Շտայնմայեր. Պետք է ջանանք խուսափել ապրիլյան դեպքերի կրկնությունից - Mediamax.am

5549 դիտում

Շտայնմայեր. Պետք է ջանանք խուսափել ապրիլյան դեպքերի կրկնությունից


ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը

Լուսանկարը` PAN Photo


ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այսօր Երեւանում հայտարարել է, որ ապրիլյան դեպքերն իրավունք չունեն կրկնվելու:

Այս մասին Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ասել է այսօր Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում` պատասխանելով Մեդիամաքս-ի թղթակցի հարցին:

 

ԵԱՀԿ գործող նախագահի խոսքերով, Հարավային Կովկաս իր այցի օրակարգի առաջնային եւ գլխավոր թեման ԼՂ կարգավորման հարցն է:

 

«Մոտ երկու ամիս է անցել այն պահից, երբ այս տարածաշրջանում ռազմական գործողություններ սանձազերծվեցին. Կարծում եմ, հակամարտության բոլոր կողմերի, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի համար պարզ է դարձել, որ տեւական ստատուս-քվոն հնարավոր չի լինի պահպանել. պետք է ջանանք խուսափել այդ դեպքերի կրկնությունից եւ փորձենք ջանքերն ուղղել այս հակամարտության տեւական լուծում գտնելուն»,- ասել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

 

Նրա խոսքերով, սկզբունքորեն ճիշտ ժամանակն է, որպեսզի բոլոր ջանքերն ուղղվեն ԼՂ հիմնախնդրի խաղաղ լուծման բանակցություններն ավելի առարկայական դարձնելուն:

 

«Այն, ինչ կրկնվել է տարեսկզբին, իրավունք չունի կրկնվելու: Պետք է փորձենք նոր եզրեր գտնել բանակցությունների շարունակման, զինադադարի կայունացման եւ դեսպան Կասպշիկի թիմի ընդլայնման համար», - ասել է Շտայնմայերը:

 

Նա հույս է հայտնել, որ այս տարվա ընթացքում արդեն կսկսվեն առարկայական բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

 

«Ակնհայտ է, որ Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումներից հետո դրական պահի ենք հասել, եւ ակնկալիքներ կան եւ՛ հայկական, եւ՛ ադրբեջանական կողմից. վճռական քայլեր են պետք»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը:

 

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին ասել է, որ ԵԱՀԿ-ում նախագահության առաջին իսկ պահից Գերմանիան սատարել է հակամարտության գոտում հետաքննությունների մեխանիզմի ստեղծման, վստահության մեխանիզմների հաստատման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունը:

 

Նա հիշեցրել է, որ Հայաստանը բազմիցս դրական դիրքորոշում է հայտնել այդ առաջարկների կապակցությամբ.  ՀՀ ԱԳ նախարարը նկատել է, որ հունիսին ԵԱՀԿ ֆինանսական հանձնաժողովի հաստատմանը երեք անգամ դրվել է հետաքննության մեխանիզմի ստեղծման հարցը: Նալբանդյանի խոսքերով, ԵԱՀԿ մասնակից բոլոր երկրները հանդես են եկել կողմ, միայն մեկ երկիր՝ Ադրբեջանն է դեմ եղել:

 

Էդվարդ Նալբանդյանը հավելել է, որ, եթե լիակատար ձեւով հարգվեն 1994 թ. կնքված եռակողմ հրադադարի համաձայնագիրը եւ ստեղծվեն համապաստախան պայմաններ Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար, ապա հնարավոր կլինի շարունակել բանակցությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին