Ուորլիքը կոչ է արել շարունակել նախագահների երկխոսությունը - Mediamax.am

5983 դիտում

Ուորլիքը կոչ է արել շարունակել նախագահների երկխոսությունը


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է քաղաքական կամք դրսեւորեն Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները կյանքի կոչելու հարցում:

Այս մասին Ջեյմս Ուորլիքն ասել է Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը:

 

«Վիննայում եւ Սանկտ Պետերբուրգում հնարավորություն եղավ խոսել մի շարք խնդիրների, հետագա քայլերի մասին: Փաստն այն է, որ երկու երկրների նախագահները համաձայնել են, որ խնդրի տեւական կարգավորմանը հնարավոր է հասնել բացառապես խաղաղ ճանապարհով»,- ասել է ամերիկացի համանախագահը:

 

Ջեյմս Ուորլիքի խոսքով՝ համանախագահների այցի նպատակներից մեկն է նախագահների հետ խոսել այդ համաձայնությունների իրագործման «որոշ մանրամասների» մասին:

 

«Հուսով ենք, որ երկխոսությունը կծավալվի, եւ հնարավորինս շուտ նախագահները հնարավորություն կունենան հանդիպել ու շարունակել այդ քննարկումները»,- ասել է ամերիկացի դիվանագետը՝ ընդգծելով, որ հանդիպման հստակ ամսաթիվ դեռ որոշված չէ:

 

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ վերջերս արած հայտարարությանը, թե «Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ ինքնավար հանրապետություն Ադրբեջանի կազմում», ամերիկացի համանախագահն ասել է. «Մենք ողջունում ենք նախագահ Ալիեւի այդ հայտարարությունը ոչ թե նրա համար, որ դա նրա վերջնական խոսքն է, այլ այն բանի համար, որ այս հարցը առաջ է քաշվում: Մենք պետք է ԼՂ կարգավիճակի վերաբերյալ անկեղծ քննարկում սկսենք Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂ հասարակության շրջանում»:

 

Անդրադառնալով համանախագահների՝ կողմերի վրա ճնշում գործադրելու լծակների վերաբերյալ հարցին, Ջեյմս Ուորլիքն ասել է, որ իրենք «միջնորդներ» են եւ նման մանդատ չունեն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին