Եգոր Կարապետյան. Վարորդն այսօր ավելի կարգապահ է, քան հետիոտնը - Mediamax.am

exclusive
25680 դիտում

Եգոր Կարապետյան. Վարորդն այսօր ավելի կարգապահ է, քան հետիոտնը

Եգոր Կարապետյանը
Եգոր Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Եգոր Կարապետյանի հետ

 

- Պրն Կարապետյան, 2017-ի սկզբից սկսած՝ Ճանապարհային ոստիկանությունը լայնածավալ փոփոխություններ է նախաձեռնել երթեւեկության կազմակերպման գործընթացում: Կխնդրեի ներկայացնել դրանք:

 

- 2017-ի առաջին փոփոխությունը շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկներում կատարված փոփոխությունն էր: Եթե նախկինում առավելություն էր տրվում այն տրանսպորտային միջոցներին, որոնք մուտք էին գործում շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկ, ապա այժմ առավելությունը տրվում է շրջանաձեւ խաչմերուկում գտնվող երթեւեկության մասնակիցներին: Արդյունքում կրկնակի պակասել է այդ խաչմերուկներում նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Դրա վառ օրինակը Հանրապետության հրապարակն է, որտեղ ՃՈ կարգախմբերը նախկինում օրական 2-3 անգամ մոտենում էին՝ խցանումները վերացնելու համար: Այժմ խնդիրը լուծված է:

Հանրապետության հրապարակը Հանրապետության հրապարակը

Լուսանկարը` ՃՈ

Եթե անկեղծ լինեմ, ապա սկզբում մտավախություն ունեի, որ փոփոխությունից հետո այս խաչմերուկներում վթարների թիվը կավելանա, քաղաքացիները դժվար կընտելանան, սակայն, ի զարմանս ինձ, մոտ մեկ շաբաթից մարդիկ ընտելացան փոփոխությանը, քանի որ իրականում այն շատ արդյունավետ էր:

 

Նշված խաչմերուկներում անջատեցինք նաեւ լուսացույցների կարմիր-դեղին-կանաչ ռեժիմը: Ներկայում աշխատում է դեղին թարթիչով ռեժիմը՝ զգուշացնելու համար, որ տեղի է ունեցել փոփոխություն: Որոշ ժամանակ անց այդ հատվածների լուսացույցներն ընդհանրապես կհանենք, որովհետեւ դրա անհրաժեշտությունն այլեւս չկա:

 

Այս հատվածում առավել կարեւոր խնդիրը հետիոտնային անցումներին է վերաբերում: 2017-ի օգոստոսին կատարել ենք նման վերջին փոփոխությունը, որից հետո այդ հատվածներում ճանապարհատրանսպորտային պատահարներ գրեթե տեղի չեն ունեցել (ասում է «թու-թու-թու»՝ ձեռքով թեթեւ հարվածելով սեղանին – խմբ.):

 

Ուշագրավ է, որ փոփոխությունից հետո տեղի չի ունեցել նաեւ հետիոտնի վրաերթ, թեեւ ընդունում եմ, որ շատ ռիսկային է այդ հատվածներով փողոց հատելը: Խնդրի լուծման նպատակով Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ գարնանն այդ հատվածներում արհեստական խոչընդոտներ կտեղադրենք:

 

Երեւանի 18 չկարգավորվող հետիոտնային անցումներում արդեն բարձրացրել ենք ասֆալտի շերտը 5-7 սմ-ով, եւ տրանսպորտային միջոցները մոտենալիս հարկադրված դանդաղեցնում են ընթացքը: Նույնն այս տարի կկատարենք շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկներում եւ չկարգավորվող հետիոտնային մյուս անցումներում: Ընդգծեմ, որ բարձրացված հետիոտնային անցումներում վրաերթեր չենք ունեցել:

 

2017-ին գրեթե 1010 վթար ենք ունեցել հետիոտնի մասնակցությամբ, որից մոտ 670-ի մեղավորը հենց հետիոտնն է եղել: 2018-ին նախատեսում ենք ամբողջությամբ ավարտել արհեստական խոչընդոտների կառուցումը, որովհետեւ 2017-ից մեր կարգախոսը սահմանել ենք «Անվտանգ հետիոտն»:

 

- Իսկ չի՞ մշակվում արդյոք օրինախախտ հետիոտներին տուգանելու մեխանիզմ:

 

- Խնդիրն այն է, որ մեր հայրենակիցները տանից դուրս գալիս չեն սիրում իրենց հետ վերցնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ երբ հետիոտնը խախտում է կատարում, ճանապարհային ոստիկանը պետք է արձանագրություն կազմի: Անձը հաստատող փաստաթղթի բացակայության դեպքում ոստիկանը պետք է ուղեկցի նրան տարածքի ոստիկանության բաժին, անձը պարզի, այնուհետ կարողանա վարչական ակտ կազմել, այսինքն՝ գործընթացը բավական երկար է: Այդ ընթացքում ճանապարհային ոստիկանը բազմաթիվ այլ աշխատանքներ կարող է կատարել:

Այսօր վարորդն ավելի կարգապահ է, քան հետիոտնը:

2017-ին մենք փորձեցինք այլ ճանապարհ ընտրել եւ լրատվամիջոցների, ՀԿ-ների օգնությամբ բացատրական ու քարոզչական աշխատանքներ կատարել: Խնդիրը դեռ առկա է, սակայն միանշանակ կարող եմ ասել, որ հետիոտնի հետ այս տարի ավելի խիստ ենք լինելու: Եկեք համաձայնենք, որ այսօր վարորդն ավելի կարգապահ է, քան հետիոտնը:

Կոմիտասի պողոտան Կոմիտասի պողոտան

Լուսանկարը` ՃՈ

Որպես մեկ այլ լուծում քաղաքապետարանի հետ քննարկում ենք մայթերին արգելափակոցների տեղադրումը, որպեսզի հետիոտնն ամեն տեղից չկարողանա հատել փողոցը: Եթե նկատել եք, Մոսկովյան փողոցում խորհրդային տարիներից մնացել են երկաթե խողովակներով արգելափակոցներ. դա շատ արդյունավետ մեթոդ է, որը կիրառվում է արտերկրում: Պետք է աշխատանքներ տանենք այս ուղղությամբ եւ քաղաքացուն հնարավորինս ուղղորդենք դեպի հետիոտնային անցումը:

 

Ընդունում եմ նաեւ, որ Երեւանի որոշ հատվածներում անցումները հեռու են իրարից, սակայն մենք պետք է նախ եւ առաջ մտածենք մեր կյանքի ու առողջության, ապա նոր՝ երկար քայլելու եւ հեռավորության մասին:

 

Վստահեցնում եմ, որ հնարավորության դեպքում, որտեղ անվտանգ է, կազմակերպում ենք նոր հետիոտնային անցումներ:

 

- Պրն Կարապետյան, ի՞նչ արդյունք տվեց երթեւեկելի գոտիների ավելացումը:

 

- 2017-ին Երեւանի մի շարք փողոցներում մենք ավելացրինք երթեւեկելի գոտիները: Առաջին փորձարարությունը կատարեցինք Հալաբյան-Մարգարյան, Արամ Խաչատրյան-Վաղարշյան խաչմերուկներում, Կոմիտասի պողոտայում: Այն միանշանակ արդյունավետ էր, եւ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում ծանրաբեռնվածությունը կրճատվեց կիսով չափ:

Կոմիտասի պողոտան Կոմիտասի պողոտան

Լուսանկարը` ՃՈ

Ամբողջությամբ փոխեցինք նաեւ Կրկեսի մոտի խաչմերուկի երթեւեկությունը, որտեղ նախկինում օրական 2-3 ՃՏՊ էր գրանցվում: Այժմ խնդիրը լուծված է, սակայն այդ խաչմերուկը շարունակում է ծանրաբեռնված մնալ:

 

2018-ին նմանատիպ բոլոր փոփոխությունները պետք է ավարտենք:

 

Երթեւեկելի գոտիների ավելացման հետ կապված մի խնդիր ունենք, եւ պարբերաբար զգուշացնում ենք քաղաքացիներին. եթե նկատեք տեղեր, որտեղ հին գծանշումը տեսանելի է, խնդրում ենք տեղեկացնել: Մենք հատուկ սարքի օգնությամբ քերում ենք ասֆալտի ծածկը 3 միլիմետրով, ապա սեւ ներկով ծածկում հին գծանշումները, սակայն հին ներկը դժվարությամբ է անցնում:

 

2018-ի գծանշման ժամանակ դրանք այլեւս չեն երեւա, քանի որ նախատեսում ենք տերմոպլաստ գծանշում կատարել, ինչը նշանակում է, որ 2-3 տարի այն կարիք չի ունենա թարմացվելու: 2017-ին Երեւանի կենտրոնի 6 փողոցում արդեն կիրառել ենք այս գծանշումը:

 

- Երթեւեկելի գոտիների ավելացումից բացի ուրիշ ի՞նչ քայլեր են կատարվում խցանումները վերացնելու համար:

 

- 2017-ի նորարարություններից էր ճանապարհատրանսպորտային խախտումները ֆիքսող տեսախցիկների օգտագործումը որպես խցանումները վերացնելու միջոց: Խաչմերուկներում տեղադրված տեսախցիկների օգնությամբ ՃՈ աշխատակիցները կարողանում են հետեւել երթեւեկությանը, եւ խցանումների դեպքում լուսացույցների ռեժիմի փոփոխություն կատարել, որպեսզի կանաչ լույսի հոսքն ավելի մեծ լինի, եւ խաչմերուկները կարողանան դատարկվել: 2017-ի դեկտեմբերին այս փոփոխությունը կատարվեց մի քանի խաչմերուկում (Ազատություն-Մամիկոնյանց, Ազատություն-Նիկողայոս Ադոնց, Ազատություն-Թբիլիսյան, Ազատություն-Բաբայան), 2018-ին նախատեսում ենք այն կիրառել եւս 20-25 խաչմերուկում:

 

2017-ին Երեւանի 16 խաչմերուկում մշտապես բացվեց լուսացույցի աջ սեկցիան: Ճանապարհային երթեւեկության կազմակերպման բաժինը ձմռան ամիսներին ուսումնասիրություններ է կատարում, որ գարնան աշխատանքների մեկնարկի հետ մեկտեղ հնարավոր բոլոր խաչմերուկներում ապահովվի աջ սեկցիայի անընդհատ հոսքը:

Բաղրամյան-Մոսկովյան հատվածին ճարտարապետական բավական գեղեցիկ լուծում է տրվելու:

Խցանումներից խուսափելու նպատակով մի շարք փոփոխություններ կատարվեցին նաեւ Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկում. պլաստմասե պահպանապատերից կառուցված եռանկյունաձեւ անվտանգության կղզյակի շնորհիվ Բաղրամյանից Սայաթ-Նովայի ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցների համար լուսացույցը, կանգ-գիծ գծանշումը եւ հետիոտնային անցումը տեղափոխվեցին մոտ 25 մետր ներքեւ: Այս փոփոխությունից հետո լուսացույցի ամեն ցիկլից հետո մոտ 18 տրանսպորտային միջոց ավելի շատ է կարողանում անցնել: Իսկ Բաղրամյանից դեպի Սարյան իջնելիս աջ սեկցիան մշտապես բաց է, եւ այս հատվածի խցանումների խնդիրը մեկընդմիշտ վերացել է:  

Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկը Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկը

Լուսանկարը` ՃՈ

- Շատ քաղաքացիներ սակայն բողոքում են, որ Բաղրամյան-Մոսկովյանի պլաստմասե եռանկյունին խախտում է քաղաքի ճարտարապետական տեսքը: 

 

- Եռանկյունու հարցն արդեն լուծված է, առաջիկա օրերին այն կհանվի, կտեղափոխվի այլ վայր՝ փորձարկման համար: Խաչմերուկ առ խաչմերուկ այն կփորձարկվի եւ իրեն արդարացնելու դեպքում՝ խաչմերուկը վերջնական տեսքի կբերվի:

 

Բաղրամյան-Մոսկովյան հատվածին էլ ճարտարապետական բավական գեղեցիկ լուծում է տրվելու:

 

- Պրն Կարապետյան, իսկ ի՞նչ արդյունք տվեցին երթեւեկության անվտանգության բարձրացմանն ուղղված մյուս միջոցառումները: 

 

- 2017-ին ճանապարհապարեկային ավտոմոբիլներում փորձնական կարգով տեղադրեցինք 15 GPS տեղորոշիչ համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս առցանց տեսնել ՃՈ մեքենաների գտնվելու վայրը եւ հետեւել դրանց շարժին: Համակարգը թույլ է տալիս դեպքի վայր ուղարկել առավել մոտ գտնվող կարգախմբերին, միաժամանակ՝ բարձրացվում է ծառայության որակը: 2018-ին ՃՈ բոլոր ավտոմոբիլները կկահավորվեն այս համակարգով:

 

Հուլիսին էլ ՃՈ-ում բացվեց Օպերատիվ կառավարման կենտրոնը, որտեղ մենք գործարկեցինք 177 Թեժ գիծը: Օրական ընդունում ենք մինչեւ 350 ահազանգ: Դրանք վերաբերում են ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարներին, խցանումներին, սխալ կայանված մեքենաներին, այնպես էլ տարբեր հարցերով խորհրդատվական աջակցությանը:

 

2017-ին ուժեղացված ծառայության միամսյակ իրականացրինք դպրոցամերձ հատվածներում: Այդ ընթացքում որեւէ միջադեպ չենք ունեցել: Դպրոցամերձ հնարավոր բոլոր տեղերում, որտեղ օրենքը չի արգելում, փորձում ենք նաեւ արհեստական խոչընդոտներ տեղադրել՝ բարձրացնելու համար երեխաների անվտանգության մակարդակը:

Տաթեւ Հովհաննիսյանը զրուցում է Եգոր Կարապետյանի հետ Տաթեւ Հովհաննիսյանը զրուցում է Եգոր Կարապետյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

- Իսկ ի՞նչպես լուծվեց «թաքնված» լուսացույցների խնդիրը:

 

- Նախկինում քաղաքացիները շատ էին բողոքում, որ լուսացույցները ծառի հետեւում են կամ ոչ տեսանելի հատվածում: 2017-ին մենք լուսացույցները փոխարինեցինք Տ.2 տիպի լուսացույցներով, այսինքն՝ ամեն երթեւեկելի գոտու համար գործում է առանձին լուսացույց: Դրանք տեղադրեցինք երթեւեկելի գոտու վերնամասում՝ բավական տեսանելի հատվածում: Զուգահեռաբար տեղափոխեցինք նաեւ ճանապարհային նշանները: Դրանք բարձրացվեցին եւ վարորդների համար դարձան առավել տեսանելի:

 

Լուսացույցների եւ ճանապարհային նշանների փոփոխության արդյունքում 30%-ով նվազել է ՃՏՊ-ների թիվը, ինչպես նաեւ՝ կրճատվել այդ հատվածներում կատարվող խախտումների քանակը:

 

Ինչ վերաբերում է միացված սեկցիաներին, ապա այնտեղ LED լույսով արտացոլվեց ամբողջ լուսացույցի շրջանակը, որպեսզի երեւա, որ հիմնականից բացի այնտեղ մեկ այլ լուսացույց էլ կա: Ընթացիկ տարում մեր վարորդներն այդ խնդրից մեկընդմիշտ կձերբազատվեն:

 

- Ինչպիսի՞ն էր 2017-ի վիճակագրությունը՝ նախորդ տարվա պատահարների ու զոհերի համեմատ:

 

- Դժբախտաբար, զոհերի թիվը բավական բարձր է: 2017-ին 12 զոհ ավելի ենք ունեցել նախորդ տարվա համեմատ: Մյուս կողմից, պետք է հաշվի առնենք, որ անցած տարի 38 000, իսկ վերջին 10 տարում՝ մոտ 300 000 տրանսպորտային միջոց է ներկրվել Հայաստան, այսինքն՝ չէր կարող վիճակագրությունը չփոխվել:

 

Մենք մի շարք պրոֆիլակտիկ աշխատանքներ ենք կատարում, որպեսզի ոչ թե այս թիվը պահենք նույն մակարդում, այլ նվազեցնենք: Մեզ մոտ պետք է բարձրացվի երթեւեկության կուլտուրան: 

 

- Իսկ ի՞նչ է պետք անել այդ կուլտուրան բարձրացնելու համար:

 

- ՃՈ աշխատակիցները 2017-ին բազմաթիվ դասընթացներ են իրականացրել դպրոցներում, աշակերտների հետ ակցիաներ կատարել, խախտում կատարած վարորդին բուկլետ բաժանել:

 

Իրականում, դպրոցում դասավանդելով ճանապարհային երթեւեկության կանոններ, մենք արդյունքը տեսնում ենք ոչ թե վաղը կամ մյուս օրը, այլ 10 տարի հետո:

 

Ի դեպ, 2018-ի սեպտեմբերից դպրոցների 4-րդ, 5-րդ եւ 6-րդ դասարաններում որպես պարտադիր առարկա կներդրվի ճանապարհային երթեւեկության կանոնների դասավանդումը: Թեմաներն արդեն մշակված են, եւ առաջիկայում պետք է վերապատրաստենք ուսուցիչներին:

 

- Կխնդրեի մեկնաբանել քաղաքացիների կողմից հաճախ բարձրացվող մի շարք այլ հարցեր, օրինակ՝ «կարմիր գծերի» եւ ՃՈ-ի կողմից այդ հատվածներում կայանման համար վարչական ակտերի կազմման անհամապատասխանությունը, «Սանիտեկ»-ի աղբամանների տեղակայումը ավտոմեքենաների կայանման համար նախատեսված գոտիներում:

 

- «Սանիտեկ»-ի աղբամանների խնդրի հետ կապված՝ ՃՈ-ն բազմաթիվ առաջարկություններ է ներկայացրել, եւ եթե նկատել եք, 2017-ի վերջին խնդիրը 70-80%-ով կարգավորվել է, իսկ ընթացիկ տարում ամբողջությամբ կլուծվի: Մայթերի հաշվին հատվածներ են կտրվել, որոնցում տեղադրվել են աղբամանները:

Եգոր Կարապետյանը Եգոր Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչ վերաբերում է «կարմիր գծերի» խնդրին, ապա իրականում այն կար միայն այն ժամանակ, երբ ծառայությունը նոր էր ներդրվում: Այն քաղաքացիները, որոնք իրավամբ խնդիրներ են ունեցել, բողոքարկել են, նրանց բողոքը բավարարվել է: Նմանատիպ խաչմերուկներն ուսումնասիրվելուց հետո բերվել են հավուր պատշաճի, եւ հետիոտնային անցումից գծանշման 5 մետրը պահպանվել է: Եթե կլինեն քաղաքացիներ, որոնց նկատմամբ արձանագրություն է կազմվել, եւ խնդիրը դեռ կա, մենք պատրաստ ենք քննարկել եւ բեկանել:

 

- Քաղաքացուն տուգանելիս ինչպե՞ս է տեսախցիկի առջեւ նստած անձը հաշվում հետիոտնային անցումից այդ 5 մետրը։ Կա՞ արդյոք հստակ մեխանիզմ, թե՞ դա արվում է աչքաչափով:

 

- Այն հատվածներում, որտեղ կա կարմիր գիծ, հետիոտնային անցումից հաշվարկը կատարվում է դրա համաձայն: Իսկ այն հատվածներում, որտեղ չկա կարմիր գծանշում, կարծում եմ՝ վարորդները աչքաչափով պետք է հաշվեն 5 մետրը: Եթե հաշվի առնենք, որ տուգանելիս էլ մարդն է համակարգչի դիմաց նստած որոշումներ կայացնում, չի բացառվում, որ նա էլ սխալվի: Դրա համար կա բեկանման մեխանիզմ:  

 

- Բոլորս գիտենք, որ տուգանքների զգալի մասը բաժին է ընկնում տաքսու վարորդներին: Ձեր կարծիքով՝ համապատասխանո՞ւմ է այսօր տուգանքների չափը նրանց ստացած եկամուտին:  

 

- Իսկ դուք գիտե՞ք, որ 2017-ի ՃՈ նորամուծությունների մեկն այն էր, որ սկսեցինք աշխատել ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ, եւ բազմաթիվ տաքսու վարորդներ զրկվեցին իրենց վարորդական իրավունքից նրա համար, որ ընդգրկված էին մեթադոնային ծրագրում, այսինքն՝ վարորդը դեղամիջոցի ազդեցության ներքո քաղաքացիներ էր տեղափոխում: 

Շաբաթվա ընթացքում մի քանի օր տաքսիով եմ երթեւեկում: Երբ նստում ես, ուզում ես ամրագոտին ամրացնել, ասում են՝ «Մի՛ գցի» կամ «Ո՞վ է կանգնացնելու մեզ»:

Երեւանում տաքսիստների բազմաթիվ խմբերի հետ եմ հանդիպել եւ նրանցից շատերին անձամբ եմ ճանաչում: Կան տաքսիստներ, որ ընդհանրապես խախտումներ չունեն։ Այսինքն՝ հնարավոր է այնպես վարել, որպեսզի տուգանքներ չլինեն: Բայց կան նաեւ տաքսիստներ, որ 1,5-2 մլն դրամի խախտում ունեն ու ընդհանրապես հոգ չեն անում դրա մասին:

 

Ինքս շաբաթվա ընթացքում մի քանի օր տաքսիով եմ երթեւեկում, որպեսզի ծանոթանամ իրավիճակին: Երբ նստում ես, ուզում ես ամրագոտին ամրացնել, ասում են՝ «Մի՛ գցի» կամ «Ո՞վ է կանգնացնելու մեզ»: Կամ, երբ փորձում ես բացատրել սխալը, ասում են՝ «Հանգիստ, ոչ մի բան էլ չի լինի»:

 

Ամեն մարդ պետք է հարգի օրենքը: Եթե չհարգենք օրենքը, ոչ մի ոլորտում տեղաշարժ չի լինի:

Եգոր Կարապետյանը Եգոր Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Վերջին տարիներին վարորդների շահերը պաշտպանող քաղաքացիական նախաձեռնությունները բավական ակտիվացել են: Նմանատիպ ամենամեծ խմբերից մեկը՝ «Վարորդի ընկերը», մշտապես հանդես է գալիս առաջարկներով: Համագործակցո՞ւմ եք քաղաքացիական նախաձեռնությունների հետ եւ կատարվո՞ւմ են փոփոխություններ՝ հաշվի առնելով նրանց առաջարկ-կարծիքները:

 

- ՃՈ-ն բաց է ցանկացած ՀԿ-ի, վարորդի հետ քննարկման եւ համագործակցության համար: Շատ լավ աշխատել ենք «Աքիլես» ՀԿ-ի նախագահ, երջանկահիշատակ Էդուարդ Հովհաննիսյանի հետ: Բազմաթիվ առաջարկություններ են եղել նաեւ քաղաքացիների կողմից: Ներկայում մի քաղաքացի ունենք՝ Արսեն անունով, որը Դավթաշենում երթեւեկի կազմակերպման փոփոխության առաջարկ է ներկայացրել, եւ ՃՈ-ն նրա հետ աշխատում է այդ ուղղությամբ:

 

Քննարկում ենք ունեցել նաեւ «Վարորդ ընկեր» գրասենյակի հետ, դպրոցներում երթեւեկության կանոնների վերաբերյալ համատեղ դասընթացներ անցկացրել:

 

Ճանապարհային ոստիկանությունը պատրաստ է լսելու եւ կյանքի կոչելու ցանկացած խելամիտ առաջարկություն:

 

- Կա՞ վիճակագրություն, որը ներկայացնում է բողոքարկումների եւ դրանց բեկանման հարաբերակցությունը:

 

- 2017-ին բավարարվել է քաղաքացիների բողոքարկումների 33%-ը: Այս բողոքները բավարարելուց հետո ուսումնասիրում ենք, որպեսզի հասկանանք, թե կոնկրետ ինչ ուղղությամբ են դրանք եղել եւ ինչ լուծում կարելի է կիրառել:

 

ՃՈ կարգախմբերին նաեւ զգուշացրել ենք՝ եթե կտեսնեք մեքենաներ, որոնց վարորդները զգում եք՝ մայրաքաղաքից չեն, ծանոթ չեն երթեւեկության կանոններին եւ չարամտորեն չեն խախտում կանոնները, վարչական ներգործություն չկիրառեք:

 

- Իսկ տեսախցիկներով խախտումները ֆիքսող աշխատակիցները տեղեկացվո՞ւմ են բեկանումների մասին, որպեսզի հաջորդ անգամ նույն հատվածներում չկիրառեն վարչական ներգործություն:

 

- Սովորաբար նրանք ֆիքսում են այն, ինչ տեսնում են, բայց եթե, օրինակ, վիճելի հատվածում խնդիրը վերացվում է, խախտումներ չեն լինում, նրանք էլ արդեն որոշումներ չեն կայացնում: 

 

Ի դեպ, 2017-ին առաջին անգամ սկսել ենք վարորդներին նախազգուշացումներ ուղարկել նվազ նշանակության խախտումների համար: Անցած տարվա ընթացքում ուղարկվել է տեսա- եւ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված այդպիսի 103 824 նախազգուշացում:

 

- Վերջերս հայտարարեցիք, որ օտարերկրյա հաշվառման համարանիշներով մեքենաների վարորդները կտուգանվեն, եւ արդեն առկա են առաջին տուգանքները: Ի՞նչպես է կազմակերպվում այս գործընթացը:

 

- Մոտ 8 200 այդպիսի տուգանք է արդեն ֆիքսված: Այդ տրանսպորտային միջոցների մի մասը պատկանում է ՀՀ քաղաքացիներին, որոնք իրենց անունով են ներկրել այդ մեքենաները եւ վարում են Հայաստանում: Նրանց վարչական ակտերն ուղարկվում են սովորական ընթացակարգով, ինչպես ՀՀ հաշվառման համարանիշներով մեքենաների դեպքում:

 

Երկրորդ մասը զբոսաշրջիկներն են, որոնց ՃՈ աշխատակիցը սահմանակետում՝ երկիրը լքելիս, ծանուցում է կատարված խախտման մասին: Խախտում կատարողը ստորագրում է, որ ծանուցվել է, եւ ստանում որոշումը: Նա կարող է տուգանքը վճարել կա՛մ տեղում, կա՛մ երկամսյա ժամկետում՝ իր բնակության երկրում, կա՛մ հաջորդ սահմանահատման ժամանակ: Չվճարելու դեպքում հաջորդ անգամ նրան թույլ չեն տա ցամաքային ճանապարհով Հայաստան մուտք գործել, քանի դեռ վճարումը չի կատարել:

 

Վերոնշյալ քայլից հետո օտարերկրյա համարանիշներով մեքենաներով խախտումների թիվը 3 անգամ կրճատվել է:

 

- Հասարակության շրջանում ամրապնդված է այն կարծիքը, որ ՃՈ-ի ուժը միշտ պատում է հասարակ վարորդների վրա, իսկ «ընտրյալները» մշտապես խուսափում են պատասխանատվությունից։ Կարո՞ղ եք վստահորեն հայտարարել, որ խիստ պայքար եք մղելու այդ խավի դեմ, եւ «գոլդ» պետհամարանիշների տերերը նույն կերպ ենթարկվելու են կանոններին, ինչպես մյուսները։

 

- Մեզ համար այսօր նույնն են պետհամարանիշի բոլոր թվերն ու տառերը: Մեր հատուկ պահպանվող տարածքներում դուք մշտապես կարող եք տեսնել ձեր նշած «գոլդ» համարանիշներով բազմաթիվ մեքենաներ: Նման կադրեր դուք կարող եք հաճախ տեսնել «02» եւ այլ հաղորդումների շրջանակում:

 

- Սակայն ինքներս հաճախ ականատես ենք լինում «գոլդ» համարանիշներով մեքենաների կողմից արագության գերազանցման դեպքերի եւ տեսնում, թե ինչպես ճանապարհային ոստիկանները չեն ֆիքսում խախտումը:

 

- Այն, ինչ դուք եք տեսնում, վստահեցնում եմ, որ տեսնում են նաեւ ճանապարհային ոստիկանները: Տեղեր կան, որ նրանք ոչինչ չեն անում, որովհետեւ այդ խաչմերուկները տեսանկարահանվող են, եւ խախտումն արդեն գրանցվել է: Եթե ՃՈ ոստիկանն էլ ֆիքսի միեւնույն դեպքը, կստացվի, որ վարորդը նույն խախտման համար տուգանվում է կրկնակի:

Մեզ համար նույնն են պետհամարանիշի բոլոր թվերն ու տառերը:

Եթե նկատել եք, Երեւանում կա տարհանում կատարող տրանսպորտային միջոց, որը մեքենաները բերում է հատուկ պահպանվող տարածք: Ընդ որում, հատուկ ցուցում կա առավել խիստ վերաբերվել նույն թանկարժեք ու «գոլդ» համարանիշներով տրանսպորտային միջոցներին: Եթե վարորդը խոչընդոտ է ստեղծում ճանապարհային երթեւեկության համար, դա կլինի խորհրդային արտադրության տրանսպորտային միջոց, թե գերմանական արտադրության «Մերսեդես», մեզ համար միեւնույնն է՝ մենք տարհանում ենք:

Եգոր Կարապետյանը Եգոր Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Այսինքն, կարո՞ղ եք վստահորեն ասել, որ օրենքը հավասար է բոլորի համար: 

 

- Բոլորն են հավասար օրենքի առջեւ, այդ թվում՝ ճանապարհային ոստիկանները:

 

Չկա նման քաղաքացի, որ խախտում կատարի եւ չտուգանվի: Տեսախցիկի առջեւ նստած անձը տեսնում է խախտում կատարող ավտոմեքենան, ֆիքսում այն, սակայն համակարգը այնպես է պատրաստված, որ պետհամարանիշը նա չի տեսնում: Ավտոմեքենայի պետհամարանիշը տեսնում է արդեն մեկ այլ աշխատակից՝ մյուս բաժնում: Այստեղ արդեն մշակման փուլում տեսնում են, թե որ համարանիշով տրանսպորտային միջոցին է ուղղված խախտումը: Այդ աշխատակիցն արդեն, ուզի, թե չուզի, պետք է որոշումը կայացնի, ուղարկի ճանապարհային ոստիկանություն։ Եթե հետ ուղարկի, ասենք՝ իր բարեկամի ավտոմեքենան եղավ խախտում կատարողը, ծրագիրը այլեւս հետ չի ընդունում: Իսկ խախտումն առաջինը ֆիքսողը ոչ մի պետհամարանիշ չի տեսնում, որովհետեւ նման դեպքում չի բացառվում կամայական մոտեցումը:

 

- Հասարակությունը քննադատում է նաեւ այն, որ ոգելից խմիչք օգտագործած վարորդին կանգնեցնելու դեպքում հեռախոսազանգ է կատարվում բարձր օղակներին, եւ ճանապարհային ոստիկանը բաց է թողնում վարորդին: Կա՞ որեւէ մեխանիզմ, որը կվերացնի հեռախոսազանգերի արատավոր պրակտիկան:

 

- Տարեցտարի այնքան է խստացվում ճանապարհային ոստիկանի աշխատանքը, որ նախկինի համեմատ այդ զանգերը 10 անգամ պակասել են: Ես չեմ կարող բացառել, որ նմանատիպ երեւույթներ մինչ օրս դեռ կան, որովհետեւ չեմ կարող նայել ձեր աչքերին եւ սուտ խոսել: Սակայն կարող եմ վստահաբար ասել, որ դրանք նվազագույնի են հասցվել, եւ աշխատանքներ են տարվում ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ:

 

2017-ին, նախորդ տարվա համեմատ, 200-ով ավելի ոչ սթափ վիճակով վարելու դեպք է արձանագրվել, եւ դա այն դեպքում, երբ խմածության համար տուգանքը 100 000 դրամից բարձրացվել է 150 000 եւ 200 000 դրամ: Վիճակագրությունը չափազանց մտահոգիչ է նաեւ այս տարի: 2018-ի հունվարին 520 արձանագրություն է կազմվել ոչ սթափ վիճակով վարելու համար՝ անցած տարվա հունվարի 351-ի համեմատ: Այս թվերն էլ են վկայում, թե ձեր նշած զանգերը որքան են պակասել:

 

Իրականում բոլորս պետք է հասկանանք, որ այդ զանգերից հետո հաջորդ իսկ պահին կարող է ճանապարհատրանսպորտային պատահար լինել: Մենք ճանապարհային ոստիկաններին պարբերաբար հիշեցնում ենք այդ մասին:

 

- Նշեցիք, որ ալկոհոլի ազդեցությամբ մեքենա վարելու դեպքերը բավական շատացել են: Ի՞նչ վիճակագրություն ունենք այս տարի, եւ ինչ քայլե՞ր են ձեռնարկվում:

 

- Այս տարվա հունվարին ունեցել ենք 29 դեպք՝ 37 զոհով, որից 13 դեպքում (16 զոհ) հիմնավոր ապացույցներ կան, որ վարորդները եղել են ոչ սթափ վիճակում: 11 դեպքում էլ չի պահպանվել առավելագույն արագության ռեժիմը, որի հետեւանքով 11 զոհ ունենք:

 

Ու քանի որ զոհերի թիվը չափազանց մեծ է, հայտարարել ենք, որ փետրվարի 8-ից Հայաստանի տարածքում շարժական արագաչափեր են գործարկվելու: Բոլորս գիտենք, որ հիմա վարորդը գալիս է, արագաչափի մոտ դանդաղեցնում ընթացքը, ապա գերազանցում սահմանված արագությունը: Շարժական արագաչափերը կօգնեն ֆիքսել նաեւ այդ խախտումները:

 

-  Իսկ ինչպե՞ս է աշխատում ՃՈ աշխատակիցների անձնական տեսախցիկների ինստիտուտը։ Ստուգվո՞ւմ են արդյոք այս ձայնագրությունները ծառայությունից վերադառնալուց հետո, թե՞ միայն բողոքների դեպքում:

 

- Գոյություն ունի ճանապարհապարեկային ծառայության բաժին, որը շատ հաճախ ստուգում է՝ տեսնելու համար տեսախցիկը միացված եղել է, թե ոչ, քանի որ ՃՈ տեսուչները հնարավորություն ունեն ինչպես միացնելու, այնպես էլ անջատելու այն:

 

Սկզբնական շրջանում շատ էին դեպքերը, երբ տեսախցիկն անջատում էին։ Սակայն ծառայողական բազմաթիվ քննություններ անցկացվեցին, եւ եղան պատժվողներ: Ավելի ուշ ճանապարհային ոստիկաններն իրենք էլ հասկացան, որ իրենց սեփական շահերից է բխում ձայնագրություններ ունենալը, քանի որ շատ դեպքերում այդ ձայնագրության շնորհիվ կարողանում են ապացուցել իրենց ճիշտ լինելը։ 

Եգոր Կարապետյանը Եգոր Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Բողոքներ կան նաեւ վարորդական իրավունքների տրամադրման հետ կապված: Նույնիսկ երեւանցիների զգալի մասը վկայականները ձեռք է բերում մարզերում: Հնարավո՞ր չէ արդյոք մարզերում վարորդական քննությունների կենտրոնները կահավորել այնպես, որ գործընթացը թափանցիկ լինի, եւ կոռուպցիոն ռիսկերը նվազեցվեն: 

 

- Նախ, ՀՀ քաղաքացին, գրանցված լինի Երեւանում, թե Մեղրիում, կարող է ցանկացած վայրից վարորդական վկայական ստանալ: Ինչ վերաբերում է թափանցիկությանը, ապա Երեւանի հաշվառման քննական բաժնի նման երկրորդ կենտրոնը բացել ենք Կոտայքի մարզում: 2018-ին շինարարությունը պետք է ավարտվի նաեւ Իջեւանում, օրերս էլ վերջացրել ենք Սեւանի հաշվառման քննական բաժնի նախագծումը:

Քաղաքացիների մոտ 40%-ը «կտրվում է» քննությունից եւ վարորդական իրավունք ձեռք բերում մի քանի անգամ փորձելուց հետո միայն:

Այսօր չափազանց խիստ է վարորդական իրավունք ձեռք բերելու գործընթացը: Ոստիկանապետի հրամանը կա՝ եթե քաղաքացին չհանձնեց քննությունը, որեւէ կերպ չօգնել, որովհետեւ նույն մարդը հաջորդ քայլափոխին կարող է վտանգ հանդիսանալ բոլորիս ընտանիքի անդամների համար:

 

Այսօր գրեթե բացառված է առանց քննությունը հանձնելու վարորդական իրավունք ձեռք բերելը: Մեր տվյալներով՝ քաղաքացիների մոտ 40%-ը «կտրվում է» քննությունից եւ վարորդական իրավունք ձեռք բերում մի քանի անգամ փորձելուց հետո միայն: 

 

- Եվ վերջում, պրն Կարապետյան, ի՞նչ քայլեր է ձեռնարկում այսօր Ճանապարհային ոստիկանությունը հասարակության վստահությունն ու հարգանքը իր եւ իր աշխատակիցների նկատմամբ բարձրացնելու համար:

 

- Բոլորս գիտենք, որ ճանապարհային ոստիկանը «ոչ մեկի աչքի լույսը չէ»՝  կանգնեցնում է վարորդներին, ակտավորում, ոչ մեկ առանձնապես չի սիրում եւ չի հարգում նրան՝ մինչեւ այն պահը, երբ տեսնում է, թե ինչպես է ոստիկանն օգնության հասնում դժվարին կացության մեջ հայտնված վարորդին, ուղեկցում տուն: 

 

Մենք ե՛ւ դասընթացներ ենք անցկացնում ճանապարհային ոստիկանների հետ, ե՛ւ օրական երեք անգամ բացատրական աշխատանքներ կատարում, քաղաքացների հետ շփման, էթիկայի կանոնները հիշեցնում:

 

2017-ին ՃՈ-ն Ֆեյսբուքում պաշտոնական էջ բացեց, որտեղ տեղադրվում են հայտարարություններ, ընդունվում առաջարկություններ, քննարկումներ ծավալվում: Էջում մեկնաբանությունները բաց են, եւ քաղաքացիները կարող են հանգիստ իրենց տեսակետները գրել՝ պատրաստ ենք քննադատության:

 

Մենք մոնիտորինգ ենք անում նաեւ լրատվամիջոցների բոլոր հրապարակումները, ծանոթանում քննադատությանը եւ չենք դադարում աշխատել մեզ վրա:  

 

Եգոր Կարապետյանի հետ զրուցել է Տաթեւ Հովհաննիսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին