ՄԱԿ-ը Բաքվին կոչ է արել կանխել հայերի նկատմամբ խտրականությունը - Mediamax.am

6382 դիտում

ՄԱԿ-ը Բաքվին կոչ է արել կանխել հայերի նկատմամբ խտրականությունը


Լուսանկարը` http://beapeacekeeper.com/


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայ փոքրամասնության նկատմամբ ոտնձգությունների եւ խտրականության դրսեւորումների վերաբերյալ:

Այս մասին ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի Ադրբեջանի վերաբերյալ չորրորդ պարբերական  զեկույցի եզրափակիչ դիտարկման մեջ:

 

«Կոմիտեն մտահոգված է Ադրբեջանում հայ փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ ոտնձգությունների եւ խտրականության դրսեւորման հաղորդումների կապակցությամբ»,- ասված է դիտարկման մեջ:

 

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն անհանգստություն է հայտնել, որ

հայկական ազգանուն ունեցող օտարերկրացիներին՝ անկախ նրանց քաղաքացիությունից, չի թույլատրվում մուտք գործել Ադրբեջան: Այս համատեքստում պաշտոնական Բաքվին հորդորվել է կամայական եւ խտրական հիմքերով չարգելել հայկական ազգանուն ունեցող անձանց մուտքն Ադրբեջան:

 

Կոմիտեն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` կանխելու եւ պայքարելու հայ փոքրամասնության նկատմամբ ոտնձգությունների դեմ:

 

Եզրափակիչ դիտարկման մեջ կոմիտեն մտահոգություն է հայտնել նաեւ Ադրբեջանում լրագրողների, ակտիվիստների նկատմամբ հարձակումների, խոսքի ազատության, խաղաղ հավաքների անցկացման սահմանափակումների կապակցությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին