Դիդիե Ֆոլեն. «Հայաստանն այսօր ավելի լավ է ընկալվում ներդրողների կողմից» - Mediamax.am

6911 դիտում

Դիդիե Ֆոլեն. «Հայաստանն այսօր ավելի լավ է ընկալվում ներդրողների կողմից»

Lydian International Ltd-ի ավագ փոխնախագահ Դիդիե Ֆոլենը
Lydian International Ltd-ի ավագ փոխնախագահ Դիդիե Ֆոլենը

Լուսանկարը` Lydian International

Լուսանկարը`


Lydian International-ը իրավամբ կարող է առանձնահատուկ ներդրող համարվել Հայաստանի տնտեսության մեջ, քանի որ այդ ընկերությանը հաջողվել է հայաստանյան իր նախագծի համար շուրջ $ 130 մլն-ի ներդրումներ ներգրավել միջազգային ներդրողներից: Խոսքը գնում է Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի սահմանին գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի մասին (տվյալ պահի դրությամբ ավելի քան 3 միլիոն ունցիա ոսկի է պարունակում՝ մտնելով աշխարհի ոսկու հանքավայրերի ցանկի վերին 15%-ի մեջ): Ամուլսարում ներկայումս հետազոտման աշխատանքներ է իրականացնում Lydian-ի հայաստանյան դուստր Գեոթիմ ընկերությունը: Lydian International Ltd-ի ավագ փոխնախագահ Դիդիե Ֆոլենը պատմել է Մեդիամաքս-ին 2012-ին ընկերության գործունեության արդյունքների եւ մոտակա տարիների ծրագրերի մասին:

 

- 2012-ի ավարտի դրությամբ Lydian-ը նախատեսում էր ներդնել իր հանքավայրում $ 42 մլն: Ապահովվե՞լ են արդյոք այդ ներդրումները, եւ ներկայացրեք, խնդրեմ, 2012-ին Ամուլսարում կատարված հետազոտական աշխատանքների արդյունքները: 

 

- Մենք դեռ չենք հրապարակել 2012-ի մեր հաշվետվությունները, քանի որ դրանք դեռ ամբողջությամբ չեն ենթարկվել աուդիտի, բայց, ըստ էության, այո, մենք ծախսել ենք նախորդ տարվա մեր բյուջեն՝ նախատեսված հետախուզական աշխատանքների, տեխնիկա-տնտեսական հիմնավորման պատրաստման եւ մնացած բոլոր բնապահպանական եւ սոցիալական հետազոտությունների համար, որոնք անհրաժեշտ են ցուցակված ընկերության համար: Ինչպես գիտեք, Lydian-ը ցուցակված է Թորոնթոյի ֆոնդային բորսայում (Toronto Stock Exchange (TSX) Կանադայում, որը հանքարդյունաբերող ընկերությունների խոշորագույն բորսան է աշխարհում:

 

Բացի այդ, մենք անցկացրել ենք միջազգային Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության  գնահատական (ԲՍԱԳ), ինչն անհրաժեշտ է միջազգային չափանիշներին համապատասխանելու եւ միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից ֆինանսավորում ներգրավելու համար: 2013-ին մենք կշարունակենք հետազոտական եւ շինարարական աշխատանքները: Ահա այստեղ ենք մենք ուղղել ներդրումների մեծ մասը 2012-ին եւ շարունակելու ենք նույն աշխատանքները 2013-ին. հանքի հետախուզում, տեխնիկա-տնտեսական հիմնավորում, բնապահպանական եւ սոցիալական հետազոտություն՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ է նոր հանքի շահագործման համար:

 

Ամուլսարում 6 տարվա ընթացքում մենք Գեոթիմի միջոցով ներդրել ենք շուրջ $ 42 մլն, իսկ հանքի շահագործման ողջ ընթացքում ներդրումների ընդհանուր ծավալը ծրագրում, մեր ակնկալիքներով, կկազմի ավելի քան $ 400 մլն:

 

Lydian International Ltd-ի ավագ փոխնախագահ Դիդիե Ֆոլենը

 

- Ի՞նչ աշխատանքներ են նախատեսված 2013-ի համար:

 

- 2013-ը տեխնիկա-տնտեսական հիմնավորման աշխատանքների ավարտի տարին է, նախնական ճարտարագիտական աշխատանքների, ինչպես նաեւ Հայաստանի օրենսդրական պահանջ «Բնապահպանության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի» (ՇՄԱԳ) հաստատումը: Մենք նախատեսում ենք ավարտել այս հետազոտությունների մեծ մասը մինչեւ 2013-ի օգոստոս: Ինչպես նշել եմ, կշարունակենք հետախուզման աշխատանքները ու կսկսենք հանքի նախնական շինարարական աշխատանքները:

 

Թորոնթոյի ֆոնդային բորսայի կանոնակարգի եւ միջազգային վարկատու կազմակերպությունների պահանջները ամփոփող Էկվադորյան սկզբունքների համաձայն, Լիդիանը պարտավոր է հրապարակել Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատումը, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը, Տեխնիկատնտեսական հիմնավորումը: ՏՀ-ի եւ ԲՍԱԳի-ի հրապարակումը երկու հիմնական իրադարձություններն են, որ մենք ծրագրում ենք այս տարվա համար, որը մեզ հնարավորություն կտա ստանալ հանքի կառուցման համար անհրաժեշտ ֆինանասավորումը: ԲՍԱԳ-ը կարեւոր քայլ է բնապահպանական եւ սոցիալական կառավարման, հանքային ոլորտում թափանցիկության եւ կառավարման մեր ընկերության հռչակած արժեքներին համապատասխանելու առումով:

 

- Ե՞րբ եք նախատեսում ավարտին հասցնել հետախուզական աշխատանքները եւ սկսել արդյունահանումը:

 

- Հետախուզման եւ արդյունահանման միջեւ ընկած ժամանակահատվածում անհրաժեշտ է իրականացնել շինարարական աշխատանքներ: Հիմնական շինարարությունը կսկսվի հաջորդ տարվա գարնանը, իսկ արդյունահանման մեկնարկի նպատակային ժամկետը 2015-ի վերջն է: Այսպիսով՝ 2 տարի շինարարություն, որից հետո կսկսվի հանքի շահագործումը: 

 

- Դուք մշակելու եք ոսկին Հայաստանո՞ւմ, թե՞ արտահանելու եք հանքաքարը՝ արտերկրում մշակման համար:

 

- Մենք վերամշակման գործարան կունենանք Ամուլսարում, եւ վերջնական պրոդուկտը՝ ավելի քան 90% զուտ ոսկու եւ արծաթի պարունակությամբ ձուլակտորները (doré bars) կարտադրվեն Հայաստանում: Ոսկու արտադրության հաջորդ փուլը այս ձուլակտորների վերամշակումն է՝ ոսկի եւ, որպես լրացուցիչ արտադրանք, արծաթ ստանալու համար: Դա սովորաբար արվում է մասնագիտացված գործարաններում, որոնց մեծամասնությունը Եվրոպայում է:

 

- Կարո՞ղ են արդյոք Հայաստանի մոտ դեպի ծով ելքի բացակայությունը, փակ սահմանները եւ հանքավայրի մոտ երկաթուղու բացակայությունը բացասաբար ազդել հայկական ոսկու «մրցունակության» վրա:

 

- Ոչ, ոսկու գինը՝ ոսկու գինն է ամենուրեք: Սա Լոնդոնի ֆոնդային բորսայում ֆիքսված գին ունեցող ապրանք է, ավելին, այսօր անհրաժեշտության դեպքում, ոսկին տեղափոխվում է օդային ճանապարհով: Կա գործող երկաթգիծ դեպի Երեւան, որը մենք կօգտագործենք տեղափոխման համար:

 

- Lydian-ը ցուցակված է TSX-ում եւ միջազգային ներդրողներից արդեն ներգրավել է շուրջ $ 130 մլն: Ինչպես է ընկերությանը հաջողվել ներգրավել այսպիսի ներդրումներ՝ նախագիծ իրագործելու համար մի երկրում, որն այնքան էլ լավ չի ճանաչված միջազգային ներդրումային հանրության շրջանում:

 

- 2008-ի հունվարին Lydian-ը ցուցակվեց TSX-ում: Ընկերության ղեկավարությունը, իր հանդեպ հետաքրքրության եւ իր բաժնետոմսերի առողջ գնի պահպանման համար անընդհատ տեղեկացնում է միջազգային ներդրողներին Հայաստանի մասին` նպաստելով այս երկրում իրենց կողմից ներդրում կատարելու հանդեպ վստահության աճին: Այս ներդրողներից շատերին մենք ոգեշնչել ենք առաջին անգամ այցելել Հայաստան: Այսպիսով՝ նման նվիրվածությամբ Lydian-ը դարձել է Հայաստանում գործող, միջազգային բորսայում ցուցակված եւ թափանցիկ ճանապարհով միջազգային ներդրումներ ներգրավող ընկերության օրինակ:

 

Կարծում եմ, Հայաստանն այսօր շատ ավելի լավ է ընկալվում միջազգային ներդրողների կողմից: Երբ 2006-ին Lydian-ը սկսեց գործել Հայաստանում, միջազգային հարթակներում այս երկիրը որպես ներդրումների բարենպաստ վայր ներկայացնելն իրոք մարտահրավեր էր: Միջազգային ներդրողներից շատերն այդ ժամանակ անգամ չգիտեին, թե որտեղ է Հայաստանը գտնվում: Այսօր, երբ ներդրումային կլիման բարելավում է, իսկ Lydian-ը շարունակում է ջանքեր գործադրել Ամուլսարի իր նախագիծը խթանելու ուղղությամբ, ներդրողների ընկալումներն աստիճանաբար փոխվում են եւ բազմաթիվ հեղինակավոր միջազգային բանկեր եւ հաստատություններ, ինչպես նաեւ մասնավոր ներդրողներ սկսում են դիտարկել Հայաստանը՝ որպես ներդրումների ուղղություն:

 

Դժվար է կանխատեսել, թե ինչը կարող է ոգեւորել ֆոնդային շուկաներին եւ ներդրողներին: Սակայն կարող ենք փաստել, որ Lydian-ի եւ իր Ամուլսար ոսկու հանքավայրի պատմությունը պետք է դրական անդրադառնան Հայաստանի իմիջի վրա, քանի որ մենք հաջողությամբ գործում ենք այստեղ, մեր ներդրողները շարունակում են վստահաբար աշխատել մեզ հետ, եւ եթե մենք ու, հետեւաբար, նրանք, հասնենք հաջողության, նրանք կդիտարկեն հետագայում Հայաստանում այլ ներդրումներ իրականացնելու հնարավորությունները:

 

- Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը Հայաստանում հանքարդյունաբերության հարկման վերաբերյալ: Ինչպես հայտնի է, 2012-ից, Համաշխարհային բանկի խորհրդով, Հայաստանում բարձրացվել են հանքարդյունաբերության մեջ կիրառվող «ռոյալթի» վճարները:

 

- Նախկինում Հայաստանն ուներ այնպիսի օրենսդրություն, որն այնքան էլ բարենպաստ չէր հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներ իրականացնելու համար: Հայաստանի կառավարությունը 2-3 տարի առաջ որոշեց վերանայել օրենսդրությունը, ինչը բերեց Համաշխարհային բանկի հետ համատեղ մշակված Ընդերքի մասին նոր օրենսգրքին, որը, կարծում ենք, հավասարակշռված է: Չափազանց մեծ հարկային բեռի պարագայում ներդրողները պարզապես չեն ներդնի երկրում, իսկ չափազանց փոքրի դեպքում տվյալ երկիրը եւ տեղի բնակավայրերը բավականաչափ չեն շահի իրենց բնական հարստությունից:

 

Կոպիտ հաշվարկներով, ոսկու հանքի հարկման ակնկալվող չափը (ներառյալ` ռոյալթիները) կկազմի եկամուտների շուրջ 30%-ը: Եթե համեմատենք աշխարհի հետ, սա հանքագործության ոլորտում հարկման միջինից- բարձր մակարդակների միջեւ գտնվող ցուցանիշ է:

 

- Ձեր նախկին հարցազրույցներից մեկում Դուք ասել եք, Lydian-ի ներդրումներն Ամուլսարում կխթանեն տեղի փոքր ու միջին ձեռնարկատիրությունը: Ի՞նչ եք դրանով նկատի ունեցել:

 

- Սովորաբար հանքերի շահագործումը տվյալ տարածաշրջաններում ստեղծում է աշխատանքի եւ ձեռնարկատիրության բազմաթիվ հնարավորություններ: Բերեմ օրինակ. մենք պետք է ամեն օր տեղափոխենք մեր աշխատակիցներին Ջերմուկից, Գնդեվազից, Գորայքից, Սարավանից եւ անգամ Երեւանից: Տրանսպորտային ծառայությունները հանքարդյունաբերող ընկերության գործը չէ, այսպիսով, մենք խթանելու ենք տեղի ձեռնարկատերերին գնել մեկ կամ երկու ավտոբուս՝ մեր աշխատակիցների տեղափոխման համար: Մեկ այլ լավ օրինակ է սննդի առաքումը, այլ ծառայությունները, որոնցից կարող են օգտվել հանքում աշխատողները: Սա կխթանի տեղի փոքր ու միջին ձեռնարկատիրությունը:

 

Հանքի «կյանքի» վերջում մենք պետք է հետ բերենք տարածքն մոտ այն վիճակին, ինչպիսին էր այն նախքան արդյունահանումը: Սա կոչվում է ռեաբիլիտացիա. հողաշերտի, խոտածածկերի, վերականգնում, ծառատունկ եւ այլն: Կրկին, սա աշխատանքի հնարավորություն է տեղական ձեռնարկատերերի համար:

 

Հանքագործության մեջ կա մի գնահատական, ըստ որի հանքի հետ ուղղակիորեն կապված ամեն աշխատատեղի բաժին է հասնում հանքի հետ անուղղակիորեն կապված երեք աշխատատեղ:

 

- Դուք նաեւ նախկինում նշել եք, որ Lydian-ը, արդյունահանման առավելագույն մակարդակում, նախատեսում է տարեկան 35,5 մլրդ դրամ ($ 86,5 մլն) վճարել Հայաստանի պետբյուջե՝ դառնալով Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը: Ինչպես եք հաշվարկել նման գումար՝ հաշվի առնելով, որ ոսկու գները առաջիկա տարիներին կարող են տատանվել:

 

- Սա շատ մոտավոր հաշվարկ է՝ հիմնված Ընդերքի մասին օրենսգրքի եւ հանքի վրա տարածվող հարկային ռեժիմի, ոսկու գների եւ մեր կողմից գնահատված ոսկու պաշարների վրա: Կախված բազմաթիվ հանգամանքներից այս թիվը կարող է փոփոխվել, բայց մենք կարող ենք վստահաբար պնդել, որ հանքի շահագործումից սկսած մենք տարեկան հարկերի տեսքով վճարելու ենք տասնյակ միլիոնավոր դոլար:

 

Ինչ վերաբերում է ոսկու գնին, կարծում եմ, բոլորը բավականին լավատես են, որ այն կպահպանվի ներկայիս մակարդակում, կամ էլ ավելի կաճի: Այնպես որ, այո, մենք իրոք պատրաստվում ենք դառնալ Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը եւ, որպես ցուցակված ընկերություն, պատրաստվում ենք լինել թափանցիկ եւ պատասխանատու հարկատու եւ օրինակելի գործատու:

 Դիդիե Ֆոլենի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին