Դեյվիդ Ստեֆըն Քըլոնե. Սարոյանը սարսափած կլիներ Թրամփից - Mediamax.am

exclusive
24744 դիտում

Դեյվիդ Ստեֆըն Քըլոնե. Սարոյանը սարսափած կլիներ Թրամփից

Դեյվիդ Ստեֆըն Քըլոնեն
Դեյվիդ Ստեֆըն Քըլոնեն

Լուսանկարը` Դ.Ս.Քըլոնեի արխիվից

Լուսանկարը`


Երբ Դեյվիդ Ստեֆըն Քըլոնեն (David Stephen Calonne) անմիջապես համաձայնեց մեզ հետ զրուցել Սարոյանի մասին, շատ զարմացանք: Զարմացանք, որովհետեւ նա այսօր աշխարհում ամենահայտնի գրականագետներից է, դասախոսություններով հանդես է գալիս Հարվարդում, Օքսֆորդում, Կոլումբիայի, Բերկլիի, Ֆլորենցիայի համալսարաններում: 

 

Քըլոնեն դասավանդել է Էն Էրբորում, Տեխասի, Միչիգանի համալսարաններում, այս պահին դասավանդում է Չիկագոյում: Տասնյակ գրքերի հեղինակ է, Չարլզ Բուկովսկու եւ Հենրի Միլերի գրական կենսագիրը: Խմբագրել է Գերի Սնայդերի հարցազրույցների եւ Չարլզ Բուկովսկու պոեզիայի հինգ գրքեր: Մեզ, սակայն, ամենից շատ հետաքրքրում էր այն, որ Քըլոնեն իր գրականագիտական առաջին քայլերը սկսել է Սարոյանից եւ գրողի մասին նրա աշխատություններն իսկապես շատ արժեքավոր են։ Իսկ երբ հարցազրույցի ընթացքում պարզեցինք, որ հայտնի գրականագետը նաեւ մի մասով հայ է, մեր նախնական զարմանքն էլ ավելի մեծացավ: Սակայն անմիջապես պարզ դարձավ, թե ինչու այդքան ծանրաբեռնված գիտնականը սիրով համաձայնվեց հարցազրույց տալ հայկական կայքին:

 

-Ե՞րբ առաջին անգամ տարվեցիք Սարոյանով՝ որպես ընթերցող: Հետագայում Ձեր դոկտորական աշխատանքը նույնպես նրա գրականությանն էր նվիրված, ինչու՞ ընտրեցիք Սարոյանին:

 

- Իմ մայրը հայուհի էր, եւ մանկության տարիներին հաճախ էի այցելում Ֆրեզնոյում ապրող հայ պապիկիս ու տատիկիս, որոնք Կալիֆոռնիա էին գաղթել Սպահանից 1920-ականներին: Պապիկս բանաստեղծ էր՝ բացառիկ մի մարդ, եւ ինձ հաճախ էր կարդում հայկական գրականությունից հատվածներ: Պապիկիս տանը հաճախ էի լսում նաեւ Սարոյանի մասին: Նա շատ հայտնի էր ու սիրված հայերի շրջանում, կարծես խորհրդանիշ լիներ նրանց համար, քանի որ իրենց հայրենակիցն էր եւ հասել էր այդպիսի հաջողության: Եվ հետո՝ 1930-ականներին նա աշխարհի մեծագույն գրողներից մեկն էր: Հայրս ֆրանսիացի էր, բայց նա էլ ինձ ու եղբորս համար հաճախ Սարոյան էր ընթերցում: Այնպես որ մանկությունս անցավ նրա մասին լսելով: Հիշում եմ՝ ինչպես դպրոցում, երբ ինը տարեկան էի, գրականության ուսուցչուհին նրա հերոսին՝ Արամին վերլուծելիս՝ արտասանեց այն «Էրըմ»: Ես ձեռք բարձրացրի եւ ասացի, որ պետք է «Արամ» ասել:

 

Արդեն ավագ դասարաններում ես ընթերցեցի նրա փոքրիկ պիեսներից մեկը՝ «Խխունջն ու մարգարիտը», եւ այն շատ հուզեց ինձ, հատկապես՝ երկխոսությունները: Դա պատմություն է հասարակ մարդկանց մասին, որոնք սիրում, հոգ են տանում իրար մասին, եւ անսահման քնքշանք կա այդ ամենի մեջ: Այդ տարիներին շատ էի կարդում նաեւ Հեմինգուեյ, Դոստոեւսկի եւ այլ հայտնի գրողների, բայց Սարոյանի գրականությունն ունի հումորի հատուկ տեսակ եւ մարդկանց ուրախություն պատճառելու տարր՝ այն, ինչ չես գտնի ժամանակակից գրականության մեջ: Կարծում եմ, հենց այդ ժամանակ որոշեցի գրել նրա մասին:

 

- Ի՞նչ դեր է խաղացել  Սարոյանն ամերիկյան գրականության մեջ:

 

- 1930-ականներին Ամերիկյան մեծ դեպրեսիայի ժամանակ, երբ բոլորն աղքատ էին, գործազուրկ, Սարոյանը դարձավ խոշոր գրական ֆիգուր, քանի որ անգամ ամենատանջալից պահերին մարդկանց տալիս էր հնարավոր երջանկության մասին երազելու հույս: «Քո կյանքի ժամերը», «Իմ սիրտը լեռներում է», բրոդվեյյան նրա պիեսները եւ հետո 40-ականների սկզբին նրա «Մարդկային կատակերգությունը» եւ մյուս գործերը շատ ընթերցվող էին, քանի որ պատմում էին զգացողությունների, ապրումների մասին, որոնց կարիքն այդ ժամանակ մարդիկ շատ ունեին: Խոսքն այն հավատի եւ հույսի մասին է, որը մարդ չի կորցնում, անգամ երբ ամեն բան շուրջբոլորը վատ է: Այս ամենը նրանց տալիս էր Սարոյանը, այդ պատճառով էլ նա այդ տարիների ամենանշանակալից գրողն էր:

Վիլյամ Սարոյանը Վիլյամ Սարոյանը

 

Պատերազմից հետո շատ բան փոխվեց: Մարդիկ այլ զգացողությունների կարիք ունեին, նրանց համար Սարոյանն արդեն շատ սենտիմենտալ էր: Նրանք այլեւս այդքան շատ զգացմունքի, շարժման անհրաժեշտություն չունեին: Նրանց արդեն Կաֆկա ու Ջոյս էր պետք: Գիտե՞ք՝ գրականությունն էլ է նման նորաձեւության․ոճերը գալիս եւ գնում են: Բայց Սարոյանին այսօր էլ են շատ կարդում:

 

- Իսկ ի՞նչ եք կարծում, հնարավոր է՝ մի օր նա կրկին դառնա այնքան պահանջված ԱՄՆ-ում, որքան 1930-ականներին էր:

 

- Գրականության ընկալումն ԱՄՆ-ում մի փոքր այլ է, քան աշխարհի մյուս ծայրերում: Հայաստանում, իսպանախոս երկրներում, Եվրոպայում այսօր էլ Սարոյանը սիրված անուն է: Բայց ամերիկացիներն այդ իմաստով զվարճալի մարդիկ են: Կարծում եմ, որ ոչ մի ամերիկյան դասական գրող էլ այսօր չունի այն հանրաճանաչությունը ԱՄՆ-ում, որին արժանի է: Նույն Հեմինգուեյը, ասենք։

 

Մինչդեռ, երբ Երեւանում էի, փողոցում քայլելիս տեսա մի կնոջ, որ իր փոքրիկ խանութում փակցրել էր Հեմինգուեյի նկարը: Դուք երբեք սա չեք տեսնի ԱՄՆ-ում: Ամերիկացիները չունեն այն հիացմունքն իրենց գրողների հանդեպ, որն ունեն եվրոպացիները: Օրինակ՝ Փարիզում կարող եք ամենուր տեսնել, թե ինչպես են նրանք սիրում, հիանում իրենց գրողներով, բանաստեղծներով՝ Արթյուր Ռեմբոյով, Շառլ Բոդլերով… Ցավոք, դուք սա չեք տեսնի մեզ մոտ:

 

- Ի՞նչ նորարարություն բերեց Սարոյանը գրականության մեջ եւ ինչո՞վ նա տարբերվեց մյուս գրողներից:

 

- Հիմնական նորարարությունը նրա ոճն էր՝ ձեւաբանական եւ բովանդակային իմաստով: Նա ցանկանում էր թեթեւություն մտցնել ամերիկյան գրականության մեջ՝ զերծ ավելորդ արհեստականություններից: Նա օգտագործում էր պարզ, հասարակ, կարճ բառեր: Նրա գրականությունը նաեւ շատ երգեցիկ է՝ լի ջազային տարրերով: Նրա արձակը պոետիկ է: Կարծում եմ, հենց այս նորարարությունն էր, որ մեծ ազդեցություն թողեց հետագայում Ջեք Քերուակի եւ առհասարակ բիթնիկների վրա: Քերուակը շատ էր սիրում Սարոյանին՝ հատկապես հումորի եւ, իհարկե, երաժշտական, ջազային ռիթմերով, զգացողություններով լի արձակի համար:

 

Մյուս նորարարությունն այն էր, որ իր գործերը բոլորի համար են ու բոլորի մասին՝ առանց բացառության: Այս հանգամանքը նույնպես ազդեցություն թողեց բիթնիկների վրա: Սարոյանը ջերմությամբ եւ սիրով ընդունում է բոլորին, քանի որ անխտիր բոլորը կարող են լինել Ամերիկայի մի մասը՝ փողոցային կինը, կալանավորը, լեհ գաղթականը, ասորին, հրեան, իտալացին: Նա սիրում եւ ողջունում է բոլորին: Անկեղծ սիրո այս գրական դրսեւորումը խորթ էր ամերիկյան գրականությանը, եւ դա նրանց տվեց Սարոյանը: Աշխարհը գուցեեւ շատ մութ վայր է եւ շատ ցավոտ, բացասական կողմեր ունի, բայց նա ցանկանում էր շեշտել, ընդգծել մարդկային բարությունն ու ամեն դրականը: Հենց սրանով է նա տարբերում մյուսներից:

 

- Թեեւ Դուք արդեն որոշակիորեն պատասխանեցիք իմ հաջորդ հարցին, այնուամենայնիվ, եթե մեկ բառով ասելու լինենք, ո՞րն է Սարոյանի հիմնական ուղերձն ընթերցողին:

 

- Բարդ հարց է։ Մենք խոսեցինք սարոյանական սիրո մասին, բայց նրա գործերում նաեւ շատ ցավ կա ու տխրություն, երբեմն՝ հուսահատություն: Սարոյանը հանճար է, եւ ինչպես յուրաքանչյուր հանճար, նրա գործերում կա տիեզերական մի բան: Նա յուրահատուկ ձեւով կարողանում է բալանսի բերել տառապանքն ու ուրախությունը: Եթե մեկ նախադասությամբ ասելու լինենք՝ Սարոյանի ուղերձը հավանաբար սա է․ անգամ երբ կյանքը լի է դժվարություններով եւ դառնությամբ, միեւնույն է՝ այն հիասքանչ է ու գեղեցիկ:

 

- Ի՞նչ հարաբերություններ ուներ Սարոյանն իր ժամանակակիցների հետ, հատկապես՝ Հեմինգուեյի:

 

- Սկզբում նրանց հարաբերությունները ջերմ են եղել եւ նույնքան ջերմ նամակագրական կապ են ունեցել: Եթե չեմ սխալվում, այդ նամակները հիմա Ստենֆորդի համալսարանում են: Հետո սկսել են փոխադարձ քննադատական հրապարակումներ ունենալ մամուլում: Դե, երկուսն էլ վառ,  զգացմունքային անհատականություններ էին: Գրական մակարդակում նրանք նմանություններ ունեին, երկուսն էլ ցանկանում էին ավելի պարզ, ավելի մաքրագործված անգլերենով գրականություն տեսնել:

Մի որոշակի շրջան լարված են եղել նաեւ Սարոյանի եւ Հենրի Միլերի գրական հարաբերությունները, թեեւ Միլերը հիացած էր նրանով: Սարոյանը շատ պահանջկոտ ընթերցող էր եւ հաճախ էր բարձրաձայնում այն, ինչ նրան դուր չէր գալիս:

 

Սարոյանին շատ սիրում էր Չարլզ Բուկովսկին եւ շատ է ազդվել նրանից, հատկապես՝ վաղ Սարոյանից: Սարոյանը որոշակի ազդեցություն է թողել նաեւ Սելինջերի վրա: Նրանց մի շարք գործեր շատ հետաքրքիր զուգահեռներ ունեն, բայց սա դեռեւս քիչ ուսումնասիրված թեմա է:

 

- Ինչպե՞ս կնկարագրեք Սարոյանի կյանքի փիլիսոփայությունը, եւ ինչպե՞ս է այն ազդել նրա արձակի վրա:

 

-Սարոյանը ռոմանտիկ էր: Իսկ ո՞վ է ռոմանտիկ: Մարդ, որն ամեն ինչում իդեալիստ է, որը հավատում է դրականին ու բարուն եւ ուզում միշտ ընդգծել դա: Սեր, բնություն, գեղեցկություն եւ, իհարկե, բարություն: Սա էր Սարոյանի փիլիսոփայությունը: Նրա համար կարեւոր էր ամենօրյա կյանքը, վայրկյանը, որ նա ապրում է: Նրա փիլիսոփայությունը տոնում է կյանքը՝ այնպիսին, ինչպիսին այն կա: Բայց ռոմանտիզմը նաեւ իր մութ կողմն ունի․ կատարելության ձգտումն երբեմն հանգեցնում է նաեւ տառապանքի եւ ցավի: Այս ամենը, ինչի մասին խոսեցի, կա նաեւ Սարոյանի արձակում: Նա ուզում էր, որպեսզի մարդիկ սիրեն իրար, ընդունեն այնպիսին, ինչպիսին իրենք կան: Հիշու՞մ եք նրա հայտնի պատմվածքը՝ «Խեղճուկրակ արաբը», երբ հայն ու արաբը ժամերով նստում են իրար կողքի եւ բառ անգամ չեն փոխանակում, ու դրա կարիքն իրականում չի էլ զգացվում: Որքան սեր ու բարություն կա այդ պատմվածքում: Հենց դա է Սարոյանի կյանքի եւ արձակի փիլիսոփայությունը:

 

- Հայկական թեման մեծ տեղ ունի Սարոյանի գրականության մեջ: Ի՞նչպես նրան  հաջողվեց հետաքրքիր լինել ԱՄՆ-ին եւ աշխարհին՝ գրելով հայերի մասին:

 

- Նա շատ հմտորեն է կարողանում ներկայացնել՝ ինչ է ներգաղթյալ լինելը: Ամերիկան հիմնադրեցին սպիտակամորթները, բայց այնտեղի բնիկները հնդկացիներն էին, հետո սպիտակ մարդիկ բերեցին սեւամորթ ստրուկներին, հետո սկսեցին գալ իտալացիները, լեհերը, հրեաները, իռլանդացիները, հայերը: Եվ ԱՄՆ-ն դարձավ բազմամշակույթ մի երկիր: Սարոյանն առաջիններից էր, որ գրեց այդ մասին, եւ գրեց շատ լավ: Նա առաջինը գրեց, որ Ամերիկան միայն սպիտակամորթների երկիրը չէ, այն բոլորինն է:

Վիլյամ Սարոյանը Վիլյամ Սարոյանը

 

Եվ բացի դա, Սարոյանը շատ գեղեցիկ, հաճելի ձեւով է ներկայացնում հայերին ու Հայաստանը՝ համեմված հումորով: Նրա հայ հերոսները մի փոքր խենթ են, տարբերվող ու բարի: Եվ մարդիկ սիրեցին դա:

 

- Ո՞րն է Սարոյանի գրական կյանքի ամենակարեւոր շրջանը:

 

-Սա շատ լավ հարց է: Ես նրա ստեղծագործական կյանքը կբաժանեի մի քանի փուլերի: Առաջինը շրջանը՝ 1930-40-ականների վերջը, ինձ թվում է՝ ամենաբեղունն էր նրա կյանքում: Հենց այդ ժամանակ նա գրեց իր ամենահայտնի պատմվածքներն ու պիեսները: 1950-ականներն այնքան էլ արդյունավետ չէին նրա համար: Նա երկրորդ անգամ բաժանվել էր կնոջից, կորցրել ընտանիքը, չէր կարողանում հանդիպել երեխաներին եւ սկսեց խմել ու խաղալ: 1950-60 թթ-ը պայքարի տարիներ էին նրա համար:

Վիլյամ Սարոյանը Վիլյամ Սարոյանը

 

Հետագա շրջանն ամբողջությամբ լի էր զուտ հայկական թեմատիկայով: Այդ ժամանակ ստեղծվեցին նրա  «Հառաչ»-ը, «Բիթլիս»-ը: Հավանաբար, սա պայմանավորված էր նրա Հայաստան կատարած այցով: Սարոյանի գրական վերջին շրջանում գերիշխում են հուշագրությունները: Սրանք շատ հետաքրքիր ու ինքնատիպ գործեր են՝ նոր շնչով գրված: Եթե ընտրելու լինեմ, ըստ իս, նրա կարիերայի ամենակարեւոր շրջաններն առաջինն ու վերջինն են:

 

- 1940 թվականին Սարոյանը հրաժարվեց «Քո կյանքի ժամերը» պիեսի համար ստացած Պուլիտցերյան մրցանակից, եւ թեեւ նա շատ հստակ մեկնաբանեց իր արարքը,  հետաքրքիր է Ձեր տեսակետը: Ըստ Ձեզ, ինչո՞վ էր պայմանավորված այդ քայլը:

 

- Սարոյանն աղքատ ընտանիքից էր, բայց շատ հպարտ մարդ էր: Մրցանակը նաեւ մեծ գումար էր նախատեսում: Կարծում եմ, հրաժարվելով դրանից՝ նա ուզում էր ասել. «Ես ստեղծագործող եմ, արտիստ, գրո՛ղը ձեզ տանի, եւ ես ձեր մրցանակի, ձեր բարիքների ու գումարի կարիքը չունեմ»:  Ինձ թվում է, նա նաեւ ուզում էր անկախ լինել ամերիկյան իրականությունից: Որպես գրող նա շատ բարձր էր գնահատում իր անկախությունը: Սարոյանն արհամարհական վերաբերմունք ուներ այն հարուստների հանդեպ, որոնք իրենց բարձր էին դասում աղքատներից, իր գործերում հաճախ էր ծաղրում նրանց եւ չէր ուզում ինքն էլ այդ հասարակության մի մասը լինել: Բացի այդ, Սարոյանը նաեւ շատ զգացմունքային էր եւ սիրում էր դրամատիկ արարքներ անել:

 

- Ո՞րն է Ձեր ամենասիրելի միտքը կամ հատվածը նրա գործերից:

 

-  Նրա կենդանության օրոք տպված վերջին գրքում մի այսպիսի խոսք կա. «Իմ գործը գրելն է, բայց իմ իրական գործը լինելն է»: Լինելը, այսինքն՝ ապրելը: Կարծում եմ, ամենից շատ սա եմ հավանում, թեեւ անթիվ են սիրելի գործերը:

 

- Սարոյանն իր էությամբ կոմֆորմիստ, հարմարվող չէր, նա բարձրաձայնող տեսակ էր: Ըստ Ձեզ, եթե նա այսօր ապրեր, ի՞նչ կարծիք կունենար ամերիկյան ներկայիս վարչակարգի ու քաղաքականության մասին:

 

- Ինձ թվում է, Սարոյանը սարսափած կլիներ Թրամփ անունով մարդուց, որը լի է հիմար նախապաշարմունքներով: Սարոյանը խաղաղություն էր սիրում եւ մշտապես դրան էր ձգտում: Նա ատում էր ռասիզմն ու խտրականությունը: Լինելով այդքան անմնացորդ հայ՝ նա իրեն համարում էր նաեւ աշխարհի քաղաքացի: Կարող եք պատկերացնել, թե ինչքան զարհուրած կլիներ նա Թրամփից:

 

- Դուք գրել եք Սարոյանի, Չարլզ Բուկովսկու, Հենրի Միլերի մասին։ Եթե հնարավորություն ունենալիք, նրանցից  ու՞մ կցանկանայիք հանդիպել:

 

- Ես բախտ եմ ունեցել մեկ անգամ հանդիպելու եւ զրուցելու Սարոյանի հետ: Մենք երկու ժամից ավելի խոսում էինք, եւ թեման իսկապես անսպառ էր: Ես նրանից ծավալուն հարցազրույց վերցրեցի, որը տպվեց ժամանակին տարբեր թերթերում: Դա անմոռաց մի օր էր: Ցավոք, Բուկովսկուն եւ Միլերին չեմ հանդիպել: Երջանիկ կլինեի նրանցից յուրաքանչյուրին հանդիպելու:

 

- Դուք ունեք մի գիրք՝ վերնագրված «Հայաստանի կոթողը. Գ. Իվ. Գյուրջիեւը եւ Հենրի Միլերի նախկինում չտպագրված 5 նամակներն՝ ուղղված Փհամ Քոնգ Թիենին»: Վերնագիրը շատ գրավիչ է, ի՞նչն է միավորում բոլորին մեկ գրքում:

 

- Գյուրջիեւը հայտնի գուրու էր ողջ աշխարհում, որպես իմաստուն մարդ նա այսօր էլ շատ հետեւորդներ ունի: Երբ ուսումնասիրում էի Միլերի կենսագրությունը, բացահայտեցի, որ նա Գյուրջիեւի մեծ երկրպագուն է եղել եւ նրա մասին նամակներ է գրել: Դա ինձ շատ հետաքրքրեց: Գյուրջիեւը մի մասով հայ էր, եւ հնարավոր չէր գրքում չանդրադառնալ նաեւ Հայաստանին: Բացի այդ, ինձ թվում է՝ լինելով հայ, նա նույնպես մի քիչ խենթ էր՝ բառի ամենալավ իմաստով (խենթն ասում է հայերեն – հեղ․)։

 

- UCLA-ում երկու տարի հայ գրականություն եւ գրաբար եք ուսումնասիրել: Ովքե՞ր են Ձեր սիրելի հայ գրողները:

 

- Ես փորձել եմ թարգմանել Նարեկացուն, եւ նա շատ հարազատ է ինձ: Անկասկած, շատ եմ սիրում Չարենցին: Սիրում եմ նաեւ պատմիչներին՝ Եզնիկ Կողբացուն, Մովսես Խորենացուն, Փավստոս Բյուզանդին: Կուզեի ավելի խորությամբ ծանոթ լինել հայ գրականությանը: Շատ կուզեի ուսումնասիրել Թումանյանին:

 

- Բայրոնն ասում էր՝ «Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է»: Մանդելշտամը հայերենն անվանում էր «վայրի կատու»: Ինպիսի՞ն է հայերենի Ձեր ընկալումը:

 

-Հայերենը շատ բարդ է, քանի որ հին լեզու է եւ, միեւնույն ժամանակ, շատ գեղեցիկ: Դա իմ մեծ ծնողների լեզուն է, որը լսում էի մանկությանս տարիներին, եւ այդ պատճառով այն կարծես երաժշտություն լինի ինձ համար: Հայերենը շատ նուրբ ու հաճելի հուշեր է արթնացնում իմ մեջ: Այն ինձ հիշեցնում է մորս մասին:

 

- Դուք դասախոսել եք աշխարհի ամենահայտնի համալսարաններում, Ձեր գրքերը տպվել են տարբեր լեզուներով: Ողջ կյանքն աշխատելով ու գործելով ամերիկյան միջավայրում՝  ի՞նչքանով եք Դուք Ձեզ հայ զգում:

 

- Կարող եմ ասել, որ հայկականությունն իմ մեջ շատ է: Եվ, այո՛, ես ինձ հայ զգում եմ: Իմ մայրը մեծ ազդեցություն է թողել ինձ վրա: Ես հիշում եմ տատիկիս համեղ հայկական ճաշատեսակները, պապիկիս հայերեն ընթերցումներն ու կիրակնօրյա հայկական երգերը, որոնք հնչում էին նրանց տանը: Գիտե՞ք՝ այսպիսի բաները չեն մոռացվում: Եվ սրանք են ձեւավորում հայկական հոգին (հոգին ասում է հայերեն – հեղ․): Երկու անգամ եղել եմ Հայաստանում, տարվել նրա գեղեցկությամբ եւ վանքերով եւ շատ կուզեմ կրկին այցելել: Եվ, առհասարակ, շատ կցանկանայի ավելի մոտ լինել հայկական իրականությանն ու հայերին:

 

Դեյվիդ Ստեֆըն Քըլոնեի հետ զրուցել է Սոսսի Խանիկյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին