Նալբանդյան. ՀՀ-ն երբեւէ չի քննարկի Ադրբեջանի կազմում ԼՂ ինքնավարության հարցը - Mediamax.am

6393 դիտում

Նալբանդյան. ՀՀ-ն երբեւէ չի քննարկի Ադրբեջանի կազմում ԼՂ ինքնավարության հարցը


Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը եւ Էդվարդ Նալբանդյանը
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը եւ Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ հայկական կողմը բանակցությունների ժամանակ երբեւէ չի քննարկել եւ չի քննարկի Ադրբեջանի կազմում ԼՂ ինքնավարության հարցը:

Այս մասին ՀՀ ԱԳ նախարարն ասել է այսօր Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Հիշեցնենք, որ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը,  վերադառնալով Բաքու, հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել Ղարաբաղի ինքնավարության հարցը եւ որպես օրինակ բերել Նախիջեւանը՝ ասելով, որ Պետերբուրգում կայացած հանդիպմանը նաեւ այդ մասին են խոսել:

 

Այսօր նախարար Նալբանդյանն Ալիեւի այդ հայտարարությունը շինծու է անվանել:

 

Նրա խոսքով, Ադրբեջանն այսօր փորձում է ինչ-որ կերպ իր հանրությանը ցույց տալ, որ այդ պայմանավորվածություններն ի նպաստ իրենց են եղել:

 

«Չեմ կարծում, որ այդ մոտեցումը օգտակար կարող է լինել բանակցային գործընթացի համար: Ժամանակին հայաշատ Նախիջեւանն այսօր ամբողջովին հայաթափված է, հայկական մշակութային ժառանգությունը` ոչնչացված, եւ դա այսօր օրինակ է բերվում Ադրբեջանի ղեկավարի կողմից որպես հեռանկար Լեռնային Ղարաբաղի համար: Սա այն վառ ապացույցներից է, թե ինչու դա չէր կարող լինել բանակցությունների առարկա ու չի էլ լինի»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը:

 

Նալբանդյանը հիշեցրել է, որ եռանախագահող երկրներն ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել են, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշի ԼՂ ժողովուրդը ազատ կամարտահայտության միջոցով, որը կունենա միջազգային իրավական ուժ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին