Նալբանդյանն առաջարկում է պատասխանատվության ենթարկել Բաքվին - Mediamax.am

5126 դիտում

Նալբանդյանն առաջարկում է պատասխանատվության ենթարկել Բաքվին


ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ հակամարտության կարգավորման բաղադրատոմսի առանցքում պետք է լինի հասարակությանը խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմին նախապատրաստելը:

ԱԳՆ հաղորդման համաձայն, այդ մասին նա ասել է Սթենֆորդի համալսարանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում ունեցած իր ելույթի ժամանակ:

 

«Վստահության ամրապնդումը մեկ այլ կարեւոր հարթակ է, որը նույնպես մեծապես խրախուսվում է միջազգային միջնորդների կողմից, հատկապես՝ ապրիլյան զարգացումներից հետո: Հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ վստահության վերականգնման նպատակով պետք է ստեղծվեն ուժի կիրառումը կանխող եւ խաղաղ գործընթացի առաջմղմանը նպաստող պայմաններ»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

 

Նա հիշեցրել է, որ սա էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի երկու գագաթաժողովների գլխավոր նպատակը եւ ընդգծել է ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:

 

«Անշուշտ, պատասխանատվության պետք է ենթարկվի այն կողմը, որը խախտում է հրադադարը, որը հրաժարվում է վստահության ձեւավորման միջոցներից, որը մերժում է միջնորդների առաջարկությունները: Հակառակ պարագայում, անպատժելիության մթնոլորտը կխրախուսի ապակառուցողական քաղաքականության շարունակականությունը»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

 

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ձգտում է ժողովրդավարական ուղիով իր կյանքը տնօրինելու ազատության՝ հիմնված ինքնորոշման սկզբունքի վրա:

 

«Այս իրավունքն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում որպես նպատակ, ինչպես նաեւ բազմաթիվ այլ միջազգային փաստաթղթերում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեսանելի կարգավորումն անցնում է քվեաթերթիկների, այլ ոչ թե փամփուշտների ուղիով»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին