Համանախագահ երկրները Բաքվին կոչ են արել հարգել նախկին համաձայնագրերը - Mediamax.am

exclusive
8011 դիտում

Համանախագահ երկրները Բաքվին կոչ են արել հարգել նախկին համաձայնագրերը


ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը ողջունում է ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան Ռիյադ Մանսուրիին` Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուռկինի հայացքի ներքո
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը ողջունում է ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան Ռիյադ Մանսուրիին` Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուռկինի հայացքի ներքո

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս:  ՄԱԿ-ի կայքում հասանելի է դարձել մայիսի 5-ին  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունով ուղարկված ՄԱԿ-ում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչների նամակը:

 

Վիտալի Չուռկինի, Սամանտա Փաուերի եւ Ֆրանսուա Դելատրի նամակը փաստացի պատասխան է ՄԱԿ-ում Ադրբեջանի ժամանակավոր ներկայացուցչի նամակին, որով պաշտոնական Բաքուն փորձում էր միակողմանիորեն դուրս գալ 1994-1995 թթ. զինադադարի մասին համաձայնագրերից:

 

Չուռկինի, Փաուերի ու Դելատրի նամակին կցված է Մինսկի խմբի համանախագահների նամակը ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչին, որում ասվում է.

 

« ԼՂ հակամարտության գոտում 2016 թ. ապրիլի 2-ից լայնածավալ ռազմական միջադեպերի մեկնարկի պահից Մինսկի խմբի համանախագահները համանախագահող երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ միասին խստորեն կոչ էին անում կողմերին կատարել 1994 թ. ԼՂ հակամարտությունում զինադադարի մասին համաձայնագիրը, ինչպես նաեւ 1995 թ. զինադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագիրը:

 

Մենք ողջունում ենք զինադադարի ռեժիմի վերականգնման մասին համաձայնությունը, որը ձեռք էր բերվել 2016 թ. ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ: Մենք կոչ ենք անում կողմերին թույլ չտալ վերոհիշյալ 1994 եւ 1995 թթ. համաձայնագրերի խախտումներ, որոնց պայմանները մնում են ուժի մեջ, եւ որոնք շարունակում են հանդիսանալ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի հիմքը:

 

Մենք հստակ համոզված ենք, որ կողմերը պետք է անհապաղ սկսեն բանակցությունները, ինչը կարող է հանգեցնել համապարփակ կարգավորմանը: Որպես բանակցային գործընթացի միջնորդներ, մենք հաստատում ենք մեր հանձնառությունը կողմերին տրամադրելու ցանկացած հնարավոր աջակցություն համապարփակ կարգավորմանը հասնելու հարցում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին