Մովսես Հակոբյան. Բանակն ընդունել է Վիգեն Սարգսյանին որպես առաջնորդ - Mediamax.am

exclusive
41824 դիտում

Մովսես Հակոբյան. Բանակն ընդունել է Վիգեն Սարգսյանին որպես առաջնորդ

Մովսես Հակոբյանը
Մովսես Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Մեդիամաքս-ի բացառիկ հարցազրույցը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ

 

- Պարոն գեներալ-լեյտենանտ. կրկնակի տարեդարձ է` նոր է լրացել Ձեր` Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակման մեկ տարին եւ շուտով ամփոփելու ենք 2017 թվականի արդյունքները: Որո՞նք են անցնող տարվա գլխավոր ձեռքբերումները:

 

- Գլխավորն, անշուշտ, առաջնագծում վիճակը լիարժեք վերահսկելու մեր կարողությունն է, այն, որ յուրաքանչյուր օր առաջնագիծն ամրապնդելու մեր ջանքերն արդյունք են տալիս: Նախարարի կողմից առաջ քաշված «Ազգ-բանակ» հայեցակարգի ներքո ընթացող տարում բազմաոլորտ, խորքային բարեփոխումներ են մեկնարկել մեր բանակում: Մասնավորապես, ստեղծվեց եւ արդյունավետ գործադրվեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը: Այն որակապես փոխեց մեր հասարակության միասնական ջանքի ներուժը, մեր հերոսների եւ նրանց ընտանիքների շուրջ համախմբվելու արդյունավետությունը: Նաեւ գտնվեց զոհված եւ առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողների տարիներով կուտակված բնակարանային խնդրի լուծումը: Հիմք դրվեց զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի ստեղծմանը:

 

Օրենսդրական դաշտի խորքային վերանայում տեղի ունեցավ` մեկ տարվա ընթացքում ընդունվեցին պաշտպանության ոլորտը կարգավորող երկու մայր օրենքներ` Պաշտպանության մասին ՀՀ օրենքը եւ Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքը, փոփոխություններ կատարվեցին շուրջ մեկ տասնյակ այլ օրենքներում, ընդունվեցին կառավարության տասնյակ որոշումներ, եւ դրանցից յուրաքանչյուրը մի նոր բովանդակային էջ է բացում բանակաշինության գործում: Բացառիկ էր այդ օրինագծերի նախնական լայն հանրային քննարկումների ձեւաչափն ու որակը: Պետք է նաեւ նշեմ, որ առանց այդ օրենքների վերանայման մենք լուրջ կառավարչական խնդիրների առջեւ կկանգնեինք 2018թ. ապրիլ ամսին: Փաստորեն, պաշտպանության ոլորտն առաջինն եղավ, որ ձեւավորեց Սահմանադրության փոփոխություններից բխող օրենսդրական դաշտը:

 

Լուրջ կադրային եւ կառուցվածքային փոփոխությունների սկիզբ դրվեց, բանակը կոռուպցիոն ռիսկերից զերծ պահելու տեսանելի քայլեր եւ արդյունքներ ունենք: Լրջորեն վերանայվում է գնումների քաղաքականությունը: Այս օրերին ավարտին է հասցվում Զինված ուժերի, Գլխավոր շտաբի եւ նախարարության կենտրոնական ապարատի օպտիմիզացիայի լայնամասշտաբ ծրագիրը: Շեշտը դրվում է մարտական հաստիքները որակյալ կադրերով համալրելու անհրաժեշտության վրա:

 

Ուժեղ կապ է ձեւավորվում մեր հանրության` ազատամարտիկների, սպայակազմի, զինծառայողների ընտանիքների հետ, նրանց հետ հարաբերությունների խթանման գործնական քայլեր են ձեռնարկվում: Ինձ համար շատ տպավորիչ էր, թե ինչ հեշտությամբ նախարարը կապ հաստատեց վետերանական բոլոր կառույցների, ազատամարտիկների հետ:

 

Նոր որակ ստացավ հետադարձ կապը: Գործադրվեց 1-28 թեժ գիծը, որը շուրջ 50 000 զանգ է ընդունել եւ լուծումներ տվել հնչեցված խնդիրներին: Առաջիկա օրերին կամփոփվեն «Դիտակետ» ծրագրի արդյունքները, որն իր տեսակով եւ ծավալով նախադեպը չունեցող թիրախային սոցիոլոգիական հարցում է: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, բարեվարքության հարցերին, այդ թվում եւ զինծառայողների իրավունքների պատշաճ պաշտպանությանը:

 

Մեր` զինվորականներիս համար չափազանց կարեւոր է սոցիալական խնդիրների լուծման հարցում առաջարկված նորարար եւ գործնական մոտեցումը` գերմատչելի հիփոթեքային վարկավորում սպայական բնակարանների համար, կուտակային կենսաթոշակի համակարգում ընդգրկվելու հնարավորություն եւ այլն:

 

Տարին աչքի ընկավ նաեւ սպառազինության ծրագրի հետեւողական կատարմամբ: Այս տարի Զինված ուժերը ստացան ավելի շատ ավտոմոբիլային տեխնիկա, քան նախորդ մեկ տասնամյակում: Լուրջ ձեռքբերումներ արձանագրվեցին գրեթե բոլոր զորատեսակների ուղղությամբ: Բոլոր այլ ծախսային հոդվածներով էական խնայողությունների հաշվին հնարավոր եղավ զգալիորեն համալրել մեր զինանոցը:

 

Որակապես նոր մակարդակի բարձրացավ մեր ռազմական դիվանագիտությունը: Մեկ տարվա ընթացքում պաշտպանության նախարարը պաշտոնական այցեր կատարեց Ռուսաստան, Հունաստան, Վրաստան, Իրան, Չինաստան, Կիպրոս, Բելառուս, մասնակցեց ՀԱՊԿ, ԱՊՀ, ՆԱՏՕ շրջանակներում բազմակողմ հանդիպումների, հայեցակարգային ելույթներով հանդես եկավ անվտանգության հարցերով Մյունխենի եւ Մոսկվայի հեղինակավոր համաժողովներում: Մեր ռազմական երկխոսությունը ավանդական բարեկամների հետ նոր որակ ստացավ, եւ դա ուղիղ արտացոլվում է մեր պաշտպանունակության աստիճանի բարձրացման վրա:

 

Այսօր մենք արձանագրում ենք ռազմական գիտության եւ արդյունաբերության թռիչքային աճ: Այս տարի Զինված ուժերը մարտական հերթապահության են ընդունել ամբողջությամբ Հայաստանում մշակված եւ պատրաստված այնպիսի միջոցներ, որոնք կամ չունեն անալոգներ, կամ դրանք հասու չէին մեզ ձեռքբերման համար: Երեւում է այդ ծրագրերի արագ զարգացման ներուժն ու հեռանկարը:

 

«Մոնթե» ռազմամարզական վարժարանը հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում` որպես ռազմական կրթության որակի փոփոխման առաջին շատ մեծ քայլ: Առաջին անգամ ռազմական կրթությունը ոչ թե մնացորդային տրամաբանություն ունի, այլ ձգտում է դառնալ մեր երկրի առաջատարը: Առաջիկա գործնական ծրագրերում է ռազմական համալսարանների արդիականացման հեռանկարը:

 

Տարին նշանավորվեց նաեւ որակապես նոր մակարդակի զորավարժություններով: Թե՛ մեր դաշնակիցների հետ` ՀԱՊԿ շրջանակներում անցկացված զորավարժությունը եւ հատկապես Հայաստանում անցկացված հատվածը, թե՛ օրեր առաջ անցկացված նոր մտահղացմամբ զորավարժությունը լուրջ որակ են հաղորդում մարտական պատրաստության խնդրին:

 

- Պաշտպանության նախարարի զինվորական չլինելը չի՞ խանգարում: Դուք տարիքով մեծ եք Վիգեն Սարգսյանից, զինվորական կյանքի մեծ փորձ եւ անցած մարտական ուղի ունեք: Մամուլում հաճախ է խոսվում ձեր տարաձայնությունների մասին: Կա՞ նման բան։

 

- Բացարձակ հիմարություն է: Նախարար Սարգսյանը զինվորական գործի մանրուքների եւ նրբությունների խորքային ըմբռնում ունի, արագ որոշում կայացնելու, պատասխանատվություն ստանձնելու բացառիկ կարողություն եւ կայացրած որոշումն իրագործելու վճռականություն: Նա բանակի ղեկավարն է, պաշտպանական քաղաքականության հիմնական ձեւավորողը: Հենց նա՛ է Գերագույն գլխավոր հրամանատարի հետ համաձայնեցնում բանակին վերաբերող կարեւորագույն հարցերը, զեկուցում Անվտանգության խորհրդի նիստերում, նա՛ է խորհրդարանում առաջ տանում բանակի համար անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնությունները:

 

Առհասարակ, կարծում եմ, պաշտպանության նախարարը չպետք է զինվորական լինի: Ճիշտ հակառակը` ցանկալի է, որ չլինի: Միայն այդ դեպքում նա կկարողանա անաչառ եւ ռազմավարական հայացք նետել Զինված ուժերի զարգացման խնդիրներին, պատրաստել դրանք վաղվա եւ ոչ թե երեկվա պատերազմին, կապել բանակը պետական կառավարման համակարգի հետ:

 

Քաղաքացիական պաշտպանության նախարարի եւ զինվորական ղեկավարմամբ գլխավոր շտաբի համադրմամբ հնարավոր դարձավ յուրաքանչյուր խնդիր դիտարկել նորովի եւ շատ ավելի լայն հարթությունում: Բերեմ մեկ օրինակ. նախարարը ռազմավարական պլանավորման մակարդակում մեր երկրի պաշտպանունակության հարցը դրել է շատ ավելի լայն համատեքստի մեջ, քան սովոր ենք: Նա հաճախ է ասում, որ նույնիսկ եթե վաղը մեր գլխավոր խնդիրը լուծվի մեզ համար ամենացանկալի տարբերակով, մեր տարածաշրջանում առկա ընդհանուր ռիսկերը չեն վերանալու: Մենք պետք է սովորենք բարդ իրավիճակում ապրել, մեծ բանակ եւ պաշտպանական ծախսեր ունենալն առավելության վերածել եւ ծառայեցնել մեր կազմակերպվածության ամրապնդման, գիտական ներուժի բացահայտման, զինծառայությունը լրացուցիչ կրթության միջոցի վերածելու խնդիրներին:

 

- Ինչպե՞ս է բաժանվում աշխատանքը պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի միջեւ՝ հատկապես Սահմանադրական բարեփոխումների ներգործման պայմաններում։

 

- Գլխավոր շտաբը կա եւ մնում է պաշտպանության նախարարության պատասխանատվության ոլորտում գործող մարմին: Այսինքն՝ աշխատանքի բաժանման հարցը խիստ պայմանական է:

 

Շտաբը պատասխանատու է պաշտպանության ռազմական բաղադրիչի համար: Դա պաշտպանական քաղաքականության մի մասն է միայն: Ընդհանուր մտահղացման նախապատրաստում, մարտավարություն, զորքերի մարտական եւ օպերատիվ պատրաստություն` այս ամենն անում է Գլխավոր շտաբը` կյանքի կոչելով պաշտպանության նախարարության կողմից ձեւավորվող եւ իրականացվող պաշտպանական քաղաքականությունը:

 

Պաշտպանության նախարարի աշխատանքն անհամեմատ ավելի մեծ է եւ լայն` այն ունի ռազմավարական բնույթ: Եվ ընդամենը մեկ տարում մենք ականատես եղանք, թե ինչպես այդ աշխատանքը կարող է ուժեղացնել երկրի բանակը, Զինված ուժերը, ինչպես այն կարող է բարձրացնել հասարակության հարգանքն ու վստահությունը Զինված ուժերի նկատմամբ, վերջապես՝ ինչպես կարող է ներազդել յուրաքանչյուր զինծառայողի` շարքայինից մինչեւ գեներալ ինքնագնահատականի վրա:

 

Պաշտպանության նախարարը, լինելով քաղաքական գործիչ պետք է կարողանա համադրել իր գործունեության մեջ նաեւ հմուտ կառավարչի եւ բանակի սպայակազմի կողմից ընդունվի որպես առաջնորդ: Կասկածից վեր է, որ Վիգեն Սարգսյանին դա հաջողվել է, թեեւ ես չէ, որ իրավասու եմ գնահատական տալու իմ  վերադաս ղեկավարին:

 

- Այս ամիսներին բավականին կադրային փոփոխություններ կատարվեցին, պաշտոններից ազատվեցին, նախարարության համակարգից այլ ոլորտներ տեղափոխվեցին 6 գեներալներ, տեղաշարժվեցին այլ պաշտոնների եւս երկուսը, փոխվեցին գրեթե բոլոր փոխնախարարները, առանցքային վարչությունների պետերը: Արդյո՞ք կարելի է խոսել նախարարությունում կադրային ջարդի մասին:

 

- Մարդուն պաշտոնից ազատելը կամ տեղաշարժելն ինքնանպատակ չէ: Ձեր կողմից թվարկված պաշտոնների մեծամասնության վերաբերյալ որոշում կայացնելու իրավասությունը Հանրապետության նախագահինն է: Անշուշտ, նման նախաձեռնությամբ հանդես է գալիս պաշտպանության նախարարը, եւ պետք է ասեմ, որ նախարարը միշտ հարցնում է նաեւ իմ, այլ գործըներների կարծիքը` նման որոշումներ պատրաստելիս: Նա ունի մարդկանց արագ ճանաչելու, ուժեղ եւ թույլ կողմերը կշռելու եւ ճիշտ կադրային լուծումներ գտնելու մեծ հմտություն: Երեւի թե նաեւ Սանկտ Պետերբուրգում ստացած իր «անձնակազմի կառավարում» մասնագիտացման շնորհիվ է:

 

Մեկ տարվա ընթացքում փոխվեցին պաշտպանության երեք փոխնախարարներից երկուսը, Գլխավոր շտաբի պետի չորս տեղակալներից երկուսը, թիմը համալրեցին հանրապետության ամենահայտնի մասնագետները ֆինանսական կառավարման, գնումների, աուդիտի, վերահսկողության, հանրային կապերի ոլորտում, առաջին անգամ Զինված ուժերի պատմության մեջ ղեկավար պաշտոնների նշանակվեցին կանայք, մասնավորապես` նախարարի գլխավոր խորհրդական տիկին Սոնա Ղարիբյանը եւ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը:

 

Որակապես փոխվել է խստապահանջության մակարդակը բոլոր տեսակի չարաշահումների, զանցանքների, բարեվարքության հարցում: Բոլորը գիտեն, որ այդ հարցերում թերանալու համար պատիժը լինում է արագ եւ խիստ: Ծառայողական պարտականություններում թերանալու համար պաշտոնից զրկվեցին մի շարք հրամանատարներ, իրավապահ մարմիններին են փոխանցվել ռազմական ոստիկանությունում նախապատրաստված բազմաթիվ նյութեր: Խստությունը զինվորական գործում անխուսափելի է:

 

- Որո՞նք են առաջիկա անելիքները:

 

- Առաջին հերթին, դա ՀՀ նախագահի կողմից տրված հանձնարարականն է` մշակել եւ հաստատման ներկայացնել Զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագիր: Նախարարի հրամանով եւ անմիջական վերահսկողությամբ ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը մշակում է այդ ռազմավարական փաստաթուղթը:

Մեր կարեւորագույն խնդիրներն են` կառավարման արդյունավետության աստիճանի հետագա բարձրացումը, «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերի արդյունավետ ներդրմամբ Զինված ուժերի մարտունակության եւ կարողությունների ավելացումը, սպառազինության ծրագրի հետագա լիարժեք կատարումը:

 

Իսկ գլխավոր խնդիրն անփոփոխ է` մեր ժողովրդի անվտանգության ապահովումը, մեր սահմանների անառիկությունը, մեր Զինված ուժերի մշտական պատրաստությունը` հետ մղելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին