Հայաստանում մարդիկ աշխատում են «նյարդային ու լարված» - Mediamax.am

exclusive
3009 դիտում

Հայաստանում մարդիկ աշխատում են «նյարդային ու լարված»


Լուսանկարը` Maurício Horta e Willian Vieira

Լուսանկարը` Այ Փի Էս Սի

Լուսանկարը` Այ Փի Էս Սի


Մեդիամաքսը եւ «Այ Փի Էս Սի» Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը (IPSC) շարունակում են հոդվածների շարքը, որոնցում ներկայացնում են Հայաստանում որոշ սոցհարցումների հետաքրքիր, իսկ երբեմն՝ անսպասելի արդյունքները:

 

Աշխատաշուկայի մասին պատկերացում կազմելու համար մասնագետներն առաջին հերթին ուսումնասիրում են մարդու կարիերայի կամ մասնագիտական գործունեության որակի վրա ներգործող հանգամանքները: Դրանց թվում են աշխատանքի բնույթը, աշխատավարձն ու մասնագիտական աճի հնարավորությունը, աշխատանքային պայմաններն ու գործատուի կողմից տրվող սոցիալական երաշխիքները:

 

IPSC ընկերության կողմից իրականացվող «Կյանքի որակը Հայաստանում» հետազոտությունից պարզ է դառնում, որ ՀՀ աշխատաշուկայում պաշտոնի բարձրացման հեռանկար է տեսնում վարձու աշխատողների միայն 22-27%-ը, իսկ սեփական վարձատրությամբ բավարարված է 29-32%-ը:

Լուսանկարը` Այ Փի Էս Սի

«Դժգոհ» են բոլոր աշխատակիցները՝ անկախ ընկերությունից

 

Պարզվում է, որ Հայաստանում վարձու աշխատողների 60%-ից ավելին իր աշխատանքը բնութագրում է որպես նյարդային ու լարված, իսկ 40%-ը կարծում է, որ իր աշխատանքային պայմաններն առողջության համար վնասակար են: Ընդ որում, այս ցուցանիշները 2013-2014թթ. ընթացքում որոշակի աճ են գրանցել, ինչը վկայում է արտադրողականության եւ աշխատանքի արդյունավետության խնդիրներ մասին:

 

Հետաքրքրական է, որ Հայաստանում այս ցուցանիշները գրեթե նույնական են մասնավոր եւ պետական սեկտորներում:

 

Պետական եւ մասնավոր արձակուրդների տարբերության մասին

 

Փորձենք հասկանալ, թե, այդուհանդերձ, ընկերությունները որեւէ տեսակի սոցիալական երաշխիք առաջարկո՞ւմ են իրենց աշխատակիցներին եւ փորձու՞մ են արդյոք քայլեր ձեռնարկել իրենց աշխատակիցների համար ավելի գրավիչ աշխատանքային պայմաններ ապահովել:

 

Պարզվում է, որ ընկերությունների գերակշիռ մեծամասնության համար սոցիալական երաշխիքների ցանկը սահմանափակվում է ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված այնպիսի կետերով, ինչպիսիք են տարեկան վճարովի արձակուրդը, շաբաթական հանգստյան օրերը եւ ընդմիջման համար հատկացվող ժամանակը: Պետք է նշել, որ, ըստ հարցման արդյունքների՝ կան աշխատակիցներ, որոնք զրկված են նաեւ այս հիմնարար երաշխիքներից, թեեւ նրանք քիչ տոկոս են կազմում: Տարբեր տեսակի արտոնություններ եւ սոցիալական ապահովության փաթեթ ունի վարձու աշխատողների ընդամենը 20-30%-ը:

Լուսանկարը` Այ Փի Էս Սի

Ուսումնասիրության արդյունքները նաեւ վկայում են, որ պետական կառույցներում հիմնարար սոցիալական երաշխիքներն ավելի հստակ են գործում, քան մասնավոր կառույցներում: Այսպես, եթե պետական կառույցներում աշխատակիցների 80%-ից ավելին ունի տարեկան վճարովի արձակուրդ, ապա մասնավոր հատվածում աշխատակիցների մոտ 50%-ը վճարովի արձակուրդ չունի: Պետական կառույցներում աշխատակիցների 50%-ից ավելին օգտվում է սոցիալական փաթեթներից, մինչդեռ մասնավոր ընկերություններում այդ թիվը կազմում է 12-13%:

 

Հարցումները փաստում են, որ Հայաստանի աշխատաշուկան աչքի չի ընկնում վարձու աշխատողների համար գրավիչ աշխատանքային պայմանների առաջարկով, թեեւ առաջնային տպավորությունը այդպիսին չէր: Վերջինս հանգեցնում է աշխատակիցների դժգոհության մակարդակի բարձրացման եւ աշխատանքային արտադրողականության մակարդակի անկման: Միեւնույն ժամանակ, աշխատանք փնտրող եւ արդեն իսկ աշխատող մարդկանց համար բավական նեղ են այլընտրանքային հնարավորությունները, մի կողմից՝ աշխատուժի կամ մասնագետների առաջարկի բարձր մակարդակի, մյուս կողմից՝ ընկերությունների պահանջարկի սահմանափակության պատճառով: Վերոնշյալ իրավիճակը մեծապես ազդում է աշխատակիցների մասնագիտական որակների ու աշխատանքի նկատմամբ նրանց վերաբերմունքի ձեւավորման վրա, ինչն էլ իր հերթին ընկերությունների համար որոշակի ռիսկեր է առաջ բերում եւ երբեմն նաեւ ֆինանսական վնասների հանգեցնում՝ ազդեցություն գործելով տեղական աշխատաշուկայի ընդհանուր մշակույթի վրա:

 

Լիլիթ Հակոբյան, IPSC ընկերության մեդիա փորձագետ

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին