«Ադրբեջանը կորցնում է իրականության զգացումը», - ասել է Նալբանդյանը - Mediamax.am

3015 դիտում

«Ադրբեջանը կորցնում է իրականության զգացումը», - ասել է Նալբանդյանը


Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում եւ Ստեփանակերտում մեկնաբանել են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը:

 

«Ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման սադրիչ քայլով Ադրբեջանը կոպտորեն խախտել է ոչ միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերի պահանջները, այլեւ` 1994թ. հրադադարի հաստատման եւ 1995թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնագրերը, ինչպես նաեւ միջազգային հանրության բազմաթիվ կոչերը` զինադադարի ամրապնդման վերաբերյալ», - ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով News.am-ի հարցին:

 

«Փոխվստահության ամրապնդման միջազգային պարտավորությունների համաձայն` Հայաստանը եւ Արցախը ԵԱՀԿ խողովակներով ու լրատվամիջոցներով տեղեկացրել են նախապես ծրագրավորված միասնական զորավարժություններ անցկացնելու իրենց մտադրության մասին՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը վերջին ամիսներին անցկացրել է մի շարք զորավարժություններ, այդ թվում` շփման գծի մոտակայքում, ինչի մասին երբեք նախապես պատշաճ չի տեղեկացրել։

 

Առերեսվելով միջազգային կառույցների արձագանքին՝ Ադրբեջանը փորձում է փուչ մեղադրանքներով քողարկել իր փաստարկների բացակայությունը։

 

Բաքուն շարունակում է հակադրվել միջազգային հանրությանը, ինչը եւս մեկ անգամ ցույց տվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը իր արձագանքով։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը կորցնում է իրականության զգացումը, եւ օրեցօր առավել խորանում է անդունդը` քաղաքակիրթ աշխարհի եւ այդ երկրի միջեւ», - ասել արտաքին գործերի նախարարը:

 

ԼՂՀ ԱԳՆ-ից News.am-ի հարցին ի պատասխան ասել են, որ Ադրբեջանը «շարունակում է հանդես գալ հայտարարություններով, որոնք խեղաթյուրում են միջադեպի էությունը եւ նենգափոխում են փաստերը»:

 

«Փորձելով արդարացնել իր կողմից միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպտագույն խախտումը՝ Բաքուն կրկին վկայակոչում է ՄԱԿ ԱԽ բանաձեւերը:

 

Բոլոր չորս բանաձեւերի առաջնահերթ եւ կարեւորագույն պահանջը կրակի, բոլոր ռազմական եւ թշնամական գործողությունների անհապաղ դադարեցումն էր: Սակայն այդ հիմնական պահանջը բազմիցս խախտվել է Ադրբեջանի կողմից եւ մինչ օրս լիովին չի կատարվել, ինչի մասին վկայում է ուղղաթիռի խոցման միջադեպը:

Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձեւերի պահանջների անտեսումը եւ նրա բացահայտ ձգտումը՝ հակամարտությունը լուծել ուժի միջոցով ու պատերազմի վերսկսման շարունակական սպառնալիքներն են արժեզրկել եւ անկիրառելի դարձրել սույն բանաձեւերը», - հայտնել են ԼՂՀ ԱԳՆ-ում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին