exclusive
54614 դիտում

Յոսի Մելման. Ադրբեջանի թիվ մեկ հանրային թշնամին դարձա

Յոսի Մելմանը
Յոսի Մելմանը

Լուսանկարը` Բեռլինի կինոփառատոն


Օգոստոսին հայտնի իսրայելացի գրող եւ լրագրող Յոսի Մելմանը Maariv թերթում հոդված էր հրապարակել Ադրբեջանին իսրայելական Orbiter 1K անօդաչու «կամիկաձե» սարքերի մատակարարման մասին: Մելմանը, մասնավորապես, հայտնել էր, որ Ադրբեջանն իսրայելական Aeronautics Defense Systems (ADS) ընկերության ինժեներներին առաջարկել գործի մեջ ցուցադրել սարքը՝ հարվածներ հասցնելով հայկական դիրքերին Արցախում:

Իսրայելացի երկու օպերատորներ կտրականապես հրաժարվել էին մասնակցել սարքերի գործարկմանը, չնայած ADS-ի պատվիրակության ղեկավարությունը համաձայնվել էր ադրբեջանական կողմի պայմաններին:

Իսրայելական ընկերության մենեջերները մեղադրել էին օպերատորներին այն բանում, որ նրանց պատճառով կարեւոր պայմանագիրը կարող է չեղարկվել: Ի վերջո, մենեջերներն իրենք էին ստիպված եղել կառավարել անօդաչու սարքերը: Այդ դեպքից հետո օպերատորներից մեկը աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել, իսկ մյուսը պատրասվում է դա անել:

Հոդվածի հրապարակումից հետո Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետաքննություն սկսեց, եւ նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ ADS-ը զրկվել է արտահանման արտոնագրից:

Մեդիամաքսը կապվել է Յոսի Մելմանի հետ եւ մի քանի հարց ուղղել նրան:

- Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ ADS-ը զրկվել է արտահանման արտոնագրից եւ այլեւս չի կարող Ադրբեջան մատակարարել «կամիկաձե» սարքեր: Արդյո՞ք դա Ձեր հոդվածի արդյունքն է:

- Դա Իսրայելի պաշտպանության նախարարություն ներկայացված բողոքի արդյունքն է, իսկ ես ընդամենը հաղորդել եմ դրա մասին: Չեմ բացառում, որ եթե հոդվածս չլիներ, պաշտպանության նախարարությունը կնախընտրեր զերծ մնալ խնդրի հանրայնացումից:

Նախարարությունը ստիպված եղավ հետաքննել այս դեպքը, որի արդյունքում նրանք եզրակացրին, որ բողոքը, որի մասին գրել էի, արդարացված էր:

- Կարծում եք, կարո՞ղ են հետեւել Իսրայելից Ադրբեջան զենքի մատակարարման հետ կապված այլ զարգացումներ:

- Չեմ կարծում: Իսրայելն ու Ադրբեջանը ռազմավարական հարաբերություններ ունեն: Ադրբեջանը կարեւոր շուկա է իսրայելական զենքի համար: Ուստի, կարծում եմ, այս դեպքը չի ազդի Ադրբեջանի հետ Իսրայելի հարաբերությունների վրա:

Պաշտպանության նախարարությունը չի կասեցրել ADS- ի ընդհանուր արտահանման արտոնագիրը: Այդ որոշումը վերաբերում է միայն մեկ ապրանքատեսակին (Orbiter 1K): Ուստի, ADS-ը կարող է շարունակել այլ արտադրանքի վաճառքը Ադրբեջանին:

- 2016 թվականի «ապրիլյան պատերազմում» Ադրբեջանը ակտիվորեն կիրառում էր իսրայելական անօդաչու սարքերն ընդդեմ հայերի: Ինչպե՞ս այս փաստը ընդունվեց Իսրայելի հասարակության եւ էլիտաների կողմից:

- Դա կարեւոր թեմա չէ իսրայելացիների համար: Իսրայելի ռազմական արդյունաբերությունը վայելում է ժողովրդի աջակցությունը, եւ իսրայելական հասարակության համար սա լուրջ էթիկական եւ բարոյական հարց չէ: Ռազմական արդյունաբերությունը Իսրայելում ամենաուժեղներից է, իսկ պաշտպանական վերնախավը էլիտայի ամենահզոր հատվածներից է: Որոշ լրագրողներ, մտավորականներ եւ խորհրդարանում ընդդիմության ներկայացուցիչներ բարձրացնում են բարոյական հարցեր, սակայն նրանք մնում են իսրայելական հասարակության լուսանցքում: Սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին եւ Ադրբեջանին, այլեւ աշխարհի այլ անկյուններին, որտեղ Իսրայելը զենք է վաճառում:

- Հոդվածի հրապարակումից հետո զգացե՞լ եք որեւէ ճնշում Ադրբեջանի կողմից:

- Ես դարձա Ադրբեջանի թիվ 1 հանրային թշնամին: Ադրբեջանական լրատվամիջոցներում մի քանի սարսափելի, կեղտոտ հոդվածներ հրապարակվեցին, որոնցում ինձ անվանում էին «հայկական լոբբիի գործակալ», «թուլամորթ լրագրող», «կաշառված լրագրող» եւ այլն:

Յոսի Մելմանը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն Յոսի Մելմանը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն

Լուսանկարը` Յոսի Մելմանի Twitter


Գիտակցում եմ, որ այդ լրատվամիջոցների դեմ Ադրբեջանում դատական գործ սկսելու շատ քիչ շանսեր ունեմ, սակայն, հավանաբար, նրանց դեմ գործ կհարուցեմ Ադրբեջանի սահմաններից դուրս: Պարզապես ցանկանում եմ դաս տալ նրանց: Եվ այլեւս երբեք չեմ այցելի Ադրբեջան: Այնտեղ եղել եմ երկու անգամ, վերջին անգամ՝ մոտ յոթ ամիս առաջ, երբ ուղեկցում էի Իսրայելի վարչապետին:

 Յոսի Մելմանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am