Ռուբեն Ջաղինյան. «Շատ լավ է, որ Հանրայինը «խոշորացույցի» տակ է» - Mediamax.am

exclusive
46142 դիտում

Ռուբեն Ջաղինյան. «Շատ լավ է, որ Հանրայինը «խոշորացույցի» տակ է»

Ռուբեն Ջաղինյանը
Ռուբեն Ջաղինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Հանրային հեռուստաընկերության Խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հարցազրույցը Մեդիամաքսին

 

- Պարոն Ջաղինյան, վերջին օրերին Հանրային հեռուստաընկերությունը հանրային «խոշորացույցի» տակ է, ու տարբեր խմբերում պարբերաբար հնչում է Ձեր հրաժարականի պահանջը: Ծանոթ լինելով բացահայտվող փաստերին, չե՞ք կարծում, որ այդ պահանջն արդարացված է: 

 

- Շատ լավ է, որ Հանրայինը «խոշորացույցի» տակ է, բայց այդպես է ոչ միայն վերջին օրերին, այլեւ եղել է միշտ՝ անկախ իմ ղեկավարման տարիներից:  

 

Հանրայինը վերջին տարիներին անցել է բոլոր հնարավոր ստուգումները, ըստ այդմ, կոռեկտ չի լինի մեկնաբանել իմ հրաժարականի պահանջի օբյեկտիվ լինել-չլինելը: Բայց եթե որպես հիմք ընդունում եք վերջին օրերի այսպես կոչված «բացահայտումները», ապա դրանք իրականության հետ կապ չունեն։ 

 

Որոշ դեպքերում հղում է արվում հին օրենքներին, որոնք արդեն երկար տարիներ չեն գործում: Գուցե դրանք հարմար են մեղադրանքի համար, բայց չունեն իրավական ուժ եւ առնչություն իրականության հետ։ Ասում են՝ ի՞նչ իրավունքով եք հաղորդումներ գնում կամ պատվիրում այլ ընկերություններին, ինչն, ի դեպ, մեր օրինական իրավունքն է: Բայց մյուս դեպքում նույն մարդիկ դժգոհում են, թե ինչու ենք դադարեցրել նմանատիպ պայմանագիրն իրենց ընկերության հետ: Իսկ 2 միլիարդ դրամի «խախտման» մասին հիշատակումն ընդհանրապես թյուրիմացության մեջ է գցել մարդկանց:  

 

- Այսինքն, 2 մլրդի խախտում չի՞ եղել:

 

- Իհարկե, 2 մլրդ դրամի խախտում չի եղել: Եղել են անճշտություններ եւ անհամապատասխանություններ: «Խախտում» բառն ընդամենը իրավական ձեւակերպում է, որը, սակայն, չի նշանակում հափշտակում կամ յուրացում, ինչպես որ հասկացել է մարդկանց մի մասը: 

 

Պատկերացրեք, օրինակ, ապրիլին ծախսային տողով պայմանական 100 դրամով պետք է գնեինք տեսախցիկ, բայց անհրաժեշտություն է առաջացել գնել ձայնային վահանակ: Հաջորդ ամիս ծախսային տողով նախատեսված ձայնային վահանակի փոխարեն արդեն գնվել է այն տեսախցիկը՝ նույն՝ պայմանական 100 դրամով: Արդյունքում առկա են եւ՛ տեսախցիկը, եւ՛ ձայնային վահանակը, բայց գրանցվում է պայմանական 200 դրամի շեղում հաշվապահական ձեւակերպման մեջ: Այսպիսի խախտումներից է գոյացել է այդ թիվը: Մեջբերում անեմ պաշտոնական հաղորդագրությունից. 

 

«Նշված գումարից վերականգնման ենթակա 183.6 մլն դրամն արդեն իսկ մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե, 132.6 մլն դրամը արձանագրվել է որպես վերաձեւակերպման ենթակա գումար, իսկ 1.692.8 մլն դրամը ենթակա չէ վերականգնման կամ վերաձեւակերպման եւ այդ մասով ընկերության կողմից շտկվել են արձանագրված թերությունները»։

 

Այս փաստերը իրենց պատասխաններով հավաստում են նաեւ ստուգող մարմինները, սակայն, ստացվում է, որ ոմանց ստուգող մարմնի կարծիքը եւս հետաքրքիր չէ։ 

 

- Հանրայինը պետական բյուջեից դրամաշնորհով ֆինանսավորվող կազմակերպություն է, սակայն նաեւ խոշոր վարկ է վերցրել: Ի՞նչ նպատակներով է ծախսվել այդ վարկը:

 

- 2013-ից ի վեր, երբ ստանձնեցի պարտականություններս, Հանրային հեռուստաընկերությունում եւ Խորհրդի ենթակայության տակ գտնվող բոլոր կառույցներում իրականացրեցինք շենք-շինությունների պահպանման, տեխնիկայի վերազինման, ընկերության իրավական կարգավիճակի եւ եթերացանցի լայնածավալ ուսումնասիրություն: 

 

Հանրային հեռուստաընկերության տարածքում 10 շենք կար, որոնցից երեքը սեյսմիկ բարձր վթարայնության շենքեր էին, մեկը կիսափլուզված էր: Սեյսմիկ ծառայությունը մեզ «անակնկալ» մատուցեց, երբ տեղեկացրեց, որ չափազանց վտանգավոր է նաեւ գլխավոր մասնաշենքի հիմքերի վիճակը՝ պայմանավորված Նորքում առկա սողանքներով: Ընթացքում ակնհայտ դարձավ, որ հիմնանորոգման կարիք ունեն Հանրայինի տարածում գտնվող բոլոր շենք-շինությունները։ 

 

Դրա հետ մեկտեղ միջազգային նորմերը եւ մեր երկրի օրենսդրությունը պահանջում էին անցում կատարել դեպի թվային տեխնոլոգիաներ, իսկ մեր ամբողջ տեխնիկան անալոգային էր, եւ հեռուստաընկերությունը պետք էր նախապատրաստել թվային եթերի: Այս ամենը միանվագ խոշոր գումար էր պահանջում, եւ դրա լուծումը այդ պահին վարկավորումն էր, ինչը մանրամասն քննարկվել եւ համաձայնեցվել էր համապատասխան գերատեսչությունների հետ եւ համատեղ որոշում էր կայացվել: 

 

Արդեն մի քանի տարի է (չնայած այդ գործընթացը պարբերական բնույթ է կրում), հեռուստաընկերությունն աշխատում է մի մեծ հատվածի վերազինված տեխնիկայով եւ շենքային գերազանց պայմաններում։ Եթե այդ փոփոխությունները չանեինք, այսօր, վստահ եմ, կմեղադրվեինք անգործության մեջ։

 

- Ի՞նչ կասեք Հանրայինի եթերացանցի պարտավորությունների մասին:

 

- Իհարկե, բոլոր պարտավորությունները սահմանված են օրենքով, որին մենք հետեւում ենք տառի ճշտությամբ: Հանրայինի պարտավորություններից է միջազգային մակարդակի սպորտային եւ մշակութային իրադարձությունների հեռարձակումը, մանկական, կրթական մշակութային եւ ճանաչողական հաղորդումների ցուցադրումը։ Հանրայինը, թերևս, միակ հեռուստաընկերությունն է, որը բացառապես լիցենզավորված կոնտենտ է գնում՝ գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմեր, ֆորմատներ: Դրանք ամբողջությամբ կրկնօրինակվում են՝ նույնիսկ երգերը։ Ֆիլմերը կրկնօրինակվում են 6-8 տարբեր պրոֆեսիոնալ ձայների ձայնադրմամբ: 

 

Հանրայինը իր մարդկային, ֆինանսական եւ տեխնիկական ռեսուրսների հաշվին նկարահանում, մոնտաժում եւ արխիվացնում է բոլոր պետական նշանակության միջոցառումները, որոնք ամսական կտրվածքով մոտ երկու տասնյակ են: Միայն դասական երաժշտության ասպարեզում նկարահանված պրեմիերաները, փառատոնները եւ հատուկ համերգները արդեն լուրջ ծավալ են կազմում: Երբեմն ժամանակացույցն այնքան ծանրաբեռնված է եղել, որ Հանրայինը ստիպված է եղել ռազմավարական պլանը իրականացնելու նպատակով դիմել վստահելի եւ պրոֆեսիոնալ ընկերությունների օգնությանը:

 

- Շատ է խոսվում նաեւ այն մասին, որ նախապատվությունը միշտ տվել եք «Շարմ» ընկերությանը։

 

- Իրականում «Շարմ»-ը Հանրայինի հետ ամենափոքր համագործակցության ծավալն ունի: Այլ գործընկեր կազմակերպությունների որոշ ներկայացուցիչներ ինչ-որ ժամանակ առնչություն ունեցել ինձ հետ, բայց նրանք առաջին հերթին առնչություն ունեն հեռուստակոնտենտի շուկայի հետ: Շուկայում որակյալ խաղացողները շատ չեն։ Հնարավոր է, ոմանք դժգոհ են, որ իրենց հետ համագործակցությունը դադարեցվել է, բայց դա ընդամենը աշխատանքային հարաբերություններ են, որոնք, ի դեպ, կարգավորվել են օրենքի տառին համապատասխան եւ ոչ թե անձնական շահագրգռվածությամբ: Ցավում եմ, որ որոշ մարդկանց կամ կազմակերպությունների համար դա դարձել է վրեժխնդրության առարկա։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին