Փոլ Քրեյգ Ռոբերթս. «Ոչ ոք այլեւս ապահով չի լինելու Սիրիայում» - Mediamax.am

7268 դիտում

Փոլ Քրեյգ Ռոբերթս. «Ոչ ոք այլեւս ապահով չի լինելու Սիրիայում»

Փոլ Քրեյգ Ռոբերթսը
Փոլ Քրեյգ Ռոբերթսը

Լուսանկարը` http://kp.ru

Լուսանկարը`


Փոլ Քրեյգ Ռոբերթսը ամերիկացի հայտնի տնտեսագետ եւ հրապարակախոս է: ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի կառավարման տարիներին ֆինանսների նախարարի օգնականն էր` նշանակալի ավանդ է ունեցել ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականության մշակման մեջ, որը ստացավ «Ռեյգանոմիկա» անվանումը:

 

Վերջին ժամանակաշրջանում Փոլ Քրեյգ Ռոբերթսի ուսումնասիրության թիրախ է հանդիսանում իրադրությունը Մերձավոր Արեւելքում եւ հատկապես Սիրիայի շուրջ:

 

- Պարոն Ռոբերթս, ո՞րն է այն հիմնական պատճառը, որ Սիրիան Արեւմուտքի, Վաշինգտոնի արաբ դաշնակիցների եւ Թուրքիայի կողմից ենթարկվում է նման կոշտ վերաբերմունքի:

 

- Սիրիական այս ճգնաժամը գծագրվել եւ իրականացվում է Վաշինգտոնի եւ Իսրայելի կողմից: Սիրական վարչակարգի տապալման միջոցով Վաշինգտոնը եւ Իսրայելը լուծում են մի քանի խնդիրներ: Լայնանում է Վաշինգտոնի եւ Իսրայելի հեգեմոնիան Մերձավոր Արեւելքում, իսկ Սիրիան ընկնում է ազգամիջյան հակամարտության մեջ: Այսպիսով, վերանում է Սիրիայի աջակցությունը Հեզբոլլահին, դրան գումարած Իսրայելին տրվում  է հնարավորություն Լիբանանի հարավային ջրային տարածքներում գծագրել եւ իրագործել իր պլանները: Ռուսաստանն էլ հեռացվում է Միջերկրածովյան հատվածի իր միակ բազայից: Վերջապես, Սիրիա ներխուժումը նախնական քայլ է, որին հաջորդելու է ներխուժումն Իրան:

- Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը դեռեւս փորձում են թույլ չտալ Արեւմուտքին ներխուժել Սիրիա: Այս երկրներն ի զորո՞ւ  են շարունակել դեր խաղալ սիրիական հակամարտության հետագա զարգացումների եւ, ինչո՞ւ ոչ, լուծման մեջ:

 

- Ոչ Իրանը, ոչ Ռուսաստանը, ոչ էլ Չինաստանը չեն կարող դեր խաղալ սիրիական ճգնաժամը կարգավորելու մեջ, քանի որ Վաշինգտոնը չի ցանկանում, որ ճգնաժամը Սիրիայում ավարտվի:

 

- Օրեր առաջ Սիրիայի ազգային խորհրդի նոր ղեկավար Աբդել Բասեթ Սայդան հայտարարել էր, որ Ասադի հնարավոր անկման դեպքում Սիրիայի ազգային փոքրամասնություններն ապահով եւ պաշտպանված կլինեն: Ըստ Ձեզ, որքանո՞վ է այս հայտարարությունն արժանահավատ:

 

- Սիրիայի ազգային խորհուրդը ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության կողմից է նախագծված: Ցանկացած հայտարարություն, որ անում է Սիրիայի ազգային խորհուրդը, քարոզչություն է՝ ուղղված Սիրիայի ներկայիս ռեժիմի տապալմանը: Հայտարարության նպատակն է հավատացնել փոքրամասնություններին, որ նրանք անվտանգ կլինեն, եթե ընդունեն ռեժիմի փոփոխությունը: Բայց Սիրիայում վարչակարգի տապալումը բերելու է այն նույն շարունակական արյունահեղությանը, որը բնութագրական է Իրաքի եւ Լիբիայի համար: Ոչ ոք այլեւս ապահով չի լինելու Սիրիայում:

- Ինչպե°ս եք գնահատում արեւմտյան ԶԼՄ-ների կողմից սիրիական ճգնաժամի լուսաբանումը:

 

- Դա եւս պրոպագանդա է, հիմնված Վաշինգտոնի եւ Իսրայելի ջանքերի վրա` գահընկեց անել սիրիական կառավարությանը: 

- Եթե արտաքին ուժերը, այնուամենայնիվ, ներխուժեն Սիրիա, ի՞նչ ազդեցություն դա կունենա տարածաշրջանի վրա: 

 

- Սիրիան այսօր էլ է դրսից հարձակման ենթարկվում: Այսպես կոչված «ապստամբները» դրսից զենք եւ զինամթերք են ստանում: Ասադի ռեժիմը կտապալվի, եթե Սիրիայի ժողովրդի մեծ մասը սկսի հավատալ Վաշինգտոնի հաղթանակին: Այս պահին Վաշինգտոնը վերացնում է իր համար ռազմավարական նշանակություն ունեցող այն երկրների ռեժիմները, որոնք ԱՄՆ-ի ձեռքին խաղալիքը չեն: Եթե Սիրիան ընկնի, Ռուսաստանի եւ Չինաստանի համար պարզ կդառնա, որ հաջորդը Իրանն է, իսկ հետո արդեն հենց Ռուսաստանի ու Չինաստանի հերթն է գալու: Արդյունքում հավանական է, որ կսկսվի Երրորդ Համաշխարհային պատերազմը:

 

Փոլ Քրեյգ Ռոբերթսի հետ հատուկ Մեդիամաքս-ի համար զրուցել է Նարինե Դանեղյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին