ԼՂՀ ԱԳՆ. Շոտլանդիայի հանրաքվեն հարստացրեց ինքնորոշման իրավունքի կիրառման համաշխարհային պրակտիկան - Mediamax.am

3013 դիտում

ԼՂՀ ԱԳՆ. Շոտլանդիայի հանրաքվեն հարստացրեց ինքնորոշման իրավունքի կիրառման համաշխարհային պրակտիկան


Լուսանկարը` ԼՂՀ ԱԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ողջունում է Շոտլանդիայի ինքնորոշման հանրաքվեի անցկացումը:

Ինչպես ասված է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ, անկախ արդյունքներից, Շոտլանդիայի հանրաքվեն դարձավ եւս մեկ նախադեպ, որը հարստացրեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառման համաշխարհային պրակտիկան եւ հաստատեց այն ակնհայտ փաստը, որ  սեփական ճակատագիրը որոշելու ժողովուրդների իրավունքի ճանաչումը նորմ է համարվում ժողովրդավարական հասարակության մեջ:

 

«Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ հենց Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարումն է հանգեցրել մարդու իրավունքների զանգվածային խախտումների ու Ադրբեջանից հայ բնակչության բռնատեղահանման եւ Ադրբեջանի կողմից ԼՂՀ հանդեպ հետագա լայնամասշտաբ  ագրեսիայի, որի արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ սպանվեցին, իսկ հարյուր հազարավորները դարձան փախստական:

 

Արցախի ժողովրդի կամարտահայտության միջազգային ճանաչումը, որն իրականացվել է 1991թ. եւ հաստատվել 2006թ., կապահովի խաղաղ գործընթացի անդառնալիությունն ու հնարավորություն կտա կենտրոնացնել ջանքերը ԽՍՀՄ փլուզման եւ Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի արդյունքում ստեղծված երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար անհրաժեշտ մեխանիզմների եւ պայմանների մշակման վրա»,- ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին