում է ՀՀ ՊՆ եւ ՀՀ ԱԻՆ համագործակցությանը, ապա այդ հարցերը ամրագրված են համապատասխան փոխգործողությունների պլաններում, որոնք պարբերաբար թարմացվում են:

- Պարոն նախարար, կառավարության ծրագրում նաեւ նշված է, որ պետք է մշակվի խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետեւանքով առաջացած մարդկային անվերահսկելի հոսքերի կառավարմանն ուղղված պլան: Կարո՞ղ եք ներկայացնել այդ պլանի ուրվագծերը:

- Այո, ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021թ. ռազմավարության գործողությունների ծրագրի, ինչպես նաեւ ՀՀ ԱԻ նախարարության զարգացման հնգամյա ծրագրով նախատեսված է մշակել «Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետեւանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների» պլան: Իմ հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ ներգրաված են ՀՀ տարբեր գերատեսչությունների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Աշխատանքային խմբի խնդիրն է մշակել պլանը: Աշխատանքային խմբի առաջին հանդիպումը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերին:

Պլանը բաղկացած է լինելու 4 հիմնական բաժիններից, որտեղ ներկայացվելու են ՀՀ գերատեսչությունների գործողությունները միգրացիոն հոսքերի կառավարման ժամանակ, ներկայացվելու է իրավիճակի նկարագրություն, ինչպես նաեւ ճամբարի կառավարում:

Պլանի իրականացման ուղղությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ, մասնավորապես՝ ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպությունը եւ ՀՀ ԱԻ նախարարությունը Գոգավան սահմանային անցակետում վերջերս անցկացրեցին համատեղ ուսումնական վարժանք՝ «Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետեւանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարում» թեմայով: Նպատակն էր խաղարկել իրավիճակ, որը մեզ հնարավորություն կտա բացահայտել ոլորտում առկա բացերը եւ քննարկել հնարավոր լուծումները: Վարժանքին որպես դիտորդ մասնակցում էին նաեւ մեր վրացի գործընկերները:

Պլանը նախատեսվում է ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել մինչեւ 2018թ. ավարտը:

- Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնը, ըստ էության, միակ նման կառույցն է տարածաշրջանում: Ի՞նչ է պետք անել, որ այն իրապես տարածաշրջանային նշանակություն ստանա:

- Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնն իսկապես ինքնատիպ կառույց է տարածաշրջանում: Այն ունի ընդգծված թիրախային նպատակներ եւ բավականին շահավետ (նաեւ մեզ համար) հեռանկարային զարգացման միտումներ: Արդեն իսկ կենտրոնի ստեղծման տարածաշրջանային նշանակության նախանձախնդիր արձագանքները լսվում են հարեւան պետություններում: Սակայն մեզ ավելի շատ հետաքրքրում է մեր լուծումները կենտրոնի գոյության համայնապատկերում: Կենտրոնի ստեղծումը ամրագրված է ՀՀ եւ ՌԴ համապատասխան միջկառավարական համաձայնագրով, որն էլ հենվում  է 1994թ. օգոստոսի 17-ի ՀՀ եւ ՌԴ միջազգային համագործակցության պայմանագրի վրա: Նախատեսված անձնակազմի եւ տեխնիկայի հագեցվածության դեպքում այն լուրջ դերակատարում կունենա ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ նրա սահմաններից դուրս: Իմ կարծիքով, Ձեզ ավելի շատ է հետաքրքրում է, թե կենտրոնի ստեղծումն ի՞նչ կտա Հայաստանին, քան թե ինչ պետք է արվի կենտրոնի նշանակության մեծացման ուղղությամբ: Հնարավոր ու անհրաժեշտ բոլոր քայլերն արվել ու արվում են: Հայաստանի համար ունեցած նշանակությունն ունի բավականին շահեկան հեռանկարներ: Մասնավորապես՝ Խոսրովի անտառի եւ նրա հարակից տարածքների հրդեհների մարման գործում լուրջ դերակատարում ունեցավ ՌԴ ԱԻՆ օդուժը, որի կողմից աջակցությունն իրականացվեց հումանիտար արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակներում:

- Վերջին ամիսներին Դուք համագործակցության հեռանկարներ եք քննարկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափատուրայի, Եվրամիության ներկայացուցիչների հետ: Կա՞ն որեւէ գործնական պայմանավորվածություններ:

- Արտակարգ իրավիճակների բնագավառում Հայաստանի Հանրապետության համար թե՛ պետության տարածքով եւ թե՛ տարածաշրջանի մակարդակով առաջնային են շարունակում մնալ աղետների ռիսկերի նվազեցումը եւ դիմակայունության բարձրացումը, քաղաքացիական պաշտպանության բնագավառի զարգացումը՝ քաղաքացիական ենթակառուցվածքների պատրաստվածության մակարդակի բարձրացմամբ։ Ավելին, կցանկանայի նշել, որ ՀՀ կառավարության ծրագրում առաջին անգամ շեշտադրված է աղետների ռիսկի նվազեցման գործընթացը, ինչը նաեւ առանձին կետով ներառված է համայնքների բյուջեում։ Ուստի եւ միջազգային հարթակներում համագործակցության շրջանակներում ձեռք բերվող հիմնական պայմանավորվածությունները նպատակաուղղված են այս ոլորտների կայուն զարգացմանը։
Դավիթ Տոնոյանը Խոսրովի արգելոցում Դավիթ Տոնոյանը Խոսրովի արգելոցում

Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ


Անդրադառնալով ՀՀ ԱԻՆ-ՆԱՏՕ համագործակցությանը՝ նշեմ, որ այն իրականացվում է Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» (ԱԳԳԾ) շրջանակներում՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ձեւաչափով։ Պարոն Ապաթուրայի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում վերստին կարեւորել ենք ԱԳԳԾ նպատակները հատկապես քաղաքացիական պատրաստվածության ոլորտում։ Մյուս կողմից՝ 2016թ․ Վարշավյան գագաթաժողովում ընդունված դիմակայունության հայեցակարգը եւ ուղեցույցը մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Ուստի` հաշվի առնելով Հայաստանի համար դիմակայունության բարձրացման կարեւորությունը եւ այն, որ ՆԱՏՕ-ի կողմից այդ ուղղությամբ համագործակցության աշխատանքներ տարվում են նաեւ գործընկեր երկրների հետ (ինչպիսին Հայաստանն է)՝ նախատեսում ենք այս ոլորտում խորացնել ինստիտուցիոնալ հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։ Այս հարաբերությունների կայուն զարգացման խթան են նաեւ համատեղ վարժանքների շարունակական իրականացումը: Հերթական այդպիսի միջոցառումը ս/թ սեպտեմբերին Եվրատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնի (EADRCC) կողմից կազմակերպվող աղետների հետեւանքների կառավարման «Bosnia-Herzegovina 2017» դաշտային ուսումնավարժանքն է: Վստահ եմ, որ ՀՀ ԱԻՆ թիմը հերթական անգամ հաջողությամբ հանդես կգա:

Հատկանշական է նաեւ կրթական ոլորտում համագործակցության ուղիների ստեղծումը: Այդ գործընթացի կայուն զարգացումն ապահովելու նպատակով՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Շվեդիայի SRTC կրթական կենտրոնում, ինչպես նաեւ Չեխիայի եւ Ֆրանսիայի նմանատիպ կենտրոններում փրկարարական, հրշեջ, աղետների կառավարման եւ այլ ոլորտային դասընթացների հնարավորություններ ապահովելու ուղղությամբ:

Համագործակցության հնարավորություններ են քննարկվել նաեւ ՀՀ-ում Գերազանցության կենտրոն ստեղծելու, ինչպես նաեւ անդրսահմանային համագործակցության խթանմանը ՆԱՏՕ-ի հնարավոր օժանդակության եւ աջակցության ուղղություններով:
Դավիթ Տոնոյանը Խոսրովի արգելոցում Դավիթ Տոնոյանը Խոսրովի արգելոցում

Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ


Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա այժմ առաջնային կարեւորություն ունի ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ արդեն իսկ նախաստորագրված համապարփակ համաձայնագրի ստորագրումը, որի շրջանակներում ոլորտային համագործակցություն է նախատեսվում նաեւ ՀՀ ԱԻ նախարարության հետ։

ՀՀ ԱԻՆ-ԵՄ համագործակցության ներկայիս եզրերն ընդգրկում են, ի թիվս այլոց, «Տարերային եւ տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանքում արեւելյան տարածքում» (EU PPRD East) եւ Եվրոպական Հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության եւ մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչության (DIPECHO) կողմից իրականացվող տարածաշրջանային ԱՌՆ ծրագրերը։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Սվիտալսկու եւ ԵՄ մի շարք այլ ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում համագործակցության կայուն զարգացման եւ արդյունավետ կատարման ապահովման ուղիներ ենք քննարկել թե՛ արդեն իսկ գործող ծրագրերում ընդգրկված եւ թե՛ նոր ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։ Նախատեսում ենք ՀՀ ԱԻՆ եւ ԵՄ միջեւ համագործակցության ընդլայնումը բնական եւ մարդածին աղետների ռիսկի նվազեցման ոլորտում, ինչպես նաեւ անդրսահմանային համագործակցություն ծավալելու հնարավորությունները Վրաստանի եւ Իրանի հետ՝ տարածաշրջանում աղետներին դիմակայունության մակարդակը բարձրացնելու նպատակով։

- Պարոն նախարար, կարկտահարության թեման ամենացավոտներից մեկն է Հայաստանի համար: Վերջին տարիների ընթացքում գործարկված տարբեր հակակարկտային կայանները, կարծես, արդյունավետ չեն կամ քիչ արդյունավետ են: Դուք հայտնել եք, որ 2018-2019թթ. ստեղծելու եք առավել արդյունավետ հակակարկտային համակարգ: Ինչո՞վ է այն տարբերվելու գոյություն ունեցողից եւ ինչպիսին է լինելու նրա արդյունավետության չափման մեխանիզմը:

- Ներկայում հակակարտային ներգործությունն իրականացվում է գազագեներատորային մեթոդով: Պետական ծրագրերով տեղադրված գազագեներատորային կայանքները հիմնականում տեղակայված են հանրապետության հարավ-արեւմտյան սահմանին եւ ապահովում են նախատեսված արդյունավետությունը, իսկ առանց ԱԻՆ հետ համաձայնեցման՝ տարերայնորեն տեղադրված կայանքները չեն կարող ապահովել արդյունավետ աշխատանք: Այդ իսկ պատճառով վերջիններիս կողմից պաշտպանվող տարածքներում դիտվում են  կարկտահարության դեպքեր:

Ինչ վերաբերում է նոր ստեղծվող համակարգին՝ կարող եմ ասել, որ ՀՀ կառավարության որոշմամբ իրականացվում է հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագիր, որով արդեն իրականացվել է Արագածոտնի ռադիոլոկացիոն կայանի արդիականացում-թվայնացում, կտեղադրվի հրթիռային երեք նոր կայան:

Հրթիռային կայաններ են տեղադրվելու են Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում՝  շղթայական սկզբունքով, որպեսզի ապահովեն որոշակի պաշտպանական գոտի, որը կկազմի մոտ 45 000 հեկտար: Ներկայիս գործող 546 գազագեներատորային կայանների պաշտպանող տարածքը կազմում է մոտ 50 000 հեկտար:

Հակակարկտային պաշտպանության հրթիռային եղանակը կիրառվող այլ նմանատիպ եղանակներից (խոսքն, իհարկե, հակակարկտային ցանցերի մասին չէ) համարվում է ամենաարդյունավետը: Գոյություն ունեցող եղանակից հրթիռայինը տարբերվում է պաշտպանվող տարածքի մեծությամբ, սպասարկող անձնակազմի սակավությամբ եւ այլն:

Պիլոտային ծրագրով նախատեսված աշխատանքները եւ փորձարկումները ավարտելուց հետո, քննարկումների արդյունքում կորոշվի 2018-2019թթ. ընթացքում հրթիռային պաշտպանության  զարգացման հեռանկարը եւ կներկայացվի համապատասխան ծրագիր:

- Պարոն նախարար, որո՞նք են Խոսրովի անտառի հրդեհից հետո արված գլխավոր հետեւությունները եւ ի՞նչ կարճաժամկետ ու երկարաժամկետ լուծումներ են նախանշված:

- Բացահայտված որոշ խնդիրների արդեն հրատապ լուծում տրվել է՝ մասնավորապես, արգելոցի տարածքում ապահովվել է կապի խնդիրը: Հրդեհաշիջման աշխատանքները բարդացնում էին տեւական ժամանակ հանրապետությունում գրանցված բարձր ջերմաստիճանը, հրդեհի ընթացքում առկաուժեղ քամին, տեղանքի կտրատված, բարդ ռելիեֆը եւ ցամաքային ճանապարհների բացակայությունը:
Դավիթ Տոնոյանը Խոսրովի արգելոցում Դավիթ Տոնոյանը Խոսրովի արգելոցում

Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ


Կրակի շատ օջախներին դժվար էր հասնել անգամ ոտքով, էլ չենք խոսում հրշեջ մեքենայի մասին: Միաժամանակ պետք է նշեմ, որ սա զգայուն էկոհամակարգ է, որտեղ չի կարելի կոշտ միջամտության դիմել՝ հիդրոտեխնիկական կամ ճանապարհային ենթակառուցվածքների եղանակով: Քաղած դասերից ելնելով, պետք է գտնել նման իրավիճակները բացառելու այնպիսի տարբերակներ, որոնք կապահովեն բարձր արդյունավետություն: Այս պարագայում՝ ամենաարդյունավետն իր տեսակի մեջ եզակի հրդեհաշիջող ինքնաթիռի ներգրավում էր, ինչը եւ մենք արեցինք:

Ոչ մի պետություն, անկախ տարածքից ու հզորությունից, ապահովված չէ հրդեհներից ու նման աղետներից: Այլ խնդիր է, թե ինչպես ես դիմակայում:

- Ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել «Նաիրիտում» եւ այլ նմանատիպ օբյեկտներում աղետների ռիսկերը նվազեցնելու համար:

- Հրդեհի հենց հաջորդ օրը ես միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն եմ հրավիրել եւ դիմել նրանց՝ մեզ փորձագիտական աջակցություն տրամադրելու համար՝ մեր տնտեսության արդի զարգացմանը անհամահունչ արդյունաբերական խլեակի (մնացորդ) քիմիական թափոնների խնդրի լուծման համար:
Դավիթ Տոնոյանը «Նաիրիտում» Դավիթ Տոնոյանը «Նաիրիտում»

Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ


Հանդիպմանը ներկա էին Եվրամիության, Համաշխարհային բանկի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչները: Բոլորն էլ մեծ պատրաստակամություն հայտնեցին հնարավոր միջոցներով աջակցել մեզ եւ տրամադրել փորձագետներ, որոնք շատ կարճ ժամանակում Հայաստանի եւ սփյուռքի գիտնականների եւ մասնագետների հետ կիրականացնեն գործարանում պահպանվող քիմիական նյութերի առկավիճակի գնահատում, իսկ հետո դրա հիման վրա կմշակվի նման խնդիրների լուծմանն ուղղված լայնածավալ ծրագիր՝ ռիսկի չեզոքացման կամ նվազեցման համար ու կսկսեն աշխատանքներ տարվել իրականացման համար անհրաժեշտ միջոցների հայթայթման ուղղությամբ:

Դավիթ Տոնոյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am