Արթուր Աղաբեկյանը խոսել է «Մարտիկ»-ում առկա $ 1 մլն-ի մասին - Mediamax.am

exclusive
3620 դիտում

Արթուր Աղաբեկյանը խոսել է «Մարտիկ»-ում առկա $ 1 մլն-ի մասին


Արթուր Աղաբեկյանը
Արթուր Աղաբեկյանը

Լուսանկարը` Armenpress


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ փոխվարչապետ, 2002թ.-ին ստեղծված «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանն ասել է, որ հիմնադրամի ֆոնդին այս պահին կա ավելի քան $ 1 մլն գումար:

Այս մասին ԼՂՀ փոխվարչապետն ասել է Մեդիամաքսին` պատասխանելով հարցին, թե ինչու հիմա, երբ ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո Պաշտպանության բանակի վերազինման եւ ամրացման խնդիրներ են առաջ եկել, այդ հիմնադրամից աջակցություն չի հատկացվում:

 

«Հիմնադրամի գործունեության սկզբունքը, ըստ կանոնադրության հետեւյալն է` մայր գումարը ենթակա չէ ծախսի, քանի դեռ նման որոշում չեն կայացրել ՀՀ նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու պաշտպանության նախարարը միասին: Իսկ մայր գումարից ստացված տոկոսները ծախսվում են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից: Այդ տոկոսները մինչեւ վերջերս մենք օգտագործել ենք զոհված զինծառայողների անունով` մուտքագրում էինք որպես մասնակցության վճար: Վերջին մեկ-երկու ամիսներին այդ տոկոսները ծախսել ենք պաշտպանական նպատակներով»,- ասել է նա:

 

«Մարտիկ» հիմնադրամը ստեղծվել էր ՀՀ զինված ուժերի սպայական կազմի կրթման ու վերապատրաստման, ոլորտի նյութատեխնիկական բազայի հարստացման, ռազմական գիտության զարգացման նպատակներով:

 

Երբ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ռազմական գործողություններից հետո Արցախին ֆինանսական աջակցելու մասին Ռուսաստանի հայությանն ուղղված կոչով հանդես եկավ, սկսեց քննարկվել հարցը, թե ինչու «Մարտիկ» հիմնադրամի գումարները չեն ուղղվում ռազմական խնդիրների լուծմանը:

Մասնավորապես, Չեխիայի հայկական «Օրեր» պարբերականը նկատեց, որ, ըստ պաշտոնական կայքի` առնվազն 12 404 մարդ գրանցվել է հիմնադրամում, ինչը նշանակում է, որ $ 100 անդամավճարների արդյունքով «Մարտիկ»-ի հաշվին կա

$ 1 240 400:

 

«Հետաքրքիր է իմանալ, մինչեւ հիմա որքա՞ն գումար է հավաքվել այդ հիմնադրամում, ինչի՞ վրա է ծախսվել, եւ արդյո՞ք այժմ այդ ճակատագրական պահը չէ, որ այդ գումարները ծախսվեն հայկական բանակին անհրաժեշտ զինամթերքով ու զենքով ապահովելու համար»,- գրել էր պարբերականը:

 

Մեդիամաքսը եւս Արթուր Աղաբեկյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք պահը չէ այդ գումարները ծախսելու, ինչին ի պատասխան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն ասել է.

 

«Կանոնադրությունում հստակ է գրված` եթե երկրի անվտանգությանը սպառնում է վտանգ: Վստահ եմ, որ եթե այդպիսի վտանգի առկայություն լինի, ապա ՀՀ նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու պաշտպանության նախարարը նման որոշում կայացնելու են»:

 

Հարցին` այսինքն, այժմ ավելի նախընտրելի՞ է փորձել տարբեր ուղիներով եւ աշխարհասփյուռ հայության միջոցով անհրաժեշտ գումարները հավաքելը, Արթուր Աղաբեկյանն արձագանքել է.

 

«Շնորհակալություն հարցի համար: Ես ուզում եմ առիթից օգտվել եւ ասել, որ մեր հայրենակիցները, անկախ իրենց սոցիալական կարգավիճակից, իրենց մասնակցությունն են բերում մեր երկրի մարտունակության բարձրացմանը: Իսկ այդ դրամահավաքը, որ նախաձեռնել է ԼՂՀ կառավարությունը, ուղղված է մեր առաջնագծի ամրացման, մեր զինվորի` հակառակորդին խոցելու կարողությունը բարձրացնելուն եւ մեր զինվորին խոցելու հնարավորությունը կրճատելուն: Վստահ եմ, որ մեր հայրենակիցները շարունակելու մեր կոչով առաջնորդվել, գումարներ տրամադրել ԼՂՀ կառավարությանը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին