Հայկակ Արշամյան. «Հայաստան» հիմնադրամը նոր շունչ կստանա - Mediamax.am

exclusive
11557 դիտում

Հայկակ Արշամյան. «Հայաստան» հիմնադրամը նոր շունչ կստանա

Հայկակ Արշամյանը
Հայկակ Արշամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Սեպտեմբերի 24-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատեց Հայկակ Արշամյանին հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում։ 47 տարեկան Արշամյանն այն կզբաղեցնի 3 տարի ժամկետով:

2018թ. հուլիսի 2-ից նա վարչապետի խորհրդականն էր։ Մինչ այդ Հայկակ Արշամյանը դասախոսել է ԵՊՀ-ում, 2004-2010 թթ. համակարգել է «Դեպի Հայք» հիմնադրամի ծրագրերը։

«Հայաստան» հիմնադրամի ղեկավարի պաշտոնում իր առաջին հարցազրույցը Հայկակ Արշամյանը տվել է Մեդիամաքսին:

 

- «Հայաստան»  համահայկական հիմնադրամի տնօրեն ընտրվելուց հետո մեկնեցիք Արցախ։ Հանդիպել եք պետնախարարին՝ սա պաշտոնապես։ Իսկ շա՞տ էին ոչ պաշտոնական հանդիպումները։

 

- Ոչ պաշտոնական հանդիպումներն Արցախի այն պաշտոնյաների հետ էին, որոնք այս տարիներին գործակցել են հիմնադրամի հետ, հավասար մասնակցություն են ունեցել այն ծրագրերին, որոնք Արցախում իրականացրել է հիմնադրամը։ Արցախում գործում է համաֆինանսավորման գաղափարը՝ պետությունը հիմնադրամին  հավասար գումար է ներդնում իրականացվող ծրագրի մեջ։ Դա նախ կարեւոր է  դոնորների համար։ Այդպես նրանք համոզվում են, որ ծրագիրը լավ ընթացք կունենա: 

 

- Արցախում մինչեւ այսօր իրականացված ծրագրերից որո՞նք են ամենակարեւորները:

 

- Հայաստանն ու Արցախը կապող երկու ճանապարհները։ Դրանք են հենց այն զարկերակները, որոնց միջոցով ամրապնդվել է Հայաստան-Արցախ կապը։ Եթե չլինեին այդ ճանապարհները, դժվար թե Արցախի Հանրապետությունը լիներ այնպիսին, ինչպիսին այսօր է։ 

 

Արցախի յուրաքանչյուր գյուղում, համայնքում, քաղաքում հիմնադրամն առնվազն մեկ ծրագիր ունեցել է։ Բայց այդ ճանապարհները հաղորդակցության այն խողովակներն են եղել, որի միջոցով Արցախն ամրացել, ինքնուրույն երկիր է դարձել։

 

Հայկակ Արշամյանը Հայկակ Արշամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

- Իսկ Հայաստանո՞ւմ։ Սկսած 1992թ․-ից այստեղ նույնպես բազմաթիվ նախագծեր են կյանքի կոչվել։ 

 

- Ինձ շատ են դուր գալիս ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ծրագրերը: Օրինակ, Լուսաձորում ստեղծվել է այլընտրանքային էներգիայով գործող մի անասնագոմ։ Ուզում ենք, որ մարաթոնի ընթացքում հավաքված գումարի գոնե մի մասը ուղղվի Հայաստանում եւ Արցախում արեւային եւ վերականգնվող էներգիայի զարգացման ծրագրերին։

 

- Ի՞նչ նախագծեր եք պատրաստվում կյանքի կոչել։ Որո՞նք են լինելու հիմնադրամի թիրախային անելիքները։

 

- Այն ամենից բացի, ինչ անում է հիմնադրամը, ուզում ենք նաեւ դրամ հայթայթելու նոր տարբերակներ ներմուծել։ Դա որոշակի ժամանակ կպահանջի։ Խոսքը առցանց հարթակներում դրամահավաքներ իրականացնելու եւ հատուկ բջջային հավելվածների միջոցով ամենօրյա դրամահավաքների մասին է։ 

 

Փորձելու եմ հնարավորինս ընդլայնել սփյուռքի ներգրավվածությունը եւ մասնակցությունը այն ծրագրերին, որոնք պետք է իրականացվեն այդ դրամահավաքների միջոցով։

 

- Իսկ ի՞նչ է լինելու ամենամյա ավանդական հեռուստամարաթոնի հետ։ 

 

- Հեռուստամարաթոնը սիմվոլիկ նշանակություն ունի։ Այն միասնության գաղափար է տալիս։ Հենց հեռուստամարաթոնի օրը եւ այդ օրվա ընթացքում ընդհանուր գումարի փոքր մասն է միայն հավաքվում։

 

Մենք բազմաթիվ գրասենյակներ ունենք ամբողջ աշխարհում, որոնք հսկայական աշխատանք են տանում դոնորների հետ։ Նրանք  ծրագրեր են մշակում, որտեղ մանրամասնորեն նշվում է՝ ինչպես է ծախսվելու նվիրաբերվող գումարը եւ հեռուստամարաթոնը դրա ամփոփումն է։

 

Հայկակ Արշամյանը Հայկակ Արշամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Այդ պատճառով փորձելու ենք ոչ միայն մեծ ծրագրեր իրականացնել։ Փոքր ծրագրեր նույնպես կիրականացվեն Հայաստանում եւ Արցախում, դրանք կնպաստեն, որ տվյալ քաղաքի, գյուղի կամ համայնքի բնակիչները մնան իրենց հողի վրա եւ գումար աշխատեն։ 

 

- Դուք երբեւէ գումար նվիրաբերե՞լ եք հեռուստամարաթոնի ընթացքում։

 

- Այո, բայց նախընտրում գումարների չափի մասին չխոսել։

 

- Նիկոլ Փաշինյանը վերջերս խոսելով հիմնադրամի մասին, ասել էր․ «Տեղյակ եմ, որ խնդիրներ են գոյացել»։ Ի՞նչ նկատի ուներ վարչապետը։

 

- Խնդիրն այն է, որ հայտնի սկանդալային իրադարձություններից հետո հիմնադրամի հանդեպ վստահությունը փոքր-ինչ ընկել է։ Մարդիկ չեն կարդում լուրն ամբողջությամբ, կարդում են վերնագիրը եւ եզրակացնում, որ հիմնադրամում մեծ գումարներ են չարաշահվել։ Բայց իրականությունն այն է, որ գումարները, որոնք հիմնադրամի հաշվից վերցվել են, նույն օրը կամ հաջորդ օրը վերադարձվել են։ Հիմնադրամը ֆինանսապես ոչ մի կորուստ չի կրել։

 

Իմ առաջնահերթ խնդիրներից մեկը հիմնադրամի նկատմամբ վստահության վերահաստատումն ու բարձրացումն է։ Ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ բոլոր այն երկրներում, որտեղ գործում են մեր մասնաճյուղերը։

 

Լուսին Մկրտչյանը զրուցում է Հայկակ Արշամյանի հետ Լուսին Մկրտչյանը զրուցում է Հայկակ Արշամյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Հիմնադրամը չպետք է միայն դրամահավաք եւ ծրագիր իրականացնող կազմակերպություն լինի: Այն կարող է հանրային դիվանագիտության գործիք դառնալ, որովհետեւ հսկայական տվյալների բազա եւ կապեր ունի, որոնց միջոցով կարելի է մարդկանց միավորել Հայաստանի եւ Արցախի զարգացման գաղափարի շուրջ։

 

- Վարչապետի հետ հանդիպմանը Դուք ասել էիք, որ հիմնադրամը պետք է վերածել 21-րդ դարի կառույցի, այդ ինչպ՞ես։

 

- Պետք է սկսել հիմնադրամի կառուցվածքից եւ առցանց հարթակներում դրամահավաքի ռեսուրսների օգտագործումից, լուծել ժամանակակից տեխնոլոգիաներով դրամահավաք իրականացնելու խնդիրները;

 

- Հիմնադրամի ներսում կառուցվածքային փոփոխություննե՞ր են լինելու։

 

- Կլինեն, հիմա մոդելը հասկանալու ուղղությամբ եմ աշխատում։ Աշխատանքի բաժանման այն ձեւաչափը, որն ունեցել է հիմնադրամը, 1990-ականների մոդել է։ Փոփոխությունների անցնելուց առաջ պետք է հասկանամ մարդկանց աշխատանքային կարողությունները, գնահատեմ նրանց ցանկությունները։ Ովքեր լավ են աշխատում, աշխատելու են։ Ցանկություն ունեմ Հայաստանում հիմնադրամի աշխատանքում ներգրավվել նաեւ սփյուռքի մեր հայրենակիցներին։

 

- Իսկ ներգրավվելու ցանկություն ունեցողներ կա՞ն։

 

- Շատ են։ Վստահ եմ, որ նրանք նոր շունչ, նոր մտածողություն կբերեն հիմնադրամին։ Իրենց երկրների լեզուների իմացությամբ կարող են օգտակար լինել ու շատ լավ կամուրջ հանդիսանալ սփյուռքում նոր մարդկանց ներգրավվելու գործում։ 

 

- Նախկինում երբեւէ մտածե՞լ էիք «Հայաստան»  համահայկական հիմնադրամը ղեկավարելու մասին։

 

- Այո, մտածել եմ։ Այս հիմնադրամը շատ յուրահատուկ կառույց է: Միակն է, որ համահայկական այսպիսի մեծ գործունեություն է ծավալում եւ որում սփյուռքի ներգրավվածությունը շատ մեծ է։

 

1998 թվականից սփյուռքի երիտասարդների հետ ներգրավված եմ եղել թե պետական, թե մասնավոր աշխատանքներում։ Իմ ցանցն ունեմ սփյուռքում, մոտ 500 երիտասարդներ են, եւ այն իմ կյանքի մեծ հարստություններից մեկն է։

 

- 42 հայտ՝ 7 տարբեր երկրից եւ ընտրվում եք Դուք։ Սպասելի՞ էր եւ ըստ Ձեզ, ինչո՞ւ են Ձեզ ընտրել։

 

- Կարծում եմ, այդ հարցը պետք է հանձնաժողովին ուղղել։ Բայց մրցակցությունը շատ լուրջ էր։ Թեեւ ինձ են ընտրել, վստահ եմ, որ շատ այլ արժանի թեկնածուներ են եղել։ Դեռ չեմ տեսել մրցույթի մյուս մասնակիցների ցանկը։ Դեռ ժամանակ չեմ ունեցել ուսումնասիրելու, թե ինչ ծրագրերով են նրանք ներկայացել։ Երբ կարդամ դրանք եւ հետաքրքիր մտքեր տեսնեմ, նրանց կներգրավվեմ մեր աշխատանքներում կամ գուցե իրենց թույլտվությամբ կփորձեմ որոշ ծրագրեր իրականացնել։

 

- Խոսվում է, որ դուք եք ընտրվել հիմնադրամի տնօրեն, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն եք ու մտերիմը։

 

- Ես եմ ընտրվել, որովհետեւ ես Հայկակ Արշամյանն եմ, եւ իմ կյանքի ուղին կերտել եմ ինքնուրույն։ Մինչեւ վարչապետի խորհրդական հասել եմ իմ համառ աշխատանքի շնորհիվ։ 

 

Հայկակ Արշամյանը Հայկակ Արշամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

- Արդեն հասկացե՞լ եք՝ խորհրդականի, թե հիմնադրամի տնօրենի աշխատանքն է ավելի բարդ։

 

- Հեշտ չէր վարչապետի խորհրդականը լինել, բայց շատ հաճելի էր։ Վարչապետի հետ աշխատելն ուղղակի բերկրանք է, որովհետեւ իր լսելու, բանավիճելու կարողությունը հրաշալի է։ Կարողանում ես նրան համոզել, երբ գաղափարդ համոզիչ է, իր հետ խոսելիս եւ աշխատելիս տեսնում ես, որ սովորական մարդ է, բոլորիս նման ունի հույզեր եւ չի թաքցնում դրանք։

 

Հայկակ Արշամյանի հետ զրուցել է Լուսին Մկրտչյանը

 

Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին