ԼՂՀ-ի պատասխանը Նուլանդին. Դատարանի որոշումները պետք է հարգել - Mediamax.am

exclusive
6606 դիտում

ԼՂՀ-ի պատասխանը Նուլանդին. Դատարանի որոշումները պետք է հարգել


Լուսանկարը` novostnik.ru


Երեւան: Մեդիամաքս: Պաշտոնական Ստեփանակերտն արձագանքել է ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի կոչին՝ որպես «մարդասիրական քայլ» բաց թողնել Լեռնային Ղարաբաղում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին:

 

Մեդիամաքսին տված հարցազրույցում ԼՂՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Սարգսյանը հիշեցրել է, որ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիեւը, նախնական քննության տվյալներով, ԼՂՀ տարածքում մի շարք ծանր հանցանքներ են գործել, նրանց մեղավորությունն ապացուցվել է դատական քննության ընթացքում, եւ 2014թ. դեկտեմբերի 29-ին նրանց հանդեպ մեղադրական վճիռ է կայացվել: Նա նաեւ հիշեցրել է, որ իրենց իրավունքից օգտվելով, Ասկերովի ու Գուլիեւի պաշտպանները բողոքարկել են ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում, որը փետրվարի 26-ից կսկսի հայցերի ուսումնասիրությունը:

 

«ԼՂՀ-ում, ինչպես եւ ցանկացած այլ իրավական պետությունում, իշխանության ճյուղերի միջեւ առկա է հստակ տարանջատում: Դատական իշխանությունը ինքնուրույն է եւ գործում է օրենսդրականից ու գործադիրից անկախ: Դատարանի որոշումները պետք է հարգվեն եւ պահպանվեն բոլորի կողմից, ինչպես որ դա ընդունված է ամբողջ զարգացած աշխարհում»,- ընդգծել է ԼՂՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

 

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչների հայտարարություններին առ այն, թե ԼՂՀ-ում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների հարցը քննարկվելու է հայ գործընկերների հետ երկկողմ շփումների ընթացքում, Անի Սարգսյանը նշել է.  «Մենք որեւէ դիմում չենք ստացել ռուսական կողմից»:

 

Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ Մեդիամաքսին տված հարցազրույցը՝ նա ընդգծել է, որ բանակցությունների սեղանին ԼՂՀ-ի՝ հակամարտության հիմնական կողմերից մեկի բացակայությունը, խնդրահարույց է դարձնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման ձեռքբերումը:

 

«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթացի կարելի է հասնել միայն բանակցությունների լիակատար ձեւաչափի վերականգնման դեպքում՝ ԼՂՀ անմիջական եւ ուղղակի մասնակցությամբ բանակցությունների բոլոր փուլերին՝ կարգավորման փիլիսոփայության վերաբերյալ տեսակետների փոխանակումից մինրեւ կոնկրետ քայլերի եւ պայմանավորվածությունների մշակում եւ կատարում: Բանակցությունների եռակողմ ձեւաչափի վերականգնումը բխում է բոլոր կողմերի շահերից, որոնք հետաքրքրված են հակամարտության արագ կարգավորմամբ, եւ ստեղծված իրավիճակում այն կարող է որոշիչ դեր խաղալ բանակցային գործընթացի առաջմղման համար»,- հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ ներկայացուցիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին