Հայաստանում ամենից շատ ցավում է միջին խավի գլուխը - Mediamax.am

exclusive
3201 դիտում

Հայաստանում ամենից շատ ցավում է միջին խավի գլուխը


Լուսանկարը` Shaun Dunphy


Մեդիամաքսը եւ «Այ Փի Էս Սի» Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը (IPSC) ներկայացնում են հոդվածների շարք, որոնցում ներկայացնում են Հայաստանում որոշ սոցհարցումների հետաքրքիր, իսկ երբեմն նույնիսկ անսպասելի արդյունքները:

 

ՀՀ բնակչության մոտ 66% տոկոսի «գլուխը ցավում է». սա IPSC-ի ընկերության «Կյանքի որակը Հայաստանում» հետազոտության առողջապահական բլոկի արդյունքներից է, եւ այս հոդվածում խոսելու ենք ՀՀ բնակչության գլխացավի մասին բառի ուղիղ իմաստով: Հետազոտությունը, որը ամբողջ Հայաստանով տարեկան մեկ անգամ իրականացվում է 2010թ.-ից ի վեր, բոլոր տարիներին գլխացավն է առանձնացնում որպես Հայաստանում ամենատարածված հիվանդագին վիճակ կամ ախտանիշ:

 

Ընդ որում, մենք չենք խոսում գլխացավի մասին որպես բժշկական ախտորոշում. դրա համար անհրաժեշտ կլիներ համապատասխան ուսումնասիրություն, որը կառանձնացներ բժիշկներին դիմած մարդկանց ախտորոշման վիճակագրությունը:

 

Խոսքը ՀՀ բնակչության գանգատների մասին է ՀՀ-ում մշտապես բնակվող շուրջ 2,900,000 մարդկանց շրջանում (ՀՀ Մարդահամար 2011), եւ չափահաս բնակչության 66%-ի շրջանում գլխացավի գանգատը, մեղմ ասած, սարսափեցնող ցուցանիշ է:

 

Հայաստանում ամենից շատ ցավում է միջին խավի գլուխը

 

ՀՀ բնակչության գլխացավի մասին լավ նորություններ էլ կան: 2014թ-ին ՀՀ բնակչության 66,6%-ն է գանգատվել գլխացավից, մինչդեռ գանգատների ցուցանիշը 2011թ-ին եղել է 70,3%: Հատկանշական է գլխացավի գանգատների դեմոգրաֆիան ըստ բարեկեցության խմբերի, ըստ որի ամենից շատ ցավում է միջին բարեկեցությամբ խմբերի՝ (ամսական մոտ 180,000 ՀՀ դրամ եկամուտ ունեցող ընտանիքների) ներկայացուցիչների գլուխները:

 

 

Հետաքրքրական է նաեւ ՀՀ բնակչության զանգվածային գանգատների ցանկը, որտեղ գլխացավին հաջորդում են գանգատները մեջքի ցավից, հոդացավից եւ անքնությունից: Միեւնույն ժամանակ, բուժօգնության դիմելու անհրաժեշտության գիտակցման դեպքում բժշկական օգնության չդիմած անձանց քանակը ՀՀ-ում կազմում է 65,8%-ը: Իսկ որպես բժշկական օգնության չդիմելու առաջնային պատճառ նշվում է համապատասխան ֆինանսական միջոցների բացակայությունը՝ 79,9%:

 

Երկրորդ ու երրորդ ամենատարածված պատասխաններն են՝ անվստահություն բժիշկների հանդեպ՝ 8,8%, ժամանակի սղությունը՝ 7,5%:

 

25-55 տարեկան մարդիկ ամենաշատն են տառապում խրոնիկ գլխացավից

 

Օգտակար կլիներ, իհարկե, համեմատել ՀՀ բնակչության գլխացավի վիճակագրությունը տարածաշրջանի ամենատարածված ախտանիշների վիճակագրության հետ, սակայն հանրային ինֆորմացիայի բացակայության պարագայում դա գրեթե անհնար է: Ուստի, պարզ լրացումներ կատարենք միջազգային մի քանի ցուցանիշներով, որոնց վիճակագրությունն առկա է։

 

Այսպես, ԱՄՆ-ում, բնակչության 10%-ից 47%-ը, ներառյալ երեխաները, տառապում են խրոնիկ գլխացավից (Migraine research foundation, 2014թ.)։ Համարյա նույնական վիճակագրություն ունեն Եվրոպական միության երկրները, որտեղ խրոնիկ գլխացավերի կանխարգելմանն ուղղված ծախսերը կազմում են տարեկան կես միլիոն եվրո (Funding of headache research in Europe, 2007թ.): Խրոնիկ գլխացավից ամենաշատ գանգատվող տարիքային խումբը 25-55 տարեկան է, իսկ գլխացավերի ընդհանուր գանգատների ամենատարածված տարիքային խումբը՝ 18–65 տարեկանն է (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 2012թ):

 

 

Գլխացավերի գանգատները հետաքրքիր են նաեւ դեղագործական արդյունաբերության տեսանկյունից, քանի որ հաճախ մարդիկ ինքնուրույն են ախտորոշում տալիս եւ ցավազրկող կամ այլ դեղահաբեր օգտագործում՝ առանց բժշկի ցուցման: Այսպիսով, գլխացավերը մեղմող դեղահաբերը ամենից շատ վաճառքներն են գրանցում դեղատներում, իսկ այս խնդրից ամենից շատ գանգատվում են միջին տարիք եւ միջին եկամուտ ունեցող մարդիկ (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 2014թ.):

 

Գլխացավերն ու սոցիալական վտանգների ընկալումը

 

Արդյո՞ք ուղիղ կապ կա կրթության, տարիքի, եկամտի եւ գլխացավերի գանգատների միջեւ․ այս հարցը հումորային ակնարկներից այն կողմ երբեւէ չի անցնում: Արդյունքում, հանրային առողջության ոլորտում ամենազգայուն՝ գլխացավերի վիճակագրությունը, որը միջազգայնորեն առնչվում է բնակչության մինչեւ 47%-ին, իսկ Հայաստանում 66,60%-ից 70,30% թեեւ խոսուն վիճակագրություն է ներկայացնում, սակայն հետագա պարզաբանումների տեղիք է տալիս։

 

Որպես վերջաբան նշենք, որ «Կյանքի որակը Հայաստանում» ուսումնասիրությունում ՀՀ բնակչության սոցիալական վտանգների ընկալումների հատվածում մի հետաքրքիր վիճակագրություն կա, որը թեեւ անուղղակի, բայց առնչվում է ՀՀ բնակչության գլխացավերին։ ՀՀ բնակչությունը, տարածված կարծիքին հակառակ, թե ամենից շատ վախենում է պատերազմ սկսելուց՝ 52,9% կամ հասարակական անկարգություններից ու բռնությունից՝ 53,7%, ամենից շատ վախենում է, որ հիվանդանալու դեպքում չի կարողանա ստանալ անհրաժեշտ բուժում՝ 61.2%:

 

 

Նման վախերի բացատրությունը գուցե կապված է առողջապահական ծառայությունների մասին պատկերացումների (մատչելի չեն, վստահելի չեն եւ այլն), ինչպես նաեւ առողջության մասին պատկերացումների կամ առաջնահերթությունների բացակայության հետ (մշակույթ, որը խրախուսում է ինքնաախտորոշում ու բուժում)։ Երկու դեպքում էլ հանրային առողջության մասնագետները լուրջ անելիքներ ունեն Հայաստանում։ 

 

Շուշան Հարությունյան, IPSC ընկերության հաղորդակցության փորձագետ

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին