Մարկ Սթրոմ. Ջախջախեք բոլորին ձեր բարությամբ - Mediamax.am

exclusive
29986 դիտում

Մարկ Սթրոմ. Ջախջախեք բոլորին ձեր բարությամբ

Մարկ Սթրոմը
Մարկ Սթրոմը

Լուսանկարը` https://i.ytimg.com

Լուսանկարը`


IDeA հիմնադրամի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի հրավերով վերջերս Հայաստան էր այցելել առաջնորդության հարցերի փորձագետ Մարկ Սթրոմը:

 

Մեդիամաքսը հնարավորություն ունեցավ զրուցել Մարկ Սթրոմի հետ եւ քննարկել իր “Lead with Wisdom” (2014) գրքում արտահայտված որոշ մտքեր:

 

Մարդկային բանականությունը ուժեղացնում է արհեստականը

 

Աշխարհը գնալով ավելի է ձեւավորվում արհեստական բանականության, ռոբոտատեխնիկայի, մեքենայական ուսուցման, «մեծ տվյալների» եւ տվյալների վերլուծության միջոցով:

Լուսանկարը` Frank Andree

Որքան ավելանում է արհեստական բանականության (AI) ազդեցությունը աշխարհի վրա, այնքան մեծ կարիք ունենք այնպիսի AI-ի, որն ուժեղանում է մարդկային բանականությամբ եւ պահանջում առաջնորդներ, ովքեր ունեն երեւակայություն եւ կյանքին նայում են բաց աչքերով: Խոսքն այնպիսի առաջնորդների մասին է, ովքեր կարող են օգնել մարդկանց ապրել մի աշխարհում, որն ավելի ու ավելի շատ է ձեւավորվում տեխնոլոգիաների շուրջ:

 

Գնահատեք այն մարդկանց, ում առաջնորդում եք

 

Սա հրաշալի, հին արտահայտություն է, բայց ես սիրում եմ այս ծեծված խոսքերը: Այն մասին, որ հարկավոր է «գնահատել մարդկանց», առաջին անգամ ինձ հետ խոսեց հայրս: Նա բացատրեց ինձ մի սկզբունք, որով մինչեւ հիմա առաջնորդվում եմ. ամեն ինչ մանրուքներով է որոշվում: Շատ հեշտ է խոսել այն մասին, թե ինչպես ենք գնահատում մարդկանց, ավելի դժվար է աննշան գործողություններ կատարել, օրինակ `շնորհակալություն հայտնել մեկին, ով հիերարխիայում ցածր աստիճանի վրա է գտնվում:

Լուսանկարը` Frank Andree

Ես կարող եմ շատ բարձր դիրք զբաղեցնել, իսկ մեկ ուրիշը՝ շատ ցածր, բայց ես չեմ ուզում դիտարկել մարդկանց հիերարխիայի միջոցով: Ես նախընտրում եմ ընկալել նրանց որպես հավասար արժանապատվություն ունեցող անհատների, եւ, հետեւաբար, պատասխանել նրանց շնորհակալության եւ երախտագիտության հասարակ ժեստերով: Վստահ եմ, որ աշխարհը փոխելու ամենահզոր միջոցը մեր բարի գործերն են:

 

Ավանդույթները տարբերվում են, բայց արժանապատվությունը համընդհանուր է

 

Կան բաներ, որոնք շատ դրական են ընկալվում մեկ մշակույթում, իսկ մյուսում՝ ընդհակառակը: Մենք պետք է ըմբռնումով մոտենանք այս երեւույթին: Ես ճամփորդել եմ ամբողջ աշխարհով եւ աշխատել տարբեր մշակութային ավանդույթներ ունեցող շատ տարբեր մարդկանց հետ եւ հասկացել եմ, որ այլ անձի արժեքն ու արժանապատվությունը ճանաչելը՝ անկախ նրա իշխանությունից եւ զբաղեցրած դիրքից, համընդհանուր է:

 

«Առաջնորդել» եւ «առաջնորդություն»

 

Կուզեի ավելի շատ խոսել ոչ թե «առաջնորդություն», այլ «առաջնորդել» հասկացության մասին: Եթե հետեւեք դպրոցի բակում խաղացող երեխաներին, կտեսնեք, որ նրանք ոչ միայն առաջնորդում են, այլեւ՝ հետեւում: Նրանք այդ երկու դերերը զուգորդում են:

Լուսանկարը` Frank Andree

Իմաստուն առաջնորդը, անկախ իր դիրքից, հասկանում է, թե երբ է հարկավոր հետեւել ինչ-որ մեկին, իսկ երբ՝ առաջնորդել: Երբ տեսնում եմ, որ ավելի խելամիտ կլինի հետեւել այն մարդուն, ով ինձնից լավ է գլուխ հանում այս կամ այլ հարցից, ես  հետեւում եմ նրան:

 

Մի ասեք մարդկանց ոչինչ, քանի դեռ վստահ չեք, որ պատրաստ եք ասել նույնը նրանց երեսին

 

Աշխատանքս կառուցում եմ իմաստության, այլ ոչ թե տեխնիկաների շուրջ, քանի որ ձգտում եմ օգնել մարդկանց հասկանալ իրենց գործողությունների հետեւանքները:

 

Նոր եք սկսել մի բան եւ չեք գիտակցում, որ ձեր նախաձեռնությունը կարող է մեծ հետեւանքներ ունենալ: Փոքրիկ բանը կարող է հսկայական մի խնդիր դառնալ: Դուք չեք կարող ետ բերել ասված խոսքերը:

 

Facebook-ի դեպքում ունենք հետեւյալ պատկերը. ես ասում եմ մի բան, որը, հնարավոր է, չէի անի, եթե մի պահ կանգ առնեի եւ մտածեի: Մենք ականատես ենք լինում, թե ինչպես են այսօրվա քաղաքական գործիչները նույն կերպ վարվում: Նրանք պարզապես մի թվիթ/գրառում են հրապարակում, սակայն եթե հեղինակը մի պահ կանգ առներ, ինքն իրեն հարցներ «Ի՞նչ հետեւանքներ կունենա այն, ինչ պատրաստվում եմ անել» եւ օգնության դիմեր իր խորհրդականներին, ապա նրանք հաստատ կասեին՝ «Մի արեք նման բան»:

Լուսանկարը` Frank Andree

Ինքներդ ձեզ կարող եք ստուգել հետեւյալ հարցի միջոցով. «Արդյո՞ք ես կասեի նույն բանը այս մարդու երեսին»: Եթե պատասխանը բացասական է, ոչ մի դեպքում չասեք դա:

 

«Ջախջախեք բոլորին ձեր բարությամբ»

 

Հայրս ասում էր. «Մեծ դռները կախված են փոքր ամրակներից»: Եթե դու փորձում ես աշխարհում մի մեծ բանի հասնել, - ասում էր նա,- միշտ էլ կգտնվեն բարի սիրտ ունեցող մարդիկ»: Որպես խորհրդատու աշխատել եմ մի քանի խոշոր կազմակերպություններում եւ հանդիպել եմ մարդկանց, ովքեր փորձում էին իսկապես համարձակ փոփոխություններ կատարել: Միեւնույն ժամանակ, երբեք չեմ տեսել որեւէ բան, որը կարող է իր ուժով համեմատվել հանուն փոփոխության կատարված բարի գործի հետ:

 

Մենք հաճախ ձգտում ենք փոխել մարդկանց մտածելակերպը, բայց ես երբեք չեմ հանդիպել որեւէ մեկին, ով նման փոփոխություն է կատարել առանց բարության դրսեւորման: Իրականանում հենց դա է փոխում մարդկանց:

 

Իմ կյանքում եղել են բարդ իրավիճակներ եւ բարդ զրույցներ, որոնք ամենից շատ են ինձ փոխել: Դրանց մեջ միշտ առկա է եղել բարության մասնիկ: Մի մարդ ինձ կոշտ խոսքեր էր ասում, սակայն անում էր դա ամենայն հոգատարությամբ: Մարդիկ կարող էին պարզապես ասել ինձ, որ ես ապուշ եմ, բայց նրանք զսպում էին իրենց, նստում եւ լսում էին ինձ:

 

Երբ երիտասարդ էի, երբեմն սարսափելի հիմարություններ էի անում: Ձախողեցի փիլիսոփայության առաջին քննությունս, քանի որ դրա ողջ ընթացքում գրում էի պրոֆեսորին, թե որքան հիմար բան է այդ քննությունը: Նա ինձ իր աշխատասենյակ հրավիրեց եւ առաջարկեց բացատրություն տալ արարքիս համար: Ինձ ճնշելու փոխարեն, որի իրավունքը միանշանակ ուներ, նա ասաց. «Մարկ, ինչու՞ ես այստեղ»: Հաջորդ երեք տարիներին նա իմ մենթորը դարձավ: Բարության այս դրսեւորումը շատ բան փոխեց իր մեջ:

 

Մարկ Սթրոմի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին